Եհովան արժանի է փառաբանության
Տերունական ընթրիքը նշվելու է ապրիլի 16–ին
1 Որքան մոտենում է 2003 թ. ապրիլի 16–ը, այնքան ավելի շատ ենք սպասում այդ ժամանակին։ Այդ օրը նշելու ենք Հիսուսի մահը՝ միանալով աշխարհով մեկ Եհովայի անունը փառաբանող մեր քրիստոնյա հավատակիցներին։ Եհովան արժանի՛ է մեր փառաբանությանը փրկանքի հրաշալի պարգևի համար։ Այդ փրկանքի միջոցով նա հրաշալի օրհնություններ կշնորհի ողջ հնազանդ մարդկությանը։ Կարող ենք ասել, որ մենք սրտանց միանում ենք սաղմոսերգուին. «Մեծ է Տէրը եւ շատ օրհնեալ», այլ խոսքերով ասած՝ արժանի է փառաբանության (Սաղ. 145։3)։
2 Հիշատակի երեկոյին նախորդող և հաջորդող շրջանը հրաշալի ժամանակ է Աստծո բարության շուրջ խորհրդածելու համար, ինչպես նաև մտածելու, թե ինչու ենք պարտավոր երախտագետ լինել Եհովային այն բանի համար, որ «իր միածին Որդուն ուղարկեց աշխարհք, որ նորանով կեանք ունենանք» (Ա Յովհ. 4։9, 10)։ Հնազանդորեն Տերունական ընթրիքը նշելով՝ մեր սրտերին դրոշմվում է այն, որ «ողորմած եւ գթած է Տէրը.... եւ բազումողորմ» (Սաղ. 145։8)։ Իրոք որ, փրկանքը Եհովայի սիրո մեծագույն դրսևորումն է ողջ մարդկության նկատմամբ (Յովհ. 3։16)։ Երբ մտածում ենք Աստծո ցուցաբերած սիրո մասին, քննում ենք Հիսուսի անարատ ընթացքը, մեր մեջ ցանկություն է առաջանում Եհովային փառաբանելու։ Մենք ողջ հավիտենության մեջ կփառաբանենք նրան այն բանի համար, որ մարդկության հանդեպ անսահման սեր ցուցաբերելով՝ նա մեզ համար հնարավոր դարձրեց հավիտենական կյանքը (Սաղ. 145։1, 2)։
3 Օգնենք մյուսներին փառաբանել Եհովային։ Փրկանքի մեծագույն պարգևը գնահատելը կմղի մեզ ուրիշներին էլ հրավիրել միանալու մեզ՝ Եհովային փառաբանելու համար։ Սաղմոսերգուն ներշնչման ներքո գրեց. «Քու մեծ բարերարութեանդ յիշատակը պիտի հրատարակեն եւ քու արդարութիւնովդ պիտի ցնծան» (Սաղ. 145։7, Արևմտ. Աստ.)։ Միայն անցած տարի ամբողջ աշխարհում Եհովայի վկաները միլիարդից ավելի ժամ են նվիրել քարոզչական գործին։ Ի՞նչ արդյունքներ են ունեցել նրանց ջանքերը։ Ամեն շաբաթ միջին հաշվով 5 100 հոգի մկրտվել է՝ խորհրդանշելով իրենց նվիրումը Եհովային։ Հիշատակի երեկոյին ներկաների թիվը կազմել է 15 597 746, որոնցից ավելի քան 9 միլիոնը դեռ չեն փառաբանում Եհովային՝ որպես բարի լուրի քարոզիչներ, ինչը վկայում է այն մասին, որ հետագա մեծ աճի պոտենցիալ կա։ Որպես Թագավորության քարոզիչներ՝ մենք բարձր ենք գնահատում բարի լուրը տարածելու առանձնաշնորհումը և ջանում ենք մարդկանց սրտերը դարձնել դեպի Եհովան, նրա Որդին և Թագավորությունը։
