Երիտասարդները հարցնում են
Տարվա՞ծ եմ էլեկտրոնային մեդիայով
ԵՐԲ ծնողներդ պատանի էին, հիմնականում հեռուստացույցն ու ռադիոն էին համարվում էլեկտրոնային մեդիա։ Այն ժամանակներում հեռախոսը պարզապես հեռախոս էր, որը միայն խոսքային ինֆորմացիա էր հաղորդում և միացած էր ցանցային վարդակին։ Դա հիմա հնացա՞ծ բան է։ Աննա անունով մի աղջիկ ասում է. «Ծնողներս մեծացել են «մութ ժամանակներում»։ Նրանք նոր-նոր են սկսում հասկանալ, թե ինչպես պետք է օգտագործեն իրենց բջջային հեռախոսի մեջ տեղադրված որոշ ֆունկցիաներ»։
Այսօր ընդամենը մեկ սարքի միջոցով, որը դնում ես գրպանիդ մեջ, կարող ես զանգերի պատասխանել, երաժշտություն լսել, տեսանյութ դիտել, խաղ խաղալ, էլեկտրոնային նամակ ուղարկել ընկերոջդ, լուսանկարել, ինտերնետից օգտվել։ Քանի որ մեծացել ես այնպիսի դարաշրջանում, որում համակարգիչները, բջջային հեռախոսները, հեռուստացույցը և ինտերնետը սովորական բան են, գուցե մտածես, որ ոչ մի վտանգավոր բան էլ չկա դրանք անընդհատ օգտագործելու մեջ։ Սակայն ծնողներդ թերևս մտածեն, որ դու չափից շատ ես տարվել դրանցով։ Եթե արտահայտում են իրենց անհանգստությունը, մի՛ անտեսիր նրանց խոսքերը՝ կարծելով, որ կյանքից հետ են մնացել։ «Եթե ինչ-որ մեկը բանը չլսած պատասխան է տալիս,— ասում է իմաստուն Սողոմոն թագավորը,— ապա դա հիմարություն է նրա կողմից» (Առակներ 18։13)։
Ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչու են ծնողներդ անհանգստացած։ Այդ դեպքում կատարիր ստորև բերված թեստը և տես, թե արդյոք տարված ես էլեկտրոնային մեդիայով։
«Արդյոք տարվա՞ծ եմ»
Մի հանրագիտարանում ասվում էր, որ տարվել նշանակում է «մի բան անընդհատ կրկնելու սովորություն ունենալ, նույնիսկ այնքան կրկնել, որ ի վիճակի չլինել կամ չուզենալ դադարեցնել այն՝ չնայած վատ հետևանքներին»։ Փաստորեն, այս հոդվածի նախաբանում նշված երեք պատանիները տարված են կամ տարված են եղել մեդիայով։ Իսկ դո՞ւ։ Այժմ ավելի մանրամասն քննենք, թե ինչ է նշանակում այս բառը։ Կարդա մեջբերումները և տես, թե արդյոք ասում կամ անում ես նման բաներ։ Հետո գրիր քո պատասխանները։
Անվերահսկելի ցանկություն։ «Ես ժամերով էլեկտրոնային խաղեր էի խաղում։ Քուն չունեի, իսկ զրույցների ժամանակ միայն դրա մասին էի ուզում խոսել։ Ինձ մեկուսացրել էի ընտանիքիցս ու խաղերի այդ երևակայական աշխարհում կորցրել էի գլուխս» (Էնդրյու)։
Քո կարծիքով՝ ամեն օր որքա՞ն ժամանակ է խելամիտ տրամադրել էլեկտրոնային մեդիային։ ______
