Աստծու Խոսքը պահել են մարդկանցից
ԺԱՄԱՆԱԿԻ ընթացքում Աստվածաշունչը սկսեց թարգմանվել տարբեր լեզուներով։ Քչերը կարող էին կարդալ այն բնագիր լեզուներով՝ եբրայերեն կամ հունարեն։ Անգամ այսօր շատերը չէին ընթերցի Աստծու Խոսքը, եթե այն առկա լիներ միայն այդ լեզուներով։
Հիսուսի ծնվելուց մոտ 300 տարի առաջ սկսվեցին թարգմանչական աշխատանքները՝ Եբրայերեն Գրությունների թարգմանությունը հունարեն։ Այդ թարգմանությունը կոչվեց «Յոթանասնից»։ Մոտ 700 տարի հետո Հերոնիմոսը Եբրայերեն և Հունարեն Գրությունները թարգմանեց լատիներեն՝ այդպիսով ստեղծելով մեկ ուրիշ հայտնի թարգմանություն՝ «Վուլգատա»։ Այդ ժամանակ լատիներենը Հռոմեական կայսրության մեջ տարածված լեզու էր։
Հետագայում լատիներենը կորցրեց իր հռչակը։ Միայն կրթված մարդիկ գիտեին լատիներեն, իսկ կաթոլիկ եկեղեցին չէր ուզում, որ Աստվածաշունչը թարգմանվի։ Կրոնականները պնդում էին, որ եբրայերենը, հունարենը և լատիներենը Աստվածաշնչին հարիր միակ լեզուներն ենa։
Եկեղեցիները պառակտվում են, իսկ Աստվածաշունչը՝ թարգմանվում
Իններորդ դարում թեսաղոնիկեցի միսիոներներ Մեֆոդին և Կիրիլը սլավոներենը գործածության մեջ դրին որպես եկեղեցական լեզու՝ այդպիսով Արևելյան եկեղեցու օգտին գործելով։ Նրանց նպատակն էր Արևելյան Եվրոպայի սլավոնական ժողովրդին, որը չգիտեր ո՛չ հունարեն, ո՛չ լատիներեն, հնարավորություն տալ Աստծու մասին սովորելու իրենց մայրենի լեզվով։
Սակայն այս միսիոներները ուժգին հակառակության բախվեցին գերմանացի քահանաների կողմից, ովքեր ուզում էին լատիներենի գործածությունը տարածել Բյուզանդական կայսրության մեջ քրիստոնեության աճը կանխելու նպատակով։ Հստակ է, որ նրանց համար քաղաքականությունը հասարակ մարդկանց կրոնական կրթությունից ավելի կարևոր էր։ Քրիստոնյա աշխարհի Արևմտյան և Արևելյան ճյուղերի միջև եղած լարված փոխհարաբերությունները հանգեցրին այն բանին, որ 1054թ.-ին Հռոմի կաթոլիկ և Արևելյան ուղղափառ եկեղեցին պառակտվեցին։
Պայքար Աստվածաշնչի թարգմանության դեմ
Կաթոլիկ եկեղեցին ի վերջո ընդունեց այն տեսակետը, որ լատիներենը սուրբ լեզու է։ Հետևաբար 1079թ.-ին ի պատասխան Բոհեմիայի դուքս Վրատիսլավի խնդրանքին, որը ուզում էր թույլտվություն ստանալ սլավոներենը տեղի եկեղեցական պատարագների ժամանակ օգտագործելու համար, Գրիգորիոս VII պապը գրեց. «Մենք ոչ մի կերպ չենք կարող ընդառաջել ձեր խնդրանքին»։ Ինչո՞ւ։
«Այս հարցը պարզ է դառնում բոլոր նրանց համար, ովքեր ուշադրությամբ քննում են Սուրբ Գիրքը. Աստված ցանկացել է, որ Սուրբ Գրքի որոշ հատվածներ անհասկանալի լինեն,— գրել է Գրիգորիոսը,— քանի որ եթե այն կատարելապես հասկանալի լինի բոլորին, հնարավոր է՝ աղավաղվի և ենթարկվի անհարգալից վերաբերմունքի կամ էլ սահմանափակ մտածելակերպ ունեցող մարդկանց կողմից ճիշտ չընկալվի, ինչի պատճառով նրանք կարող են սխալ ճանապարհով ընթանալ»։
Աստվածաշունչը հասարակ մարդկանց գրեթե հասանելի չի եղել, և դա պետք է միշտ այդպես լիներ։ Քանի որ այդ կերպով հոգևորականները կարող էին իշխանություն բանեցնել հասարակ ժողովրդի վրա։ Նրանք չէին ուզում, որ մարդիկ ոտք դնեն այն տարածքները, որոնք գտնվում էին իրենց իշխանության տակ։
