Աստվածաշնչի տեսակետը
Ինչո՞ւ են Հիսուսի ճշմարիտ հետևորդները ատված
«Այդ ժամանակ ձեզ նեղության կմատնեն ու կսպանեն, և իմ անվան պատճառով բոլոր ազգերի կողմից ատված կլինեք» (ՄԱՏԹԵՈՍ 24։9)։
ՀԻՍՈՒՍՆ այս խոսքերն ասաց իր տանջալի մահից ընդամենը մի քանի օր առաջ։ Իսկ իր մահվան գիշերը հավատարիմ առաքյալներին ասաց. «Եթե ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն» (Հովհաննես 15։20, 21)։ Սակայն ինչո՞ւ պետք է մարդիկ ատեն նրանց, ովքեր հնազանդվում են Հիսուսին ու ձգտում են նրան նմանվել։ Չէ՞ որ նա իր անձը տրամադրում էր ուրիշներին օգնելու համար՝ աղքատներին մխիթարելով և հարստահարվածներին հույս տալով։
Աստվածաշունչը բացահայտում է, թե որոնք են այդ ատելության պատճառները։ Դրանք քննելով՝ կտեսնենք, թե ինչու են այսօր մարդիկ, ովքեր հետևում են Քրիստոսին, նմանատիպ հակառակության հանդիպում։
Չիմացության պատճառով
Հիսուսն ասաց իր հետևորդներին. «Գալիս է ժամը, երբ ով որ ձեզ սպանի, պիտի կարծի, թե սուրբ ծառայություն է մատուցում Աստծուն։ Բայց նրանք այս բաները ձեզ կանեն այն պատճառով, որ ո՛չ Հորը ճանաչեցին, ո՛չ էլ ինձ» (Հովհաննես 16։2, 3)։ Ճիշտ է, հալածողներից շատերը պնդում են, թե այն նույն Աստծուն են ծառայում, որին ծառայում էր Հիսուսը, սակայն գտնվում են կրոնական կեղծ ուսմունքների և սովորույթների ազդեցության տակ։ Նրանք «Աստծու հանդեպ նախանձախնդրություն ունեն, բայց ոչ ճշգրիտ գիտելիքների համաձայն» (Հռոմեացիներ 10։2)։ Այդպիսի հակառակորդ էր տարսոնացի Սողոսը, որը հետագայում դարձավ Քրիստոսի առաքյալը և հայտնի է Պողոս անունով։
Սողոսը փարիսեցի էր։ Փարիսեցիները քաղաքական դաշտում մեծ դեր ունեցող հրեական ազդեցիկ աղանդ էին, որոնք հակառակվում էին քրիստոնեությանը։ «Նախկինում ես հայհոյող, հալածող ու անպատկառ մարդ էի,— ընդունեց Սողոսը, ապա ավելացրեց.— Տգիտությամբ և անհավատությամբ էի վարվում» (1 Տիմոթեոս 1։12, 13)։ Սակայն երբ նա իմացավ Աստծու և նրա Որդու մասին ճշմարտությունը, անմիջապես փոխեց իր ապրելակերպը։
Նույնը տեղի է ունեցել նաև մեր օրերում։ Քրիստոսի հետևորդներին հալածողներից շատերը Սողոսի պես փոխվել են և հիմա իրենք են հալածանքներ կրում։ Այնուհանդերձ, նրանք չարին չարով չեն պատասխանում, այլ հետևում են Հիսուսի խորհրդին. «Շարունակեք սիրել ձեր թշնամիներին և աղոթել ձեզ հալածողների համար» (Մատթեոս 5։44)։ Եհովայի վկաները ձգտում են հետևել այս խորհրդին՝ հուսալով, որ հակառակորդներից գոնե մի քանիսը կփոխեն իրենց վերաբերմունքը, ինչպես Սողոսն արեց։
Նախանձից դրդված
Հիսուսի հակառակորդներից շատերի վատ վերաբերմունքի պատճառը նախանձն էր։ Նույնիսկ հռոմեացի կառավարիչ Պոնտացի Պիղատոսը «գիտեր, որ ավագ քահանաները նախանձից դրդված էին նրան իր ձեռքը հանձնել» (Մարկոս 15։9, 10)։ Ինչո՞ւ էին հրեա կրոնական առաջնորդները նախանձում Հիսուսին։ Պատճառներից մեկն այն էր, որ հասարակ ժողովուրդը, որը արհամարհված էր կրոնական առաջնորդների կողմից, սիրում էր Հիսուսին։ «Ամբողջ աշխարհը նրա հետևից գնաց»,— բողոքեցին փարիսեցիները (Հովհաննես 12։19)։ Իսկ երբ հետագայում ժողովուրդը դրականորեն արձագանքեց Հիսուսի հետևորդների քարոզչական ծառայությանը, կրոնական առաջնորդները դարձյալ «նախանձով լցվեցին» և իրենց զայրույթը թափեցին քրիստոնյա ավետարանիչների վրա (Գործեր 13։45, 50)։
