Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w26 ապրիլ էջ 14–19
  • Փորձությունների նկատմամբ ճիշտ վերաբերմունք ունեցիր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Փորձությունների նկատմամբ ճիշտ վերաբերմունք ունեցիր
  • 2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՃԻՇՏ ՏԵՍԱԿԵՏ ՈՒՆԵՆԱՆՔ
  • ՍԽԱԼ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԿԱՐՈՂ Է ՎՆԱՍԵԼ ՄԵԶ
  • ՔԱՅԼԵՐ, ՈՐ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՁԵՌՆԱՐԿԵԼ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԽՎԵԼԻՍ
  • Հիշի՛ր. Եհովան «կենդանի Աստված է»
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Եհովան օգնում է մեզ դիմանալ
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Համեստորեն ընդունենք, որ ամեն ինչ չէ, որ գիտենք
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Դժբախտությունները Աստծու պատի՞ժն են
    2009 Դիտարան
Ավելին
2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w26 ապրիլ էջ 14–19

ՀՈՒՆԻՍԻ 15-21, 2026

ԵՐԳ 122 Լինենք հաստատուն, անսասան

Փորձությունների նկատմամբ ճիշտ վերաբերմունք ունեցիր

«Թեև նեղություն ու դժվարություն եմ կրել, բայց շարունակում եմ պատվիրաններդ սիրել» (ՍԱՂ. 119։143)։

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ

Փորձությունների նկատմամբ ճիշտ վերաբերմունք ունենալը կարող է օգնել մեզ հաղթահարել դրանք։

1-2. Ի՞նչ պետք է անենք փորձությունները հաղթահարելու համար (տես նաև նկարը)։

ՀԱՎԱՏԻԴ պատճառով անարդարությա՞ն ես բախվում, ընտանիքիդ անդամները հակառակվում կամ հալածո՞ւմ են քեզ։ Պայքարո՞ւմ ես վատ առողջության կամ ծերության բերած դժվարությունների դեմ։ Գուցե ողբերգություն է եղել քո կյանքում, օրինակ՝ հարազատ ես կորցրել։ Ինչպես Եհովայի բազմաթիվ թանկագին գառնուկների, այնպես էլ քո կյանքը թերևս «վիշտ ու ցավով է լեցուն» (Սաղ. 90։10)։

2 Մեր փորձությունները հաղթահարելու համար պետք է ճիշտ վերաբերմունք ունենանք դրանց հանդեպ։ Ի՞նչ է սա նշանակում։ Պատկերացնենք օրինակով։ Դժվարությունները նման են այն վտանգներին, որոնց գուցե հանդիպենք մեքենա վարելիս։ Կախված նրանից, թե ինչ վտանգ ենք տեսնում, մենք հնարավոր է՝ աջ կամ ձախ թեքվենք, դանդաղեցնենք ընթացքը կամ ժամանակավորապես կանգ առնենք։ Ուստի համապատասխան քայլեր ձեռնարկելու համար պետք է հստակ տեսնենք վտանգը։ Բայց եթե մեր մեքենայի ապակիները ձնով պատված կամ ցեխոտ լինեն, չենք տեսնի այն։ Նմանապես՝ որպեսզի հաղթահարենք փորձությունները, պետք է դրանց հետ կապված ունենանք Եհովայի տեսակետը։ Այս հոդվածը մեզ կսովորեցնի, թե 1) որն է փորձությունների վերաբերյալ ճիշտ տեսակետը, 2) ինչպես կարող է մեր իրավիճակի հանդեպ սխալ վերաբերմունքը վնասել մեզ, և 3) ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել, որ փորձությունների բախվելիս ճիշտ վերաբերմունք ունենանք դրանց հանդեպ։

Մի մարդ մեքենա է վարում, որի դիմապակին կեղտոտ է, և անակնկալի է գալիս՝ հանդիպելով ճանապարհին դրված արգելապատնեշի։

Որպեսզի հաջողությամբ դիմակայենք դժվարություններին, պետք է դրանց վերաբերյալ ճիշտ տեսակետ ունենանք (տես պարբերություն 2)


