Courtesy Jamie Christiani/Bulletin of the Atomic Scientists
ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ
Դատաստանի օրվա ժամացույցի սլաքները ավելի են մոտեցել կեսգիշերին
2026 թ. հունվարի 27-ին գիտնականները Դատաստանի օրվա ժամացույցիa սլաքները ավելի մոտեցրին կեսգիշերին։ Կեսգիշերը մատնանշում է մարդու գործունեության հետևանքով առաջացած համաշխարհային աղետը։
«Ատոմային գիտնականների տեղեկագրի գիտության և անվտանգության խորհուրդը Դատաստանի օրվա ժամացույցի սլաքները տեղափոխեց՝ դնելով կեսգիշերից 85 վայրկյան պակաս նշագծի վրա։ Սլաքները երբևէ այդքան մոտ չեն եղել աղետին (Bulletin of the Atomic Scientists)։
«Դատաստանի օրվա ժամացույցի ուղերձը ավելի հստակ չի կարող լինել։ Աղետալի իրավիճակների թիվը մեծանում է, համագործակցությունը պակասում է, իսկ ժամանակը՝ սպառվում։ Փոփոխությունները անհրաժեշտ են և հնարավոր, բայց համաշխարհային հանրությունը իր առաջնորդներից պետք է պահանջի անհապաղ քայլեր ձեռնարկել» (Ալեքսանդրա Բել, «Ատոմային գիտնականների տեղեկագրի» նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն)։
Մարդկության և մեր մոլորակի վերջը մոտենո՞ւմ է։ Պե՞տք է վախենալ ապագայից։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։
Ինչ է սպասվում ապագայում
Աստվածաշունչն ասում է, որ «երկիրը կմնա հավիտյան», և մարդիկ «հավիտյան այնտեղ կապրեն» (Ժողովող 1։4; Սաղմոս 37։29)։ Դա նշանակում է, որ մարդիկ չեն կործանի երկիրը կամ բնակության համար անպիտան չեն դարձնի այն։
Սակայն Աստվածաշնչում խոսվում է վերջի մասին։ Օրինակ՝ այնտեղ ասվում է, որ «այս աշխարհն անցնում է» (1 Հովհաննես 2։17)։
Իմանալու համար, թե Աստվածաշունչը ինչ նկատի ունի, երբ խոսում է աշխարհի վերջի, կամ՝ վախճանի մասին, կարդացեք «Աշխարհի վերջը մո՞տ է։ Ի՞նչ է Ապոկալիպսիսը» հոդվածը։
Կարդացեք «Ե՞րբ է լինելու աշխարհի վերջը» հոդվածը, որպեսզի իմանաք, թե ինչ է Աստվածաշունչն ասում համաշխարհային գալիք իրադարձությունների ժամանակացույցի վերաբերյալ։
Ինչպես դրական տրամադրվածություն պահպանել
Աստվածաշունչը կարող է օգնել մեզ դրական տրամադրվածություն պահպանել՝ չնայած աշխարհի ներկայիս խնդիրներին։
Այն գործնական խորհուրդներ է տալիս (2 Տիմոթեոս 3։16, 17)։ Օրինակ՝ կարդացեք «Ինչպես կառավարել անհանգստության զգացումը» հոդվածը՝ տեսնելու համար, թե Աստվածաշունչն ինչպես կարող է օգնել ձեզ դրական մտավիճակ ունենալ՝ չնայած կյանքի դժվարություններին։
Այն նաև ապագայի արժանահավատ հույս է տալիս (Հռոմեացիներ 15։4)։ Այնտեղ բացատրվում է, թե ինչ սպասելիքներ կարող ենք ունենալ ներկայից և ապագայից և թե ինչպես կարող ենք հանգստություն պահպանել՝ անկախ նրանից, թե ինչ իրադարձություններ տեղի կունենան աշխարհում։
Աստծու Խոսքից ավելին իմանալու համար սրտանց առաջարկում ենք անցնել Աստվածաշնչի ուսումնասիրության դասընթաց ուսուցանողի օգնությամբ։
a «Դատաստանի օրվա ժամացույցը խորհրդանիշ է, որն ազդարարում է, թե որքան ենք մոտեցել աշխարհը մեր իսկ ստեղծած տեխնոլոգիաներով ոչնչացնելու շեմին։ Այս խորհրդանիշը հիշեցնում է, որ եթե ցանկանում ենք պահպանել մեր գոյությունը Երկիր մոլորակի վրա, պետք է քայլեր ձեռնարկենք մարդկությանը սպառնացող աղետները կանխելու ուղղությամբ» (Bulletin of the Atomic Scientists)։