Գործնական առաջարկներ տարեցների համար
ՄԻ ԱՂՋԻԿ սահում է սահադաշտում։ Հանկարծ նա սայթաքում է և ընկնում։ Մի քանի վայրկյանից ոտքի է կանգնում. չի վնասվել, պարզապես փոքր-ինչ շփոթված է։ Մի տարեց կին էլ իր տան մեջ է սայթաքում, ընկնում է և կոտրում ազդրը։ Նրան վիրահատում են, և ամիսներ են պետք, որ վերականգնվի։ Այժմ նա ավելի շատ է վախենում ընկնելուց, խուսափում է ֆիզիկական գործեր անելուց և թույլ է զգում իրեն։
Արևմտյան երկրներից մեկում ամեն տարի 65 տարեկան և ավելի մեծ մարդկանց մեկ երրորդից ավելին վայր է ընկնում։ Այդ տարիքում ընկնելը այնպիսի վնասվածքներ է հասցնում անհատին, որ կարող է նույնիսկ մահվան պատճառ դառնալ։ Դրա համար էլ Աստվածաշնչում տարեցների մասին գրված է. «Բարձրությունը կվախեցնի, և ճանապարհին սարսափներ կլինեն» (Ժողովող 12։5)։
Թեև տարիքը իր հետ դժվարություններ է բերում, սակայն կարող եք մի շարք գործնական քայլեր ձեռնարկել և ապրել ապահով ու անվտանգ կյանքով։ Նախ կարևոր է, որ ողջամտության սահմաններում հետևեք ձեր առողջությանը։ Հաջորդ քայլը ձեր տունը անվտանգ դարձնելն է։
Հետևեք առողջությանը
Ծերանալու հետ մեկտեղ գուցե այդքան էլ հեշտ չլինի շարժվել, թերևս կորցնենք հավասարակշռության զգացումը և խնդիրներ ունենանք տեսողության հետ։ Նաև քանի որ մեր մկանները թուլանում են, իսկ ոսկորները՝ ավելի փխրուն դառնում, գուցե թույլ զգանք մեզ։ Այդուհանդերձ, ֆիզիկապես ակտիվ կյանքով ապրելը և ճիշտ կերպով սնվելը կարող են դանդաղեցնել այս ընթացքը։ Նիտա անունով մի ֆիզիոթերապևտ ասում է. «Կարևոր է այնպիսի վարժություններ անել, որոնց շնորհիվ կպահպանեք հավասարակշռությունը, կեցվածքը, ուժերը և ճկուն կլինեք»։
ԱՄՆ-ի առողջապահության և սոցիալական ծառայությունների դեպարտամենտը ասում է. «Անկախ իրենց առողջական վիճակից և ֆիզիկական կարողություններից՝ ծերերը լավ վիճակում կլինեն, եթե ֆիզիկապես ակտիվ լինեն։ Նույնիսկ եթե ձեզ համար դժվար է կանգնել կամ քայլել, կարող եք վարժություններ անել, ինչը ձեզ համար օգտակար կլինի։ Հավանականությունն ավելի քիչ է, որ ոչինչ չանելը ձեզ օգուտ կտա»a։ Ֆիզիկապես ակտիվ լինելը կօգնի պայքարելու սրտի հիվանդությունների, հոդացավերի, օստեոպորոզի և դեպրեսիայի դեմ։ Այն կարող է բարելավել արյան շրջանառությունը, մարսողությունը, քունը և կարող է օգնել ձեզ, որ ավելի ինքնավստահ ու զգոն լինեք։
Եթե սովորություն չունեք վարժություններ անելու, լավ կլինի, որ առաջին հերթին խորհրդակցեք ձեր բժշկի հետ։ Այդպես վարվեք նաև այն ժամանակ, երբ մարմնամարզությամբ զբաղվելիս գլխապտույտ եք ունենում կամ ցավեր՝ կրծքավանդակում։ Ճիշտ կլինի, որ այդ դեպքում շտապ օգնություն կանչեք։ Թեթևամտորեն մի՛ վերաբերվեք այս վտանգավոր նախանշաններին։ Նաև խորհուրդ է տրվում տարին մեկ անգամ ստուգել տեսողությունը։