ՃԻՇՏ ՏԵՍԱԿԵՏ ՈՒՆԵՆԱՆՔ

3. Ի՞նչ պետք է ընդունենք՝ ապրելով այս չար աշխարհում։

3 Այս չար աշխարհում փորձություններն անխուսափելի են։ Քանի դեռ անկատար ենք, և աշխարհը Սատանայի իշխանության տակ է, մենք փորձություններ ենք ունենալու։ Բացի այդ՝ այս աշխարհի վերջը մոտենում է, և մենք ավելի շատ դժվարությունների ենք բախվելու՝ լինեն դրանք բնածին թե մարդածին աղետներ կամ մարդկանց չարագործություններ (Մատթ. 24։8; 2 Տիմոթ. 3։13)։ Եթե Եհովան այս բոլոր խնդիրներն այսօր լուծեր, տպավորություն կստեղծվեր, թե նա օգնում է Սատանային ղեկավարել աշխարհը։ Ուստի մի բան հստակ է. քանի դեռ Բանսարկուն է իշխում, մենք չենք կարող խուսափել «փորձանքից» (Ժող. 9։12)։

4. Է՞լ ինչ դժվարություններ են ունենում քրիստոնյաները։

4 Քրիստոնյաները նաև այլ դժվարություններ են ունենում։ Հիսուսն իր աշակերտներին հաճախ ասում էր, որ նրանք հալածվելու են իրենց հավատի համար (Մատթ. 24։9; Հովհ. 16։2)։ Սա իմանալը օգնում է մեզ ամուր պահել մեր հավատը, երբ փորձությունների ենք բախվում (1 Թեսաղ. 3։3, 4)։ Երբ մեր անսասան հավատի շնորհիվ դիմանում ենք փորձություններին, կարող ենք համոզված լինել, որ շարունակում ենք քայլել դեպի հավիտենական կյանք տանող ճանապարհով։ Բացի այդ՝ ցույց ենք տալիս, թե ամենակարևոր հարցում ում կողմն ենք՝ Եհովայի, թե Սատանայի։ Հարձակում գործելով Աստծու անվան վրա՝ Սատանան պնդում է, թե մարդիկ ծառայում են Աստծուն զուտ շահադիտական նպատակներով։ Փորձելով ապացուցել իր պնդումը՝ նա թիրախավորում է Եհովայի ժողովրդին և դաժանորեն հալածում (Հոբ 1։9-11)։ Երբ Եհովայի հանդեպ սիրո շնորհիվ դիմանում ենք այդ հալածանքներին, ուրախացնում ենք նրան (Առակ. 27։11)։

5. Ի՞նչ ենք սովորում Ժողովող 7։13, 14 համարներից (տես նաև նկարները)։

5 Եհովան թույլ է տալիս, որ փորձություններ կրենք։ Եհովան երբեք չար բան չի անում և ոչ մեկին չարով չի փորձում (Հակ. 1։13)։ Սակայն Սողոմոն թագավորը գրեց, որ «տխուր օրերը» «ճշմարիտ Աստված է ստեղծել» (կարդա Ժողովող 7։13, 14)։ Ինչպես մյուս դեպքերում, այստեղ էլ Աստվածաշունչը ասում է, որ Եհովան ինչ-որ բան է անում՝ իրականում նկատի ունենալով, որ նա թույլ է տալիս՝ դա տեղի ունենա։ Սողոմոնի տված խորհուրդը կօգնի մեզ ճիշտ տեսակետ ունենալ մեր փորձությունների վերաբերյալ։ Նախ՝ պետք է իրատես լինենք. անկատար լինելով՝ մենք Սատանայի աշխարհում թե՛ լավ, թե՛ վատ օրեր կունենանք։ «Լավ օրերին» մենք կարող ենք շնորհակալություն հայտնել Աստծուն նրա բարության համար և այդ օրը համարել նրա տված պարգևը։ Երկրորդ՝ Սողոմոնը հիշեցնում է, որ ոչ ոք «չի կարող հաստատ իմանալ, թե ապագայում ինչ է լինելու»՝ հաջորդ օրը լավ բան կբերի, թե վատ։ Անսպասելի խնդիրների են բախվում թե՛ արդարները, թե՛ անարդարները։

Համակցված նկարներ. մի տղամարդ իր այգին մշակելիս ունենում է թե՛ հաջողություններ, թե՛ անհաջողություններ։ 1. Նա ուրախանում է՝ իր բերրի այգուց հավաքելով առողջ լոլիկներ։ 2. Մեկ այլ օր նա տխուր նայում է վնասված թփերին, որոնց վրա փտած լոլիկներ են։

