Տառապանքից զերծ կյանք. վստահարժան խոստում
«[Աստված] կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան» (Հայտնություն 21։4)։
ԿԱՐՈ՞Ղ ենք արդյոք վստահել այս սիրտ ջերմացնող խոստմանը։ Հիշենք այն նախազգուշացումը, որն Աստված տվել էր մարդուն։ Նա ասել էր Ադամին, որ եթե չհնազանդվի իրեն, «անշուշտ, պիտի մեռնի» (Ծննդոց 2։17)։ Հենց այդպես էլ եղավ։ Ադամի հետ պատահածը, ինչպես նաև նրա սերունդների ժառանգած տառապանքն ու մահը փաստում են, որ Աստված իր խոսքի տերն է։ Փաստորեն, մենք ոչ մի հիմք չունենք կասկածելու, որ Աստված կվերականգնի երկրի վրա կատարյալ պայմանները։
Եկեք վերհիշենք Աստծու հատկությունները, որ քննեցինք նախորդ հոդվածում։ Եթե մենք ցանկանում ենք վերջ դնել տառապանքին, ապա առավել ևս Աստված է ուզում, քանի որ նա կարեկցանքի, սիրո և արդարության Աղբյուրն է, իսկ մենք ընդամենը արտացոլում ենք այդ հատկությունները։ Աշխարհում տեղի ունեցող սարսափելի իրադարձություններն ու մարդկանց դրսևորած վատ հատկությունները փաստում են, որ սրընթաց մոտենում է Աստծու գործի անցնելու ժամանակը (տե՛ս «Ե՞րբ են լինելու այս բաները» շրջանակը)։
Ինչո՞ւ միայն Եհովա Աստված կարող է վերջ դնել մարդկանց տառապանքին։ Քննենք, թե ինչպես Եհովան իր Որդու՝ Հիսուսի միջոցով քայլեր ձեռնարկեց վերացնելու տառապանքի հիմնական պատճառները։
Մարդը։
Մեր նախահայր Ադամը այնպիսի ընտրություն կատարեց, որը աղետալի հետևանքներ բերեց բոլոր իր սերունդներին։ Պողոս առաքյալը գրեց. «Բոլոր ստեղծվածները հառաչում են և ցավի մեջ են» (Հռոմեացիներ 8։22)։ Այս իրավիճակին Աստված այնպիսի լուծում տվեց, որը արդարացի էր, ողորմածությամբ լի և զարմանալիորեն պարզ։ Հռոմեացիներ 6։23 համարը բացատրում է. «Մեղքի տված վարձը մահն է, բայց Աստծու տված պարգևը՝ հավիտենական կյանք մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով»։
Կատարյալ մարդ Հիսուսը երբեք մեղք չգործեց։ Նրա մահը տանջանքի ցցի վրա, մեղքի ու մահվան անեծքից ազատվելու հիմք է հանդիսանում հնազանդ մարդկանց համար։ Այժմ մեր առաջ հնարավորություն է բացվել ապրելու մի աշխարհում, որտեղ անխոհեմ որոշումներ կայացնելու մեր մեղավոր հակումները կվերանան։ Կոչնչանան նաև նրանք, ովքեր միտումնավոր կերպով տառապանք են պատճառում ուրիշներին, քանի որ, ինչպես ասում է Աստվածաշունչը, «չարագործները կկործանվեն» (Սաղմոս 37։9)։
Պատահականություն և անկատարություն։
Հիսուս Քրիստոսը՝ Աստծու կողմից օծված Թագավորը, զորություն ունի իշխելու բնության ուժերին։ Մ.թ. առաջին դարում Հիսուսն ու իր առաքյալները ձկնորսական նավակի մեջ էին, երբ «մի ուժգին փոթորիկ բարձրացավ, ու ալիքները խփվում էին նավակին, այնպես որ նավակը ջրով լցվեց ու գրեթե ընկղմվեց»։ Երբ նրանք օգնության կանչեցին Հիսուսին, վերջինս «արթնանալով՝ սաստեց քամուն և ծովին ասաց. «Լռի՛ր։ Հանդարտվի՛ր»։ Եվ քամին դադարեց, ու կատարյալ հանդարտություն տիրեց»։ Նրա առաքյալները պարզապես ապշեցին՝ ասելով. «Նույնիսկ քամին ու ծովն են հնազանդվում նրան» (Մարկոս 4։37–41)։
Հիսուսի իշխանության ներքո հնազանդ մարդկությունը «ապահով կբնակվի, և փորձանքի հանդեպ սարսափը նրան չի անհանգստացնի» (Առակներ 1։33)։ Վերջ կդրվեն նաև բնական աղետներին։ Ավելին, մարդիկ այլևս անփութորեն չեն վերաբերվի երկրին։ Չեն լինի անորակ շենքեր, վտանգավոր գոտիներում կառուցած շինություններ և այլ բաներ, որոնք այսօր տառապանք են բերում մարդկանց։ Այլևս ոչ ոք չի տուժի այն բանի պատճառով, որ սխալ ժամին սխալ վայրում է գտնվում։
Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը ցույց տվեց, որ իր իշխանության ընթացքում կիրագործի ևս մի բան, ինչի միջոցով կվերացնի պատահականության պատճառով կրած մարդկանց ներկայիս տառապանքը։ «Ես եմ հարությունը և կյանքը»,— ասաց նա (Հովհաննես 11։25)։ Այո՛, Հիսուսն ի զորու է և ուզում է հարություն տալ միլիոնավորների, ովքեր մահացել են բնական աղետների հետևանքով։ Արդյո՞ք սրանք դատարկ խոսքեր են։ Մահացածներին հարություն տալով՝ Աստծու Որդին փաստեց, որ արժանի է մեր վստահությանը։ Այդ դեպքերից երեքը արձանագրված են Աստվածաշնչում (Մարկոս 5։38–43; Ղուկաս 7։11–15; Հովհաննես 11։38–44)։
«Այս աշխարհի իշխանը»։
Հիսուս Քրիստոսը Աստծու կողմից նշանակված է, որպեսզի «ոչնչի վերածի նրան, ով կարող է մահ պատճառել, այսինքն՝ Բանսարկուին» (Եբրայեցիներ 2։14)։ Նա հայտարարեց. «Դատն է այս աշխարհի, հիմա այս աշխարհի իշխանը դուրս կնետվի» (Հովհաննես 12։31)։ Հիսուսը «Բանսարկուի գործերը կքանդի»՝ վերացնելով վերջինիս ազդեցությունը երկրի երեսից (1 Հովհաննես 3։8)։ Պատկերացրու, թե որքան կփոխվի մարդկային հասարակությունը, երբ Բանսարկուի ագահության, կաշառակերության ու եսասիրության ոգին իսպառ վերանա։