Հարձակում Աստվածաշնչի վրա
ԳՐՔԵՐԻ այս հավաքածուն, որը հայտնի է որպես Աստվածաշունչ, կամ՝ Սուրբ Գիրք, գրի է առնվել ավելի քան 1600 տարիների ընթացքում։ Առաջին գրքերը գրել է Մովսեսը, իսկ վերջին գիրքը՝ Հիսուս Քրիստոսի աշակերտը նրա ծննդից մոտ հարյուր տարի անց։
Ողջ պատմության ընթացքում ակնհայտ է եղել, որ ոմանք ցանկացել են լռեցնել այս գրքի ձայնը՝ սկսած մեր թվարկությունից առաջ, անցնելով միջին դարերը և հասնելով մինչև մեր օրերը։ Ամեն բան սկիզբ առավ դեռևս Աստծու մարգարե Երեմիայի օրերում, որը ապրել է Հիսուս Քրիստոսի ծննդից ավելի քան 600 տարի առաջ։
Հարձակում Աստծու խոսքի վրա
Աստծու առաջնորդությամբ Երեմիա մարգարեն պատգամներ գրի առավ փաթույթի մեջ՝ դատապարտելով Հուդայի մեղավոր բնակիչներին և զգուշացնելով նրանց, որ իրենց մայրաքաղաքը՝ Երուսաղեմը, կործանվելու է, եթե ժողովուրդը հետ չդառնա իր չար ճանապարհներից։ Երեմիայի գրագիր Բարուքը այդ պատգամները բարձրաձայն կարդաց բոլորի առաջ տաճարում։ Իսկ երկրորդ անգամ կարդաց Հուդայի իշխանների առաջ, ովքեր վերցրին այդ փաթույթը ու տարան Հովակիմ թագավորի մոտ։ Երբ թագավորը լսեց, նրան դուր չեկան Աստծու խոսքերը։ Ուստի կտոր-կտոր արեց փաթույթը ու այրեց (Երեմիա 36։1–23)։
Աստված պատվիրեց Երեմիային. «Նորից մի ուրիշ փաթույթ վերցրու և նրա մեջ գրիր բոլոր այն խոսքերը, որ կային առաջին գրքում, որը Հուդայի Հովակիմ թագավորն այրեց» (Երեմիա 36։28)։ Մոտ 17 տարի անց ճիշտ այնպես, ինչպես որ Աստված էր մարգարեացել Երեմիայի միջոցով, Երուսաղեմը կործանվեց, նրա իշխաններից շատերը սպանվեցին, իսկ բնակիչները գերեվարվեցին Բաբելոն։ Փաթույթում գրված դատապարտող պատգամները, նույնիսկ դրանք ոչնչացնելու մասին այս պատմությունը պահպանվել է Աստվածաշնչի «Երեմիա» գրքում ու հասել մեզ։
Հալածանքը շարունակվում է
Հովակիմը նախաքրիստոնեական ժամանակներում ապրող միակ անձնավորությունը չէր, որ փորձեց այրել Աստծու Խոսքը։ Հունական կայսրության անկումից հետո Իսրայելը անցավ Սելևկյանների դինաստիայի տիրապետության տակ։ Սելևկյանների թագավոր Անտիոքոս Եպիփանեսը, որը իշխել է մ.թ.ա. 175–164թթ., ցանկացավ միավորել իր կայսրությունը հելլենիստական մշակույթի ներքո։ Այդ պատճառով ստիպեց հրեաներին ընդունել հունական սովորույթները, մշակույթը և կրոնը։
Մ.թ.ա. մոտ 168թ.-ին Անտիոքոսը կողոպտեց Երուսաղեմում գտնվող Եհովայի տաճարը և զոհասեղանի վրա հունական աստված Զևսի պատվին մեկ ուրիշ զոհասեղան կառուցեց։ Անտիոքոսը նաև արգելեց Շաբաթը պահելը և հրեաներին պատվիրեց չթլփատել իրենց որդիներին։ Այս հրամաններին չհնազանդվելու դեպքում նրանց մահ էր սպասում։