1199թ.-ին Իննովկենտիոս III պապը գրեց «հերետիկոսների» մասին, ովքեր թարգմանել էին Աստվածաշունչը ֆրանսերեն և համարձակվել էին հոգևոր թեմաներով քննարկումներ անել։ Նրանց առնչությամբ Իննովկենտիոսը կիրառեց Հիսուսի խոսքերը. «Սուրբ բաները շներին մի՛ տվեք և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք» (Մատթեոս 7։6)։ Ո՞րն էր այս հարցում նրա տեսակետը։ «Ոչ մի հասարակ և անկիրթ մարդ չպետք է համարձակվի ուսումնասիրել վեհ ու սուրբ Գիրքը կամ քարոզել այն ուրիշներին»։ Նրանք, ովքեր հակառակվում էին պապի հրամանին, հաճախ հանձնվում էին ինկվիզիտորների ձեռքը, որոնք այնքան էին տանջում այդ մարդկանց, մինչև որ նրանք քավություն անեին։ Ովքեր հրաժարվում էին այդպես վարվելուց, կենդանի այրվում էին։
Աստվածաշունչ ունենալու և այն կարդալու հետ կապված երկար պայքարի ընթացքում Իննովկենտիոս պապի նամակը հաճախ օգտագործվում էր որպես զենք՝ արգելելու համար այդ գիրքը գործածելը և այն ուրիշ լեզուներով թարգմանելը։ Նրա հրամանագիրը դուրս գալուց կարճ ժամանակ հետո սկսեցին այրել Աստվածաշնչերը և նրանց, ովքեր ունեին այդ գիրքը։ Հետագա դարերի ընթացքում կաթոլիկ Եվրոպայի եպիսկոպոսները և ղեկավարները արել են ամեն բան՝ վստահ լինելու, որ մարդիկ չունեն կամ չեն կարդում Աստվածաշունչ, ինչպես որ հրամայել էր Իննովկենտիոս III պապը։
Կաթոլիկ հիերարխիան, անկասկած, գիտեր, որ իր ուսմունքներից շատերը հիմնված են ոչ թե Աստվածաշնչի, այլ եկեղեցու ավանդույթների վրա։ Ինչ խոսք, սա պատճառներից մեկն էր, որ նրանք չէին ուզում՝ Սուրբ Գիրքը հասանելի լինի մարդկանց։ Այն կարդալով՝ մարդիկ կտեսնեին, որ եկեղեցական ուսմունքները չեն համապատասխանում Աստվածաշնչին։
Ռեֆորմացիայի ազդեցությունը
Բողոքականության ի հայտ գալը փոխեց Եվրոպայի կրոնական իրավիճակը։ Մարտին Լյութերը փորձեց բարեփոխել կաթոլիկ եկեղեցին և ի վերջո, 1521թ.-ին հեռացավ, քանի որ աստվածաշնչյան խոր հասկացողություն ուներ։ Ու երբ այս տաղանդավոր թարգմանիչը վերջնականապես խզեց իր կապերը կաթոլիկ եկեղեցու հետ, նախաձեռնեց Աստվածաշունչը հանրությանը մատչելի դարձնելու գործը։
Լյութերի՝ Աստվածաշնչի գերմաներեն թարգմանությունը և նրա լայն տարածումը գրավեց կաթոլիկ եկեղեցու ուշադրությունը։ Վերջինս այն կարծիքին էր, որ Լյութերի Աստվածաշնչին պետք է փոխարինի այնպիսի թարգմանություն, որն ընդունված կլինի եկեղեցու կողմից։ Այդ պատճառով կարճ ժամանակ անց ստեղծվեցին գերմաներեն երկու թարգմանություններ։ Սակայն 1546թ.-ին՝ ավելի քան 25 տարի հետո, կաթոլիկ եկեղեցու Տրիդենտի եկեղեցաժողովը ցանկացած կրոնական հրատարակության, այդ թվում նաև Աստվածաշնչի թարգմանության գործը դրեց եկեղեցու վերահսկողության տակ։
Տրիդենտի եկեղեցաժողովը որոշեց, որ «այսուհետև սուրբ Գիրքը.... պետք է թարգմանվի հնարավոր ամենաճշգրիտ կերպով և օրինական չի համարվի, եթե որևէ մեկը տպի կամ պատճառ հանդիսանա, որ սուրբ թեմաների վերաբերյալ առանց հեղինակի անվան որևէ գիրք տպվի կամ ապագայում վաճառվի և նույնիսկ ձեռք բերվի՝ առանց [տեղի եպիսկոպոսի] քննության ու հավանության»։
