Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w25 հուլիս էջ 26–30
  • «Պատերազմը Եհովայինն է»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Պատերազմը Եհովայինն է»
  • 2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՄԵԾԱՑՐԵԼ ԵՆ ՄԻՍԻՈՆԵՐԱԿԱՆ ՈԳՈՎ
  • ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ
  • ՄԻԱՆՈՒՄ ԵՄ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՆԵՐԻՆ
  • ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆՔ ԲԱՐԻ ԼՈՒՐԸ ԵՎ ՕՐԵՆՔՈՎ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԱՅՆ ՔԱՐՈԶԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
  • ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ԵՀՈ՛ՎԱ
  • Պայքարում ենք Աստծուն ազատորեն երկրպագելու համար
    «Աստծու Թագավորությունը իշխում է»
  • Անցած տարվա նշանակալից իրադարձությունները
    2012 Եհովայի վկաների տարեգիրք
  • «Բարի լուրը պաշտպանվում և օրինականապես հաստատվում է»
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Իրավաբանական հաշվետվություն
    2016 Եհովայի վկաների տարեգիրք
Ավելին
2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w25 հուլիս էջ 26–30
Ֆիլիպ Բրամլի

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Պատերազմը Եհովայինն է»

ՊԱՏՄՈՒՄ Է ՖԻԼԻՊ ԲՐԱՄԼԻՆ

2010 ԹՎԱԿԱՆԻ հունվարի 28-ն էր՝ մի ցրտաշունչ ձմեռ։ Ֆրանսիայի գեղատեսիլ քաղաք Ստրասբուրգում էինք։ Մենք չէինք գնացել քաղաքի տեսարժան վայրերով հիանալու։ Իրավաբանական թիմով այնտեղ էինք՝ Եհովայի վկաների իրավունքները Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) պաշտպանելու համար։ Դատարանի վարույթում գտնվող գանգատն այն մասին էր, թե արդյոք Ֆրանսիայի կառավարությունը իրավունք ուներ տեղի եղբայրներից որպես հարկ պահանջելու աստղաբաշխական մի թիվ՝ 64 միլիոն եվրո (89 000 000 ԱՄՆ դոլար)։ Բայց թվերից ավելի կարևոր էր այն, որ եթե հաղթեինք, Եհովայի անունը կփառաբանվեր, նրա ժողովրդի համբավը մաքուր կմնար, և նրա ծառաները կկարողանային ազատ պաշտել իրեն Ֆրանսիայում։ Այն, ինչ տեղի ունեցավ դատավարության ընթացքում, փաստեց, որ «պատերազմը Եհովայինն է» (1 Սամ. 17։47)։ Պատմեմ, թե ինչպես։

Վեճը սկսվել էր 1990-ականների վերջերին, երբ Ֆրանսիայի կառավարությունը անհիմն կերպով Ֆրանսիայի մասնաճյուղից պահանջել էր 1993-1996 թթ.-ին ստացած նվիրատվությունների համար հարկ վճարել։ Մենք փորձեցինք արդարության հասնել ներպետական դատարաններում, բայց ապարդյուն։ Երբ վերաքննիչ դատարանը մերժեց մեր բողոքը, կառավարությունը մասնաճյուղի բանկային հաշվից բռնագանձեց ավելի քան չորս ու կես միլիոն եվրոյին (6 300 000 ԱՄՆ դոլար) համարժեք գումար։ Մեզ մնում էր դիմել ՄԻԵԴ։ Նախքան գանգատի վերաբերյալ վճիռ կայացնելը ՄԻԵԴ-ը պահանջեց, որ մենք և կառավարությունը ներկայացնող իրավաբանները ներկայանանք բարեկամական կարգավորման համար նախնական քննությանը, որն անցկացնում էր Դատարանի քարտուղարներից մեկը (Դատարանի քարտուղարները պաշտոնյաներ են, ովքեր զբաղվում են Դատարանի վարչական և դատավարական հարցերով)։

Մենք մտածում էինք, որ քարտուղարը ճնշում կգործադրի մեզ վրա, որպեսզի վճարենք պահանջվող գումարի մի մասը և այդպիսով հաշտության գանք։ Սակայն մենք պարզ հասկանում էինք, որ անգամ մեկ եվրո վճարելը աստվածաշնչյան սկզբունքների ոտնահարում կլինի. եղբայրներն ու քույրերը այդ գումարը նվիրաբերել էին Թագավորության շահերը առաջ տանելու համար, ուստի այդ նվիրատվությունները կառավարությանը չէին պատկանում (Մատթ. 22։21)։ Այնուամենայնիվ, Դատարանի կարգի հանդեպ հարգանքից ելնելով՝ մենք մասնակցեցինք այդ հանդիպմանը։

Մեր իրավաբանական թիմը՝ ՄԻԵԴ-ի շենքի առջև, 2010 թ.

