Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 12/1 էջ 22–23
  • «Հրաշքով բուժումները» Աստծո՞ւց են

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Հրաշքով բուժումները» Աստծո՞ւց են
  • 2008 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպես էր Հիսուսը բուժում մարդկանց
  • Ո՞վ է կանգնած այդ բուժումների հետևում
  • Ինչո՞ւ էին Հիսուսն ու առաքյալները բուժումներ կատարում
  • Եհովայի վկաները հավատով բուժումներ անո՞ւմ են
    2010 Դիտարան
  • Հրաշքով բուժումներն Աստծո՞ւց են
    2009 Դիտարան
  • «Քրիստոսը Աստծու զորությունն է»
    Մոտեցիր Եհովային
2008 Դիտարան
w08 12/1 էջ 22–23

«Հրաշքով բուժումները» Աստծո՞ւց են

ՈՐՈՇ երկրներում հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են ուխտագնացները ճանապարհ ընկնում դեպի սրբավայրեր։ Շատերը պնդում են, որ այդ վայրերում մարդիկ, այսպես ասած, բուժվում են անբուժելի հիվանդություններից։ Ուրիշ երկրներում բուժողներն ու քրմերը պնդում են, որ մարդկանց բուժում են գերբնական ուժերի օգնությամբ։ Իսկ այլ վայրերում անցկացվում են կրոնական հավաքույթներ, որոնց ժամանակ մարդկանց զգացմունքները անկառավարելի են դառնում։ Այդ հավաքույթների ժամանակ հաշմանդամները ցատկում են իրենց սայլակից կամ էլ նետում են ձեռնափայտերը և հայտարարում՝ բուժվեցի՛նք։

Նրանք, ովքեր այսպիսի բուժումներ են անում, տարբեր կրոնների են պատկանում, և հաճախ մեկը մյուսին մեղադրում է հավատուրացության ու կեղծիքի մեջ։ Ուստի հարց է առաջանում. «Հրաշքով բուժումները» Աստծո՞ւց են, արդյոք նա այդպիսի հրաշքներ կանի՞ այն խմբերի ու կազմակերպությունների միջոցով, որոնք հակառակվում են իրար։ Աստվածաշնչում ասվում է. «Աստված ոչ թե անկարգության Աստված է, այլ խաղաղության» (1 Կորնթացիներ 14։33)։ Այնուհանդերձ, ոմանք պնդում են, թե բուժում են Հիսուսի զորությամբ։ Իսկ ինչպե՞ս էր Հիսուսը բուժում մարդկանց։

Ինչպես էր Հիսուսը բուժում մարդկանց

Հիսուսի բուժումները շատ էին տարբերվում այսօրվա «հրաշքով» կատարված բուժումներից։ Նա բուժում էր բոլոր մարդկանց և ոչ թե իր մոտ եկածներից մի քանիսին։ Հիսուսը բուժում էր անմիջապես և լիակատար կերպով։ Աստվածաշնչում կարդում ենք. «Ողջ բազմությունը ուզում էր դիպչել նրան, որովհետև նրանից զորություն էր դուրս գալիս և բուժում էր բոլորին» (Ղուկաս 6։19)։

Հիսուսը բուժեց նույնիսկ այն անհատներին, ովքեր հավատ չէին դրսևորում իր հանդեպ։ Նա նման չէր մերօրյա բուժողներին, ովքեր մեղադրում են հիվանդին թերահավատության մեջ, երբ իրենց «բուժումը» արդյունք չի տալիս։ Մի անգամ Հիսուսը մոտեցավ մի կույր մարդու, բուժեց նրան և հետո միայն հարցրեց. «Հավատո՞ւմ ես մարդու Որդուն»։ Նա էլ ասաց. «Ո՞վ է նա, տե՛ր, որ հավատամ նրան»։ Հիսուսն ասաց. «Դու տեսար նրան, և քեզ հետ խոսողն էլ հենց նա է» (Հովհաննես 9։1–7, 35–38)։