1559թ.-ին Պողոս IV պապը հրատարակեց կաթոլիկ եկեղեցու կողմից արգելված գրքերի առաջին կատալոգը։ Արգելվում էր ունենալ Աստվածաշնչի անգլերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, հոլանդերեն, ֆրանսերեն, ինչպես նաև լատիներեն թարգմանությունները։ Յուրաքանչյուր մարդ, ով ցանկանում էր կարդալ Աստվածաշունչը, պետք է գրավոր թույլտվություն ստանար եպիսկոպոսներից կամ ինկվիզիտորներից, եթե չէր ուզում մեղադրվել հերետիկոսության մեջ։
Նրանք, ովքեր համարձակվում էին ձեռք բերել Աստվածաշունչ կամ տարածել այն, արժանանում էին կաթոլիկ եկեղեցու կատաղի ցասմանը և հակամարտության մեջ հայտնվում։ Շատերին ձերբակալում էին, այրում ցցի վրա, կապում ձողին և պտտեցնում կրակի վրա, ցմահ բանտարկում կամ որպես թիավարների՝ ուղարկում գալերա։ Իսկ բռնագրավված Աստվածաշնչերը այրում էին։ Իրականում, կաթոլիկ քահանաները մինչև 20-րդ դարը այսպես են վարվել։
Բողոքականության պարագայում նույնպես չենք կարող ասել, որ այն Աստվածաշնչի իսկական ընկերն էր ու պաշտպանը։ 18-րդ և 19-րդ դարերում որոշ բողոքական աստվածաբաններ սկսեցին Աստվածաշունչ ուսումնասիրելու մի մեթոդ մշակել, որը հետագայում կոչվեց «բարձրակարգ քննախոսություն»։ Ժամանակի ընթացքում շատերը ընդունեցին այն ուսմունքները, որոնք ընկել էին դարվինյան թեորիաների ազդեցության տակ, ըստ որոնց՝ կյանքը ոչ թե ստեղծվել էր, այլ ինչ-որ կերպով առաջացել և բարեփոխվել առանց Արարչի։
Աստվածաբանները, անգամ շատ հոգևորականներ սովորեցրել են, որ Աստվածաշունչը մեծ մասամբ հիմնված է լեգենդների վրա։ Այդ պատճառով էլ սովորական բան է այսօր լսել, որ բողոքական հոգևորականները, նաև նրանց անդամներից շատերը չեն ընդունում, որ Աստվածաշունչը պատմականորեն ճշգրիտ է։
Թերևս նկատել եք, թե որքան հաճախ է Աստվածաշնչի վավերականությունը քննադատության ենթարկվել և գուցե զարմանում եք, որ դարերի ընթացքում այն վերացնելու փորձեր են արվել։ Սակայն, ինչպես տեսնում ենք, բոլոր հարձակումները ձախողման են մատնվել։ Աստվածաշունչը կենդանի է մնացել։
Ինչու այն կենդանի մնաց
Շատերն են սիրել Աստվածաշունչը և պատրաստ եղել կյանքի գնով այն պաշտպանելու։ Կենդանի մնալու գաղտնիքը, սակայն, ոչ թե սերն է եղել, այլ ավելի մեծ զորության առկայությունը։ Պատճառն այն է, որ բոլոր նրանք, ովքեր գրի են առել Աստվածաշունչը, գրել են այն Աստծու ոգու ներշնչմամբ (Եսայիա 40։8; 1 Պետրոս 1։25)։
Կարդալով Աստվածաշունչը և կիրառելով այն, ինչ գրված է՝ մենք կբարելավենք մեր ապրելակերպը, առողջությունը և ընտանեկան կյանքը։ Աստված ցանկացել է, որ իր Խոսքը պահպանվի ու հնարավորինս շատ լեզուներով թարգմանվի, որպեսզի բոլոր մարդիկ սովորեն իր մասին, ծառայեն իրեն և ի վերջո հավիտենական օրհնություններ վայելեն։ Անկասկած, բոլորս էլ հենց դա ենք ուզում։
Իր երկնային Հորն աղոթելիս Հիսուսն ասաց. «Քո խոսքը ճշմարտություն է» (Հովհաննես 17։17)։ Աստվածաշունչը, այն Գիրքը, որը Հիսուսը կարդում ու սովորեցնում էր, միակ միջոցն է, որով Աստված տալիս է անկեղծ մարդկանց հուզող հարցերի պատասխանները։
