Սովորեցրու ուրիշներին սիրել Եհովային
1. Ի՞նչն է ոմանց մոտեցրել Եհովային։
1 Հիշո՞ւմ ես այն օրը, երբ առաջին անգամ լսեցիր Եհովայի մասին։ Ի՞նչը մղեց քեզ մտերմանալու նրա հետ։ Շատերը գուցե ասեն, որ իրենց գրավել են Արարչի հրաշալի հատկությունները, օրինակ՝ կարեկցանքն ու սերը (1 Հովհ. 4։8)։
2, 3. Ինչպե՞ս կարող ենք «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի միջոցով օգնել ուսումնասիրողին սեր զարգացնելու Աստծու հանդեպ։
2 «Ահա մեր Աստուածը»։ «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքում բազմիցս խոսվում է Եհովայի սիրո մասին և շեշտվում է, թե որքան կարևոր է Աստծու հետ անձնական փոխհարաբերություններ ունենալ։ Ինչպե՞ս կարող ենք գրքի միջոցով օգնել մարդկանց սեր զարգացնելու Աստծու հանդեպ։ Երբ ուսումնասիրողը նոր բան է սովորում, կարող ենք մտածելու տեղիք տվող հարցեր տալ նրան։ Օրինակ՝ ի՞նչ է այս ճշմարտությունը բացահայտում Եհովայի մասին, ինչպե՞ս է այս միտքը ցույց տալիս, որ Եհովան է ամենալավ Հայրը։ Այսպիսով կօգնենք անհատին ամուր փոխհարաբերություններ հաստատել Եհովայի հետ։
3 Եթե օգնենք ուսումնասիրողին հասկանալու, թե որքան կարևոր է գիտելիքներ ձեռք բերել միակ ճշմարիտ և կենդանի Աստծու մասին, ապա նա կմղվի ասելու այն խոսքերը, որ ասաց Եսայիան. «Ահա մեր Աստուածը» (Ես. 25։9)։ Աստծու Խոսքը ուսուցանելիս հարկավոր է ընդգծել այն միտքը, որ երբ Եհովայի նպատակները Հիսուս Քրիստոսի միջոցով իրագործվեն, բոլոր մարդիկ օրհնություններ կվայելեն (Ես. 9։6, 7)։
4, 5. Ի՞նչ է նշանակում սիրել Եհովային։
4 Փաստենք մեր սերը Եհովայի հանդեպ։ Ամբողջ սրտով, հոգով և մտքով Եհովային սիրել չի նշանակում միայն ուժգին զգացմունքներ ունենալ նրա հանդեպ։ Մենք պետք է նաև ունենանք նրա մտածելակերպը և նրա տեսանկյունից նայենք իրերին (Սաղ. 97։10)։ Աստծու հանդեպ սեր դրսևորած կլինենք, եթե հնազանդվենք նրա պատվիրաններին և շարունակ «սուրբ վարքին բնորոշ արարքներ և աստվածանվեր գործեր» անենք, նույնիսկ հալածանքների ու փորձությունների ժամանակ (2 Պետ. 3։11; 2 Հովհ. 6)։
5 Կարևոր է սիրուց մղված կատարել Աստծու կամքը (Սաղ. 40։8)։ Հետևաբար, ուսումնասիրողը պետք է հասկանա, որ Աստծու բոլոր պատվիրանները երկարատև օգուտներ են բերում Իր ծառաներին, որ կարևոր է հետևել Եհովայի առաջնորդությանը և խորապես գնահատել նրա բոլոր հրաշալի գործերը (Բ Օրին. 10։12, 13)։ Եվ եթե անհատը քայլի Եհովայի արդար ճանապարհներով, կխուսափի բազում ցավերից ու դժվարություններից։
6. Եհովային սիրող անհատը ի՞նչ օրհնություններ է ստանում։
6 Օրհնություններ նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն։ Եհովան հոգ է տանում այն խոնարհ անհատների մասին, ովքեր սիրում են իրեն։ Այդպիսի մարդիկ ունենում են «Աստծու խորունկ բաները» հասկանալու առանձնաշնորհումը (1 Կորնթ. 2։9, 10)։ Երբ նրանք իմանում են, թե ինչ նպատակներ ունի Եհովան, հստակ պատկերացում են ձեռք բերում ապագայի մասին և ամուր հույս են ունենում (Երեմ. 29։11)։ Վերջիններս արժանանում են Եհովայի անսահման բարությանը և նրա մեծ սիրո շնորհիվ ձեռք են բերում հավիտյան ապրելու հույս (Ելից 20։6; Հովհ. 3։16)։
7. Ի՞նչ ես զգում, երբ սովորեցնում ես մարդկանց սիրել Եհովային։
7 Որքան շատ ենք ճանաչում մեր երկնային Հորը, այնքան ավելի շատ ենք ուզում նրա մասին պատմել ուրիշներին (Մատթ. 13։52)։ Ի՜նչ մեծ պատիվ է մարդկանց, այդ թվում նաև մեր երեխաներին սովորեցնել սիրել Եհովային (Բ Օրին. 6։5–7)։ Թող որ միշտ փառաբանենք մեր Աստծուն, քանի որ տեսնում ենք նրա «քաղցրութեան յիշատակը» (Սաղ. 145։7)։