Փառաբանիր Եհովային ամեն օր
1. Ի՞նչ են մղվում անելու Աստծու ծառաները և ինչո՞ւ։
1 Դավիթ թագավորը վճռել էր «ամեն օր», նույնիսկ հավիտյան գովաբանել Եհովային (Սաղ. 145։2, 7, 21)։ Մենք նույնպես շատ առիթներ ունենք Եհովային ամեն օր փառաբանելու համար (Սաղ. 37։10; 145։14, 18; 2 Պետ. 3։13)։
2. Ինչպե՞ս են շատ ընտանիքներ փառաբանում Եհովային ամեն օր։
2 Ընտանիքի անդամների հետ։ Մեր ձեռքի տակ ունենք հարուստ գրականություն, որն օգնում է մեզ քննելու Աստվածաշունչը և խորացնելու Աստծու մասին մեր գիտելիքները, երբ ուսումնասիրում ենք օրվա խոսքը, անցկացնում ենք ընտանեկան երկրպագությունը և պատրաստվում ենք ժողովի հանդիպումներին։ Շատ ընտանիքներ փորձում են օրվա մեջ մեկ անգամ միասին ճաշել։ Դա լավ առիթ է, որ հաճելի մթնոլորտում զրուցեն և միասին փառաբանեն Եհովային։ Այդպիսի զրույցները նպաստում են, որ ծնողները Եհովայի «խրատը և նրա մտածելակերպը [երեխաների] մեջ սերմանեն» (Եփես. 6։4; Բ Օրին. 6։5–7)։
3. Ի՞նչ անելու հնարավորություն ունենք, երբ հավատակիցների հետ ենք։
3 Հավատակիցների հետ։ Ծառայության և ժողովի հանդիպումների ժամանակ մեր հավատակիցների հետ Եհովային փառաբանելու հնարավորություն ունենք (Առակ. 15։30; Փիլիպ. 4։8; Եբր. 13։15)։ Քանի որ բոլորս էլ սիրում ենք Եհովային, միմյանց հետ զրուցելիս լավ կլինի արտահայտենք մեր գնահատանքը այն բարության համար, որ Նա դրսևորում է մեր հանդեպ (Սաղ. 106։1)։
4. Ուրիշ ո՞ր դեպքերում կարող ես փառաբանել Եհովային։
4 Ոչ Վկա անհատների հետ։ Գուցե չենք կարող ամեն օր մասնակցել քարոզչական ծառայությանը։ Սակայն թերևս կարող ենք մեր գործընկերների, դասընկերների կամ ուրիշների հետ կարճ զրուցել Եհովայի և նրա նպատակների մասին, ինչը հույս կներշնչի ազնվասիրտ մարդկանց (Սաղ. 27։14; 1 Պետ. 3։15)։ Օրինակ՝ մի քույր վկայություն տվեց ինքնաթիռում իր կողքը նստած ուղևորին։ Վերջինիս այնքան մխիթարեցին ու քաջալերեցին քրոջ խոսքերը, որ իր հասցեն ու հեռախոսահամարը տվեց կապ հաստատելու համար։ Թեև աշխարհում տիրող իրավիճակը գնալով վատանում է, Եհովայի ծառաները շարունակում են բարի լուրը քարոզել նրանց, ովքեր ցանկանում են լսել։ Այդպիսով մարդիկ հույսով են լցվում ապագայի հանդեպ և Եհովային փառաբանելու առիթ են ունենում (Ես. 52։7; Հռոմ. 15։11)։
5. Ինչո՞ւ ենք ցանկանում փառաբանել Եհովային և ինչպե՞ս կարող ենք դա անել։
5 Որքա՜ն է Եհովան ուրախանում, երբ ամեն օր լսում է իր ծառաների փառաբանական խոսքերը։ Մենք կարող ենք մեր սրտից բխող խոսքերով փառաբանել Եհովային մեր ընտանիքի անդամների, հավատակիցների և ոչ Վկա անհատների հետ, ինչպես որ Աստծու ձեռքի գործերն են պատմում նրա փառքը (Սաղ. 19։1–4)։