Հնարավո՞ր է «փրկել» ձեր ամուսնությունը
Տանտերը հասկանում է, որ իր տունը վատ վիճակում է և որոշում է վերանորոգել այն։
ԿՑԱՆԿԱՆԱ՞Ս հենց այսպիսի փոփոխություն անել քո ընտանիքում։ Եթե այո, ապա ինչի՞ց սկսել։ Փորձիր հետևել ստորև բերված խորհուրդներին։
1 Եղիր վճռական
Խոսիր կողակցիդ հետ և ասա, որ պետք է միասին ջանք թափեք, որպեսզի ձեր ընտանիքում խաղաղություն հաստատեք։ Ձեր որոշումները գրի առեք։ Եթե դուք նվիրված եք իրար, այդ դեպքում կարող եք միասին «փրկել» ձեր ընտանիքը (Ժողովող 4։9, 10)։
2 Գտիր, թե որն է խնդիրը
Ո՞րն է պատճառը, որ ձեր ընտանիքում խնդիրներ են առաջանում։ Մեկ նախադասությամբ նկարագրիր, թե ինչն է բացակայում ձեր ընտանիքում կամ ինչ կցանկանայիր փոխել (Եփեսացիներ 4։22–24)։ Հնարավոր է, որ կողակիցդ բոլորովին այլ խնդիրներ նկատի։
3 Նպատակ դիր
Ինչպիսի՞ն կուզեիր տեսնել քո ընտանիքը վեց ամիս հետո։ Գրի առ քո նպատակները։ Երբ հստակ գիտես, թե ինչ բարելավումներ է հարկավոր անել ընտանիքում, ավելի հեշտ կլինի հասնել քո առջև դրված նպատակին (1 Կորնթացիներ 9։26)։
4 Կիրառիր Աստվածաշնչի խորհուրդները
Այն բանից հետո, երբ արդեն գիտես, թե ինչ խնդիրներ կան ձեր ընտանիքում և ինչ փոփոխություններ պետք է անել, կիրառիր աստվածաշնչային խորհուրդները, որոնք միշտ գործնական են և երբեք չեն հնանում (Եսայիա 48։17; 2 Տիմոթեոս 3։17)։ Օրինակ՝ Աստվածաշունչը քաջալերում է ամուսիններին լինել ներողամիտ։ Այնտեղ գրված է, որ «փառք է հանցանքը ներելը» (Առակաց 19։11; Եփեսացիներ 4։32)։
Եթե սկզբում թվում է, թե քո ջանքերը ապարդյուն են, մի՛ հուսալքվիր։ Մի ուսումնասիրության դրական արդյունքների մասին նշվում է. «Փաստերը զարմացնում են մեզ. պարզվել է, որ դժբախտ ամուսինների 86 տոկոսը, ովքեր չնայած դժվարություններին՝ շարունակել են միասին ապրել, հինգ տարի հետո իրենց երջանիկ են զգացել» (The Case for Marriage)։ Անգամ նրանք, ովքեր իրենց չափազանց դժբախտ են համարել, տարիներ հետո մեծ փոփոխություններ են նկատել իրենց կյանքում։
Գուցե քո պարագայում էլ այդպես լինի։ Այս ամսագրի հրատարակիչները՝ Եհովայի վկաները, հասկացել են, որ Աստվածաշունչը գործնական սկզբունքներ է պարունակում ամուսնացած զույգերի համար։ Իրականում շատերն են իրենց ամուսնական կյանքում դրական փոփոխություններ նկատում, երբ կողակցի հանդեպ լինում են բարի, խորապես կարեկից և մեծահոգաբար ներում են իրար։ Կանայք հասկացել են, թե որքան կարևոր է «հանդարտ և մեղմ ոգի» դրսևորել, իսկ ամուսինները մեծ օգուտներ են ստացել, երբ դառնապես չեն բարկացրել իրենց կանանց (1 Պետրոս 3։4; Կողոսացիներ 3։19)։
Սուրբգրային այս սկզբունքները գործնական են և արդյունավետ, քանի որ Աստվածաշնչի Հեղինակը՝ Եհովա Աստված է ամուսնական կառույցի Հիմնադիրը։ Այս հոդվածներն ընթերցելուց հետո գուցե որոշես Եհովայի վկաների օգնությամբ ավելի շատ տեղեկություններ ձեռք բերել և իմանալ, թե ինչպես կարող է Աստվածաշունչը օգնել քեզ «փրկելու» քո ամուսնությունըa։
[ծանոթագրություն]
a Ընտանիքներին գործնական օգնություն ցույց տալու համար Եհովայի վկաները հրատարակել են 192 էջանոց մի գիրք, որի վերնագիրն է՝ «Ընտանեկան երջանկության գաղտնիքը»։ Լրացուցիչ ինֆորմացիա ստանալու համար կարող ես 5–րդ էջում գտնվող հասցեներից որևէ մեկով գրել այս պարբերագրի հրատարակիչներին։