Մենք պետք է իրատես լինենք և ընդունենք, որ Սատանայի աշխարհում կունենանք թե՛ լավ, թե՛ վատ օրեր (տես պարբերություն 5)


6. Ինչո՞ւ Եհովան գուցե թույլ տա, որ փորձություններ ունենանք (Եբրայեցիներ 12։7, 11)։

6 Եթե մեր փորձությունների հանդեպ ճիշտ վերաբերմունք ունենանք, կտեսնենք, որ Եհովան մեզ սովորեցնում է վստահել ոչ թե ինքներս մեզ, այլ իրեն։ Նրա աչքից երբեք չի վրիպում այն, որ մենք փորձությունների միջով ենք անցնում, և նա միշտ օգնում է մեզ։ Նույնիսկ եթե նա թույլ է տալիս մեզ անցնել «թանձր խավարով պատված հովտով», միևնույն է, շարունակում է առաջնորդել մեզ, հավաստիացնել իր սիրո մեջ և զորացնել, որ դիմանանք (Սաղ. 23։4)։ Փորձությունները նաև օգնում են հասկանալ, թե ինչ թուլություններ ունենք, և Աստծու օգնությամբ բարելավել մեր հատկությունները (կարդա Եբրայեցիներ 12։7, 11)։ Օրինակ՝ Հոբը պետք է ձգտեր ավելի խոնարհ լինել։ Ճիշտ է, Հոբի փորձությունների պատճառը Եհովան չէր, բայց նա թույլ տվեց դրանք, ինչի արդյունքում էլ Հոբը արժեքավոր դասեր սովորեցրեց (Հոբ 42։1-6)։ Անկախ նրանից, թե ինչ կպատահի մեզ, ինչ էլ որ Եհովան թույլ տա, անդառնալի վնաս չենք կրի։ Եթե փորձությունների ներքո հավատարիմ մնանք, «հաղթանակած դուրս կգանք» (Հռոմ. 8։35-39)։

7. Ինչո՞ւ նույնիսկ հավատի համար հալածվելիս չենք կորցնում մեր ուրախությունը։

7 Հալածվելիս չենք կորցնում ուրախությունը։ Եթե հալածվում ենք հավատի համար, չի նշանակում, որ այլևս չունենք Եհովայի հավանությունը։ Դա հակառակն է փաստում (Մատթ. 5։10-12)։ Փորձության վերաբերյալ ճիշտ տեսակետը կօգնի ուրախ մնալ և քրիստոնյա լինելու համար հալածվելիս չկորցնել մեր ինքնահարգանքը, ճիշտ ինչպես առաքյալներն արեցին (Գործ. 5։40-42)։ Բացի այդ՝ հավատարիմ մնալով՝ ոչ Վկա մարդկանց թերևս կօգնենք իմանալ ճշմարտությունը և «փառավորել Աստծուն» (1 Պետ. 2։12)։ Հովսեփի նման մենք էլ կարող ենք օրհնություններ ունենալ ոչ միայն փորձությունների ավարտից հետո, այլև դրանց ընթացքում (Ծննդ. 39։3, 23)։

8. Է՞լ ինչն է մղում մեզ դիմանալ փորձություններին։

8 Մեր փորձությունները մի օր կվերջանան։ Հոբի հետ պատահածը մեզ հիշեցնում է, որ մեր նեղությունները մի օր վերջ են գտնելու։ Աստվածաշնչից իմանում ենք, որ «Եհովան Հոբի կյանքի վերջին տարիները նրա սկզբի տարիներից էլ շատ օրհնեց» (Հոբ 42։12)։ Եհովան խոստանում է, որ նոր աշխարհում մեզ առատորեն կօրհնի, և դժվարություններով լի մեր կարճ կյանքը հավիտենական կյանքի համեմատ մի ակնթարթ կթվա։ Սա յուրաքանչյուրիս վճռականությամբ է լցնում դիմանալու մինչև վերջ (Մատթ. 24։13)։

ՍԽԱԼ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԿԱՐՈՂ Է ՎՆԱՍԵԼ ՄԵԶ

9. Փորձության հանդեպ սխալ վերաբերմունքը ինչպե՞ս կարող է վնասել մեզ։

9 Անկախ նրանից, թե ինչ փորձության մեջ ենք, չպետք է սխալ տեսակետ ունենանք դրա վերաբերյալ, հակառակ դեպքում հավելյալ խնդիրներ կստեղծենք մեզ համար։ Օրինակ՝ գուցե մտածենք, թե Եհովան է մեզ փորձում։ Այդպես եղավ Հոբի հետ։ Եկավ մի պահ, երբ նա սկսեց մտածել, թե իր խնդիրների պատճառը Եհովան է, և այդ սխալ մտածելակերպը դրդեց նրան «ապացուցելու, թե ինքն է ճիշտ, ոչ թե Աստված» (Հոբ 32։2)։ Նոյեմին էլ սկզբից Աստծուն մեղադրեց իր դժբախտությունների համար (Հռութ 1։13, 20, 21)։ Եթե Հոբն ու Նոյեմին չփոխեին իրենց տեսակետը, կվնասեին հարաբերությունները Եհովայի հետ (Առակ. 19։3)։ Բայց Եհովան օգնեց նրանց իրենց խնդիրներին ճիշտ տեսանկյունից նայել և օրհնեց նվիրվածության համար։

10. Փորձության ժամանակ ի՞նչ գուցե մտածենք։

10 Նույնիսկ եթե վստահ ենք, որ Եհովան չէ մեր փորձությունների պատճառը, գուցե սկսենք կասկածել, որ նա հոգ է տանում մեր մասին։ Նման բացասական մտքերը կարող են ուժասպառ անել մեզ (Առակ. 24։10)։ Թե՛ Դավիթ թագավորը, թե՛ Ամբակում մարգարեն փորձության ժամանակ երբեմն կասկածել են, որ Եհովան լսում է իրենց օգնության աղերսը (Սաղ. 10։1; Ամբ. 1։2)։ Այնուամենայնիվ, նրանք չեն դադարել աղոթել։ Եհովան վստահեցրել է այդ հավատարիմ տղամարդկանց, որ նրանց հետ է։ Անկասկած, նա մեզ հետ էլ կլինի (Սաղ. 10։17)։

11. Ի՞նչ գուցե լինի, եթե փորձությունների վերաբերյալ սխալ տեսակետ ունենանք։

11 Եթե փորձության հանդեպ ճիշտ վերաբերմունք չունենանք, գուցե դրան բախվելիս զարմանանք և մտածենք, որ մեզ հետ նման բան չպետք է լիներ (1 Պետ. 4։12)։ Հիսուսի աշակերտները չէին կարողանում հասկանալ, որ նա դաժան հալածանքի է ենթարկվելու (Ղուկ. 18։33, 34)։ Չնայած Հիսուսը հստակ ասել էր դրա մասին, բայց Պետրոս առաքյալը չցանկացավ ընդունել, որ նրա հետ այդպիսի բան կարող է լինել։ Հիսուսը գիտեր, որ այդ մտածելակերպը կարող էր խանգարել նրան կատարելու Աստծու կամքը, ուստի խիստ տոնով ուղղեց նրան (Մարկ. 8։31-33)։ Անգամ Հիսուսի մահից հետո նրա աշակերտները դժվարանում էին հասկանալ, թե ինչու այդ ամենը տեղի ունեցավ նրա հետ։ Բայց Հիսուսը չհանձնվեց։ Իր հարությունից հետո նա օգնեց նրանց իր տառապանքների վերաբերյալ ճիշտ տեսակետ ունենալ՝ «հստակ բացատրելով սուրբ գրքերը» (Ղուկ. 24։25-27, 32, 44-48)։ Հիսուսի սովորեցրածների մասին մտորելը կօգներ նրանց պատրաստ լինել այն հակառակությանը, որ շուտով ունենալու էին։ Սուրբգրային ճշմարտությունները ուսումնասիրելը մեզ էլ կօգնի պատրաստվել հակառակությանը։

12. Ի՞նչ զգացումներ գուցե ունենանք մեր իրավիճակի վերաբերյալ սխալ մտածելակերպի պատճառով։

