Օրհնություններ, որոնք հարստությունից էլ թանկ են
ՋՈՆԸ ուներ եկամտաբեր աշխատանք, շքեղ տուն, հասել էր մեծ հաջողությունների, բազմաթիվ երկրներում էր եղել (ԱՄՆ)։ Շատերի կարծիքով՝ նա ու իր կինը օրհնված էին։
Իսկ Կոստասըa մեկն էր այն 80 անհատներից, որոնք ընտրվել էին 5 000 հոգուց՝ Եվրոպայի առաջատար բանկերից մեկում վերապատրաստվելու համար։ Ընդամենը մի քանի տարվա ընթացքում նա մեծ հաջողությունների հասավ և ի վերջո դարձավ բանկում գործող մի բաժնի տնօրեն։ Տարիներ անց Կոստասը հիմնեց իր սեփական ընկերությունը։ Մեկ տարում նա վաստակում էր այնքան գումար, որ շատերը չէին վաստակի ամբողջ կյանքի ընթացքում։ Նա իրեն օրհնված էր զգում։
Այդուհանդերձ, թե՛ Ջոնը, թե՛ Կոստասը համոզված էին, որ կան օրհնություններ, որոնք առավել են հարստությունից։ Այսօր նրանք իսկապես օրհնված են, քանի որ լավ փոխհարաբերություններ ունեն Աստծու հետ և Աստվածաշնչի միջոցով օգնում են մարդկանց մտերմանալու Նրա հետ։ Ջոնը պատմում է. «Իմ փորձից կարող եմ ասել, որ հարստությունը երջանկություն չի բերում։ Մեծ պայքարով ես այդ ամենը ձեռք բերում և պահպանում։ Արդյունքում ոչ մի ուրիշ բանի համար գրեթե ժամանակ չի մնում։ Իսկ երբ ապրում ես Աստվածաշնչի սկզբունքներով, անթիվ–անհամար օրհնություններ ես ունենում. երջանիկ ընտանեկան կյանք, մտքի խաղաղություն, մաքուր խիղճ»։
Իսկ Կոստասն ասում է. «Աստված չի ցանկանում, որ մեր կյանքը կենտրոնացնենք հարստություն ձեռք բերելու վրա։ Այն, ինչ նա առատորեն տալիս է մեզ, պետք է օգտագործենք նրա կամքը կատարելու համար»։ Վերջերս Կոստասը և իր ընտանիքը սկսեցին օտար լեզու սովորել, որպեսզի ավելի շատ մարդկանց հայտնեն բարի լուրը։ Նա ավելացնում է. «Մենք համոզվել ենք, որ ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (Գործեր 20։35)։
Ջոնը և Կոստասը հասկացան, որ հոգևոր օրհնությունները շատ ավելի արժեքավոր են, քան նյութական ձեռքբերումները։ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Դենիել Գիլբերտը նշում է, որ հոգեբանները «տասնյակ տարիներ ուսումնասիրել են հարստության և երջանկության միջև եղած կապը ու եկել են այն եզրահանգման, որ փողը երջանկացնում է մարդուն այն ժամանակ, երբ դուրս է բերում նրան աղքատությունից։ Սակայն դրանից հետո այն գրեթե դեր չի խաղում մարդու երջանկության համար»։
Նրանք սովորեցին դառը փորձից
«Զարմանալի է, որ երբ այլևս աղքատ չես, մեծ եկամուտը երջանկության զգացում չի պարգևում քեզ»,— ասում է մի դասախոս։ Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Էնդրյու Քարնեգին, մի հարցազրույցի ժամանակ ասել է. «Պետք չէ ինձ նախանձել։ Ինչպե՞ս կարող եմ ես երջանիկ լինել։ Այժմ վաթսուն տարեկան եմ և չեմ կարողանում մարսել ուտելիքը։ Ես կտայի իմ ողջ հարստությունը, միայն թե կարողանայի հետ բերել երիտասարդությունս և առողջությունս»։
Մեկ ուրիշ միլիոնատեր՝ Փոլ Գետին, որը նավթի մագնատ է, հետևյալ խոսքերն է ասել. «Միշտ չէ, որ փողը երջանկության հետ է առնչվում։ Ես կասեի, որ ավելի շատ այն առնչվում է դժբախտության հետ»։
Թերևս համամիտ լինեք Աստվածաշնչի հետևյալ խոսքերը գրողի հետ, որն ասաց. «Աղքատութիւն եւ հարստութիւն ինձ մի տար, ինձ համար որոշուած հացովը կերակրիր ինձ։ Չ’լինի որ կշտանամ եւ քեզ ուրանամ, եւ ասեմ՝ ո՞վ է Տէրը եւ չ’լինի որ չքաւորանամ եւ գողանամ, եւ զուր յիշեմ իմ Աստուծոյ անունը» (Առակաց 30։8, 9)։
Իսրայելի Սողոմոն թագավորը գրում է. «Մեծացա ու բարգաւաճեցի ինձանից առաջ Երուսաղէմումն եղածների ամենից աւելի»։ Սակայն ավելացնում է. «Բոլորն ունայն էր եւ քամիի աշխատանք»։ Նաև նշում է. «Տիրոջ օրհնութիւնն է հարստացնում, եւ չարչարուիլը մի բան չէ աւելացնում նորա վերայ» (Ժողովող 2։9–11; 5։12, 13; Առակաց 10։22)։
Հավիտենական օրհնություններ
Պարզ է ուրեմն, որ կարո՛ղ ենք իսկական երջանկության հասնել ու իմաստալից կյանքով ապրել, եթե բավարարենք մեր հոգևոր կարիքները և Աստծու կամքն անելը մեր կյանքում առաջին տեղում դնենք։
Շուտով փողի հետ կապված անհանգստությունները վերջ կունենան։ Աստվածաշունչը վստահեցնում է, որ ագահ և շահամոլ մարդիկ այլևս չեն լինի (1 Հովհաննես 2։15–17)։ Երկրի վրա կհաստատվի Աստծու Թագավորությունը, և մարդիկ կապրեն արդար սկզբունքներով։ Ի՜նչ մեծ ցնծություն։ Աստծու սկզբնական նպատակը կիրականանա. երկիրը կվերածվի դրախտի, ամենուրեք կտիրի խաղաղություն, իսկ մարդիկ կլինեն ուրախ և երջանիկ (Եսայիա 2։2–4; 2 Պետրոս 3։13; 1 Հովհաննես 4։8–11)։
Եթե Աստծու կամքը կատարելը առաջին տեղում դնենք, մեր կյանքը իմաստալից կդառնա
Կյանքը չի լինի ձանձրալի։ Իրականում մարդիկ կվայելեն կյանքը հավիտյա՛ն։ Դեռ ավելին, Աստված առատությամբ կօրհնի մեզ։ Բոլորը կունենան գոհացուցիչ աշխատանք, գեղեցիկ տներ և առատ ուտելիք։ Աղքատությունն ընդմիշտ կանհետանա (Սաղմոս 72։16; Եսայիա 65։21–23; Միքիա 4։4)։
Բոլոր նրանք, ովքեր հավատ են դրսևորում Եհովայի՝ Աստվածաշնչի Հեղինակի հանդեպ, երբեք չեն հիասթափվի (Հռոմեացիներ 10։11–13)։ Ուստի որքա՜ն կարևոր է այսօր իսկ ունենալ այն օրհնությունները, որոնք հարստությունից էլ թանկ են (1 Տիմոթեոս 6։6–10)։
a Անունը փոխված է։