Թերևս հարցնես. «Եթե բուժվելու համար հավատը անհրաժեշտ պայման չէ, ապա ինչո՞ւ էր Հիսուսը հաճախ ասում. «Քո հավատը բուժեց քեզ»» (Ղուկաս 8։48; 17։19; 18։42)։ Իրականում Հիսուսը նկատի ուներ, որ այդ մարդկանց հավա՛տը մղեց փնտրելու իրեն, և նրանք բուժվեցին։ Այդ մարդիկ բուժվեցին ոչ թե իրենց հավատի, այլ Աստծու զորության շնորհիվ։ Մինչդեռ այն մարդիկ, ովքեր մերժեցին մոտենալ նրան, կորցրին բուժվելու հնարավորությունը։ Աստվածաշնչում Հիսուսի մասին գրված է. «Աստված օծեց նրան սուրբ ոգով ու զորությամբ, և նա շրջում էր երկրում՝ բարի գործեր անելով և Բանսարկուից բոլոր հարստահարվածներին բուժելով, որովհետև Աստված նրա հետ էր» (Գործեր 10։38)։

Շատ հաճախ այդ բուժումները շահույթ ստանալու համար են արվում։ Փաստերը ցույց են տալիս, որ բուժողները իրոք մեծ եկամուտ են ստանում։ Օրինակ՝ նրանցից մեկը հեռուստատեսային ծրագրերի միջոցով մեկ տարվա ընթացքում 89 միլիոն դոլար է աշխատել։ Կրոնական կազմակերպությունները նույնպես մեծ գումարներ են կորզում ուխտագնացներից, որոնք ուղևորվում են սուրբ վայրեր՝ հույս ունենալով, որ կբուժվեն։ Իսկ Հիսուսը երբեք մարդկանցից փող չէր հավաքում։ Ընդհակառակը՝ մի անգամ նա նույնիսկ կերակրեց մարդկանց (Մատթեոս 15։30–38)։ Երբ Հիսուսը ուղարկեց իր աշակերտներին քարոզելու, ասաց. «Բուժե՛ք հիվանդներին, հարությո՛ւն տվեք մահացածներին, մաքրե՛ք բորոտներին, դո՛ւրս հանեք դևերին։ Ձրի ստացել եք, ձրի էլ տվեք» (Մատթեոս 10։8)։ Ինչո՞ւ են այսօրվա բուժումները այդքան տարբերվում Հիսուսի կատարած բուժումներից։

Ո՞վ է կանգնած այդ բուժումների հետևում

Բժշկության ոլորտի աշխատողներից ոմանք հետազոտել են այս բուժումները։ Արդյո՞ւնքը։ Լոնդոնի «Դեյլի թելեգրաֆ» օրաթերթի համաձայն՝ մի բժիշկ, որը 20 տարի հետազոտել է այս հարցը, ասաց. «Նրանք, ովքեր հրաշքով բուժումներ են կատարում, բժշկական միջամտության ոչ մի փաստ չունեն»։ Այդուհանդերձ, շատերը անկեղծորեն հավատում են, որ իրենք բուժվել են մասունքների, կրոնական առաջնորդների և սրբավայրերի զորությամբ։ Արդյոք նրանք խաբեությա՞ն զոհ են դարձել։

Իր հայտնի Լեռան քարոզում Հիսուսն ասաց, որ կեղծավոր կրոնականները կասեն իրեն. «Տե՛ր, Տե՛ր, չէ՞ որ քո անունով.... շատ զորավոր գործեր արեցինք»։ Բայց նա կպատասխանի նրանց. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել։ Հեռացե՛ք ինձանից, դո՛ւք, անօրենությո՛ւն գործողներ» (Մատթեոս 7։22, 23)։ Այսպիսի մարդիկ պնդում են, թե զորություն ունեն։ Իսկ ո՞վ է այդ զորության աղբյուրը։ Պողոս առաքյալը գրեց. «Անօրենի ներկայությունը Սատանայի ներգործության հետևանքն է ամեն տեսակ զորավոր գործերով և սուտ նշաններով ու զարմանալի բաներով և ամեն տեսակ անիրավ խաբեությամբ» (2 Թեսաղոնիկեցիներ 2։9, 10)։