Ծնողների՞դ կարծիքով որքան ժամանակ պետք է տրամադրես։ ______
Ընդհանուր հաշվով՝ ամեն օր որքա՞ն ժամանակ ես տրամադրում sms-ներին, հեռուստացույցին, նկարներ բեռնելուն, վեբ կայքում մեկնաբանություններ գրելուն, էլեկտրոնային խաղեր խաղալուն և այլն։ ______
Պատասխաններդ նայելուց հետո կարո՞ղ ես ասել, որ չափից շատ ես ժամանակ տրամադրում էլեկտրոնային մեդիային։❏ Այո ❏ Ոչ
Ի վիճակի չլինել կամ չուզենալ դադարեցնել։ «Ծնողներս տեսնում են, որ միշտ sms-ներ եմ գրում, և ասում են, որ շատ եմ տարված դրանցով։ Բայց իմ հասակակիցների հետ համեմատած՝ ես շատ քիչ եմ sms գրում։ Դե բնական է, խնձորը չես համեմատի նարնջի հետ. նրանք 40 տարեկան են, ես՝ 15» (Ալան)։
Ծնողներդ կամ ընկերներդ ասո՞ւմ են, որ շատ ժամանակ ես հատկացնում էլեկտրոնային մեդիային։❏ Այո ❏ Ոչ
Չե՞ս ուզում կամ ի վիճակի չե՞ս սահմանափակումներ դնելու։❏ Այո ❏ Ոչ
Վատ հետևանքներ։ «Ընկերներս անընդհատ sms-ներ են գրում, անգամ մեքենա քշելիս։ Ինչքա՜ն վտանգավոր է դա» (Ջուլի)։
«Երբ առաջին անգամ բջջային հեռախոս ձեռք բերեցի, անընդհատ ինչ-որ մեկին կա՛մ զանգում էի, կա՛մ sms գրում։ Բան ու գործս դա էր։ Այդ պատճառով վնասեցի փոխհարաբերություններս ընտանիքիս, անգամ որոշ ընկերներիս հետ։ Հիմա նկատում եմ, որ երբ ընկերներիս հետ եմ, նրանք անընդհատ ընդհատում են ինձ ու ասում՝ մի րոպե, պետք է sms-ի պատասխանեմ։ Պատճառներից մեկը հենց դա է, որ այլևս մտերիմ չեմ նրանց հետ» (Շերլի)։
Մեքենա վարելիս կամ դասերի ժամանակ sms-ներ կարդում կամ գրո՞ւմ ես։❏ Այո ❏ Ոչ
Ընտանիքիդ անդամների կամ ընկերներիդ հետ խոսելիս անընդհատ ընդհատո՞ւմ ես զրույցը, որ էլեկտրոնային նամակ գրես, զանգահարես կամ sms ուղարկես։❏ Այո ❏ Ոչ
Քնիդ կամ դասերդ սովորելու հաշվի՞ն ես էլեկտրոնային մեդիային ժամանակ տրամադրում։❏ Այո ❏ Ոչ
Ինչպես հավասարակշռված լինել
Եթե օգտվում ես էլեկտրոնային մեդիայի ինչ-որ տեսակից՝ համակարգչից, բջջային հեռախոսից կամ մեկ այլ սարքից, տուր քեզ ստորև բերվող չորս հարցերը։ Կիրառիր աստվածաշնչյան խորհուրդները և հետևիր մի քանի պարզ քայլերի, թե ինչ պետք է անես կամ չանես, որ ապահով ու հավասարակշռված լինես։
1. Ի՞նչ բովանդակություն ունի։ «Ինչը որ ճշմարիտ է, ինչը որ լուրջ ուշադրության է արժանի, ինչը որ արդար է, ինչը որ մաքուր է, ինչը որ սեր է առաջ բերում, ինչի մասին որ լավն են խոսում, ինչը որ առաքինի է, և ինչը որ գովասանքի է արժանի, շարունակ այս բաների մասին մտածեք» (Փիլիպպեցիներ 4։8)։