Ինչ վերաբերում է սննդակարգին, մի՛ օգտագործեք այնպիսի ուտելիք, որի մեջ քիչ են վիտամիններն ու հանքային նյութերը, նույնիսկ եթե դրանք արագ ու հեշտ է պատրաստել։ Հատկապես ծերերը պետք է օգտագործեն D վիտամինով և կալցիումով հարուստ սնունդ, քանի որ դրանք նպաստում են ոսկրային զանգվածի խտությանը կամ առնվազն դանդաղեցնում են խտության նվազեցումը։ Ուստի ձգտեք սննդակարգում ընդգրկել ամբողջական հացահատիկային մթերքներ և ցածր յուղայնությամբ կերակուրներ, օգտագործեք թարմ մրգեր ու բանջարեղեն։ Նախքան սննդակարգի մեջ փոփոխություններ մտցնելը խորհրդակցեք ձեր բժշկի հետ։ Նա կարող է օգտակար խորհուրդներ տալ և ասել, թե որ կերակուրներից պետք է խուսափեք։
Աշխատեք նաև շատ ջուր խմել։ Ջրազրկությունը, որը տարածված է տարեցների շրջանում, հատկապես նրանց, ովքեր ապրում են մենակ կամ ծերանոցներում, կարող է պատճառ դառնալ, որ անհատը ընկնի, ունենա կոորդինացիայի խանգարում, փորկապություն, մաշկը կորցնի էլաստիկությունը, վարակների հանդեպ զգայուն դառնա և նույնիսկ մահանա։
Տունը ապահով դարձրեք
Մեծմասամբ տարեց մարդիկ ընկնում են տանը։ Մի քանի նախազգուշական քայլ անելով՝ կարող եք մեծապես նվազեցնել այդ վտանգը։ Մտածեք ձեր տան մասին, երբ կարդաք հետևյալը։
Լոգասենյակ
● Եթե հատակը թաց է, ոտքերի համար հենարան պետք է ունենաք։
● Լոգախցիկի կամ լոգարանի հատակը պետք է ունենա փոքր գորգ, որպեսզի չսայթաքեք։ Իսկ եթե ցնցուղ եք ընդունում աթոռի վրա նստած, ծորակները պետք է մոտ լինեն, որ ձեռքով հեշտությամբ հասնեք դրանց։ Ցնցուղը ձեռքում բռնեք, որ կարողանաք նստած լողանալ։
● Լավ կլինի, որ լոգարանի կամ զուգարանակոնքի մոտ բռնատեղեր ամրացված լինեն, որ մտնելիս ու դուրս գալիս բռնվեք դրանցից։ Դրանք պետք է ամուր ու լավ ամրացված լինեն։ Նաև հավաստիացեք, որ զուգարանակոնքը այն բարձրության է, որ դուք կարող եք հեշտությամբ նստել ու վեր կենալ։
● Ունեցեք լամպ կամ ձեռքի լապտեր։
Աստիճաններ
● Աստիճանները պետք է լինեն լավ լուսավորված, մաքուր և լավ վիճակում։
● Դրանք երկու կողմից պետք է ունենան ամուր բազրիքներ։ Աստիճանները չպետք է սայթաքուն լինեն, իսկ վարդակները պետք է վերևում ու ներքևում լինեն։
● Աստիճաններով բարձրանալն ու իջնելը ամրացնում է ոտքի մկանները։ Սակայն եթե հավասարակշռությունը պահելու հետ խնդիրներ ունեք, չպետք է մենակ իջնեք-բարձրանաք։
Ննջասենյակ
● Մահճակալի և կահույքի շուրջ բավականաչափ ազատ տարածություն թողեք, որ ապահով քայլեք։
● Աթոռ ունեցեք, որ նստած հագնվեք։
● Լամպի վարդակը կամ ձեռքի լապտերը հասանելի տեղում թող լինի, որ պառկած ժամանակ միացնեք։
Խոհանոց
● Կահույքի մակերեսը պետք է ազատ լինի, որ դրա վրա մթերք և այլ պարագաներ հեշտությամբ դնեք։
● Խոհանոցի հատակը չպետք է լինի սայթաքուն։
● Պահարաններում իրերը չպետք է շատ բարձր կամ շատ ցածր դրված լինեն, որպեսզի առանց կողմնակի օգնության վերցնեք դրանք։ Խուսափեք աստիճաններ կամ փոքրիկ աթոռներ օգտագործելուց և երբեք մի՛ բարձրացեք աթոռի վրա։
Տարբեր խորհուրդներ
● Լամպ ունեցեք, որ լուսավորեք լոգասենյակ տանող ճանապարհը կամ այն տեղերը, ուր գնում եք գիշերը։
● Գիշերը, երբ լիովին արթնացած չեք, լավ կլինի, որ ձեռնափայտով կամ հենակով քայլեք։
● Աթոռները պետք է ամուր լինեն (առանց անիվների), ունենան բռնակոթ և այնպիսի բարձրության լինեն, որ հեշտությամբ նստեք ու վեր կենաք։
