Աստվածաշնչի տեսակետը
Գլխավորություն ընտանիքում. ի՞նչ է դա նշանակում
ՇԱՏ երկրներում հարսանեկան արարողության ժամանակ սովորաբար հարսն ու փեսան միմյանց ամուսնական երդում են տալիս։ Կինը խոստանում է հնազանդվել իր ամուսնուն։ Բայցևայնպես, շատ կանանց դուր չի գալիս այդ միտքը։ Տեսնենք, թե ինչ է ասում Աստվածաշունչն այդ մասին։ Դուք կիմանաք, որ Աստվածաշնչի տեսակետը խելամիտ է և գործնական։
Գլխավորությունը Աստծու կողմից է սահմանված
Աստվածաշնչում գլխավորության մասին կարդում ենք Եփեսացիներ 5։22–24 համարներում. «Թող կանայք հնազանդ լինեն իրենց ամուսիններին, ինչպես Տիրոջը, որովհետև ամուսինը իր կնոջ գլուխն է, ինչպես որ Քրիստոսն էլ ժողովի գլուխն է.... Ինչպես որ ժողովն է հնազանդվում Քրիստոսին, այնպես էլ թող կանայք ամեն ինչում հնազանդվեն իրենց ամուսիններին»։ Որպես «իր կնոջ գլուխ»՝ ամուսինը առաջնորդում է ընտանիքը, իսկ կինը հետևում է ամուսնու առաջնորդությանը և հարգում նրա գլխավորությունը (Եփեսացիներ 5։33)։
Ամուսնու իշխանությունը բացարձակ չէ. նա ինքը պետք է հնազանդվի Աստծուն և Քրիստոսին։ Ամուսինը իրավունք չունի ստիպելու կնոջը, որ նա խախտի Աստծու օրենքները կամ դեմ գնա Աստվածաշնչով դաստիարակված իր խղճին։ Սակայն իրեն տրված իշխանության սահմաններում ամուսինը աստվածատուր պատասխանատվություն ունի կարևոր որոշումներ կայացնելու ընտանիքի համար (Հռոմեացիներ 7։2; 1 Կորնթացիներ 11։3)։
Աստվածաշունչը պատվիրում է ամուսնուն իր գլխավորությունը գործադրել անեսասիրաբար՝ կնոջ շահերն իր շահերից վեր դասելով։ Եփեսացիներ 5։25–ում ասվում է. «Ամուսիննե՛ր, շարունակե՛ք սիրել ձեր կանանց, ինչպես որ Քրիստոսը սիրեց ժողովը և իր անձը տվեց նրա համար»։ Ամուսինը, հետևելով Քրիստոսի ցուցաբերած սիրո գերազանց օրինակին, գլխավորությունը գործադրելիս միայն իր մասին չի մտածում։
Աստվածաշունչը նաև ասում է, որ ամուսինը իր կնոջ հետ պետք է ապրի «գիտության համաձայն» (1 Պետրոս 3։7)։ Դա ավելին է նշանակում, քան միայն իմանալ, թե որոնք են տղամարդու և կնոջ միջև ֆիզիկական և զգացական տարբերությունները։ Ամուսինը պիտի հասկանա, թե ինչ կարիքներ ունի իր կինը։
«Նա քո ընկերն է»
Եթե կինը հնազանդվում է ամուսնուն, արդյո՞ք դա նշանակում է, որ նա լիովին պասիվ դերում է։ Քննենք աստվածաշնչյան մի օրինակ։ Սառան հնազանդ էր իր ամուսնուն՝ Աբրահամին (1 Պետրոս 3։5, 6)։ Նա հնազանդվեց նրան և՛ մեծ, և՛ փոքր բաներում՝ սկսած այն բանից, որ թողեց հարմարավետ տունը և համաձայնվեց ապրել վրաններում, վերջացրած նրանով, որ պատրաստ էր կարճ ժամանակում կերակուր պատրաստել (Ծննդոց 12։5–9; 18։6)։ Սակայն մի լուրջ հարցում նա Աբրահամի տեսակետին հակառակ կարծիք ուներ, ընդ որում նա իր այդ կարծիքը, ինչպես երևում է Աստվածաշնչի բնագիր տեքստից, արտահայտեց մի քանի անգամ։ Սառան ուզում էր, որ Աբրահամը Հագարին՝ իր հարճին, և վերջինիս առաջնեկ որդուն՝ Իսմայելին, տնից դուրս հանի։ Աստված չհանդիմանեց Սառային, իսկ Աբրահամին ասաց. «Նորա խօսքը լսիր»։ Սառան չփորձեց ինքնուրույն դուրս հանել Հագարին և Իսմայելին, այլ շարունակեց հնազանդվել ամուսնուն՝ սպասելով, թե նա երբ դա կանի (Ծննդոց 21։8–14)։
Սառայի օրինակից երևում է, որ կինը, իր ամուսնու կողքին պասիվ դերում լինելու փոխարեն, պետք է լինի նրա «ընկերը» (Մաղաքիա 2։14)։ Լինելով պատվի արժանի ընկեր՝ կինը կարևոր ներդրում ունի ընտանեկան որոշումների կայացման մեջ։ Ամուսինը նրան որոշակի իշխանություն է տալիս ընտանիքում, օրինակ՝ տան հետ կապված գործերի և նույնիսկ որոշ ֆինանսական հարցերի առնչությամբ։ Ինչ խոսք, ամուսինը, լինելով ընտանիքի գլուխ, ինքն է կայացնում վերջնական որոշումները (Առակաց 31։10–31; 1 Տիմոթեոս 5։14)։
Հարգանք ամուսնության Հիմնադրի հանդեպ
Եհովա Աստված արարեց տղամարդուն ու կնոջը և միացրեց նրանց ամուսնական սուրբ կապով (Ծննդոց 2։18–24)։ Բացի այդ, նա հստակորեն սահմանեց ամուսնու և կնոջ դերը ընտանիքում։ Նրանք մեծ ուրախություն էին վայելելու՝ կատարելով իրենց դերերը (Բ Օրինաց 24։5; Առակաց 5։18)։
Որպես ընտանիքի Հիմնադիր՝ Եհովան թե՛ իրավունք, թե՛ կարողություն ունի սահմանելու ամուսնական կառույցի չափանիշները։ Այն կողակիցները, ովքեր կատարում են իրենց պարտականությունները և հետևում գլխավորության սկզբունքին, արժանանում են նրա բարեհաճությանը ու ստանում աջակցությունը։ Ընդ որում նրանք դա անում են ոչ միայն այն պատճառով, որ դա գործնական օգուտներ է բերում իրենց, այլև որ հարգում են Աստծու իշխանությունը։
ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ
◼ Ո՞վ է կատարյալ օրինակ թողել գլխավորության հարցում (Եփեսացիներ 5։25)։
◼ Արդյո՞ք Աստված սահմանափակել է ամուսնու գլխավորությունը (1 Կորնթացիներ 11։3)։
◼ Ո՞րն է ամուսնական կառույցի և գլխավորության սկզբունքի նպատակը (Առակաց 5։18)։
[Նկար 28–րդ էջի վրա]
Երբ գլխավորությունը գործադրվում է Քրիստոսի թողած օրինակով, ապա ուրախություն և բավարարվածություն է բերում կողակիցներին