Նոր շրջանային համաժողովի ծրագիրը
Վստահաբար Եհովան արժանի է մեր սիրուն և բացարձակ նվիրվածությանը։ Բայց աշխարհը ջանում է մոլորեցնել մեզ և խափանել Աստծո հետ ունեցած մեր մտերիմ փոխհարաբերությունները (Յովհ. 17։14)։ Հարկավոր է զորացնել Եհովայի հանդեպ ունեցած մեր սերը, ինչպես նաև դիմադրել աշխարհի կողմից գործադրված ճնշումներին. ճնշումներ, որոնք սպառնում են մեզ հոգևորապես ընկճել։ Այս և սրանց նման այլ հարցեր են քննարկվելու 2001 թ. ծառայողական տարվա շրջանային համաժողովում, որը կոչվելու է՝ «Աստծո՛ւն սիրեցեք և ոչ այն ամենը, ինչն աշխարհում է» (Ա Յովհ. 2։15—17)։
Աստծո հանդեպ սերը մղում է մեզ՝ նրա մասին քարոզելու։ Բայցևայնպես, որոշ քրիստոնյաներ այդ հարցում դժվարությունների են հանդիպում։ Համաժողովի ծրագրի մի մասն անվանված է՝ «Աստծո հանդեպ մեր սերը մղիչ ուժ է հանդիսանում ծառայության մեջ»։ Այդ բաժնում կխոսվի այն մասին, թե ինչպես է շատերին ժամանակի ընթացքում հաջողվել հաղթահարել ամաչկոտության զգացումը և այլ խոչընդոտներ, որպեսզի լիարժեք մասնակցություն ունենան ծառայության մեջ։
Ինչպե՞ս են մեզ վրա ազդում աշխարհի չափանիշները, որոնք գնալով անկում են ապրում։ Այն, ինչը մի ժամանակ համարվում էր անպարկեշտ, այսօր սովորական բան է դարձել։ Ծրագրում կհնչեն «Աստծուն սիրողներն ատում են չարը» վերնագրով ելույթը և «Ինչպե՞ս ենք վերաբերվում այն ամենին, ինչն աշխարհում է» խորագրով ելույթների շարքը, որոնք մեզ կօգնեն սխալ ցանկությունները մերժելու հարցում է՛լ ավելի ամուր մնալ։
Ծրագրում կընդգրկվեն Աստվածապետական ծառայության դպրոցը և Ծառայողական հանդիպումը, ինչպես նաև այդ շաբաթվա համար նախատեսված «Դիտարանի» ուսումնասիրվելիք հոդվածի հակիրճ քննարկումը։ «Ինչպե՞ս են սերն ու հավատը հաղթում աշխարհին» վերնագրով հանրային ելույթը կխրախուսի, որպեսզի Հիսուսի նման մենք էլ դիմադրենք աշխարհից եկող ճնշմանը (Յովհ. 16։33)։ Հրավիրիր համաժողով նրանց, ում հետ Աստվածաշունչ ես ուսումնասիրում։ Այն անհատները, որոնք ցանկանում են մկրտվել, պետք է իրենց ցանկության մասին հնարավորին չափ շուտ հայտնեն նախագահող վերակացուին, որպեսզի անհրաժեշտ միջոցներ ձեռք առնվեն։
Շրջանային համաժողովի ընթացքում ուշադրությունը կկենտրոնացվի այն բանի վրա, թե հատկապես ո՛ր հարցերում պետք է ավելի շատ սեր դրսևորենք, որպեսզի Եհովայից առատ օրհնություններ ստանանք։ Աշխատեք համաժողովի ծրագրի ոչ մի ելույթ բաց չթողնել։