Հաղորդակցվիր ընտանիքիդ ու ընկերներիդ հետ և խոսիր շինիչ բաների մասին (Առակներ 25։25; Եփեսացիներ 4։29)։
Մի՛ տարածիր վնասակար բամբասանք, մի՛ ուղարկիր անպարկեշտ նկարներ ու sms-ներ, մի՛ դիտիր անբարո տեսանյութեր կամ ծրագրեր (Կողոսացիներ 3։5; 1 Պետրոս 4։15)։
2. Ե՞րբ պետք է օգտվեմ։ «Ամեն ինչ իր ժամանակն ունի» (Ժողովող 3։1)։
Որոշիր, թե ինչքան ժամանակ պետք է տրամադրես հեռախոսազանգերին, sms-ներ գրել-կարդալուն, ծրագրեր դիտելուն, խաղեր խաղալուն։
Թույլ մի՛ տուր, որ էլեկտրոնային մեդիան խլի այն ժամանակը, որ պետք է տրամադրես ընկերներիդ, ընտանիքիդ, ուսումնասիրությանը և հոգևոր գործերին (Եփեսացիներ 5։15–17; Փիլիպպեցիներ 2։4)։
3. Ո՞ւմ հետ եմ շփվում։ «Մի՛ մոլորվեք։ Վատ ընկերակցությունները ապականում են օգտակար սովորությունները» (1 Կորնթացիներ 15։33)։
Էլեկտրոնային մեդիայի միջոցով ամրացրու հարաբերություններդ այն մարդկանց հետ, ովքեր քաջալերում են քեզ լավ հատկություններ մշակել (Առակներ 22։17)։
Մի՛ խաբիր քեզ. դու կընդօրինակես նրանց չափանիշները, խոսելաոճը, մտածելակերպը, ում հետ շփվում ես էլեկտրոնային նամակների, sms-ների, հեռուստացույցի, տեսանյութերի կամ ինտերնետի միջոցով (Առակներ 13։20)։
4. Որքա՞ն ժամանակ եմ տրամադրում։ «Հավաստիացիր, թե ինչն է ավելի կարևոր» (Փիլիպպեցիներ 1։10)։
Գրի առ, թե որքան ժամանակ ես տրամադրում էլեկտրոնային մեդիային։
Մի՛ անտեսիր ընկերներիդ կամ ծնողներիդ խոսքերը, եթե նրանք ասում են, որ չափից շատ ժամանակ ես տրամադրում մեդիային (Առակներ 26։12)։
Խոսելով էլեկտրոնային մեդիային հավասարակշռված ժամանակ տրամադրելու մասին՝ Էնդրյուն, որի խոսքերը մեջբերվել էին, ասում է. «Տեխնիկան լավ բան է, բայց դրան քիչ ժամանակ է պետք հատկացնել։ Ես սովորել եմ թույլ չտալ, որ տեխնիկան բաժանի ինձ ընտանիքիցս ու ընկերներիցս»։
«Երիտասարդները հարցնում են» խորագրից տարբեր լեզուներով այլ հոդվածներ կարելի է գտնել www.watchtower.org վեբ կայքում։
[շրջանակ 18-րդ էջի վրա]
ՀԱՐՑՐՈՒ ԾՆՈՂՆԵՐԻԴ
Երբեմն գուցե զարմանաս, երբ ծնողներիդ հետ զրուցես ժամանցի մասին։ «Մի անգամ հայրս ասաց, որ իր կարծիքով իմ երաժշտական CD-ներից մեկը վատն է,— ասում է Շերիլ անունով մի աղջիկ։— Ես առաջարկեցի, որ ինձ հետ լսի ամբողջ CD-ին։ Նա համաձայնվեց։ Լսելուց հետո ասաց, որ ոչ մի վատ բան չկա դրա մեջ»։
Ստորև գրիր, թե ինչ հարց դու կուզեիր տալ ծնողներիդ էլեկտրոնային մեդիայի մասին։
․․․․․
[շրջանակ 18-րդ էջի վրա]
«ԵՍ ՏԱՐՎԱԾ ԷԻ ԻՆՏԵՐՆԵՏՈՎ»