Հանդիպումը կայացավ Դատարանի խորհրդակցության գեղեցիկ սենյակներից մեկում։ Սկիզբը այնքան էլ խոստումնալից չէր։ Իր բացման խոսքում քարտուղարը նշեց, որ Ֆրանսիայի Եհովայի վկաներից ակնկալվում է վճարել պահանջվող հարկի մի մասը։ Հանպատրաստից մենք հարցրինք նրան. «Տեղյա՞կ եք, որ կառավարությունը մեր բանկային հաշվից արդեն բռնագանձել է ավելի քան չորս ու կես միլիոն եվրո»։

Ակնհայտ էր, որ քարտուղարը ցնցված էր։ Երբ կառավարության ներկայացուցիչները հաստատեցին, որ գումարը բռնագանձվել է, գործի հանդեպ քարտուղարի վերաբերմունքը լրիվ փոխվեց։ Նա շատ խիստ խոսեց նրանց հետ և կտրուկ ավարտեց հանդիպումը։ Հասկացա, որ Եհովան գործի ընթացքը ամբողջությամբ փոխեց և այնպիսի ուղղությամբ տարավ, որը մեր մտքով չէր անցնում։ Մենք ցնծում էինք ուրախությունից և աչքներիս չէինք հավատում։

2011 թ. հունիսի 30-ին ՄԻԵԴ-ը միաձայն վճիռ կայացրեց հօգուտ մեզ։ Այն չեղարկեց հարկումը և պարտավորեցրեց կառավարությանը վերադարձնել բռնագանձված գումարն ու վճարել տույժեր։ Այս պատմական որոշումը առ այսօր պաշտպանում է Թագավորության շահերը Ֆրանսիայում։ Ընդամենը մի չնախատեսված հարցը, որը նման էր Գողիաթի ճակատի մեջ մխրճված քարին, շրջադարձային եղավ այդ «պատերազմում»։ Ինչո՞ւ մենք հաղթեցինք. որովհետև, ինչպես Դավիթն ասաց Գողիաթին, «պատերազմը Եհովայինն է» (1 Սամ. 17։45-47)։

Այս հաղթանակը բացառություն չէ։ Մինչև այսօր, չնայած հզոր կառավարությունների և կրոնների հակառակությանը, 70 երկրների գերագույն դատարաններ և մի քանի միջազգային ատյաններ Եհովայի վկաների օգտին 1 225 որոշում են կայացրել։ Այս իրավական հաղթանակները պաշտպանում են մեր հիմնարար իրավունքները, օրինակ՝ որպես կրոնական կազմակերպություն իրավական կարգավիճակ ունենալու, հրապարակորեն քարոզելու, ինչպես նաև հայրենասիրական արարողություններին մասնակցելուց և արյան փոխներարկումից հրաժարվելու իրավունքները։

Ես ծառայում էի Նյու Յորքում Եհովայի վկաների գլխավոր վարչությունում (ԱՄՆ)։ Այդ դեպքում ինչպե՞ս ստացվեց, որ ես նույնպես ընդգրկվեցի այս դատական գործը պաշտպանող թիմում։

ՄԵԾԱՑՐԵԼ ԵՆ ՄԻՍԻՈՆԵՐԱԿԱՆ ՈԳՈՎ

Ծնողներս՝ Ջորջը և Լյուսիլը, ավարտել էին «Գաղաադի» 12-րդ դասարանը և ծառայում էին Եթովպիայում, երբ 1956 թ.-ին ես ծնվեցի։ Ինձ անվանեցին Ֆիլիպ առաջին դարում ապրած Փիլիպոս ավետարանչի պատվին (Գործ. 21։8)։ Հաջորդ տարի կառավարությունը արգելեց մեր գործունեությունը։ Թեև շատ փոքր էի, բայց լավ հիշում եմ, թե ինչպես էինք ընտանիքով գաղտնի երկրպագում Եհովային։ Դա ինձ համար շատ ոգևորիչ էր։ Ցավոք, իշխանությունները 1960 թ.-ին ստիպեցին մեզ հեռանալ երկրից։

Նաթան Նորը (ձախ կողմում) այցելել է մեր ընտանիքին Ադիս Աբեբայում (Եթովպիա), 1959 թ.