12 Եթե մեր իրավիճակին սխալ տեսանկյունից նայենք, գուցե այնպիսի զգացում ունենանք, թե այն շատ ավելի բարդ է, քան իրականում կա։ Հիսուսը խաղողի այգում աշխատողների մասին մի առակ պատմեց՝ ցույց տալով, թե ինչպես դա կարող է լինել։ Աշխատողներից ոմանք վրդովվել էին, քանի որ կարծում էին, թե անարդարացիորեն քիչ աշխատավարձ են ստացել, բայց այգու տերը նրանցից մեկին ասաց. «Ես քո հանդեպ ոչ մի սխալ բան չեմ անում» (Մատթ. 20։10-13)։ Աշխատողների դժգոհության հիմքում ոչ թե արդարության տենչն էր, այլ նրանց սխալ ակնկալիքները։ Այսօր որոշ Վկաներ պայքարում են նմանատիպ զգացումների դեմ, երբ, օրինակ, որևէ պատասխանատվություն իրենց չի տրվում կամ իրենց ունեցած պատասխանատվությունը տրվում է ուրիշին։ Ի՞նչ քայլեր կարող ենք ձեռնարկել այսպիսի իրավիճակի վերաբերյալ ճիշտ տեսակետ ունենալու համար։

ՔԱՅԼԵՐ, ՈՐ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՁԵՌՆԱՐԿԵԼ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԽՎԵԼԻՍ

13. Ի՞նչ գուցե պատահի, երբ փորձության բախվենք։

13 Գուցե փորձությունների վերաբերյալ Աստվածաշնչից բազմաթիվ ճշմարտություններ գիտես։ Թերևս դրանց մասին պատմում ես ուրիշներին, որպեսզի օգնես նրանց դիմանալ փորձություններին։ Բայց երբ փորձությունները քո դուռն են թակում, դժվարանում ես ճիշտ տեսակետ պահպանել։ Հնարավոր է՝ մտածում ես, թե Եհովան քեզ պատժում է կամ չի լսում քո աղոթքները։ Ի՞նչ քայլեր կարող ես ձեռնարկել փորձությունների վերաբերյալ ճիշտ տեսակետ պահպանելու համար։

14. Ինչի՞ մասին կարող ենք աղոթել, երբ տառապանքներ ենք կրում (Փիլիպպեցիներ 4։13)։

14 Եհովայից օգնություն խնդրիր։ Եհովային պատմիր, թե ինչ տառապանքներ ես կրում, և թե դրանք ինչ ազդեցություն են ունենում քեզ վրա։ Կարող ես քո աղոթքում նշել, թե կոնկրետ ինչպես ես ուզում, որ Եհովան օգնի քեզ։ Կարող ես նաև խնդրել նրա սուրբ ոգին, որի շնորհիվ կունենաս ուժ և իմաստություն փորձություններին դիմանալու համար։ Հիշիր, սակայն, որ Եհովան գուցե աղոթքիդ պատասխանի ոչ քո ակնկալած ձևով (Եփես. 3։20)։ Հնարավոր է՝ նա իր հրեշտակներին կամ հավատակիցներիդ ուղարկի, որպեսզի օգնեն քեզ (Սաղ. 34։7)։ Ինչպես էլ որ նա գործի, ընդունիր նրա օգնությունը։ Վստահ եղիր, որ նա առատորեն տալիս է իր ոգին, և այն կօգնի հաղթահարել ցանկացած դժվարություն (կարդա Փիլիպպեցիներ 4։13)։

15. Ի՞նչը կօգնի մեզ դիմանալ փորձություններին (տես նաև նկարը)։

15 Հոգևոր սովորություններ ունեցիր։ Եթե ի վիճակի չես առաջվա պես հետևել հոգևոր սովորություններիդ, միևնույն է, արա այն, ինչ կարող ես։ Հատկապես «նեղության ու դժվարության» ժամանակ հարկավոր է Աստծու մտածելակերպն ունենալ (Սաղ. 119։143)։ Շարունակիր կանոնավորաբար կարդալ Աստվածաշունչը, ուսումնասիրել այն և մտորել դրա շուրջ։ Որքան կարող ես, շատ ծառայիր, հաճախիր ժողովներին ու մասնակցիր դրանց։ Մի՛ տրվիր մեկուսանալու ցանկությանը, այլ միշտ կապ պահիր եղբայրներիդ ու քույրերիդ հետ (Առակ. 18։1)։

