Ինչո՞ւ է ամենուր այսքան տառապանք տիրում
ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ, ովքեր պնդում են, թե գիտեն այս հարցի պատասխանը, հաճախ սովորեցնում են, որ տառապանքը պատիժ է Աստծուց։ Օրինակ՝ Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժից մի քանի օր հետո մայրաքաղաքում քահանան հայտարարեց իր եկեղեցու հավատացյալներին, որ դա իրենց պատիժն է Աստծուց։ Մյուսներն էլ թերևս այդքան կտրուկ հայտարարություններ չանեն։ Կրոնագիտության մի պրոֆեսոր (ԱՄՆ) ասաց, որ շատ մարդիկ հետևյալ կերպ են մեկնաբանում դա. «Այն, թե ինչու է Աստված նման աղետներ բերում, գաղտնիք է, որը մեր խելքի բանը չէ։ Մեր գործը միայն հավատալն է»։
Արդյո՞ք Աստված է տառապանք «պատճառում» մարդկանց։ Աստվածաշունչը հստակ պատասխան է տալիս՝ ոչ։ Տառապանքը բնավ էլ չէր մտնում Եհովա Աստծու՝ մարդկության առնչությամբ ունեցած նպատակի մեջ։ Բայցևայնպես, առաջին մարդկային զույգը ըմբոստացավ Աստծու իշխանության դեմ՝ որոշելով ինքնուրույն սահմանել բարու և չարի չափանիշները։ Նրանք երես թեքեցին Աստծուց և կրեցին իրենց սխալ արարքի հետևանքները։ Այսօր մենք քաղում ենք նրանց սխալ ընտրության պտուղները։ Սակայն մարդկանց տառապանքի պատճառը ամենևին էլ Աստված չէ։ Աստվածաշնչում ասվում է. «Փորձության մեջ լինելիս թող ոչ ոք չասի՝ «Աստծուց եմ փորձվում», որովհետև Աստված չար բաներով չի կարող փորձվել, և ինքն էլ ոչ մեկին չի փորձում» (Հակոբոս 1։13)։ Տառապում են բոլորը, նույնիսկ նրանք, ում Աստված սիրում է։ Քննենք հետևյալ օրինակները.
Եղիսե մարգարեն մահացու հիվանդությամբ հիվանդ էր (2 Թագավորներ 13։14)։
Պողոս առաքյալը գրեց, որ ինքը «քաղցած էր մնում, ծարավ, խղճուկ հագնված, ծեծվում էր, անտուն էր մնում» (1 Կորնթացիներ 4։11)։
Քրիստոնյա Եպաֆրոդիտոսը հիվանդ էր ու «ընկճված» (Փիլիպպեցիներ 2։25, 26)։
Ոչ մի տեղ չենք կարդում, որ այս երեք մարդիկ իրենց կատարած մեղքերի համար պատժվում էին Աստծուց։ Աստվածաշունչը պարզ կերպով ցույց է տալիս, որ Աստված չէ պատասխանատու տառապանքի համար։ Դեռ ավելին, այն բերում է երեք հիմնական պատճառ, թե ինչու ենք տառապում։
Մարդը
«Մարդ ինչ որ ցանի, այն էլ կհնձի» (Գաղատացիներ 6։7)։ Անշուշտ, այն անհատը, ով ծխում է, անզգուշորեն մեքենա է վարում, վատնում է իր եկամուտը, ինքն է պատասխանատու իր կայացրած որոշման հետևանքների համար։
Ինչ խոսք, մեր տառապանքի պատճառը կարող է լինել նաև ինչ-որ մեկի եսասիրական քայլը։ Իսկապես, մարդիկ ամենասարսափելի չարություններն են գործել՝ սկսած նացիստական վայրագություններից մինչև մանկապղծությունը։ Սխալ օգտագործելով ազատ կամքը՝ ոմանք կայացնում են այնպիսի որոշումներ, որոնց պատճառով ուրիշներն են տառապում։
Պատահականությունը
Մ.թ. առաջին դարում Երուսաղեմում գտնվող մի մեծ աշտարակ փուլ եկավ։ Արդյունքում 18 մարդ մահացավ։ Հիշատակելով այս պատահարի զոհերին՝ Հիսուսն ասաց. «Մի՞թե կարծում եք, թե նրանք ավելի մեղավոր էին, քան Երուսաղեմում բնակվող մյուս բոլոր մարդիկ։ Ո՛չ» (Ղուկաս 13։4, 5)։ Հիսուսը գիտեր, որ դա Աստծու պատիժը չէ։ Նա գիտեր, թե ինչ է ասում Աստծու Խոսքը. «Ժամանակ և պատահար բոլորին է լինում» (Ժողովող 9։11)։ Բազմաթիվ ողբերգություններ տեղի են ունենում մարդու մեղքով կամ էլ այն պատճառով, որ նա սխալ ժամին սխալ վայրում է գտնվում։ Հաշվետվությունները ցույց են տալիս, որ մարդկանց տառապանքը բազմապատկվում է, երբ նրանք արհամարհում են նախազգուշացումները և երբ ապրում են անորակ շինություններում, որոնք չեն դիմանում բնության սաստիկ երևույթներին։ Նման դեպքերում զոհ են դառնում ավելի մեծ թվով մարդիկ, իսկ շատ շատերն էլ տառապանքներ են կրում։
«Այս աշխարհի իշխանը»
Աստվածաշունչն ասում է. «Ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է» (Հովհաննես 12։31; 1 Հովհաննես 5։19)։ Այդ «Չարը» Բանսարկու Սատանան է, մի հզոր ոգեղեն արարած, որը նկարագրվում է որպես «օդի իշխանության իշխան»։ Սատանան տարածում է այնպիսի «ոգի, որն այժմ ներգործում է անհնազանդության որդիների մեջ» (Եփեսացիներ 2։2)։ Այնպիսի ոճրագործություններ, ինչպիսիք են եղեռնը և մանկապղծությունը, այնքան սարսափելի են, որ շատերի կարծիքով՝ դժվար թե մարդը կանգնած լինի դրանց հետևում։
Այդուհանդերձ, մի՞թե սա նշանակում է, որ Աստված անտարբեր է մեր տառապանքների հանդեպ։ Ունի՞ նա արդյոք այնքան զորություն, որ վերջ դնի տառապանքին, և ուզո՞ւմ է այդպես վարվել։