Երիտասարդները հարցնում են
Ի՞նչն է հավաքույթը իսկապես ուրախ դարձնում
Ստորև ✔ դնելով՝ նշիր, թե ինչն է քեզ ամենաշատը գրավում հավաքույթների ժամանակ։
○ ուտելիք
○ պարեր
○ խաղեր
○ նոր ընկերներ
○ հանդիպում հին ընկերների հետ
○ ուրիշ ․․․․․
ՇԱՏ երիտասարդներ սիրում են միասին հավաքվել և դրանում ոչ մի վատ բան չկա։ Աստվածաշնչում նույնպես ընկերական հավաքույթները դրական լույսի ներքո են ներկայացվում։
Գիտեի՞ր արդյոք
● Հոբի որդիները ընտանեկան խնջույքներ էին կազմակերպում (Հոբ 1։4)։
● Հիսուսը ներկա գտնվեց հարսանեկան մեծ խնջույքի (Հովհաննես 2։1–11)։
● Առաջին դարի քրիստոնյաները հավաքույթներ էին կազմակերպում իրենց տներում (Գործեր 2։46, 47)։
Ինչ խոսք, ընկերական հավաքույթները ուրախալի առիթներ են։ Սակայն որոշ հավաքույթներ, ցավոք, լավ ավարտ չեն ունենում։
ԻՐԱԿԱՆ ԴԵՊՔ «Մի անգամ ինձ հավաքույթի հրավիրեցին. դռները բաց էին բոլորի համար։ Այն պետք է տեղի ունենար տղաներից մեկի տանը, որի ծնողները քաղաքից դուրս էին գնացել։ Ես որոշեցի չգնալ, ինչի համար շատ ուրախ եմ։ Հաջորդ օրը իմացա, որ այդ հավաքույթի ժամանակ լիքը ալկոհոլային խմիչքներ են եղել, և ոմանք հարբել են։ Երեք հոգի նույնիսկ ուշագնաց են եղել։ Հետո կռիվ է սկսվել, և ոստիկանությունը եկել ու փակել է հավաքույթը» (Ջանել)։
ԴԱՍԵՐ Երբեք ոչինչ մի՛ թող բախտի քմահաճույքին։ Անկախ նրանից՝ դու ես հավաքույթ կազմակերպում, թե քեզ են հրավիրել, համոզվիր, որ գիտես հաջորդ էջի հարցերի պատասխանները։ Այդ դեպքում հավաքույթից հետո ոչ թե ափսոսանքի զգացում կունենաս, այլ լավ հուշեր։
ԼԱՎ ԴԵՊՔԵՐ
«Երբ ընկերս հավաքույթ էր կազմակերպում, նրա մայրը գիտեր, թե ինչով է զբաղվելու ներկաներից յուրաքանչյուրը։ Մի անգամ երբ հավաքույթի ժամանակ գնացի մեքենայից ժակետս վերցնելու, նա հարցրեց, թե ուր եմ գնում։ Արդյո՞ք չափից շատ էր անհանգստանում։ Գուցե։ Բայց ես չվիրավորվեցի, քանի որ հասկացա, որ ավելի լավ է ապահով լինեմ, քան հետո փոշմանեմ» (Քիմ)։
«Ես մասնակցել եմ այնպիսի հավաքույթների, որոնք շատ ուրախ են անցել։ Կարծում եմ՝ պատճառը եղել է այն, որ տարբեր տարիքի մարդիկ են ներկա եղել։ Բացի այդ, հետաքրքիր ու զվարճալի խաղեր են կազմակերպվել, ու ոչ ոք չի առանձնացել խմբից կամ այս ու այն կողմ թափառել» (Անդրեա)։
«Երիտասարդները հարցնում են» խորագրից տարբեր լեզուներով այլ հոդվածներ կարելի է գտնել www.watchtower.org վեբ կայքում։
[շրջանակ/նկարներ 26 և 27-րդ էջերի վրա]
«Կան իրոք լավ ընկերներ և կան ձևական ընկերներ։ Լավ հավաքույթի գաղտնիքը հյուրերի ճիշտ ընտրությունն է։»
«Ես ներկա եմ եղել լավ կազմակերպված հավաքույթների, որտեղ հնարավոր խնդիրներից խուսափելու համար կանոններ են դրվել։ Դրանց շնորհիվ հավաքույթները անցել են առանց սթրեսների ու հաճելի են եղել բոլորի համար։»
[նկարներ]
Նիկոլ
Էնդրյու
[շրջանակ/նկար 26-րդ էջի վրա]
● Ովքե՞ր և քանի՞ հոգի են լինելու այնտեղ
«Կարծում եմ, որ պետք է հրավիրես նրանց, ում ինչ-որ չափով ճանաչում ես և չպետք է բաց դռների օր հայտարարես կամ հրավիրվածներին ասես, որ իրենց ընկերներին էլ բերեն» (Ռենա)։
«Եթե նախապես չես որոշում, թե քանի հոգու ես կանչելու, հավաքույթը անկառավարելի կդառնա։ Դու հրավիրում ես 20 հոգու, այդ 20 հոգին բերում է ուրիշ 10 հոգու, իսկ 10 հոգին էլ ավելի շատ մարդկանց և այդպես շարունակ։ Ես նման բան տեսել եմ» (Կոլետ)։