Երբ մեր ընտանիքը տեղափոխվեց Կանզաս նահանգի Ուիչիտո քաղաք (ԱՄՆ), ծնողներս իրենց հետ մի յուրահատուկ բան բերեցին՝ վարակիչ միսիոներական ոգի։ Ճշմարտությունը նրանց կյանքի անբաժանելի մասն էր, և նրանք հոգևոր արժեքներ սերմանեցին ոչ միայն իմ սրտում, այլև ավագ քրոջս՝ Ջուդիի և կրտսեր եղբորս՝ Լեսլիի սրտում։ Ի դեպ, նրանք նույնպես Եթովպիայում են ծնվել։ Մկրտվեցի 13 տարեկանում։ Դրանից երեք տարի անց ընտանիքով տեղափոխվեցինք Պերու՝ Արեկիպա քաղաք, որտեղ քարոզիչների մեծ կարիք կար։

1974 թ.-ին, երբ ես ընդամենը 18 տարեկան էի, Պերուի մասնաճյուղը ինձ ու ևս չորս եղբայրների նշանակեց հատուկ ռահվիրաներ։ Մենք պետք է քարոզեինք Կենտրոնական Անդերում՝ մի լեռնային տարածք, որտեղ բարի լուրը երբեք չէր քարոզվել։ Այնտեղ ապրում էին կեչուա և այմարա լեզուներով խոսող բնիկները։ Մենք ունեինք տուն անիվների վրա և դրանով էինք ճամփորդում։ Այն անվանել էինք «Տապան», քանի որ արկղի տեսք ուներ։ Ջերմությամբ եմ հիշում այն օրերը, երբ բնիկներին Աստվածաշնչից ցույց էի տալիս, որ Եհովան շուտով վերացնելու է աղքատությունը, հիվանդությունն ու մահը (Հայտն. 21։3, 4)։ Շատերն ընդունեցին Թագավորության մասին լուրը։

Մեքենան, որը նաև մեր տունն էր, վարում ենք խոր ջրի միջով։

«Տապանը», 1974 թ.

ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ

1977 թ.-ին, երբ Ալբերտ Շրյոդերը, ով Կառավարիչ մարմնի անդամ էր, այցելել էր Պերու, հորդորեց ինձ գլխավոր վարչությունում ծառայելու դիմում լրացնել։ Ես լրացրի դիմումը և շուտով՝ 1977 թ.-ի հունիսի 17-ին, սկսեցի ծառայել Բրուքլինի Բեթելում։ Հաջորդ չորս տարիներին ծառայեցի մաքրության և տեխսպասարկման բաժիններում։

Մեր ամուսնության օրը, 1979 թ.

1978 թ.-ի հունիսին Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում անցկացվող միջազգային համաժողովին հանդիպեցի Էլիզաբեթ Էվալոնին։ Նա մեծացել էր ճշմարտության մեջ, և նրա ծնողները իմ ծնողների պես սրտանց ծառայում էին Եհովային։ Էլիզաբեթը չորս տարվա ռահվիրա էր և շատ էր ուզում ողջ կյանքում լիաժամ ծառայել։ Մենք կապ պահեցինք իրար հետ, և շատ չանցած՝ սիրահարվեցինք իրար։ 1979 թ. հոկտեմբերի 20-ին ամուսնացանք և սկսեցինք միասին ծառայել Բեթելում։

Մեր առաջին՝ «Բրուքլին Սփենիշ» ժողովի եղբայրներն ու քույրերը գրկաբաց ընդունեցին մեզ։ Տարիների ընթացքում ևս երեք ժողովներ ջերմորեն ընդունեցին մեզ և աջակցեցին, որ շարունակենք ծառայել Բեթելում։ Երախտապարտ ենք նրանց, որ թև ու թիկունք եղան մեզ, նաև շնորհակալ ենք մեր այն ընկերներին ու հարազատներին, ովքեր օգնեցին հոգ տանել մեր ծնողների մասին, երբ նրանք արդեն տարեց էին։

Ֆիլիպը մյուս բեթելցիների հետ՝ Թագավորության սրահում։

Բեթելցիները՝ «Բրուքլին Սփենիշ» ժողովի քարոզիչների հետ, 1986 թ.

ՄԻԱՆՈՒՄ ԵՄ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՆԵՐԻՆ

1982 թ. հունվարին, ի զարմանս ինձ, նշանակվեցի ծառայելու Բեթելի իրավաբանական բաժնում։ Երեք տարի անց ինձ խնդրեցին ընդունվել համալսարան՝ իրավաբանական բաժին, որ դառնամ արտոնագրված փաստաբան։ Ուսանելու տարիներին հաճելի էր իմանալ, որ թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ ողջ աշխարհում հաստատված բազմաթիվ հիմնարար ազատություններ, որոնք շատերը սովորական բան են համարում, ամրապնդվել են Եհովայի վկաների տարած իրավական հաղթանակներով։ Այդ առանցքային որոշումները մանրամասնորեն ուսումնասիրում էինք դասերի ժամանակ։

1986 թ.-ին, երբ 30 տարեկան էի, նշանակվեցի իրավաբանական բաժնի վերակացու։ Մեծ պատիվ էր ինձ համար, որ, չնայած երիտասարդ տարիքիս, այդքան լուրջ պատասխանատվություն էին վստահել ինձ։ Բայց նաև մտահոգված էի, քանի որ գիտեի, որ ինձ հեշտ ճանապարհ չի սպասում։

1988 թ.-ին դարձա փաստաբան, բայց չէի գիտակցում, որ թույլ եմ տվել՝ ուսանողական տարիները բացասաբար ազդեն իմ հոգևոր վիճակի վրա։ Բարձրագույն կրթությունը կարող է մարդու մեջ ինքն իրեն գովազդելու ցանկություն առաջացնել և այնպիսի տեսակետ սերմանել, թե մասնագիտական կրթությունը իրեն ուրիշներից բարձր է դարձնում։ Էլիզաբեթը օգնեց շտկել մտածելակերպս։ Նա աջակցեց ինձ, որ վերականգնեմ հոգևոր սովորություններս, որոնք ունեի նախքան համալսարան ընդունվելը։ Որոշակի ժամանակ պահանջվեց, որպեսզի աստիճանաբար հոգևորապես ապաքինվեմ։ Իմ փորձից գիտեմ, որ մասնագիտական շատ գիտելիքներ ունենալը կյանքում ամենակարևոր բանը չէ։ Կյանքին իրական արժեք է տալիս Եհովայի հետ մտերիմ հարաբերություններ ունենալը և նրան ու նրա ժողովրդին խորապես սիրելը։

ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆՔ ԲԱՐԻ ԼՈՒՐԸ ԵՎ ՕՐԵՆՔՈՎ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԱՅՆ ՔԱՐՈԶԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Համալսարանն ավարտելուց հետո կենտրոնացա Բեթելում իրավաբանական հարցերով զբաղվելու և Թագավորության շահերը դատարանում պաշտպանելու վրա։ Արագորեն զարգացող, ընդլայնվող և առաջադեմ կազմակերպությանն աջակցելը և՛ ոգևորիչ էր, և՛ բարդ։ Օրինակ՝ երկար տարիներ մենք մարդկանց գրականության դիմաց առաջարկում էինք նվիրատվություն անել, բայց 1990-ականների սկզբին իրավաբանական բաժնին խնդրեցին տեղեկություններ տրամադրել այդ կարգը փոխելու վերաբերյալ։ Այդուհետ Եհովայի վկաները գրականությունն առաջարկելու էին անվճար։ Այս մոտեցումը պարզեցրեց Բեթելի աշխատանքն ու դաշտում ծառայողների գործը և առայսօր ազատում է կազմակերպությանը անտեղի հարկումներից։ Ոմանք մտածում էին, թե այս փոփոխության պատճառով մեր միջոցները կսպառվեն, և դա կխոչընդոտի քարոզչությանը։ Բայց հակառակը տեղի ունեցավ։ Եհովային ծառայողների թիվը 1990 թ.-ից սկսած՝ ավելի քան կրկնապատկվել է, և այսօր մարդիկ կարող են անվճար օգտվել կյանքեր փրկող հոգևոր սննդից։ Ես անձամբ համոզվել եմ, որ միայն Եհովայի տված ուժով և հավատարիմ ծառայի տրամադրած ցուցումների շնորհիվ կարող են այս և այլ կազմակերպչական փոփոխությունները հաջողությամբ իրականացվել (Ելք 15։2; Մատթ. 24։45)։

