Անձնական հետաքրքրություն ցույց տանք՝ հարցեր տալով և լսելով
1 Շատ մարդիկ սիրում են արտահայտել իրենց տեսակետը, սակայն չեն սիրում, երբ իրենց սովորեցնում կամ հարցաքննում են։ Ուստի որպես քրիստոնյա ծառայողներ՝ մենք պետք է սովորենք հարցերի միջոցով հմտորեն բացահայտել մարդկանց տեսակետը (Առակ. 20։5)։
2 Մեր հարցերը պետք է մղեն անհատին մտածելու և ոչ թե անհարմար վիճակի մեջ գցեն նրան։ Մի եղբայր տնետուն ծառայելիս այսպիսի հարց է տալիս. «Ի՞նչ եք կարծում, երբևէ կգա մի ժամանակ, երբ մարդիկ արժանապատվությամբ և հարգանքով կվերաբերվեն միմյանց»։ Կախված զրուցակցի պատասխանից՝ նա շարունակում է այսպիսի հարցով՝ «ըստ ձեզ՝ ի՞նչ է անհրաժեշտ դրա համար», կամ՝ «ինչո՞ւ եք այդպես կարծում»։ Մեկ ուրիշ եղբայր ոչ պաշտոնական վկայություն տալիս և հասարակական վայրերում քարոզելիս երեխա ունեցող անհատներին այսպիսի հարց է ուղղում. «Ի՞նչն է ձեզ ամենից շատ դուր գալիս ծնող լինելու մեջ»։ Ապա հարցնում է. «Իսկ ի՞նչն է ձեզ հատկապես մտահոգում»։ Նկատիր, որ այս հարցերը հնարավորություն են տալիս մարդկանց արտահայտելու իրենց տեսակետը և նրանց չեն գցում անհարմար վիճակի մեջ։ Քանի որ հանգամանքները տարբեր են, գուցե հարկ լինի մեր հարցերի թեման և հարցադրման ձևը հարմարեցնել մեր տարածքում ապրող մարդկանց։
3 Մարդկանց մղենք արտահայտվելու։ Եթե մարդիկ պատրաստ են արտահայտելու իրենց կարծիքը, ապա համբերությամբ լսիր՝ առանց անտեղի ընդհատելու նրանց (Յակ. 1։19)։ Բարյացակամորեն արձագանքիր նրանց խոսքերին (Կող. 4։6)։ Կարող ես պարզապես ասել. «Հետաքրքիր միտք է։ Շնորհակալություն, որ ասացիք ինձ այդ մասին»։ Անկեղծորեն գովիր նրանց։ Սիրալիր կերպով լրացուցիչ հարցեր տուր՝ իմանալու համար, նրանց կարծիքը և այն, թե ինչու են այդպես կարծում։ Ձգտիր ընդհանուր եզրեր գտնել։ Երբ ցանկանում ես նրանց ուշադրությունը հրավիրել սուրբգրային ինչ–որ համարի վրա, կարող ես ասել. «Երբևէ մտածե՞լ եք, որ պատասխանը կարող է սա լինել»։ Մի եղիր դոգմատիկ կամ վիճասեր (Բ Տիմոթ. 2։24, 25)։
4 Այն, թե ինչպես մարդիկ կարձագանքեն մեր հարցերին, մեծամասամբ կարող է կախված լինել նրանից, թե ինչպես ենք լսում նրանց։ Մարդիկ կկարողանան արտահայտվել, եթե մենք անկեղծությամբ լսենք նրանց։ Մի շրջագայող վերակացու ասում է. «Համբերատարությամբ լսելու քո պատրաստակամությունը զարմանալի ուժ ունի մարդկանց գրավելու։ Դա ջերմ անձնական հետաքրքրության հիանալի արտահայտություն է»։ Մարդկանց լսելով՝ մենք ցույց ենք տալիս, որ հարգում ենք նրանց, և դա կարող է մղել նրանց լսելու բարի լուրը, որ մենք ցանկանում ենք պատմել նրանց (Հռովմ. 12։10)։