Մենք ուզում ենք ապրել տառապանքից զերծ
Քիոն իր կաշվի վրա զգաց, թե ինչ է տառապանքը, երբ սպանեցին նրա հորը, քանի որ վերջինս թույլ էր տվել, որ կովերը արածեն մոտակայքում գտնվող եգիպտացորենի դաշտում։ Ավելի ուշ նրա մայրն ու երկու քույրերը դարձան Կամբոջայի կարմիր քմերների զոհը։ Հետո Քիոն վիրավորվեց ականապատ դաշտի միջով անցնելիս։ Մինչ նրան օգնության կհասնեին, 16 օր նա մնաց ջունգլիներում։ Ցավոք, նրա ոտքը պետք է անդամահատեին։ «Ես չէի ուզում ապրել»,— ասում է Քիոն։
ԳԱՂՏՆԻՔ չէ, որ տառապանքը չի ընտրում իր զոհերին։ Բնական աղետները, հիվանդությունները, դաժան հանցագործությունները և այլ ողբերգություններ կարող են վրա հասնել ցանկացած մեկին, ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ։ Մարդասիրական կազմակերպությունները ջանք չեն խնայել, որպեսզի կանխեն մարդկանց տառապանքը կամ գոնե մեղմեն այն։ Իսկ ինչի՞ են հասել նրանք։
Քննենք, օրինակ, թե ինչ արդյունքներ է բերել սովի դեմ մղված պայքարը։ «Տորոնտո սթար» թերթի համաձայն՝ բնական աղետների հետևանքով անօթևան և առանց սննդի են մնում բազմաթիվ մարդիկ։ Թերթը նաև տեղեկացնում է, որ «կազմակերպությունների՝ սովը մեղմելու համար թափած ջանքերը անհաջողության են մատնվել աճող բռնության պատճառով»։
Քաղաքական, հասարակական և բժշկական ոլորտում աշխատող առաջատար անձինք ամեն ինչ փորձել են, որպեսզի մեղմեն տառապանքը, բայց արդյունքները հուսադրող չեն եղել։ Տնտեսության աճին զարկ տալու նպատակով կազմված ծրագրերը չեն վերացրել աղքատությունը։ Պատվաստանյութերը, դեղամիջոցները և ժամանակակից վիրաբուժական մեթոդները չեն կարողանում վերջ դնել բոլոր հիվանդություններին։ Ոստիկանության աշխատակիցները և խաղաղարար ուժերը անզոր են ինչ-որ բան փոխելու. նրանց ոչինչ չի մնում անել, քան միայն նայել, թե ինչպես է դաժան հանցագործությունը աստիճանաբար մեծ մասշտաբների հասնում։
Ինչո՞ւ է ամենուր այսքան տառապանք տիրում։ Արդյոք Աստված անտարբե՞ր է մարդկանց կրած դժբախտությունների հանդեպ։ Ինչպես կտեսնենք, միլիոնավոր անհատներ մխիթարվել են՝ ստանալով այս հարցերի պատասխանները Աստվածաշնչից։