Բացի այդ, այն «բուժումները», որոնք կապված են մասունքների, կուռքերի և պատկերների հետ, չեն կարող Աստծուց լինել։ Ինչո՞ւ։ Աստծու Խոսքը հստակ ասում է՝ «փախե՛ք կռապաշտությունից», «պահպանե՛ք ձեզ կուռքերից» (1 Կորնթացիներ 10։14; 1 Հովհաննես 5։21)։ Այդ բուժումները Բանսարկուի խորամանկ հնարքներից են, որոնց միջոցով նա փորձում է մարդկանց հեռացնել ճշմարիտ երկրպագությունից։ Աստվածաշնչում գրված է. «Սատանան ինքն էլ լույսի հրեշտակի կերպարանք է ընդունում» (2 Կորնթացիներ 11։14)։

Ինչո՞ւ էին Հիսուսն ու առաքյալները բուժումներ կատարում

Քրիստոնեական Հունարեն Գրություններում արձանագրված հրաշքները վկայում էին, որ Հիսուսը և առաքյալները Աստծու զորությամբ էին բուժում (Հովհաննես 3։2; Եբրայեցիներ 2։3, 4)։ Հիսուսի կատարած բուժումները ցույց էին տալիս, որ նրա քարոզած լուրը ճշմարիտ է. «Նա շրջում էր ողջ Գալիլեայով մեկ՝ սովորեցնելով նրանց ժողովարաններում, քարոզելով թագավորության բարի լուրը և բուժելով ամեն տեսակ հիվանդություն» (Մատթեոս 4։23)։ Նրա զորավոր գործերը՝ բուժումները, հազարավոր մարդկանց կերակրելը, տարերային ուժերն իրեն ենթարկելը և նույնիսկ մահացածներին հարություն տալը նախաշուքն էին այն բանի, թե ինչ է նա անելու իր Թագավորության ժամանակ հնազանդ մարդկության համար։ Ինչպիսի՜ հեռանկար։

Հիսուսի, առաքյալների և այդպիսի պարգևներ ունեցող մարդկանց մահից հետո, սակայն, այսպիսի զորավոր գործեր այլևս չէին արվում։ Պողոս առաքյալը գրեց. «Եթե կան մարգարեանալու պարգևներ, կանհետանան, եթե կան [հրաշքով խոսվող] լեզուներ, կդադարեն, եթե կա [Աստծու կողմից բացահայտված] գիտություն, կանհետանա» (1 Կորնթացիներ 13։8)։ Ինչո՞ւ։ Քանի որ զորավոր գործերը արդեն ծառայել էին իրենց նպատակին. այդպիսի զորավոր գործերի միջոցով ակնհայտ էր դարձել, որ Հիսուսը Մեսիան է, իսկ քրիստոնեական ժողովը ունի Աստծու հավանությունը։ Հետևաբար հրաշքով բուժումների կարիք այլևս չկար. դրանք ասես «անհետացել էին»։

Հիսուսի կատարած հրաշքով բուժումների մասին արձանագրությունները այսօր մեզ շատ բան կարող են սովորեցնել։ Եթե հավատ դրսևորենք այն ամենի հանդեպ, ինչ Հիսուսը սովորեցրեց Աստծու Թագավորության մասին, կտեսնենք, թե ինչպես են աստվածաշնչային մարգարեություններն իրականանալու և՛ հոգևոր, և՛ ֆիզիկական իմաստով։ «Հոն բնակողը պիտի չըսէ. «Հիւանդ եմ»» (Եսայիա 33։24, ԱԱ; 35։5, 6; Հայտնություն 21։4)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը