Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 12/1 էջ 24–25
  • Երբ հանեց սև գոտին...

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Երբ հանեց սև գոտին...
  • 2008 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշունչը փոխում է կյանքերը
    2012 Դիտարան
  • «Եհովան չմոռացավ ինձ»
    2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը
    2009 Դիտարան
  • Մեծ Ուսուցիչը բարի գործեր էր անում մարդկանց համար
    Սովորիր Մեծ Ուսուցչից
Ավելին
2008 Դիտարան
w08 12/1 էջ 24–25

Նամակ Գանայից

Երբ հանեց սև գոտին...

ՆՐԱ հագին սպիտակ բամբակյա կիմոնո կար։ Բարակ մեջքին կապված էր հինգ սանտիմետր լայնությամբ սև գոտի։ Նա կանգնած էր մարտական դիրքով՝ ոտքերը լայն բացած և ձեռքերը վեր պահած։ Նրա դեմքը ահազդու էր, աչքերը՝ խոժոռված։ Հայացքն այնքան խիստ էր ու դաժան, որ դեմքին մեղմության նշույլ անգամ չկար։ Անհնար էր պատկերացնել, որ այդ մարդուն հնարավոր է հաղթել։

Հանկարծ սկսեց արագ շարժումներ անել և ճչաց. «Ի՜–ա՜»։ Այնուհետև կայծակնային արագությամբ ձեռքը շարժեց օդում ու հարվածեց տախտակին։ Տախտակը ճռռոցով ջարդվեց ու ընկավ գետին։ Հետո բարձր ցատկեց ու պտտվեց օդի մեջ՝ սահուն շարժելով ոտքերն ու ձեռքերը, կարծես պատրաստվում էր մի դիպուկ հարված հասցնելու երևակայական հակառակորդին... Մի՞թե սա այն մարդն է, որ ցանկություն է հայտնել Աստվածաշունչ ուսումնասիրել։ Իրականում նա այնպիսին չէր, ինչպիսին որ ես էի պատկերացնում։

Մոտեցա, որ ձեռքով ողջունեմ նրան. «Կոջոն դո՞ւք եք։ Դո՞ւք եք Աստվածաշունչ ուսումնասիրելու ցանկություն հայտնել»։ Նա պինդ սեղմեց ձեռքս և ժպտաց։ Նրա դեմքն այժմ բարի ու սիրալիր էր, իսկ աչքերի մեջ ուրախության փայլ կար։ «Այո՛, ես շատ եմ ուզում Աստվածաշունչ ուսումնասիրել,— պատասխանեց նա,— ե՞րբ սկսենք»։

Նա ներս հրավիրեց ինձ։ Մենք նստեցինք նրա տան փոքր պատշգամբում։ Այդտեղ ավելի զով էր, հանգիստ, և ուրիշները մեզ չէին կարող խանգարել։ Մեզ հետ էր նաև Կոջոյի փոքր կապիկը։ 35 սանտիմետր երկարություն ունեցող այս կենդանին բարակ սպիտակ մորուք ուներ, իսկ գլխի մորթին էլ կարմիր էր, ինչը նրան ծիծաղելի տեսք էր տալիս։ Չարաճճի, կայտառ և չափից ավելի հետաքրքրասեր կապիկը անընդհատ այս ու այն կողմ էր վազվզում, քայլում էր մեր Աստվածաշնչերի ու գրքերի վրայով, մեր ձեռքից խլում էր գրիչները, իր փոքր ձեռքերը խցկում էր մեր գրպանները և ուտելու ինչ–որ բան փնտրում այնտեղ։ Սակայն Կոջոն ուշադրություն չէր դարձնում նրան, ինչպես որ ծնողն է անտեսում իր երեխաների անհանգիստ շարժումները։ Նա կլանված լսում էր ու բազմաթիվ հարցեր էր տալիս։ Երևում էր, որ մտածում է ասածներիս շուրջ և սովորելու մեծ ցանկություն ունի։ Ըստ երևույթին, կարատեով զբաղվելը նրան ուշադիր և շրջահայաց էր դարձրել, քանի որ համոզվում էր միայն այն ժամանակ, երբ Աստվածաշնչից հիմնավոր ապացույցներ էի բերում։

Կոջոն հոգևորապես առաջադիմում էր։ Սակայն երբեմն տեսնում էի, թե ինչպես է նա ներքին պայքար մղում, որը գնալով ուժեղանում էր։ «Միակ բանը, որ սիրում եմ այս աշխարհում, մարտարվեստն է»,— մի անգամ խոստովանեց նա։ Ես տեսնում էի, որ Կոջոն երբեմն կռվելու ուժգին ցանկությամբ է լցվում, քանի որ կատարելապես տիրապետում էր մարտական արվեստին։ Թեև 26 տարեկան էր, բայց մեծ հաջողությունների էր հասել այս բնագավառում. նա սև գոտի էր նվաճել, մի բան, որին քչերն են արժանանում։

Չէի կարծում, որ Կոջոն երբևիցե կթողնի կարատեն։ Մյուս կողմից, սակայն, տեսնում էի, որ նա հասկանում է, որ կարատեով զբաղվելը, ուրիշներին ձեռքերով և ոտքերով հարվածելը կարեկցանքի, մեղմության, հոգատարության և սիրո դրսևորում չէ ու բնորոշ չէ ճշմարիտ քրիստոնյաներին։ Հավատում էի, որ Աստվածաշնչի ճշմարտությունը ի զորու է փափկեցնելու կարծրասիրտ մարդկանց։ Եթե Կոջոն սրտի ճիշտ տրամադրվածություն ունի, ապա նա նույնպես Աստծու օգնությամբ աստիճանաբար կփոխվի ու կդառնա կարեկից և բարի։ Գիտակցում էի, որ պետք է համբերատար լինեմ։

Մի օր մեր ուսումնասիրությունը ավարտելուց առաջ Աստվածաշնչից մի համար կարդացինք։ Կոջոն այնպես ցնցվեց, ասես հակառակորդից ուժգին հարված ստացած լիներ։ Նա կարդաց Սաղմոս 11։5 համարը (ԱԱ). «Տէրը կը քննէ արդարը. բայց անոր անձը կ’ատէ ամբարիշտը ու բռնութիւն սիրողը»։ Այնուհետև ցածրաձայն կրկնեց. «Բռնություն սիրող»։ Կոջոյի մուգ շագանակագույն աչքերը, որոնք մի ժամանակ սառն էին ու դաժան, ջերմությամբ լցվեցին։ Նա նայեց ինձ ու մեղմորեն ժպտալով՝ ասաց. «Ես որոշեցի»։

Այսօր Կոջոն և ես կատարում ենք մեր ամենասիրած գործը՝ քարոզում ենք Թագավորության բարի լուրը և մարդկանց Աստվածաշնչի անվճար ուսումնասիրություն ենք առաջարկում։ Մի օր պայմանավորվեցինք առավոտյան այցելել Ղուկաս անունով մի երիտասարդի։

Մենք պետք է անցնեինք շուկայի միջով։ Ճանապարհը նեղ էր ու մարդաշատ։ Փողոցի երկու կողմերով շատ կրպակներ կային. վաճառողներն իրենց ապրանքներն էին առաջարկում։ Շուկան լի էր ամեն տեսակի մթերքներով ու ապրանքներով՝ կարմիր ու կանաչ չիլի պղպեղներ, հասած լոլիկներ, բամիա, ինչպես նաև ռադիոներ, հովանոցներ, օճառներ, կեղծամներ, խոհանոցային պարագաներ, օգտագործված հագուստ և կոշիկներ։ Այդ նեղ փողոցով աղջիկներ էին քայլում՝ գլխներին մեծ ալյումինե թասեր։ Նրանք առանց մարդկանց հրմշտելու կարողանում էին անցնել նրանց միջով։ Թասերի մեջ լցված էին համեղ տաք ապուր և ծխեցրած ձկներով, ծովախեցգետիններով ու խխունջով պատրաստված ճաշեր, որոնցով նրանք հրապուրում էին սոված հաճախորդներին։ Շուկայի միջով քայլելիս շները, այծերը և կչկչացող հավերը ոտքի տակ էին ընկնում։ Ռադիոյի, մեքենաների ազդանշանի ձայները և շուկայի մարդկանց գոռգոռոցը խլացնում էին ականջդ։

Աղմկոտ քաղաքից հեռանալով՝ անցանք մի փոշոտ ու կեղտոտ ճանապարհով և հասանք մի հին ու խարխլված շենքի։ Ղուկասը, որը մոտ 25 տարեկան նիհար երիտասարդ էր, կանգնած էր դռան մոտ։ Նա մեզ ներս հրավիրեց։ Նրա տունը լցված էր արկղերով ու տոպրակներով, որոնց մեջ կային չորացրած բույսեր, արմատներ, թելով կապված տերևներ, ծառի կեղևի հաստ կտորներ։ Այդ ամենը պատկանում էր Ղուկասի տարեց մորաքրոջը, որը բուսաբույժ էր։ Վերջինս փշրում էր բույսերը, եփում էր դրանք ու այդպիսով բույսերի խառնուրդից դեղեր էր պատրաստում՝ երաշխավորելով, որ ամեն տեսակի հիվանդություն կբուժի։ Այս դեղատոմսերը նրան ժառանգաբար էին փոխանցվել։ Ղուկասը անմիջապես մի կողմ հրեց իրերը և երեք տաբուրետ դրեց։ Մենք նստեցինք ու սկսեցինք Աստվածաշնչի ուսումնասիրությունը։

Ղուկասի ուսուցիչը Կոջոն էր։ Ես ուշադիր լսում էի, թե ինչպես են երկուսով քննարկում Աստվածաշնչի տեսակետը այն մասին, թե ինչու այսքան շատ տառապանք գոյություն ունի։ Երբ Կոջոն օգնում էր Ղուկասին բացել աստվածաշնչային համարը, նայում էի, թե ինչպես են նրա ուժեղ ձեռքերը քնքշորեն թերթում բարակ թերթերը։ Այդ պահին հիշեցի, որ մի ժամանակ դրանք կարատեիստի ձեռքեր էին։ Սակայն Աստծու Խոսքը նրա միջից արմատախիլ էր արել բացասական հատկությունները և փոխարինել դրանք կարեկցանքով, սիրով... Իսկապես, մե՜ծ նվաճում։

Տունդարձի ճանապարհին մոտեցանք մի տղամարդու, որը նստած էր մանգոյի ծառի տակ։ Կոջոն բացեց Աստվածաշունչը և մի համար կարդաց։ Այդ մարդը հանգիստ լսում էր մեզ, բայց երբ հասկացավ, որ Եհովայի վկաներ ենք, վեր թռավ տեղից ու գոռաց. «Ես ձեզ չե՛մ սիրում»։ Մի պահ Կոջոն լարվեց, հետո հանդարտվեց։ Մենք հեռացանք։

Քիչ անց Կոջոն ականջիս շշնջաց. «Սիրտս խփեց, երբ նա այդպիսի խոսքեր ասաց։ Գիտե՞ս, թե ինչ կարող էի անել նրան»։ «Իհարկե, գիտեմ»,— ժպտալով պատասխանեցի ես։ Նա նույնպես ժպտաց, ու մենք շարունակեցինք մեր ճանապարհը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը