Ո՞րն է քո դիրքորոշումը
Այսօր ամբողջ աշխարհում ավելի շատ վիրահատություններ են կատարվում առանց արյան փոխներարկման։ Գիտե՞ս արդյոք, թե առանց արյան փոխներարկման ինչ բուժման մեթոդներ կան։ Դու պետք է տեղեկություններ ունենաս այս մասին, որպեսզի կարողանաս բուժումների և վիրահատության հետ կապված որոշումներ կայացնել։ Դիտիր «Արյուն՝ ոչ մի դեպքում. բժշկությունն ընդառաջում է» տեսաֆիլմը (անգլ. կամ ռուս.)։ Ապա աղոթիր և ներքոհիշյալ հարցերի օգնությամբ ստուգիր գիտելիքներդ։ (Ուշադրություն. քանի որ տեսաֆիլմում ընդգրկված են դրվագներ, որոնցում ցույց է տրվում վիրահատությունների ընթացքը, ծնողները պետք է զգուշություն ցուցաբերեն ֆիլմն իրենց մանկահասակ երեխաների հետ դիտելիս։)
1) Ո՞րն է հիմնական պատճառը, որ Եհովայի վկաները հրաժարվում են արյան փոխներարկումից։ 2) Ո՞րն է Եհովայի վկաների ցանկությունը բուժօգնություն ստանալու հետ կապված։ 3) Որո՞նք են հիվանդի հիմնական իրավունքները։ 4) Ինչո՞ւ է առանց արյան փոխներարկման բուժօգնություն ընտրելը ողջամիտ ու պատասխանատու քայլ։ 5) Երբ անհատը մեծ ծավալի արյուն է կորցնում, ի՞նչ երկու կարևոր խնդրի առաջ են կանգնում բժիշկները։ 6) Որո՞նք են առանց արյան փոխներարկման բուժմեթոդների հիմնական չորս սկզբունքները։ 7) Ինչպե՞ս կարող են բժիշկները ա) նվազեցնել արյան կորուստը, բ) պահպանել էրիթրոցիտները, գ) խթանել արյան արտադրողականությունը և դ) վերականգնել կորցրած արյունը։ 8) Բացատրիր, թե ինչ են արյունանոսրացումը և ռեինֆուզիան։ 9) Ի՞նչ պետք է իմանաս առանց արյան փոխներարկման բուժմեթոդների մասին։ 10) Հնարավո՞ր է բարդ վիրահատություններ կատարել առանց արյան փոխներարկման։ 11) Ի՞նչ առաջխաղացումներ են տեղի ունենում բժշկության բնագավառում։
Տեսաֆիլմում ներկայացված մեթոդներից մի քանիսի ընտրությունը անձնական որոշման հարց է, և անհատն այն կայացնում է՝ Աստվածաշնչով դաստիարակված իր խղճի համաձայն։ Որոշե՞լ ես, թե քո կամ երեխաներիդ համար արյան փոխներարկում չպահանջող ինչպիսի մեթոդներ են ընդունելի (տե՛ս «Դիտարանի» 2004 թ. հունիսի 15–ի և 2000 թ. հոկտեմբերի 15–ի համարներում տպագրված հոդվածները՝ «Ընթերցողների հարցերը» խորագրի տակ)։ Բացի այդ, որպեսզի որոշես, թե բուժման որ մեթոդները կարող ես ընդունել կամ մերժել, կարդա՛ 2006 թ. նոյեմբերի «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի ներդիրում տեղ գտած հոդվածը, որի վերնագիրն է՝ «Ինչպիսի՞ն է իմ վերաբերմունքը արյան մանր բաղադրամասերի և այն բժշկական պրոցեդուրաների նկատմամբ, որոնց ժամանակ կարող է գործածվել իմ սեփական արյունը»։ Ի վերջո, քո կայացրած որոշման մասին ճշգրտորեն նշիր «Դիրքորոշում և լիազորագիր բժշկական միջամտության վերաբերյալ» բլանկում։ Այս հարցի հետ կապված քո որոշումների մասին պետք է տեղյակ լինեն բժշկական միջամտության հարցերով ներկայացուցիչները և ընտանիքիդ մյուս անդամները, որոնք Եհովայի վկա չեն։
[Շրջանակ 3–րդ էջի վրա]
• Որոշե՞լ ես, թե ինչ պրոցեդուրաներ և բուժման մեթոդներ ես ընտրելու քո և երեխաներիդ համար։
• «Դիրքորոշում և լիազորագիր բժշկական միջամտության վերաբերյալ» բլանկի քո անձնական օրինակը պահո՞ւմ ես քեզ մոտ, որպեսզի արտակարգ իրավիճակում այն քեզ մոտ լինի։