«Մի քանի տարի առաջ ընտանիքս տեղափոխվեց։ Ես ուզում էի կապ պահպանել ընկերներիս հետ, և նրանք առաջարկեցին ինձ խոսել ու նկարներ ուղարկել ինտերնետով։ Դա շատ լավ միտք թվաց ինձ։ Ես խոսելու էի այն մարդկանց հետ, ում ճանաչում էի, և ոչ թե անծանոթների հետ։ Ի՞նչ վատ բան կարող էր լինել։
Սկզբում ամեն ինչ լավ էր։ Շաբաթը մեկ անգամ դիտում էի ընկերներիս նկարները, ինչ-որ բաներ էի գրում նրանց, հետո կարդում էի իմ նկարների վերաբերյալ նրանց մեկնաբանությունները։ Սակայն շուտով տարվեցի դրանով։ Մինչև դա հասկացա, արդեն ամբողջ ժամանակս դրա վրա էի ծախսում։ Ընկերներիս ընկերները նկատեցին, որ այդքան շատ եմ լինում ցանցում, ու հրավիրեցին ինձ դառնալ իրենց ընկերը։ Դե գիտեք դա ոնց է լինում, ընկերդ ասում է, որ այս մարդը լավն է, և դու ընդունում ես հրավերը։ Շատ չանցած՝ ինտերնետում արդեն 50 ընկեր ունեի։
Շուտով հայտնաբերեցի, որ անընդհատ մտածում եմ ինտերնետ մտնելու մասին։ Նույնիսկ երբ մտնում էի վեբ կայք, մտածում էի, թե երբ կարող եմ նորից ստուգել այն կամ նոր նկարներ դնել։ Մի տեղ մեկնաբանություն էի գրում, մի ուրիշ տեղ տեսանյութ էի դնում, և ժամերը թռնում էին։
Մոտ մեկ ու կես տարի հետո հասկացա, որ տարված եմ դրանով։ Հիմա հետևում եմ, թե որքան ժամանակ եմ ծախսում ինտերնետի վրա, փորձում եմ մարդկանց հետ կենդանի շփում ունենալ և ընկերություն հաստատել նրանց հետ, ովքեր ապրում են իմ բարոյական չափանիշներով։ Ընկերներիցս ոմանք չեն հասկանում դա, բայց ես լավ դաս եմ սովորել» (Էլեն, 18)։
[նկար 19-րդ էջի վրա]
Դո՞ւ ես իշխում տեխնիկայի վրա, թե՞ տեխնիկան է իշխում քեզ վրա
[շրջանակ 16-րդ էջի վրա]
Ի՞նչ ընդհանրություն ունեն այս երեք երիտասարդները։
«Ես սիրում եմ, սիրում եմ, շատ եմ սիրում sms-ներ գրել։ Դրանից հավես բան չկա։ Դա է իմ կյանքը» (Ալան)a։
«Մայրս իմ սենյակի համար հեռուստացույց գնեց։ Ես շատ էի ոգևորված։ Գիշերը քնելու փոխարեն՝ ժամերով արթուն էի մնում ու հեռուստացույց դիտում։ Նախընտրում էի հեռուստացույց դիտել, քան ընտանիքիս ու ընկերներիս հետ ժամանակ անցկացնել» (Թերեզա)։
«Մի որոշ ժամանակ չէի կարողանում ինչ-որ տեղ գնալ կամ ինչ-որ բան անել, եթե նախ չստուգեի, թե արդյոք որևէ մեկը ինչ-որ բան տեղադրել կամ գրել է իմ վեբ կայքում։ Եթե գիշերվա կեսին հանկարծ արթնանում էի, պետք է անպայման ինտերնետ մտնեի։ Առիթի դեպքում անմիջապես թարմացնում էի իմ բլոգը» (Աննա)։
Քո կարծիքով՝ այս երիտասարդներից ո՞ր մեկն է տարված էլեկտրոնային մեդիայով։
❑ Ալան ❑ Թերեզա ❑ Աննա
[ծանոթագրություն]