Հրեաներին կրոնափոխ անելու նպատակով Անտիոքոսը փորձեց ոչնչացնել Օրենքի բոլոր գրվածքները։ Թեև նա այս պայքարը ողջ Իսրայելում ծավալեց, բայց չկարողացավ վերացնել Եբրայերեն Գրությունների բոլոր ձեռագրերը։ Իսրայելում ապրող որոշ հրեաներ մի քանի փաթույթներ թաքցրել էին, իսկ որոշ ձեռագրեր էլ պահպանվել էին հրեական այլ գաղութներում։
Դիոկղետիանոսի առաջին էդիկտը
Մեկ ուրիշ ազդեցիկ ղեկավար, ով փորձեց վերացնել Սուրբ Գիրքը, հռոմեացի կայսր Դիոկղետիանոսն էր։ Մ.թ. 303թ.-ին նա մի շարք դաժան էդիկտներ՝ հրամանագրեր, հռչակեց քրիստոնյաների դեմ։ Արդյունքում սկսվեց «Մեծ հալածանքը», ինչպես նշում են պատմաբանները։ Նրա առաջին էդիկտի համաձայն՝ պատվիրվում էր այրել Աստվածաշնչի օրինակները և ոչնչացնել քրիստոնյաների հավաքատեղիները։ Վիրջինիայի համալսարանի կրոնի պրոֆեսոր Հարի Գեմբլը գրում է. «Դիոկղետիանոսը մտածում էր, որ ցանկացած քրիստոնեական համայնք, որտեղ էլ այն գտնվի, ունի գրքերի հավաքածու, և գիտեր, որ այդ գրքերը կենսական նշանակություն ունեն համայնքի համար»։ Եկեղեցական պատմաբան Եվսեբիոս Կեսարացին (Պաղեստին), որը ապրել է այս ժամանակահատվածում, տեղեկացնում է. «Մենք մեր աչքերով ենք տեսել, թե ինչպես են աղոթքի տները հիմնահատակ ավերվում, իսկ ներշնչված սուրբ գրքերը այրվում հենց շուկաներում»։
Դիոկղետիանոսի առաջին էդիկտից երեք ամիս անց Հյուսիսային Աֆրիկայի Ցիրտա քաղաքի (այժմ՝ Կոնստանտինա) քաղաքապետը պատվիրեց քրիստոնյաներին հանձնել իրենց բոլոր «օրենքի գրվածքները» և «գրությունների օրինակները»։ Նույն ժամանակահատվածի արձանագրությունները քրիստոնյաների մասին տեղեկացնում են, որ նրանք նախընտրեցին չարչարանքների ենթարկվել ու սպանվել, բայց Աստվածաշնչի ձեռագրերը չհանձնել ոչնչացման։
Նրանց մտադրությունը
Հովակիմի, Անտիոքոսի և Դիոկղետիանոսի մտադրությունը նույնն էր. ոչնչացնել, այո՛ իսպառ վերացնել Աստծու Խոսքը։ Սակայն Աստվածաշունչը անցավ այս բոլոր կրակոտ փորձությունների միջով։ Թեպետ Դիոկղետիանոսից հետո Հռոմի ղեկավարները դավանափոխ եղան, բայց Աստվածաշնչի վրա հարձակումները չդադարեցին։ Ինչո՞ւ։
Հետագայում ղեկավարները և նույնիսկ եկեղեցու առաջնորդները փորձեցին արդարանալ՝ պնդելով, թե Աստվածաշունչը այրելու փորձերը չեն արվել այն ոչնչացնելու նպատակով։ Հակառակը՝ նպատակը Աստվածաշունչը հասարակ մարդկանցից հեռու պահելն է եղել։ Իսկ ինչո՞ւ են եկեղեցու առաջնորդները ցանկացել նման բան անել։ Ի՞նչ են արել եկեղեցիները, որպեսզի մարդիկ չկարդան Աստվածաշունչը։ Տեսնենք։