4 Եհովային պատվելու հրավեր առաջարկելու հրաշալի միջոց է մարդկանց Տերունական ընթրիքին հրավիրելը։ Անվանացանկ կազմե՞լ ես արդեն, որտեղ ընդգրված են բոլոր նրանք, ում ցանկանում ես հրավիրել այդ միջոցառմանը, ինչպես նաև նրանք, ում հարկավոր է հիշեցնել օրն ու ժամը։ Հրավիրատոմսեր տվե՞լ ես քո ցանկում ընդգրկվածներին։ Եթե դեռ ոչ, ամեն ջանք գործադրիր, որպեսզի մինչև Հիշատակի երեկոն բոլորին բաժանես հրավիրատոմսերը։ Օգնիր նրանց հասկանալ այդ միջոցառման նպատակը։ Երեկոյի ժամանակ պատրաստ եղիր այցելուներին ողջունելու։ Ջերմ ընդունելություն ցույց տուր նրանց, ծանոթացրու նրանց մյուսների հետ և գովիր նրանց Երեկոյին ներկա լինելու համար։
5 Հիշատակի երեկոյին ներկա լինելը կօգնի նորերին հոգևորապես առաջադիմել։ Աստվածաշունչն ուսումնասիրող մի մարդ, որ տառապում է հետտրավմատիկ համախտանիշով, որի պատճառով նրա համար շատ դժվար է հասարակական վայրերում գտնվել, եկել էր Հիշատակի երեկոյին։ Երբ նրան հարցրեցին իր կարծիքը այդ հանդիպման մասին, նա ասաց. «Դա մի սրբազան երեկո էր, և ես ներկա եղա»։ Այդ ժամանակից ի վեր նա սկսեց հաճախել ժողովի հանդիպումներին։
6 Հիշատակի երեկոյից հետո։ Ինչպե՞ս կարող ենք օգնել հետաքրքրություն ցույց տված այս անհատներին, որ դառնան Եհովային փառաբանողներ։ Երեցները պետք է ուշադրություն դարձնեն նոր անհատներին և խնդրեն որակյալ քարոզիչների, որ Երեկոյից հետո որքան հնարավոր է շուտ այցելեն նրանց՝ կրկնելու այն հետաքրքրիր մտքերն ու պահերը, որ սովորել կամ նկատել են նրանք։ Նրանցից ոմանք գուցե ցանկություն հայտնեն, որ իրենց հետ Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն անցկացվի։ Հարկավոր է այդ անհատներին հրավիրել ժողովի շաբաթական բոլոր հանդիպումներին, քանի որ ժողովի հանդիպումներին կանոնավորաբար ներկա գտնվելով՝ նրանք կավելացնեն Աստվածաշնչի իրենց գիտելիքները։
7 Այժմ աշխատանքներ են տարվում բոլոր ոչ ակտիվ կամ ոչ կանոնավոր քարոզիչներին հորդորելու ուղղությամբ, որպեսզի նրանք միշտ ներկա գտնվեն հանդիպումներին։ Եթե երեցները խնդրեն քեզ աջակցություն ցույց տալ որևէ ոչ ակտիվ քարոզչի՝ վերականգնելու նրա մասնակցությունը քարոզչական ծառայության մեջ, պատրաստակամություն ցուցաբերիր։ Մեր եղբայրների հանդեպ նման սիրառատ հոգատարություն ցույց տալը ներդաշնակ է Պողոս առաքյալի տված հորդորին. «Քանի որ ժամանակ ունինք, բարի գործենք ամենին, մանաւանդ հաւատքի ընտանիներին» (Գաղ. 6։10)։
8 Եկեք բոլորս էլ հատուկ ջանքեր գործադրենք, որպեսզի ներկա լինենք ապրիլի 16–ին կայանալիք Հիշատակի երեկոյին։ Մենք չենք ուզում բաց թողնել Եհովային փառաբանելու այս գերազանց հնարավորությունը։ Այո՛, եկեք փառք տանք Եհովային իր հրաշալի գործերի համար հիմա և հավիտյան (Սաղ. 145։21)։