Կարո՞ղ է հեծանիվը դանակ սրել
ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑԸ՝ ՏԱՆԶԱՆԻԱՅԻՑ
◼ Երբևէ տեսե՞լ եք հեծանվի վրա նստած մի մարդու, որն ուժգնորեն պտտում է պեդալը, սակայն հեծանիվը տեղից չի շարժվում։ Եթե լինեք Արևելյան Աֆրիկայում, ձեզ համար ամեն ինչ պարզ կդառնա. նա պարզապես դանակ է սրում և այդպես իր օրվա հացն է վաստակում։
Իսկ ինչպիսի՞ն է այդ հեծանիվը։ Հեծանվի հետևի մասին ամրացնում են կլոր սրաքար։ Հետևի անիվի երկու կողմերին զոդում են նույն չափի երկու մետաղյա շրջանակ։ Դրանց արանքով անցնում է նեյլոնե լարը, որը պտտում է սրաքարը։
Հայտնի չէ, թե ինչպես է այս հեծանիվը հայտնվել Աֆրիկայում։ Անդրեան, որը 1985–ից դանակ է սրում, ասում է. «Ես լսել եմ, որ այսպիսի հեծանիվներ եղել են Դար էս-Սալամում (Տանզանիայի մայրաքաղաք), հետո 1982–ին այդ հեծանիվներից սկսեցին պատրաստել նաև այստեղ՝ Մոշիում»։
Ինչպե՞ս կարելի է ձեռք բերել այսպիսի հեծանիվ։ Անդրեան ասում է. «Մենք գնում ենք ֆունդիի մոտ (սվահիլի լեզվով այդպես են անվանում վարպետին) և խնդրում ենք նրան ձևափոխել սովորական հեծանիվը»։ Մեկ կամ երկու օրից այն պատրաստ է դանակ սրելու։
Քրտնաջան աշխատանք
Անդրեայի օրը սկսվում է առավոտյան ժամը յոթից։ Նա նստում է իր հեծանվի վրա և գնում է մարդաշատ վայրեր։ Տեղ հասնելուն պես սկսում է կանչել. «Դանա՜կ–մկրա՜տ սրեմ, դանա՜կ–մկրա՜տ սրեմ»։ Այնուհետև հնչեցնում է ազդանշանը։ Ահա մի կին է մոտենում և մի քանի բութ դանակ է տալիս։ Գալիս է նաև կնոջ հարևանը՝ ուրագը ձեռքին, և վարսավիրը՝ իր մկրատներով։ Անդրեան սրում է նաև գայլիկոն և ցանկացած գործիք, որն ունի սուր բերան։
Անդրեան կանգնեցնում է հեծանիվը մի հարմար տեղ, իջեցնում է հենակը, որպեսզի հետևի անիվը բարձրանա։ Այնուհետև ամրացնում է նեյլոնե լարը, նստում է ղեկի մոտ ամրացված նստատեղին՝ դեմքով դեպի հետևի անիվը, ու սկսում է պտտել պեդալը։ Կայծերը այս ու այն կողմ են թռչում, և բութ գործիքը աստիճանաբար սրվում է։ Երեկոյան ժամը վեցին Անդրեան ավարտում է իր քրտնաջան աշխատանքը։
Ահա այսպես է «աշխատասեր» մարդը իր օրվա հացը վաստակում՝ չնայած տնտեսական ծանր պայմաններին (Առակաց 13։4)։