a Որոշ անուններ այս հոդվածում փոխված են։
[շրջանակ 17-րդ էջի վրա]
Ինչ են ասում հասակակիցներդ
«Ծնողներս ինձ անընդհատ ասում էին. «Մատներդ ասես սոսնձով կպցրել են հեռախոսիդ»։ Սկզբում նրանց խոսքերը ինձ համար ծիծաղելի էին, սակայն հետո հասկացա, որ նրանք կատակ չեն անում։ Հիմա քիչ եմ sms-ներ գրում և ինձ ավելի երջանիկ եմ զգում։»
«Հակված էի ցանկացած առիթի դեպքում ստուգելու, թե ինչ կա ինտերնետում։ Չէի կատարում իմ տնային աշխատանքները և այլ կարևոր բաներ։ Հիմա երբ արդեն քիչ ժամանակ եմ տրամադրում ինտերնետին, զգում եմ, որ կարծես մի ծանր քար է ընկել ուսերիցս։ Գաղտնիքը չափավորության մեջ է։»
[նկարներ]
Ջովարնի
Մարիա
[շրջանակ 19-րդ էջի վրա]
Ծնողներին
Երեխաներդ շա՞տ ժամանակ են տրամադրում ինտերնետին, հաճա՞խ են ուղարկում և ստանում sms-ներ, ավելի շատ սիրում են MP3 նվագարկչի՞, թե՞ քեզ հետ ժամանակ անցկացնել։ Եթե այդպես է, ապա ի՞նչ կարող ես անել։
Կարող ես պարզապես վերցնել երեխայից այդ սարքը։ Բայց մի՛ եզրակացրու, որ էլեկտրոնային մեդիան չարիք է։ Չէ՞ որ դու էլ ես օգտվում մեդիայի այնպիսի տեսակից, որը չի եղել քո ծնողների ժամանակ։ Հետևաբար այդ սարքերը «առգրավվելու» փոխարեն, եթե իհարկե այդպես վարվելու հիմնավոր պատճառ ունես՝ առիթն օգտագործիր ու սովորեցրու երեխայիդ, թե ինչպես կարող է խելամտորեն և չափավորությամբ օգտվել մեդիայից։ Ինչպե՞ս կարող ես դա անել։
Քննարկիր այս հարցը երեխայիդ հետ։ Առաջին՝ հայտնիր նրան քո անհանգստությունները։ Երկրորդ՝ լսիր, թե ինչ է նա ասում (Առակներ 18։13)։ Երրորդ՝ գործնական առաջարկներ արա։ Մի՛ վախեցիր սահմանափակումներ դնելուց, բայց եղիր խելամիտ (Փիլիպպեցիներ 4։5)։ Էլենը, որի մասին խոսվեց, ասում է. «Ես sms-ներ գրելու հետ կապված խնդիր ունեի, բայց ծնողներս անմիջապես իմ ձեռքից չվերցրին հեռախոսը։ Նրանք կանոններ սահմանեցին։ Ծնողներիս մոտեցումը օգնել է ինձ հավասարակշռված տեսակետ ձեռք բերելու այդ հարցի վերաբերյալ և ճիշտ վարվելու նույնիսկ այն դեպքերում, երբ նրանք իմ կողքին չեն»։
Իսկ ի՞նչ անել, եթե երեխան անմիջապես արդարանում է։ Մի՛ եզրակացրու, որ նա անտեսում է քո ասածները։ Եղիր համբերատար և մտածելու ժամանակ տուր նրան։ Հնարավոր է՝ նա արդեն համաձայնվել է քեզ հետ, բայց դեռ պետք է փոփոխություններ անի։ Շատ պատանիներ Հեյլիի պես են մտածում, որն ասում է. «Սկզբում վիրավորվում էի, երբ ծնողներս ասում էին, որ տարված եմ իմ համակարգչով։ Բայց հետո ինչքան շատ էի մտածում, այնքան շատ էի հասկանում, որ նրանք ճիշտ են»։