Միգրեն. ինչպե՞ս պայքարել դրա դեմ
Ջոյսը, որին գրասենյակում ճանաչում են որպես կենսուրախ աշխատողի, լարված նայում է իր ձեռքի փաստաթղթին։ Հանկարծ տառերն անհետանում են։ Ապա աչքերի առաջ երևում են լույսի վառ առկայծումներ, որոնք վեր են ածվում տարօրինակ զիգզագների ու երկրաչափական պատկերների։ Իսկ մեկ րոպե անց նա գրեթե ոչինչ չի նշմարում։ Հասկանալով, թե ինչ է տեղի ունենում, Ջոյսը իսկույն ընդունում է փոքրիկ դեղապատիճը (կապսուլա), որը նախատեսված է հենց նման իրավիճակների համար։
ՋՈՅՍԸ տառապում է միգրենով՝ հիվանդություն, որը շատ առումներով տարբերվում է սովորական գլխացավից։ Այն պատահականորեն չի առաջանում և կրկնվում է պարբերաբար։ Հիվանդի վիճակը այնքան է վատթարանում, որ նա ի վիճակի չի լինում զբաղվելու առօրյա գործերով։
Որո՞նք են միգրենի ախտանիշները։ Ցավը տեղակայվում է գլխի մի կիսագնդում և ունի բաբախող բնույթ։ Հաճախ ուղեկցվում է սրտխառնոցով և լույսի նկատմամբ գերզգայնությամբ։ Նոպայի տևողությունը տատանվում է մի քանի ժամից մինչև մի քանի օր։
Չնայած շատերն են ժամանակ առ ժամանակ ուժեղ գլխացավեր ունենում, բայց միայն 10-ից 1-ն է տառապում միգրենով։ Այս հիվանդությունը ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ։ Որոշ դեպքերում միգրենի ցավերը ավելի ուժեղ են լինում, այդ պատճառով էլ բազմաթիվ հիվանդներ ստիպված են լինում տարվա մեջ մի քանի օր բացակայել աշխատանքից։ Միգրենը մեծ վնաս է հասցնում ընտանեկան բյուջեին և բացասաբար է անդրադառնում թե՛ ընտանիքի անդամների և թե՛ այլ մարդկանց հետ ունեցած փոխհարաբերությունների վրա։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այս հիվանդությունը դասում է այն 20 տարբեր պատճառների շարքում, որոնց հետևանքով մարդն անաշխատունակ է դառնում։
Միգրենի նոպայից կարճ ժամանակ առաջ որոշ հիվանդներ ունենում են հետևյալ ախտանիշները՝ ձեռքերը սառչում են, գերհոգնածություն ու քաղց են զգում, ինչպես նաև տրամադրության անկում են ունենում։ Նոպային կարող են նախորդել նաև գլխապտույտներ, խշշոց ականջներում, մաշկի ծակծկոց։ Հիվանդի աչքերը սկսում են շաղվել, խոսքը խանգարվում է կամ էլ մկաններն են թուլանում։
Միգրենի առաջացման պատճառները մինչ օրս ամբողջությամբ հայտնաբերված չեն, սակայն կարծիք կա, որ դրա հիմքում ընկած է նյարդային համակարգի խանգարումը, որն ազդում է գլխուղեղի արյունատար անոթների վրա։ Ցավը բաբախող բնույթ է կրում հավանաբար այն պատճառով, որ արյունն անցնում է վնասված անոթների միջով։ Մի ամսագրում նշվում է. «Միգրենով տառապողները ժառանգել են չափազանց զգայուն նյարդային համակարգ, որի աշխատանքը կարող է խափանվել կյանքում տեղի ունեցող տարբեր իրադարձությունների, քնի պակասի, սուր հոտերի, ուղևորությունների, անկանոն սնվելու, սթրեսի և հորմոնների մակարդակի փոփոխության պատճառով» (Emergency Medicine)։ Մարդիկ, ովքեր տառապում են միգրենով, կարող են ունենալ նաև հաստ աղիքի բորբոքում, տագնապային նոպաներ ու դեպրեսիա։
Ինչպե՞ս մեղմել ցավը
Իհարկե, մենք չենք կարող փոխել այն նյարդային համակարգը, որ ժառանգել ենք մեր ծնողներից։ Սակայն կարող ենք ուշադիր լինել և տեսնել, թե որոնք են միգրենի նոպա հրահրող պատճառները։ Օրինակ՝ օրագիր պահելով՝ ոմանք գլխի են ընկել, թե որ ուտելիքից կամ ինչ հանգամանքներից է առաջանում նոպան։
Տարբեր մարդկանց մոտ այն առաջանում է տարբեր պատճառներով։ Օրինակ՝ Լոռանը հայտնաբերեց, որ իր միգրենի նոպաներն առաջ են գալիս դաշտանային ցիկլի շրջանում։ Նա ասում է. «Դաշտանային ցիկլի ընթացքում ցանկացած գրգռիչ գործոն՝ ծանր աշխատանքը, տաքությունն ու սառնությունը, ուժեղ աղմուկը, նույնիսկ կծու կերակրատեսակները, միգրենի նոպա է առաջացնում։ Դրա համար էլ այդ օրերին նախընտրում եմ հանգիստ լինել և զսպվածություն դրսևորել»։ Ջոյսը, որը ավելի քան 60 տարի տառապում է միգրենով, պատմում է. «Ես հասկացել եմ, որ նարինջը, անանասը և կարմիր գինին անմիջապես միգրենի նոպաներ են հրահրում, ուստի ձգտում եմ չօգտագործել դրանք»։
Դժվար է պարզել, թե որոնք են միգրենի նոպա հրահրող պատճառները, քանի որ միաժամանակ կարող են դեր խաղալ մի քանի գործոններ։ Օրինակ՝ մի դեպքում շոկոլադը առանձնապես ոչ մի ազդեցություն չի ունենում, սակայն մեկ ուրիշ դեպքում այլ գործոնի հետ միասին այն թերևս միգրենի նոպա առաջացնի։
Եթե նույնիսկ չեք կարողանում տարբերել միգրեն հրահրող գործոնները կամ խուսափել դրանցից, կան մի քանի ձևեր, որոնք կնվազեցնեն նոպաների հավանականությունը։ Մասնագետները խորհուրդ են տալիս ամբողջ շաբաթվա ընթացքում քնել և արթնանալ միևնույն ժամին։ Թերևս ցանկանաք հանգստյան օրերին ավելի ուշ քնել, սակայն նրանք առաջարկում են հաջորդ առավոտ՝ մյուս օրերի նման վեր կենալ նույն ժամին, մի քանի րոպե ինչ-որ բան անել և հետո նորից պառկել քնելու։ Միգրենի առաջացմանը կարող է նպաստել կոֆեինի չարաշահումը։ Ուստի փորձեք սահմանափակվել՝ խմելով օրական երկու բաժակ սուրճ կամ երկու բաժակ կոլա։ Քանի որ քաղցի զգացումը նույնպես միգրենի առաջացման պատճառ է, ձգտեք կանոնավորաբար սնվել։ Ինչ խոսք, հեշտ չէ խուսափել սթրեսից, որը հաճախ նպաստում է միգրենի առաջացմանը, բայցևայնպես փորձեք հանգստանալ՝ փոփոխել գրաֆիկը, Աստվածաշունչ ընթերցել կամ էլ հանգիստ երաժշտություն լսել։
Ինչպե՞ս բուժել միգրենը
Միգրենի բուժման համար կան բազմաթիվ միջոցներa։ Օրինակ՝ քունը բուժման ամենալավ միջոցն է։ Ցավը կարող են մեղմել նաև ցավազրկող դեղերը, որոնք կարելի է գնել առանց դեղատոմսի։ Դրանք օգնում են, որ հիվանդը քնի։
1993թ.-ին միգրենի բուժման համար սկսեցին տրիպտաններ օգտագործել՝ դեղերի նոր խումբ, որոնք կարելի է գնել միայն բժշկի դեղատոմսով։ Մի ամսագիր տրիպտանները կոչում է «առաջընթաց քայլ»։ Այնտեղ նաև ասվում է. «Տրիպտանների հայտնաբերումը.... միգրեն և այլ տիպի ուժեղ գլխացավեր բուժելու համար հավասարազոր է պենիցիլինի հայտնաբերմանը, որը նախատեսված է վարակիչ հիվանդություններ բուժելու համար» (The Medical Journal of Australia)։
Ի տարբերություն վարակիչ հիվանդությունների՝ միգրենը կյանքին վտանգ չի սպառնում։ Ուստի այս հիվանդության բուժման համար նախատեսված դեղամիջոցները կյանքեր չեն փրկում։ Այնուհանդերձ, տրիպտանները թեթևացրել են ոմանց ցավը, ում տարիներ շարունակ հալումաշ է արել այս հիվանդությունը։ Թեև միգրեն ունեցողները շարունակում են հետևել վերը նշված խորհուրդներին, այնուամենայնիվ, ոմանց համար տրիպտանները «հրաշք դեղեր» են։
Անշո՛ւշտ, բոլոր դեղամիջոցներն էլ ունեն իրենց դրական ու բացասական կողմերը։ Իսկ ի՞նչ բացասական կողմեր ունեն տրիպտանները։ Նախ՝ տրիպտանների մեկ հաբը կարող է արժենալ այնքան, որքան ճոխ ռեստորանում մեկ անգամ ճաշելը։ Այդ պատճառով այս դեղը նշանակում են շատ սուր ցավեր ունենալու դեպքում։ Բացի այդ, տրիպտանները օգնում են ոչ բոլորին։ Առողջական խնդիրների պատճառով ոմանց խորհուրդ չի տրվում նույնիսկ փորձել դրանք։ Եվ քանի որ ժառանգաբար փոխանցվող միգրենի դեմ դեղամիջոց դեռևս չի հայտնաբերվել, վերը նշված բժշկական ամսագրում ասվում է. «Գնալով ավելի նոր և արդյունավետ դեղամիջոցներ են արտադրվում միգրենի դեմ, ուստի կարիք չկա տառապելու ցավից»։
[ծանոթագրություն]
a «Արթնացե՛ք» պարբերագիրը բուժման որևէ ձև չի առաջարկում։ Որոշում կայացնելուց առաջ յուրաքանչյուր անհատ անձամբ պետք է քննի իր հանգամանքները։
[նկար 15-րդ էջի վրա]
Օրագիր պահելով՝ ոմանք գլխի են ընկել, թե որ ուտելիքից կամ ինչ հանգամանքներից է առաջանում նոպան
[նկար 15-րդ էջի վրա]
Հանգիստ երաժշտությունը կարող է թուլացնել սթրեսը, որը հաճախ միգրեն է հրահրում
[նկար 15-րդ էջի վրա]
Միգրենը լուրջ ժառանգական հիվանդություն է, սակայն բժիշկները կարող են օգնել քեզ պայքարելու դրա դեմ