Իրավական հաղթանակները պարզապես լավ փաստաբանական գործի արդյունք չեն։ Հաճախ Եհովայի ծառաների լավ վարքն է մղում իշխանություն ունեցողներին գործելու հօգուտ նրանց։ Այդպիսի մի բանի ականատես եղա 1998 թ.-ին, երբ Կառավարիչ մարմնի երեք անդամներ իրենց կանանց հետ ներկա գտնվեցին Կուբայում անցկացվող հատուկ համաժողովներին։ Նրանց բարի ու հարգալից վարքը իշխանությունների համար ավելի հիմնավոր ապացույց եղավ, որ մենք քաղաքականապես չեզոք ենք, քան նրանց հետ ունեցած պաշտոնական հանդիպման ժամանակ մեր ասածները։

Սակայն երբ իրավական վեճերը բարեկամական կարգավորմամբ չեն լուծվում, մենք «բարի լուրը պաշտպանում ենք և այն քարոզելու իրավունքը օրենքով հաստատում» դատարանում (Փիլիպ. 1։7)։ Օրինակ՝ տասնամյակներ շարունակ Եվրոպայում և Հարավային Կորեայում իշխանությունները չէին ճանաչում զինծառայությունից հրաժարվելու մեր իրավունքը։ Արդյունքում մոտ 18 000 եղբայրներ Եվրոպայում և ավելի քան 19 000 եղբայրներ Հարավային Կորեայում ազատազրկվեցին խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու համար։

Ի վերջո, 2011 թ. հուլիսի 7-ին ՄԻԵԴ-ը «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի» գործով մի պատմական վճիռ կայացրեց, ըստ որի՝ եվրոպական բոլոր երկրները պարտավորվում են իրենց քաղաքացիներին այլընտրանքային քաղաքացիական ծառայության հնարավորություն տրամադրել։ 2018 թ. հունիսի 28-ին նմանատիպ որոշում կայացրեց Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը։ Այս հաղթանակներից և ոչ մեկը չէր լինի, եթե մեր երիտասարդ եղբայրների անգամ փոքր տոկոսը փոխզիջումների գնար։

Գլխավոր վարչության և աշխարհով մեկ սփռված մասնաճյուղերի իրավաբանական բաժինները անխոնջ աշխատում են, որպեսզի պաշտպանեն Թագավորության շահերը։ Մեզ համար մեծ պատիվ է դատարանում ներկայացնել մեր եղբայրներին ու քույրերին, ովքեր հակառակության են բախվում կառավարությունների կողմից։ Անկախ նրանից՝ դատական գործը կհաղթենք, թե ոչ, մենք «վկայություն ենք տալիս» կառավարիչներին, թագավորներին ու տարբեր ազգերի մարդկանց (Մատթ. 10։18)։ Դատավորները, կառավարության ներկայացուցիչները, լրատվամիջոցները և առհասարակ հանրությունը կամա թե ակամա վերլուծում են այն սուրբգրային համարները, որոնք մենք ներառում ենք գրավոր և բանավոր իրավական հիմնավորումներում։ Այդպիսով անկեղծ մարդիկ իմանում են, թե ովքեր են Եհովայի վկաները, և որն է նրանց հավատալիքների հիմքը։ Այս անհատներից ոմանք դարձել են մեր հավատակիցները։

ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ԵՀՈ՛ՎԱ

Անցած 40 տարիների ընթացքում պատիվ եմ ունեցել իրավական հարցերով համագործակցելու տարբեր մասնաճյուղերի հետ և ներկայացնելու կազմակերպությունը բազմաթիվ բարձր ատյաններում ու բարձրաստիճան պաշտոնյաների առջև։ Սիրում եմ գլխավոր վարչության և մասնաճյուղերի իրավաբանական բաժիններում ծառայող իմ համագործակիցներին և հիանում նրանցով։ Կյանքս իմաստալից է և լի օրհնություններով։

Ֆիլիպ և Էլիզաբեթ Բրամլիներ

Մեր համատեղ կյանքի 45 տարիների ընթացքում Էլիզաբեթը հավատարմորեն և սիրով աջակցել է ինձ թե՛ լուսավոր, թե՛ մռայլ օրերին։ Հիանում եմ նրանով, քանի որ նա դա արել է՝ չնայած որ ունի իմունային համակարգը քայքայող հիվանդություն, որը սպառում է նրա ուժերը։

Մենք անձամբ ենք համոզվել, որ ուժեղ լինելն ու հաղթանակներ տանելը կախված չեն մեր ունակություններից։ Ինչպես Դավիթ թագավորն է ասել, «Եհովան իր ժողովրդի զորության աղբյուրն է» (Սաղ. 28։8)։ Իսկապես որ, «պատերազմը Եհովայինն է»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը