Ավետման համար նրանց կիրառած միջոցները
Քրիստոնյաներին հրահանգ է տրված ‘աշակերտ դարձնել բոլոր ազգերին’. դա, սակայն, չի նշանակում, որ նրանք ճնշում կամ ուժ են գործադրելու՝ ուրիշներին բերելու նոր կրոնին։ Հիսուսը նկատի ուներ ‘աղքատներին աւետիք տալը’, ‘կոտրած սիրտ ունեցողներին բժշկելը’, ‘բոլոր սգաւորներին մխիթարելը’ (Մատթէոս 28։19; Եսայիա 61։1, 2; Ղուկաս 4։18, 19)։ Եհովայի Վկաներն աշխատում են այդպես վարվել՝ Աստվածաշնչում գտնված բարի լուրը հայտնելով։ Վաղեմի մարգարե Եզեկիելի նման, այժմյան Եհովայի Վկաները ձգտում են գտնել նրանց, ովքեր «հառաչում եւ ողբում են [իրենց] միջումն արած բոլոր պղծութիւնների համար» (Եզեկիէլ 9։4)։
Ներկա վիճակներից ընկճված մարդկանց գտնելու նրանց կիրառած ամենից լավ և հայտնի մեթոդն է տնետուն շրջելը։ Այսպիսով, նրանք ամեն ջանք գործի են դնում ժողովրդին հասկանալի դարձնելու, ինչպես որ ջանք չէր խնայում Հիսուսը, երբ «շրջում էր քաղաքներում եւ գիւղերում, քարոզում էր եւ աւետարանում Աստծու արքայութիւնը»։ Այդպես էին գործում նաև նրա առաջին աշակերտները (Ղուկաս 8։1; 9։1—6; 10։1—9)։ Մեր օրերում, որտեղ որ հնարավոր է, Եհովայի Վկաներն աշխատում են տարին մի քանի անգամ այցելել յուրաքանչյուր տուն և բնակիչների հետ այժմեական կամ նրանց անհանգստացնող որևէ հարցի շուրջ մի քանի րոպե զրուցել։ Գուցե քննարկման համար բերվեն Աստվածաշնչից մեկ–երկու խոսք, և երբ որևէ մեկը հետաքրքրություն է ցուցաբերում, Վկան կարող է պայմանավորվել նոր հանդիպման մասին հարմար մի ժամանակ զրույցը շարունակելու համար։ Առաջարկվում են Աստվածաշունչ և ուսումնական ձեռնարկներ, իսկ երբ որևէ մեկը ցանկություն է հայտնում, նրա հետ անց է կացվում Աստվածաշնչի անվճար ուսուցում։ Այսպիսով, 1996թ.–ի ընթացքում ամբողջ աշխարհում կանոնավորապես անց են կացվել միջին թվով 4855000 Աստվածաշնչի ուսումնասիրության դասընթացներ։
«Թագավորության բարի լուրի» մասին հաղորդելու այլ միջոցներից են հանդիպումները Թագավորության տեղային սրահներում։ Այնտեղ Վկաները հավաքվում են ամեն շաբաթ։ Հանդիպումներից մեկում հանրային դասախոսություն է կարդացվում արդիական թեմայով, ապա, օգտվելով «Դիտարան» պարբերագրից, քննարկվում է Աստվածաշնչից որևէ նյութ կամ մարգարեություն։ Հանդիպումներից մեկ ուրիշը դպրոցն է, որտեղ Վկաները սովորում են բարի լուրը ավելի հաջող կերպով ծանուցել, այնուհետև ծրագրի հաջորդ մասում քննարկվում է տեղանքում անցկացվող վկայության գործը։ Բացի այդ, շաբաթը մեկ անգամ Վկաները փոքր խմբերով ժողովվում են մասնավոր տներում Աստվածաշունչն ուսումնասիրելու համար։
Այդ բոլոր հանդիպումները դռնբաց են։ Երբեք հանգանակության հավաքում չի կատարվում։ Բոլորն էլ կարող են օգուտ քաղել այդպիսի ժողովներից։ Աստվածաշունչն ասում է. «Հոգ տանենք միմեանց՝ սիրոյ եւ բարի գործերի յորդորելով եւ զանց չառնենք մէկտեղ հաւաքուելը, ինչպէս որ սովոր են անել ոմանք, այլ խրախուսենք միմեանց, եւ այդ այնքան աւելի, որքան տեսնում էք Տիրոջ օրուայ մօտենալը»։ Մասնավոր ուսումնասիրությունը և հետազոտությունը անհրաժեշտ են, սակայն ուրիշների հետ հավաքվելը ոգեշնչող ազդեցություն ունի. «Երկաթը երկաթով է սրվում, եւ մարդս սրում է իր ընկերի երեսը» (Եբրայեցիս 10։24, 25; Առակաց 27։17)։