«Մեծ հավաքույթները հեշտությամբ դուրս են գալիս հսկողությունից։ Ավելի լավ է փոքր խմբով հավաքվել» (Ալեքսիս)։
«Իմաստունների հետ քայլողը իմաստուն կդառնա, բայց հիմարների հետ գործ ունեցողը կտուժի» (ԱՌԱԿՆԵՐ 13։20)
[շրջանակ/նկարներ 26 և 27-րդ էջերի վրա]
● Ի՞նչ կարող է պատահել այնտեղ
«Եթե դու ես հավաքույթի կազմակերպիչը, և այդ հավաքույթի ընթացքում վատ միջադեպեր են լինում, քո պատիվն է ընկնում» (Բրիջիդ)։
«Եթե զգուշություն ցուցաբերես, հավաքույթը հաճելի կլինի բոլորի համար։ Դու պետք է փորձես նախապես տեսնել խնդիրները և մտածել, թե ինչպես կարող ես կանխել դրանք» (Սեթ)։
ԻՐԱԿԱՆ ԴԵՊՔ «Ընկերներիցս մեկը ասաց ինձ, որ չի հրավիրի իր հավաքույթներին, քանի որ գիտի, որ իմ ծնողները պետք է նրան տարբեր հարցեր տան, օրինակ՝ ովքե՞ր են լինելու այնտեղ, քանի՞ ժամ է տևելու։ Նա ասում է, որ չի սիրում լինել հսկողության տակ։ Դա ինձ համար արդեն նախազգուշացում է։ Եթե նա վատ է զգում նման հարցերից, չեմ կարծում, որ նրա հավաքույթները ինձ հաճելի կլինեն» (Էլեն)։
«Ուտեք թե խմեք և ուրիշ ինչ էլ որ անեք, ամեն բան Աստծու փառքի համար արեք» (1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐ 10։31)
[շրջանակ/նկարներ 26 և 27-րդ էջերի վրա]
● Ի՞նչ կանես, եթե հավաքույթը քեզ դուր չգա
«Ես «փախուստի» ծրագիր ունեմ։ Երբ հավաքույթի եմ գնում, միշտ զանգում եմ ծնողներիս, որ ասեմ, թե երբ եմ լինելու տանը։ Այդ պահին նրանք հարցնում են ինձ, թե արդյոք ամեն ինչ կարգին է։ Եթե պատասխանում եմ՝ ոչ, նրանք ինձ ասում են, թե ինչ պիտի անեմ։ Դրանից հետո ընկերներիս ասում եմ, որ ծնողներս ուզում են՝ շուտ տուն հասնեմ, ու ես պետք է գնամ» (Թերեզա)։
ԻՐԱԿԱՆ ԴԵՊՔ «Հավաքույթներից մեկի ժամանակ երկու տղաներ ներս մտան, որոնք հրավիրված չէին։ Նրանցից մեկը թմրամոլի համբավ ուներ։ Ինձ համար իրոք դժվար էր կողմնորոշվել այդ իրավիճակում, բայց զանգեցի հորս, որ գա ու ինձ տանի» (Մերի)։
«Խելամիտ մարդը տեսնում է մոտեցող փորձանքը և խուսափում է դրանից, իսկ անմիտ մարդը գնում է փորձանքին ընդառաջ ու հետո ափսոսում» (ԱՌԱԿՆԵՐ 22։3, «ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՆԳԼԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ»)
[շրջանակ/նկար 27-րդ էջի վրա]
● Ինչպե՞ս է վերահսկվելու հավաքույթը
«Եթե հավաքույթին ներկան են հասուն մարդիկ, որպեսզի ամեն ինչ նորմալ անցնի, ուրեմն բոլորն էլ հաճույք կստանան» (Մարկ)։
«Ես ազատ չէի զգում, երբ հավաքույթին ծնողներս էլ էին ներկա լինում։ Սակայն այժմ հասկանում եմ, որ նրանք այդպես էին վարվում վստահ լինելու համար, որ ամեն ինչ չափի մեջ է մնում։ Ծնողների ներկայությունը չի խանգարում լավ ժամանակ անցկացնելուն» (Լաուրա)։
«Մաքուր խիղճ ունեցեք» (1 ՊԵՏՐՈՍ 3։16)
[շրջանակ 27-րդ էջի վրա]
ՀԱՐՑՐՈՒ ԾՆՈՂՆԵՐԻԴ
Հարցրու ծնողներիդ, թե քո տարիքում իրենք ինչ հավաքույթների են մասնակցել։ Գուցե պարզես, որ նրանք տարբեր կերպերով են հավաքույթներ կազմակերպել։
ՀԱՎԱՔՈ՞ՒՅԹ ԵՍ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
Ուրեմն խոսիր ծնողներիդ հետ և լրջորեն մտածիր հետևյալ հարցերի մասին։
1. Ովքե՞ր են հրավիրված։
2. Քանի՞ հոգի են լինելու։
3. Որտե՞ղ է անցկացվելու։
4. Ինչպե՞ս է վերահսկվելու։
5. Ի՞նչ ծրագիր է նախատեսված։
[նկար 25-րդ էջի վրա]
ԴՈՒ ՀՐԱՎԻՐՎԱԾ ԵՍ