Ինչպե՞ս օգնել սահմանափակ ընդունակություններ ունեցող երեխաներին
ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑԸ՝ ՄԵՔՍԻԿԱՅԻՑ
Ստիվենը դժվարությամբ է ընթերցում։ Ամեն անգամ, երբ ուսուցիչը խնդրում է նրան բարձրաձայն կարդալ, նրա փորիկը ցավում է։
Չնայած ուսուցչի ջանքերին՝ Մարիան չի կարողանում ճիշտ գրել։ Ժամեր են պահանջվում տնային աշխատանքը կատարելու համար։
Իսկ Նոյը իր առաջադրանքը կարդում է բազում անգամներ, սակայն միևնույն է, նա մոռանում է իր կարդացածը և միշտ պայքարում է լավ գնահատական ստանալու համար։
ՍՏԻՎԵՆԸ, Մարիան և Նոյը սահմանափակ ընդունակություններ ունեն։ Հիմնականում այսպիսի երեխաները չեն կարողանում վարժ ընթերցել։ Հաճախ նրանք շփոթում են նույնանման տառերը, չեն կարողանում ճիշտ գրել կամ ճիշտ հաշվել։ Հետաքրքիր է, որ այդպիսի երեխաներն ունեն միջին կամ միջինից բարձր մտային կարողություն։
Սահմանափակ ընդունակություն ունեցող երեխաները ուշ են սկսում խոսել, չեն կարողանում բառերը հանգավորել, ճիշտ արտասանել։ Նրանք փոքրիկ երեխաների պես անընդհատ պարզ բառեր են օգտագործում, դժվարությամբ են սովորում տառերը և թվերը, չեն կարողանում արտաբերել համանման հնչողությամբ բառերը և դժվարանում են կատարել իրենց տրված առաջադրանքըa։
Ինչ կարող եք անել
Եթե ձեզ թվում է, թե ձեր երեխան ունի սահմանափակ ընդունակություններ, եզրակացություններ մի՛ արեք։ Նախ դիմեք բժշկի, որպեսզի նա ստուգի երեխայի լսողությունը և տեսողությունըb։ Այնուհետև բժշկական տեղեկություններ հավաքեք ձեզ անհանգստացնող խնդրի մասին։ Իսկ եթե պարզվի, որ երեխան իսկապես խնդիրներ ունի, հիշե՛ք, որ սահմանափակ կարողություններ ունեցող երեխան մտային առումով թերզարգացած չէ։ Այնուհանդերձ, նա ձեր օգնության կարիքն ունի։
Եթե դպրոցում կազմակերպվում են հատուկ ծրագրեր, ինչպես օրինակ՝ մասնավոր պարապմունքներ, թույլ տվեք, որ երեխան մասնակցի այդ դասերին։ Համագործակցեք ուսուցչի հետ։ Գուցե խնդրեք, որ երեխան նստի առաջին շարքում կամ ավելի երկար ժամանակ տրվի նրան՝ առաջադրանքները կատարելու համար։ Ուսուցիչը կարող է և՛ գրավոր, և՛ բանավոր առաջադրանքներ հանձնարարել երեխային, ինչպես նաև թույլ տա, որ նա քննությունները հանձնի բանավոր։ Սովորաբար այսպիսի երեխաները լինում են մոռացկոտ և անկազմակերպ, ուստի լավ կլինի, որ դասագրքերից երկու օրինակ ունենան։ Երեխան դասարանում կամ տանը կարող է ունենալ նաև այնպիսի համակարգիչ, որն ունի տեքստի ուղղագրությունը ստուգելու ծրագիր։
Փորձեք երեխայի հետ ամեն օր ընթերցել։ Սկզբում կարդացեք դուք, իսկ երեխան թող հետևի ընթերցանությանը։ Այնուհետև նույն տեքստը կարդացեք միասին, որից հետո թող երեխան ինքնուրույն կարդա։ Լավ կլինի, որ նա կարդա բարձրաձայն, որպեսզի դուք ուղղեք սխալները։ Ցանկալի է, որ կարդա քանոնի օգնությամբ, իսկ բարդ բառերն ընդգծի։ Այս վարժությունը պետք է տևի ընդամենը 15 րոպե։
Թվաբանական հաշվարկները կարելի է սովորեցնել գործնական կերպերով, օրինակ՝ խոհանոցում ինչ–որ բան պատրաստելիս ցույց տվեք, թե ինչպես եք մթերքի չափը որոշում, արհեստանոցում աշխատելիս ինչպես եք չափումները անում, կամ էլ կարող եք միասին գնալ գնումների։ Լավ կլինի նաև օգտագործել քառակուսի տետր և վարժությունները լուծելիս սխեմաներ գծել։ Եթե երեխան դժվարանում է գրել, օգտագործեք լայն տողերով տետր և մուգ մատիտներ։ Ձեռք բերեք նաև մագնիսական տառերով գրատախտակ, որի շնորհիվ երեխան հեշտությամբ կկազմի և տառ առ տառ կարտասանի բառերը։
Իսկ հիպերակտիվ և ցրված ուշադրություն ունեցող երեխաների հետ խոսելիս հարկավոր է տեսողական կապ պահպանել։ Սենյակում հանգիստ մթնոլորտ ստեղծեք, որպեսզի նրա համար հեշտ լինի կենտրոնանալ տնային աշխատանքների վրա, ինչպես նաև հաճախակի ընդմիջումներ արեք։ Քանի որ նրանք շատ ակտիվ են, օգտակար է որոշ գործեր հանձնարարել, օրինակ՝ շանը տանել զբոսանքի։
Հաջողության հնարավո՛ր է հասնել
Եթե ձեր երեխան որևէ հմտություն ունի, ոգևորեք նրան։ Նա իրեն ավելի վստահ կզգա։ Անգամ փոքր բաներ անելու համար գովեք ու ցույց տվեք, որ գնահատում եք նրա արածը։ Մեծ առաջադրանքները մասերի բաժանեք, որպեսզի նա կարողանա կատարել այդ հանձնարարությունը և բավարարվածության զգացում ունենա։ Նկարների և սխեմաների միջոցով օգնեք նրան տեսնելու, թե ինչպես է քայլ առ քայլ ավարտին հասցնում հանձնարարված աշխատանքը։
Անշուշտ, կարդալ, գրել և հաշվել իմանալը շատ կարևոր է երեխայի համար։ Ճիշտ է, գուցե, ի տարբերություն մյուս երեխաների, ձեր երեխան դժվարությամբ սովորի ու չկարողանա արագ կատարել իր առաջադրանքները, սակայն վստահ եղեք, որ ձեր աջակցության շնորհիվ նա կարող է լավ սովորել։
[Ծանոթագրություններ]
a Այն երեխաները, ովքեր ունեն հիպերակտիվ և ցրված ուշադրության համախտանիշ, չափից շատ աշխույժ են, անհանգիստ բնավորություն ունեն և չեն կարողանում կենտրոնանալ։ Տե՛ս «Արթնացե՛ք»–ի 1997 թ. փետրվարի 22–ի համարը, էջ 5–10 (անգլ., ռուս.)։
b Հոդվածում հիմնականում խոսվում է տղա երեխաների մասին, քանի որ այս հիվանդություններն ունենում են տղաները (երեք անգամ ավելի շատ), քան աղջիկները։
[Շրջանակ 17–րդ էջի վրա]
«ԻՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԸՆԴՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԵՐՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ»
Պիտերը պատմում է. «Երբ նայում էի գրքում գրված բառերին, ինձ թվում էր, թե դրանք ալիքաձև գծեր են։ Կարծես օտար լեզվով գրված լինեին։ Բառերը հասկանում էի միայն, երբ ինչ–որ մեկը բարձրաձայն կարդում էր։ Ուսուցիչները մտածում էին, թե ես ծույլ եմ, անհարգալից և ուշադիր չեմ դասերի ժամանակ։ Բայց իրականում այդպես չէր։ Ես ուշադիր էի և շատ ջանքեր էի թափում, պարզապես չէի կարողանում հասկանալ, թե ինչ է նշանակում կարդալ և գրել։ Սակայն կային առարկաներ, օրինակ՝ մաթեմատիկան, որոնք դժվար չէին ինձ համար։ Ինձ գրավում էին սպորտը, արվեստը, ես նաև սիրում էի ձեռքի աշխատանքներ անել, մի խոսքով՝ ցանկացած բան, որ չէր առնչվում կարդալու և գրելու հետ։
Երբ մեծացա, որոշեցի դառնալ արհեստավոր։ Քանի որ դժվարությամբ եմ կարդում, ջանում եմ մտապահել կարդացածս։ Այդպես վարվել եմ, երբ Աստվածաշունչ էի ուսումնասիրում։ Այժմ Եհովայի վկա եմ ու այն, ինչ սովորել եմ, ինձ շատ է օգնում մարդկանց բարի լուրը քարոզելիս։ Պատիվ եմ ունեցել նաև մասնակցելու միջազգային շինարարության հինգ նախագծի։ Իմ սահմանափակ ընդունակությունները թերություն չեմ համարում»։ Պիտերը այսօր ծառայում է որպես լիաժամ քարոզիչ։
[Նկար 16–րդ էջի վրա]
Եթե ուշադրությամբ լսեն, երեխաները կարող են նկարների միջոցով նշումներ անել