Դու կարող ես բարելավել քո առողջությունը
ՌՈՒՍՏԱՄԸ, որն ապրում է Ռուսաստանում, զբաղված կյանքով է ապրում։ Անցյալում նա ուներ որոշ սովորություններ, որոնք վնասում էին իր առողջությունը։ Սակայն ժամանակի ընթացքում նա հասկացավ, որ դրանց դիմաց թանկ է վճարում։ Նա թողեց ծխելն ու ոգելից խմիչքների չարաշահումը։ Այդուհանդերձ, օրեր շարունակ համակարգչի առաջ անցկացնելու պատճառով նա ավելի թույլ ու քնկոտ էր դառնում։
Ռուստամի աշխատանքը սկսվում էր ժամը 8-ին, սակայն հազվադեպ էր պատահում, որ նա առույգ լիներ այդ ժամին։ Նա հաճախ էր հիվանդանում։ Ուստի որոշ փոփոխություններ մտցրեց իր առօրյայում։ Ի՞նչ արդյունք տվեցին այդ փոփոխությունները։ «Արդեն յոթ տարի է, ինչ ես տարվա մեջ երկու օրից ավել հիվանդ չեմ լինում,— ասում է նա։— Ես ինձ շատ լավ եմ զգում, սթափ եմ և առույգ։ Մի խոսքով՝ վայելում եմ կյանքը»։
Ռամը, իր կինը և երկու երեխաները ապրում են Նեպալում։ Նրանց բնակավայրում սանիտարահիգիենիկ պայմանները շատ վատ են. տարածքում վխտում են մոծակներն ու ճանճերը։ Անցյալում Ռամի ընտանիքի անդամները հաճախ էին ունենում շնչառական օրգանների հետ կապված խնդիրներ, ինչպես նաև աչքի բորբոքումներ։ Նրանք նույնպես որոշ փոփոխություններ արեցին, ինչի շնորհիվ իրենց առողջական վիճակը մեծապես բարելավվեց։
Քայլեր ձեռնարկիր
Շատերը, անկախ այն բանից՝ հարուստ են, թե աղքատ, չեն գիտակցում, որ իրենց սովորությունները անմիջականորեն անդրադառնում են իրենց առողջական վիճակի վրա։ Նրանց կարծիքով՝ լավ առողջություն ունենալը բախտի բան է, և իրենք շատ քիչ բան կարող են փոխել։ Այսպիսի ֆատալիստական տեսակետը խանգարում է, որ նրանք քայլեր ձեռնարկեն իրենց առողջական վիճակը բարելավելու և ավելի արդյունավետ կյանք վարելու համար։
Իրականում, ինչպիսի ֆինանսական վիճակում էլ որ լինես, կան որոշ հիմնական քայլեր, որոնց միջոցով կարող ես ոչ միայն պահպանել, այլև բարելավել քո և ընտանիքիդ առողջությունը։ Ի՞նչ ես կարծում, արժե՞ որևէ ջանք թափել դրա համար։ Ինչ խոսք, արժե՛։ Դու ոչ միայն անտեղի չես կարճացնի քո կյանքը, այլ ընդհակառակը՝ կարող ես բարձրացնել կյանքիդ որակը։
Իսկ եթե ծնող ես, կարող ես թե՛ քո խոսքերով, թե՛ քո օրինակով օգնել երեխաներիդ այնպիսի սովորություններ ձեռք բերելու, որոնք կնպաստեն նրանց լավ առողջությանը։ Այն լրացուցիչ ժամանակը և ծախսերը, որ կհատկացնես քո առողջությանը հետևելու համար, անշուշտ կփոխհատուցվեն. քիչ կհիվանդանաս, ինչի շնորհիվ էլ քիչ ժամանակ և փող կծախսես բուժման վրա։ Հիշի՛ր, ինչպես ասում է մի ասացվածք՝ «լավ է կանխել, քան դարմանել»։
Հաջորդ հոդվածներում կխոսենք հինգ հիմնական քայլերի մասին, որոնք օգնեցին Ռուստամին, Ռամին և ուրիշ շատերին։ Այդ քայլերը, անշուշտ, կօգնեն նաև քեզ։
[նկար 3-րդ էջի վրա]
Ռուստամ
[նկար 3-րդ էջի վրա]
Ռամն ու իր ընտանիքը օգտվում են մաքուր ջրի աղբյուրից