Երբ դրդում են անազնվության
«Բիզնեսի աշխարհում ազնվությունից «փշրանքներ» են մնացել, իսկ նրանք էլ, ովքեր ուզում են ազնիվ լինել, դատապարտված են անհաջողության» (Ստիվեն, ԱՄՆ)։
ՀԱՄԱՁԱ՞ՅՆ ես այս խիստ գնահատականին։ Ինչ խոսք, անազնվությունը հաճախ «օգուտներ» է բերում, բայց կարճաժամկետ։ Իսկ ովքեր ուզում են ազնիվ լինել, տարբեր ճնշումների են ենթարկվում։
Գայթակղիչ առաջարկներ։ Ո՞վ չի ցանկանա ավելի շատ փող ունենալ կամ հարմարավետ կյանքով ապրել։ Այդ պատճառով երբ անազնիվ ճանապարհով շահույթ ստանալու առիթ է բացվում, ճնշմանը դիմադրելը կարող է դժվար լինել։
● «Մեր ընկերությունում ես տարբեր ֆիրմաների հետ պայմանագրեր եմ կնքում։ Ինձ հաճախ են կաշառք առաջարկում։ Հեշտ ճանապարհով փող ձեռք բերելը իրոք կարող է գայթակղիչ լինել» (Ֆրանց, Մերձավոր Արևելք)։
Շահույթը առավելագույնի հասցնելու ճնշում։ Վերջին տարիներին ողջ աշխարհում բիզնես ձեռնարկությունները պայքարում են տնտեսական ծանր պայմանների, ինչպես նաև արագ փոխվող տեխնիկայի և գնալով մեծացող տարածաշրջանային ու համաշխարհային մրցակցության դեմ։ Արդյունքում աշխատողները գուցե մտածեն, որ անազնվությունը միակ ճանապարհն է իրենց գործատերերի բիզնեսը առաջ տանելու համար։
● «Մենք մտածում էինք, որ պետք է այդպես վարվենք.... Հակառակ դեպքում՝ ընկերությունը կքայքայվեր» (Ռինհարդ Սիկաչեկ, ձերբակալվել է կաշառակերության համար, «Նյու Յորք Թայմս»)։
Ճնշում ուրիշների կողմից։ Գործընկերները կամ հաճախորդները երբեմն առաջարկում են կամ նույնիսկ պահանջում, որ դու էլ միանաս իրենց խարդախ ծրագրերին։
● «Մի ֆիրմայի մենեջեր մոտեցավ ինձ ու ասաց, որ չի շարունակի ինձ հետ բիզնես անել, եթե իրեն բաժին չհանեմ» (Յոհան, Հարավաֆրիկյան Հանրապետություն)։
Մշակութային գործոն։ Որոշ մշակույթներում ընդունված է գործարքների ժամանակ նվերներ տալ։ Եվ երբեմն տրված նվերից չես կռահում՝ տվյալ գործարքը ազնիվ է, թե ոչ։ Շատ երկրներում պաշտոնյաները իրենց պարտականությունները կատարելու դիմաց փող են պահանջում և սիրով փող են վերցնում հատուկ վերաբերմունք դրսևորելու համար։
● «Միշտ դժվար է իմանալ՝ դա նվե՞ր է, թե՞ կաշառք» (Ուիլյամ, Կոլումբիա)։
Սոցիալական պայմաններ։ Նրանք, ովքեր աղքատ են կամ ապրում են այնպիսի երկրներում, որտեղ անարխիա է տիրում, շատ մեծ ճնշման են ենթարկվում։ Նման իրավիճակում ովքեր չեն խաբում կամ գողանում, չեն կարող հոգ տանել իրենց ընտանիքների մասին։
● «Անազնվությունը համարվում է նորմալ, անհրաժեշտ և ընդունելի այնքան ժամանակ, քանի դեռ քեզ չեն բռնել» (Թոմասի, Կինշասա)։
Ինչպես է ազնվությունը դառնում անազնվություն
Անազնիվ լինելու ճնշումը մեծ ազդեցություն ունի։ Ավստրալիայում մենեջերների հետ անցկացված հարցման ժամանակ պարզ դարձավ, որ 10-ից 9-ը կաշառքը կամ կաշառակերությունը համարում են «սխալ, բայց անխուսափելի»։ Այդ մարդիկ նշել են, որ պատրաստ են ոտնահարելու իրենց բարոյական արժեքները հանուն իրենց ֆիրմայի շահերի։
Սակայն նույնիսկ անազնիվ մարդիկ հաճախ իրենց ազնիվ են համարում։ Ինչպե՞ս։ «Մարքետինգային հետազոտություններ» պարբերագիրը նշում է. «Մարդիկ հանուն շահի անազնիվ են, բայց հանուն լավ հեղինակության՝ ազնիվ»։ Եվ իրենց ներքին պայքարը մեղմելու համար նրանք տարբեր կերպերով արդարացնում են իրենց վարվելաձևը։
Հաճախ անազնվությունը նկարագրվում է մեղմ ձևով։ Օրինակ՝ ստելը կամ խաբելը կոչում են «օրենքի ծայրերից կտրել», կաշառքը՝ «նվեր», «մաղարիչ»։
Մյուսներն էլ արդարացնում են իրենց կասկածելի վարքը՝ ազնվությունը այլ կերպ բացատրելով։ Թոմը, որն աշխատում է ֆինանսական հաստատությունում, նշում է. «Ազնվության վերաբերյալ մարդկանց տեսակետը պայմանավորված է ոչ թե նրանով, թե արդյոք իրենց արարքը ճիշտ է, այլ նրանով, թե որքանով է իրենց հաջողվում չոր դուրս գալ ջրից»։ Դեյվիդը, որը բիզնեսի տնօրեն է եղել, ասում է. «Անազնվությունը ամոթ բան է, եթե բացահայտվում է, բայց եթե չես բռնվում, ընդունելի է։ Եվ այն մարդիկ, ում հաջողվում է այդպես վարվել, հնարամիտ են համարվում»։
Շատերը անգամ պնդում են, որ հաջողության հասնելու համար պետք է անազնիվ լինել։ Երկար տարիների մի բիզնեսմեն ասում է. «Մրցակցության ոգին մղում է մարդկանց մտածելու, որ հաջողության պետք է հասնել ամեն գնով»։ Ճի՞շտ է այսպես մտածելը, թե՞ իրականում այդ մարդիկ իրենց խաբում են «սխալ դատողությամբ» (Հակոբոս 1։22)։ Հաջորդ հոդվածում խոսվում է ազնիվ լինելու օգուտների մասին։
[մեջբերում 5-րդ էջի վրա]
«Ազնվության վերաբերյալ մարդկանց տեսակետը պայմանավորված է ոչ թե նրանով, թե արդյոք իրենց արարքը ճիշտ է, այլ նրանով, թե որքանով է իրենց հաջողվում չոր դուրս գալ ջրից»
[նկար 5-րդ էջի վրա]
Շատերը պնդում են, որ հաջողության հասնելու համար պետք է անազնիվ լինել