Դուք կարող եք ավելին իմանալ մարդկությանը ուղղված Աստծու կարևոր լուրի մասին, որը գտնվում է Աստվածաշնչում։ Եհովայի վկաները՝ այս պարբերագիրը տարածողները, ուրախությամբ կօգնեն ձեզb։
[ծանոթագրություններ]
a Այս գաղափարը հավանաբար առաջ է եկել իսպանացի եպիսկոպոս սևիլիացի Իսիդորից (560–636թթ.), որը գրել է հետևյալը. «Կան երեք սուրբ լեզուներ՝ եբրայերեն, հունարեն և լատիներեն, ու դրանք գերագույն լեզուներ են ողջ աշխարհում, քանի որ հենց այս երեք լեզուներով էր, որ Պիղատոսը խաչի վրա գրել տվեց Տիրոջ դեմ հարուցված մեղադրանքը»։ Ինչ խոսք, երեք լեզուներով այդ մեղադրանքը գրելու որոշումը կայացվեց հռոմեացի հեթանոսների և ոչ թե Աստծու առաջնորդությամբ։
b Դուք կարող եք կապ հաստատել նրանց հետ այս պարբերագրի 5-րդ էջում նշված հասցեներից մեկով կամ օգտվելով www.watchtower.org վեբ կայքից։
[մեջբերում 6-րդ էջի վրա]
Հոգևորականները իրենց իշխանության տակ են պահել մարդկանց, որ Աստվածաշունչը հասանելի չլինի
[մեջբերում 8-րդ էջի վրա]
Ովքեր համարձակվում էին ձեռք բերել կամ տարածել Աստվածաշունչ, այրվում էին ցցի վրա կամ ցմահ բանտարկվում
[շրջանակ 9-րդ էջի վրա]
Աստվածաշնչի պատասխանները
Արարիչը ուզում է, որ մենք ստանանք ստորև նշված կարևոր հարցերի պատասխանները։
● Ո՞րն է կյանքի իմաստը։
● Ինչո՞ւ այսքան շատ տառապանք կա։
● Ի՞նչ վիճակում են գտնվում մահացածները։
● Ո՞ւր է ընթանում մարդկությունը։
Աստվածաշունչը պատասխանում է այս հարցերին, ինչպես նաև գործնական խորհուրդներ է տալիս, որոնք օգնում եմ մեզ այսօր իսկ ապրելու երջանիկ կյանքով։
[նկարներ 6 և 7-րդ էջերի վրա]
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ ՍԱՆԴՂԱԿԸ
Մոտ 636թ.
Սևիլիացի Իսիդորը պնդում էր, որ եբրայերենը, հունարենը և լատիներենը «սուրբ» լեզուներ են, ուստիև Աստվածաշնչին հարիր միակ լեզուները։
1079թ.
Գրիգորիոս VII պապը մերժեց Վրատիսլավի՝ եկեղեցում սլավոներենը օգտագործելու խնդրանքը՝ նշելով, որ Սուրբ Գիրքը պետք է անհասանելի լինի «սահմանափակ մտածելակերպ» ունեցող մարդկանց։
1199թ.
Իննովկենտիոս III պապը ցանկացած մարդու, ով համարձակվում էր թարգմանել և ուսումնասիրել Աստվածաշունչը, համարում էր հերետիկոս։ Ովքեր մերժում էին պապի հրամանը, չարչարանքների էին ենթարկվում և սպանվում։
1546թ.
Տրիդենտի եկեղեցաժողովի որոշմամբ՝ Աստվածաշունչ տպագրելու համար հարկավոր էր ստանալ կաթոլիկ եկեղեցու հավանությունը։
1559թ.
Պողոս IV պապը արգելում էր ձեռք բերել Աստվածաշունչ։ Թարգմանված Աստվածաշնչերը բռնագրավվում էին, այրվում, հաճախ էլ այրում էին նրանց, ովքեր ունեին այն։
[թույլտվությամբ]
Pope Gregory VII: © Scala/White Images/Art Resource, NY; Pope Innocent III: © Scala/Art Resource, NY; Council of Trent: © Scala/White Images/Art Resource, NY; Pope Paul IV: © The Print Collector, Great Britain/HIP/Art Resource, NY
[նկար 8-րդ էջի վրա. թույլտվությամբ]
From Foxe’s Book of Martyrs