Առօրյա կյանքում մարդկանց հետ շփվելիս՝ Վկաները օգտագործում են ամեն մի առիթ բարի լուրի մասին խոսակցություն սկսելու համար։ Դա կարող է լինել կարճ զրույց հարևանի, ուղեկցի հետ ավտոբուսում կամ ինքնաթիռում, ավելի երկար խոսակցություն ընկերոջ, ազգականի կամ պաշտոնակցի հետ ճաշի ընդմիջմանը։ Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը հիմնականում այդպես էր վկայություն տալիս՝ ծովեզերքով քայլելիս, բլրի լանջին նստած, մեկի տանը ճաշելիս, հարսանիքին, Գալիլիայի ծովի վրա ձկնորսական մակույկի մեջ նստած։ Նա ուսուցանում էր սինագոգներում և Երուսաղեմի տաճարում։ Ուր էլ որ լիներ՝ նա բարենպաստ առիթներ էր փնտրում Աստծո Թագավորության մասին խոսելու։ Այդ առումով նույնպես Եհովայի Վկաները աշխատում են նրա հետքերով գնալ (Ա Պետրոս 2:21)։
ՔԱՐՈԶՈՒՄԸ՝ ԱՆՁՆԱԿԱՆ ՕՐԻՆԱԿ ԾԱՌԱՅԵԼՈՎ
Բարի լուրի քարոզման վերը նշված բոլոր միջոցները ձեզ անիմաստ կթվան, եթե ինքը՝ քարոզողը, չապրի իր քարոզածի համաձայն։ Ով ասում է մի բան և անում՝ հակառակը, նա կեղծավոր է, սակայն հենց կրոնական կեղծավորության պատճառով է, որ միլիոնավոր մարդիկ երես են դարձրել Աստվածաշնչից։ Աստվածաշնչին մեղադրելն անարդար է։ Դպիրներն ու փարիսեցիներն ունեին Եբրայերեն գրությունները, այնուամենայնիվ, Հիսուսը մերկացրեց նրանց որպես կեղծավորների։ Մովսեսի օրենքը կարդալու վերաբերյալ նա աշակերտներին ասաց. «Ամէն ինչ, որ նրանք ձեզ ասեն, արէ՛ք եւ պահեցէ՛ք, բայց մի՛ արէք ըստ նրանց գործերի, քանի որ ասում են, բայց չեն անում» (Մատթէոս 23։3)։ Քրիստոնյայի օրինակելի վարքն ավելին է ասում, քան նրա ժամերով քարոզելը։ Անհավատ ամուսիններ ունեցող քրիստոնյա կանանց ուշադրությունը հրավիրվեց այն բանի վրա, թե, գուցե, նրանք «իրենց կանանց ընթացքի շնորհիւ եւ առանց խօսքի իսկ շահուած լինեն՝ նկատի ունենալով ձեր պարկեշտ ընթացքը» (Ա Պետրոս 3։1, 2)։
Այդ իսկ պատճառով, Եհովայի Վկաներն աշխատում են բարի լուրը ներկայացնել՝ նաև քրիստոնեական ապրելակերպի լավ օրինակ ցույց տալով։ Նրանք աշխատում են ‘ուրիշներին այն անել, ինչ կուզեին, որ ուրիշները նրանց անեին’ (Մատթէոս 7։12)։ Նրանք ջանում են այդպես վարվել բոլորի, և ոչ միայն կրոնակիցների, ընկերների, հարևանների կամ ազգականների հետ։ Քանի որ նրանք անկատար են, միշտ չէ, որ դա նրանց լիովին հաջողվում է։ Սակայն սրտանց ցանկանում են ամեն մարդու լավություն անել՝ ոչ միայն Թագավորության բարի լուրը ծանուցանելով, այլև հնարավորության սահմաններում օգնություն ցույց տալով (Յակոբոս 2։14—17)։
[Նկարազարդում 20–րդ էջի վրա]
Հարմարավետ Թագավորության սրահները Աստվածաշնչի քննարկման վայրեր են
[21 էջի վրայի ներդիրը]
Շահել առանց խօսքի
[Նկարազարդում 22–րդ էջի վրա]
Իրենց ընտանեկան կյանքում, ինչպես նաև ուրիշ մարդկանց հետ հաղորդակցվելիս՝ Վկաներն անկեղծորեն ձգտում են կիրառել այն, ինչ քարոզում են