● Սայթաքելուց խուսափելու համար հարկավոր է վերանորոգել, փոխել կամ վերացնել մաշված գորգերը, ծայրերը վեր բարձրացված լինոլեումը կամ ջարդված սալիկը։ Էլեկտրական բոլոր լարերը պետք է պատի տակ լինեն, որ չընկնեն ոտքերի տակ։
● Որպեսզի չսայթաքեք, գորգերի վրա փոքր գորգեր մի՛ գցեք։ Եթե դրանք դրված են ողորկ, փայտե կամ հախճասալե հատակի վրա, ապա ամրացրեք հակառակ կողմից, որ չշարժվեն։
● Մի՛ հագեք մեծ, մաշված, բաց կամ սայթաքող ներբան ունեցող հողաթափեր, նաև բարձրակրունկ կոշիկներ։
● Որոշ դեղեր գլխապտույտ են առաջացնում, և դրա պատճառով մարդը սկսում է դժվարությամբ քայլել։ Այդ դեպքում անպայման դիմեք բժշկի։ Նա կարող է փոխել դոզան կամ դեղը։
Եթե նկատում եք, որ տանը ինչ-որ բան պետք է վերանորոգել, բայց ինքներդ չեք կարող, դիմեք ընտանիքի անդամներին, ընկերներին կամ տնային կառավարության աշխատողներին։ Մի՛ հետաձգեք։
Ինչ կարող են անել ուրիշները
Եթե տարեց ծնողներ ունեք, տատիկներ, պապիկներ ու ընկերներ, ինչպե՞ս կարող եք օգնել նրանց, որ վայր չընկնեն։ Առաջին հերթին նրբանկատորեն քննարկեք նրանց հետ վերոհիշյալ մտքերը, որ լուծեք առկա խնդիրները։ Անհրաժեշտության դեպքում շաբաթը մեկ-երկու անգամ կարող եք օգնել նրանց պատրաստելու սննդարար կերակուր։ Ծեր մարդիկ նաև պետք է ֆիզիկապես ակտիվ լինեն։ Կարո՞ղ եք զբոսնելու տանել նրանց՝ թերևս համատեղելով դա այլ գործերի հետ։ Շատ տարեցներ ուրախությամբ դուրս կգան տնից, եթե վստահելի ինչ-որ մեկը ուղեկցի իրենց։ Որոշ երկրներում կառավարությունը առաջարկում է բուժքույրերի օգնություն տնային պայմաններում, ֆիզիոթերապիա, աշխատանքային թերապիա, ինչպես նաև օգնություն՝ տան անվտանգությունը ապահովելու համար։
Մեր Արարիչը, որն ինքն իրեն կոչում է «Հինավուրց», պահանջում է, որ հարգանք դրսևորենք տարեցների, հատկապես տարեց ծնողների հանդեպ (Դանիել 7։9)։ «Պատվիր քո հորն ու մորը»,— հորդորում է նա (Ելք 20։12)։ Նաև ասում է. «Ալեհեր մարդու առաջ վեր կաց և տարեցին հարգիր. վախեցիր քո Աստծուց» (Ղևտական 19։32)։ Այո՛, տարեցների հանդեպ հարգանքը Աստծու նկատմամբ առողջ վախի դրսևորում է։ Իսկ երբ տարեցները երախտապարտ են օգնության համար, ավելի հակված ես սեր և հարգանք դրսևորելու։ Տարեցներին օգնելը ոչ միայն պարտականություն է, այլև մեծ ուրախություն։
[ծանոթագրություն]
a 2005թ. մայիսի 22-ի «Արթնացե՛ք»-ում ավելի մանրամասնորեն է քննարկվում ֆիզիկապես ակտիվ կյանք վարելու օգուտները (անգլ., ռուս.)։
[նկար 31-րդ էջի վրա]
Էլեկտրոնային օգնություն ծայրահեղ իրավիճակում
Որոշ երկրներում տարեցները հնարավորություն ունեն ձեռք բերելու էլեկտրոնային մի սարք, որը կարող են օգտագործել ծայրահեղ իրավիճակում։ Օրինակ՝ երբ տարեցը վնասվել է կամ ընկել է ու ի վիճակի չէ վեր կենալու, կարող է սեղմել կոճակը և օգնություն խնդրել։ Այս սարքը կարելի է կախել վզին կամ ամրացնել դաստակին։ Եթե քո երկրում կա նման ծառայություն, ապա կարող ես օգտվել այդ հնարավորությունից, հատկապես եթե մենակ ես ապրում։