Հարցերի արկղ
◼ Ինչպե՞ս կազմել չմկրտված, անչափահաս երեխաների հետ անցկացվող Աստվածաշնչի ընտանեկան կամ անհատական ուսումնասիրությունների հաշվետվությունները։
Երեխաներին Եհովայի ուղիների մասին սովորեցնելու իրենց պարտականությունը կատարելու համար նվիրված քրիստոնյա ծնողներից շատ ժամանակ ու ջանքեր են պահանջվում (Բ Օրին. 6։6, 7; Եփես. 6։4)։ Թեև երեխային սովորեցնելու համար հատկացված ամբողջ ժամանակը չի գրանցվում հաշվետվության մեջ, բայց դա չի նվազեցնում ծնողական պարտականության կարևորությունը։
Քարոզչության հաշվետվությունների նպատակը առաջին հերթին այն է, որպեսզի մենք կարողանանք պատկերացում կազմել, թե որքան աշխատանք է կատարվել բարի լուրը հրապարակայնորեն հռչակելու և չնվիրված ու չմկրտված անհատներին ուսուցանելու գործում (Մատթ. 24։14; 28։19, 20)։ Այնուհանդերձ, եթե նվիրված քրիստոնյա ծնողը կանոնավորաբար Աստվածաշնչի ընտանեկան ուսումնասիրություն է անցկացնում, որին ներկա է առնվազն մեկ չմկրտված, անչափահաս երեխա, ապա նա կարող է հաշվետվության մեջ գրանցել շաբաթական ամենաշատը մեկ ժամ և մեկ կրկնակի այցելություն, եթե ուսումնասիրությունը տեղի է ունենում, նաև՝ ամսական մեկ տնային ուսումնասիրություն։ Այդպես պետք է կազմել հաշվետվությունները, նույնիսկ եթե ուսումնասիրությունը տևում է մեկ ժամից ավելի և անցկացվում շաբաթական մեկից ավելի անգամներ։ Լրացուցիչ ուսումնասիրությունները կամ երեխային առանձին ուսուցանելու համար տրամադրված մյուս ժամերը չեն գրանցվում քարոզչության հաշվետվության մեջ, այլ դիտվում են որպես ծնողական անկեղծ ցանկության արտահայտություն՝ երեխային դաստիարակելու աստվածային հրահանգների համաձայն (Առակ. 22։6)։
Իսկ ինչպե՞ս վարվել, երբ որոշ պատճառներով ծնողները օգնության կարիք են զգում իրենց երեխաների սրտում ճշմարտությունը սերմանելու հարցում։ Անհրաժեշտ աջակցություն ստանալու նպատակով նրանք կարող են դիմել ուրիշ քարոզիչների։ Ցանկալի է տվյալ հարցը քննարկել նախագահող վերակացուի կամ ծառայողական վերակացուի հետ։ Եթե ծնողները վաղուց չէ, որ ճշմարտության մեջ են, կամ մեկ այլ պատճառով օգնության կարիք են զգում երեխաներին մեծացնելու հարցում, և եթե դա խելամիտ կլինի, մեկ այլ քարոզիչ կարող է ուսումնասիրել նրանց հետ։ Նման պարագայում չմկրտված երեխայի հետ ուսումնասիրությունն անցկացնողն է գրանցում ժամը, կրկնակի այցելությունը և ուսումնասիրությունը (տես «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 1999–ի հոկտեմբերի համարում «Հարցերի արկղը»)։