Եղբայրը, հիվանդանոցում պառկած, տեսակապով միացել է «Դիտարանի» ուսումնասիրությանը։ Նա «Դիտարանի» իր օրինակով և Աստվածաշնչով հետևում է ծրագրին։

Ձեռքիցդ եկածն արա, որ պահպանես հոգևոր սովորություններդ (տես պարբերություն 15)


16. Ի՞նչ կասկածներ գուցե ունենաս փորձությունների բախվելիս և ինչպե՞ս կարող ես դրանք փարատել (2 Կորնթացիներ 10։4, 5)։

16 Փարատիր կասկածներդ։ Երբ փորձությունները վրա են հասնում, գուցե կարիք լինի հերքելու «հզոր ամրության» նման գաղափարները։ Օրինակ՝ հնարավոր է կասկածներ ունենաս Եհովայի կամ քո վերաբերյալ (կարդա 2 Կորնթացիներ 10։4, 5)։ Այդ կասկածները փարատելու համար դու պետք է «ճանաչես Աստծուն» Աստվածաշնչի ու նրա կազմակերպության հրատարակած նյութերի միջոցով։ Օրինակ՝ եթե կասկածում ես, որ ունես Եհովայի հավանությունը, ուսումնասիրիր Պողոս առաքյալի մասին պատմությունները։ Իր ծառայության ընթացքում նա չափազանց ծանր փորձությունների բախվեց, սակայն դրանք միայն ամրացրին նրա վստահությունն այն բանում, որ նա ունի Եհովայի ու Հիսուսի հավանությունը (2 Կորնթ. 11։23-27)։ Եթե կասկածում ես, որ Եհովան իսկապես ներել է քեզ անցյալում գործածդ սխալների համար, աստվածաշնչյան համարների ցուցակ կազմիր, որոնք ապացուցում են, որ Եհովան իսկապես ներում է մեղքերը (Ես. 43։25)։ Ապա կարդա այդ համարները և մտածիր դրանց շուրջ (Սաղ. 119։97)։ Իսկ եթե քո կյանքում դժբախտություն է պատահել, որի պատճառով չես կարողանում վստահել Աստծու այն խոստմանը, որ նա պաշտպանում է իր հավատարիմ ծառաներին, ուսումնասիրիր նյութեր, որտեղ խոսվում է այն մասին, թե ինչու է Աստված թույլ տալիս տառապանքը և թե ինչպես է պաշտպանում մեզ՝ անկախ նրանից, թե ինչ փորձություն ենք կրում (Սաղ. 91։9-12)։ Նաև կարդա պատմություններ մեր հավատակիցների մասին, ովքեր դիմացել են լուրջ դժվարություններին։a

17. Ի՞նչ պետք է անենք, երբ փորձությունները վրա հասնեն։

17 Կյանքիդ այս շրջանում գուցե «լավ օրեր» ես վայելում և չունես լուրջ դժվարություններ։ Ուրեմն շնորհակալություն հայտնիր Եհովային և մտածիր, թե որքան բարի է նա (Ժող. 7։14)։ Բայց երբ փորձության ենթարկվես, դրա վերաբերյալ ճիշտ տեսակետ պահպանիր ու ամրացրու Եհովայի հանդեպ վստահությունդ։ Եթե այդպես վարվես, Եհովան «ելք կբացի [քո] առաջ ու կօգնի դիմանալ» (1 Կորնթ. 10։13)։ Իսկ ինչպե՞ս կարող ենք օգնել մեր այն հավատակիցներին, որոնք փորձություններ են կրում։ Հաջորդ հոդվածը հենց այդ մասին է։

Ի՞ՆՉ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ

  • Ի՞նչը կօգնի մեզ ճիշտ վերաբերմունք ունենալ մեր փորձությունների նկատմամբ։

  • Ինչպե՞ս կարող է փորձությունների վերաբերյալ մեր սխալ տեսակետը վնասել մեզ։

  • Ի՞նչ կարող ենք անել, երբ փորձությունը վրա հասնի։

ԵՐԳ 150 Աստծուն փնտրեք, որ փրկվեք

a jw.org կայքում տես «Երջանիկ ընտանիք՝ փշրված և վերականգնված» հոդվածը, որում խոսվում է այն մասին, թե ինչպես է Դեյվիդ Մազան իր ընտանիքի մյուս անդամների հետ դիմացել որդու ողբերգական մահվան վշտին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը