Կարո՞ղ ես ծառայել այնտեղ, որտեղ քարոզիչների ավելի մեծ կարիք կա
1 Երբևիցե մտածե՞լ ես այնպիսի վայր տեղափոխվելու մասին, որտեղ քարոզիչների ավելի մեծ կարիք կա։ Եթե քեզ խնդրեին տեղափոխվել օգնություն ցույց տալու նպատակով, կարձագանքեի՞ր արդյոք, ինչպես Պողոս առաքյալն արեց (Գործք 16։9, 10)։ Շատ ժողովներ կարիք ունեն հոգևորապես հասուն ընտանիքների, ինչպես նաև ռահվիրաների՝ իրենց տարածքները մշակելու համար կամ փորձառու երեցների և ծառայող օգնականների՝ ժողովում առաջնորդություն վերցնելու համար։ Մեր տարածքում նույնպես այդպիսի օգնության կարիք է զգացվում։ Ժողովի տարածքը կարող է բաղկացած լինել փոքր բնակավայրերից, որոնք սփռված են գյուղական ընդարձակ շրջաններում։ Ամենամոտ Թագավորության սրահը գուցե շատ հեռու լինի։ Թերևս դժվար լինի աշխատանք գտնել։ Միգուցե եղանակը միշտ բարենպաստ չլինի։ Պատրա՞ստ ես նման վայրում ծառայելու հրավեր ընդունել։ Ինչպե՞ս կարելի է հաջողության հասնել այդ հարցում։
2 Հավատ և վստահություն է անհրաժեշտ։ Աստծուց առաջնորդություն ստանալով՝ Աբրամը թողեց հայրենի Ուր քաղաքը և իր կնոջ, եղբորորդու և ծեր հոր՝ Թարայի հետ տեղափոխվեց Խառան, որը գտնվում էր 1 000 կիլոմետր հեռու (Ծննդ. 11։31, 32; Նէեմ. 9։7)։ Թարայի մահից հետո Եհովան պատվիրեց 75–ամյա Աբրամին թողնել Խառանը և իր բարեկամներին ու գնալ մի երկիր, որ նա ցույց էր տալու։ Աբրամը, Սարան և Ղովտը «դուրս եկան որ գնան» (Ծննդ. 12։1, 4, 5)։ Իհարկե, Աբրամը չտեղափոխվեց այն նպատակով, որ ծառայեր այնտեղ, որտեղ Աստծու ծառաների ավելի մեծ կարիք կար։ Սակայն այդ տեղափոխությունը նրանից ինչ–որ բան էր պահանջում։ Իսկ ի՞նչ։
3 Աբրամից հավատ ու վստահություն էր պահանջվում։ Նա պատրաստ էր փոխել իր մտածելակերպն ու ապրելակերպը։ Պատրաստ էր զրկվել ապահովությունից, որ ուներ՝ իր բարեկամների կողքին լինելով։ Սակայն նա Եհովային վստահեց իր և իր ընտանիքի մասին հոգ տանելու հարցը։ Այսօր նույնպես շատերը նման ձևով են դրսևորում Եհովայի հանդեպ իրենց վստահությունը։
4 Ժամանակավոր նշանակումներ։ Երբևէ վայելե՞լ ես այն առատ օրհնությունները, որ գալիս են չնշանակված տարածքում ծառայելու արդյունքում։ Օրինակ՝ անցած տարի Ռուսաստանում մոտ 600 խմբեր ծառայել են չնշանակված տարածքներում։ Ամբողջ տարվա ընթացքում ընդհանուր հաշվով 4 177 քարոզիչներ են մասնակցել այդպիսի ծառայության։ Ոմանք դա անելու համար մեծ տարածություն են կտրել–անցել։ Արժե՞ր այդպիսի ջանքեր թափել։
5 Մենք բազում նամակներ ենք ստացել քարոզիչներից, որոնք իրենց երախտագիտությունն են հայտնում։ Ահա դրանցից մի քանիսը. «Մենք ստացանք մի տարածք, որը բաղկացած էր 250 տնից։ Տարածքը մեծ չէր, ուստի մենք կարողացանք մանրակրկիտորեն մշակել այն։ .... Երբ եկավ այնտեղից հեռանալու ժամանակը, մեզ ճանապարհեցին, ինչպես ընկերներին կճանապարհեին, և խնդրեցին, որ նորից այցելենք իրենց։ Ոմանք նույնիսկ արտասվում էին։ Մեր փողոցի գրեթե բոլոր բնակիչները դուրս էին եկել մեզ ճանապարհելու։ Մենք մեծ ուրախություն ու քաջալերություն ստացանք, նաև գտանք բազմաթիվ նոր ընկերներ»։ «Մեր ծառայության ընթացքում շատ–շատերը համաձայնում էին հաղորդակցվել նամակագրական կապի միջոցով։ Այժմ մենք էլեկտրոնային փոստով 77 ուսումնասիրություն ենք անցկացնում։ .... Անձամբ ինձ համար այդ երկու շաբաթը ասես ինչ–որ անորոշ, շատ երկար ժամանակահատված