Քարոզելու առիթներ ստեղծիր
1 Քրիստոնեական ժողովում կան տարբեր հանգամանքներ ունեցող մարդիկ։ Սակայն մեզ միավորում է Եհովային փառաբանելու վճռականությունը (Սաղ. 79։13)։ Ինչպե՞ս կարող ենք քարոզելու առիթներ ստեղծել, եթե մեր առողջական վիճակը կամ այլ դժվար հանգամանքներ սահմանափակում են բարի լուրի հռչակման գործին մասնակցելու մեր հնարավորությունները։
2 Ամենօրյա գործերով զբաղվելիս։ Հիսուսը միշտ օգտագործում էր առօրյայում մարդկանց հետ առնչվելու առիթները, որպեսզի վկայություն տար։ Օրինակ՝ նա զրուցեց Մատթեոսի հետ, երբ անցնում էր մաքսատան կողքով, Զաքեոսի հետ զրուցեց, երբ ճանապարհորդում էր, իսկ սամարացի կնոջ հետ խոսեց, երբ հանգստանում էր (Մատթ. 9։9; Ղուկ. 19։1–5; Յովհ. 4։6–10)։ Մենք նույնպես կարող ենք առօրյա գործերով զբաղվելիս սովորական զրույցը վերածել վկայության։ Ձեռքի տակ Աստվածաշունչ, ինչպես նաև թերթիկներ կամ գրքույկներ ունենալը կմղի մեզ միշտ պատրաստ լինել մեր ունեցած հույսի մասին խոսելու (Ա Պետ. 3։15)։
3 Ֆիզիկապես տկար լինելու պատճառով չե՞ս կարողանում հաճախակի մասնակցել տնից տուն ծառայությանը։ Այդ դեպքում կարող ես ուշադիր լինել, որ օգտվելով ստեղծված առիթներից՝ վկայություն տաս բուժաշխատողներին և նրանց, ում հետ առնչվում ես (Գործք 28։30, 31)։ Եթե հանգամանքներդ ստիպում են, որ հաճախակի լինես տանը, փորձո՞ւմ ես վկայություն տալ հեռախոսով կամ նամակների միջոցով։ Մի քույր կանոնավորաբար նամակներ է գրում իր ոչ Վկա հարազատներին։ Նա իր նամակներում ընդգրկում է ոգևորիչ մտքեր Աստվածաշնչից, ինչպես նաև դեպքեր, որոնք տեղի են ունեցել իր հետ, երբ նա վկայություն է տվել։
4 Աշխատավայրում կամ դպրոցում։ Եհովային փառաբանելու մեր ցանկությունը կմղի մեզ նաև, որ ինքներս առիթներ ստեղծենք ճշմարտության սերմերը աշխատավայրում կամ դպրոցում ցանելու համար։ Ութամյա մի քարոզիչ դասարանին պատմեց, թե ինչ էր կարդացել լուսնի մասին «Արթնացե՛ք» պարբերագրում։ Այն բանից հետո, երբ ուսուցիչը իմացավ, թե որտեղ էր պատանին կարդացել այդ մասին, սկսեց կանոնավորաբար վերցնել «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը։ Եթե աշխատավայրում «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը թողնենք ինչ–որ տեսանելի տեղում, ապա դա գուցե մղի մյուսներին հարցեր տալ, և քարոզելու հնարավորություն բացվի մեր առջև։
5 Կարո՞ղ ես վկայություն տալու առիթներ ստեղծել ամենօրյա գործերով զբաղվելիս։ Օգտվելով մեր հանգամանքներից՝ եկեք ձգտենք ամեն օր «Աստուծուն օրհնութեան պատարագ մատուցան[ել]» (Եբր. 13։15)։