Ոմանց էլ բարկացրեց Աստծու ծառաների լավ վարքը։ Պետրոս առաքյալը իր հավատակիցներին գրեց. «Քանի որ դուք չեք շարունակում նրանց [անօրենների] հետ վազել ցոփության նույն ճահճի մեջ, նրանք տարակուսանքի մեջ են ու ձեր մասին վիրավորական խոսքերով են արտահայտվում» (1 Պետրոս 4։4)։ Նմանատիպ բացասական վերաբերմունք կարելի է տեսնել նաև այսօր։ Ճշմարիտ քրիստոնյաները, խուսափելով վատ վարք դրսևորելուց, իրենց արդար չեն հայտարարում և մյուսներից բարձր չեն համարում։ Նման վարքագիծը հարիր չէ ճշմարիտ քրիստոնյային, քանի որ բոլոր մարդիկ էլ մեղավորներ են և Աստծու ողորմության կարիքն ունեն (Հռոմեացիներ 3։23)։
«Աշխարհի մի մասը չեն»
«Մի՛ սիրեք աշխարհը և ոչ էլ այն ամենը, ինչ աշխարհի մեջ է»,— գրում է Հովհաննես առաքյալը (1 Հովհաննես 2։15)։ Ի՞նչ աշխարհի մասին է այստեղ նա խոսում։ Աստծուց օտարացած մարդկանց մասին, որոնք Սատանային են հնազանդվում։ Աստվածաշունչը տեղեկացնում է, որ Սատանան է «այս աշխարհի աստվածը» (2 Կորնթացիներ 4։4; 1 Հովհաննես 5։19)։
Աշխարհը ու նրա չար ճանապարհները սիրողները հակառակվում են նրանց, ովքեր ձգտում են ապրել Աստվածաշնչի սկզբունքների համաձայն։ Այդ պատճառով Հիսուսն ասաց իր առաքյալներին. «Եթե դուք աշխարհի մի մասը լինեիք, աշխարհը կսիրեր ձեզ, որովհետև դուք իրենը կլինեիք։ Բայց քանի որ դուք աշխարհի մի մասը չեք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար էլ աշխարհը ատում է ձեզ» (Հովհաննես 15։19)։
Ցավալի է, որ մարդիկ ատում են Եհովայի ծառաներին զուտ այն պատճառով, որ նրանք չեն միաձուլվում Սատանայի կողմից ղեկավարվող աշխարհի հետ, որը լի է ապականությամբ, անարդարությամբ ու բռնությամբ։ Իհարկե, կան անկեղծ մարդիկ, ովքեր ցանկանում են փոխել աշխարհը, այն ավելի լավը դարձնել, սակայն նրանք չեն կարող դիմադրել այդ աշխարհի անտեսանելի իշխանին։ Միայն Եհովա Աստված կարող է բնաջնջել Սատանային, և անպատճառ կանի դա։ Նա իսպառ կվերացնի Բանսարկուին այնպես, ինչպես կրակն է բնաջինջ անում (Հայտնություն 20։10, 14)։
Այս հրաշալի հեռանկարը մի մասն է «Թագավորության այն բարի լուրի», որը հռչակում են Եհովայի վկաները ողջ աշխարհում (Մատթեոս 24։14)։ Վկաները համոզված են, որ միայն Աստծու Թագավորությունը, որը ղեկավարվում է Հիսուս Քրիստոսի կողմից, երկրի վրա կհաստատի հարատև խաղաղություն և երջանկություն (Մատթեոս 6։9, 10)։ Դրա համար էլ կշարունակեն հռչակել այդ Թագավորությունը՝ կարևոր համարելով Աստծու հավանությունն ունենալը, ոչ թե մարդկանց։
ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ
● Ինչո՞ւ էր տարսոնացի Սողոսը հալածում Քրիստոսի հետևորդներին (1 Տիմոթեոս 1։12, 13)։
● Ի՞նչն էր դրդում Հիսուսի թշնամիներից ոմանց վատ վերաբերվելու նրան (Մարկոս 15։9, 10)։
● Ինչպիսի՞ վերաբերմունք ունեն ճշմարիտ քրիստոնյաները աշխարհի հանդեպ (1 Հովհաննես 2։15)։
[նկար 23-րդ էջի վրա]
Հակառակորդների բազմությունը հարձակվեց Եհովայի վկաների վրա, քանի որ նրանք Աստծու Թագավորության բարի լուրն էին քարոզում (Քվեբեկ, Կանադա, 1945)
[թույլտվությամբ]
Courtesy Canada Wide