լիներ։ Դա մի թանկարժեք ժամանակ էր, քանի որ ես ավելի շատ սովորեցի ապավինել Եհովային, տեսնել նրա առաջնորդությունը և աղոթքներիս պատասխանը»։ Քարոզիչների մեծամասնությունն այն կարծիքին է, որ երբ նույնիսկ կարճ ժամանակով են ծառայում այնտեղ, որտեղ քարոզիչների կարիք կա, ծառայության հանդեպ իրենց գնահատանքը ավելի է մեծանում։ Զրուցիր նրանց հետ, ովքեր արդեն մասնակցել են այդպիսի ծառայության։ Դու կնկատես, որ նրանք հոգևոր վերելք են ապրել և ըստ ամենայնի՝ կրկին կմասնակցեին այդպիսի ծառայության, եթե նրանց առջև նման հնարավորություն բացվեր։
6 Եթե համաձայնենք ժամանակավորապես ծառայել այնպիսի վայրում, որտեղ քարոզիչների ավելի մեծ կարիք կա, ապա դա մեկ ուրիշ նպատակի էլ կծառայի։ Նրանք, ովքեր ժամանակավորապես կծառայեն մեկ ուրիշ վայրում, օգտակար տեղեկություն ձեռք կբերեն, որն իրենց կօգնի հաշվել մեկ ուրիշ վայր տեղափոխվելու «ծախսը» (Ղուկ. 14։28)։
7 Եհովան ցանկանում է, որ բարի լուրը քարոզվի «բոլոր տիեզերքումը», նախքան վերջը կգա (Մատթ. 24։14)։ Իմանալով դա՝ եթե ունես այդպիսի հնարավորություն, պատրա՞ստ ես արդյոք տեղափոխվել այնպիսի վայր, որտեղ քարոզիչների ավելի մեծ կարիք կա։ Այդպիսի կարիք զգացվում է շատ վայրերում։
8 Տեղափոխվել այնտեղ, որտեղ ավելի մեծ կարիք կա։ Եթե լրջորեն մտածում ես տեղափոխվելու մասին, ձեր ժողովի ծառայողական կոմիտեից հարցրու, թե որ քաղաքներում քարոզիչների կարիք կա։ Ծառայողական կոմիտեն այդ մասին կտեղեկանա մասնաճյուղի գրասենյակից և կհայտնի քեզ։ Կարո՞ղ ես տեղափոխվել այնտեղ, որտեղ օգնության կարիք կա։ Թոշակառո՞ւ ես։ Եկամտի հաստատուն աղբյուր ունե՞ս։ Պատրա՞ստ ես աշխատել սպասարկման ոլորտում։ Կարո՞ղ ես աշխատել համակարգչի վրա։ Կարո՞ղ ես ապրուստդ հոգալ՝ աշխատելով որպես վարսավիր, կոշկակար կամ պահակ։ Մտածե՞լ ես ընտանիքիդ հետ միասին նոր բնակավայր տեղափոխվելու մասին։ Եթե դու չես կարող տեղափոխվել, կարո՞ղ ես օգնել ընտանիքիդ անդամներից որևէ մեկին ծառայելու մեկ ուրիշ վայրում։
9 Եթե այդ հարցի շուրջ աղոթքով մտածելուց հետո կարծում ես, որ կարող ես տեղափոխվել այնտեղ, որտեղ քարոզիչների ավելի մեծ կարիք կա, քննարկիր այդ հարցը ընտանիքիդ անդամների և ժողովի երեցների հետ։ Ապա նամակ գրիր և այն փոխանցիր երեցներին, որպեսզի նամակը մասնաճյուղի գրասենյակ ուղարկելուց առաջ դրան կցեն իրենց կազմած երաշխավորագիրը (od-U, էջ 111, 112; km 09.00, էջ 4)։
10 Ի՞նչ պետք է նշես նամակիդ մեջ։ Տարիքդ, մկրտությանդ ամսաթիվը, ժողովում ունեցած քո պատասխանատվությունները, ընտանեկան վիճակդ և այն, թե ունես արդյոք փոքր երեխաներ։ Նշիր, թե որ շրջանում կցանկանայիր ծառայել՝ հաշվի առնելով հանգամանքներդ։ Օրինակ՝ կարո՞ղ ես ապրել այնպիսի վայրում, որտեղ շոգ է և խոնավ, կամ որտեղ ձմռանը շատ ցուրտ է լինում։ Կարո՞ղ ես ծառայել բարձրադիր գոտիներում։ Խոսո՞ւմ ես որևէ օտար լեզվով։ Մասնաճյուղի գրասենյակը կփորձի տեղեկություններ տալ քեզ այն ժողովների մասին, որոնց հսկողության տակ գտնվում են այդ տարածքները։
11 Ջերմեռանդ ու նախաձեռնո՞ղ ես։ Հանգամանքներդ թույլ տալի՞ս են քեզ ծառայելու այնտեղ, որտեղ քարոզիչների ավելի մեծ կարիք կա։ Եթե այո, ապա գործի անցիր և կտեսնես, թե ինչպես է Եհովան շարունակաբար առատ օրհնություններ տալիս նրանց, ովքեր վստահում են իրեն և անձնազոհության ոգի են դրսևորում (Սաղ. 34։8; Մաղ. 3։10)։