Ես ուզում էի նմանվել Հեփթայեի աղջկան
ՊԱՏՄՈՒՄ Է ՋՈԱՆԱ ՍՈՆՍԸ
Պատանեկան տարիներից մի մեծ ցանկություն ունեի. նմանվել Հեփթայեի աղջկան։ Թույլ տվեք պատմել, թե ինչպես իմ այս ցանկությունն ի վերջո կատարվեց։
ՀԱԶԱՐ ինը հարյուր հիսունվեց թվականին առաջին անգամ ներկա եղա Եհովայի վկաների մի համաժողովի, որն անցկացվեց Բոմբեյում (այժմ՝ Մումբայ, Հնդկաստան)։ Դրանից հետո կյանքս փոխվեց. ինձ վրա մեծ ազդեցություն թողեց Հեփթայեի աղջկա մասին մի ելույթ։
Հավանաբար, Աստվածաշնչում կարդացել եք, որ Հեփթայեի աղջիկը, երբ, ըստ ամենայնի, դեռ պատանի էր, պատրաստակամություն հայտնեց չամուսնանալու։ Այդպես նրա հայրը հնարավորություն ստացավ պահելու իր երդումը։ Հեփթայեի աղջիկը իր կյանքի մնացած մասը անցկացրեց Եհովայի տաճարում՝ ծառայելով նրան (Դատավորներ 11։28–40)։
Որքա՜ն էի ցանկանում նմանվել այդ աղջկան։ Բայց մեծ խնդրի առջև կանգնեցի։ Ինչո՞ւ։ Որովհետև ամուրի մնալը հակառակ էր այն ժամանակվա հնդկական նիստուկացին։
Մեր ընտանիքը
Ես Բենջամին և Մարսելինո Սոնսների վեց երեխաներից հինգերորդն էի։ Մենք ապրում էինք Ուդուպի քաղաքում, որն ընկած է Հնդկաստանի արևմուտքում։ Իմ մայրենի լեզուն տուլուն է։ Այս լեզվով խոսում է մոտ երկու միլիոն մարդ։ Սակայն Ուդուպիի բնակիչների մեծ մասը կրթություն է ստանում կաննադա լեզվով, և մենք էլ ենք այդ լեզվով կրթվել։
Մեր կողմերում շատ մեծ տեղ են տալիս ամուսնությանն ու որդեծնությանը։ Երեխա ժամանակ երբեք չեմ լսել այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ «ամուրիություն», «միայնություն», «տան կարոտ», որովհետև տուլու լեզվում այդպիսի բառեր պարզապես չկային։ Տպավորությունն այնպիսին էր, որ կարծես գոյություն չունեն այդ բառերով արտահայտված իրավիճակները։ Սրա վառ օրինակն է այն, որ մենք մեկ տան մեջ ապրում էինք իմ հոր ու մոր ծնողների, քեռիների, հորաքույրերի, մորաքույրերի և տասից ավելի զարմիկների հետ։
Դարեր շարունակ մեզանում երեխաները համարվել են մոր ընտանիքի անդամ։ Տոհմաբանությունը մոր գծով է եղել, և դուստրերը ստացել են ավելի մեծ ժառանգություն։ Որոշ տուլու համայնքներում աղջիկը ամուսնությունից հետո ամուսնու հետ շարունակել է ապրել մոր տանը։
Քանի որ մեր ընտանիքը «քրիստոնեություն» էր ընդունել, մենք տարբերվում էինք մյուսներից։ Ամեն երեկո հորական պապս ընտանիքին հավաքում էր երկրպագության, աղոթում էր և բարձրաձայն կարդում տուլուերեն Աստվածաշնչից։ Ամեն անգամ, երբ նա բացում էր իր քրքրված Աստվածաշունչը, ինձ թվում էր, թե գանձատուփ է բացում։ Դա շատ տպավորիչ էր։ Ինձ առանձնապես հետաքրքրում էր Սաղմոս 23։1 համարը, որում ասվում է. «Եհովան իմ Հովիվն է։ Ես ոչ մի բանի պակասություն չեմ ունենա»։ Շատ էի ուզում իմանալ՝ ո՞վ է այս Եհովան, և ինչո՞ւ է նա հովիվ կոչվում։
«Թեփը» ընկավ աչքերիցս
Տնտեսական դժվարությունների պատճառով, որոնք առաջ եկան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, մենք տեղափոխվեցինք Բոմբեյ՝ մեր բնակավայրից ավելի քան 900 կիլոմետր հեռու։ 1945թ.-ին երկու Եհովայի վկաներ այցելեցին հորս և տվեցին մի աստվածաշնչյան գրքույկ կաննադա լեզվով։ Հայրս այն կարդաց անհագորեն, ինչպես պապակ հողը, որ ագահաբար խմում է անձրևի ջուրը, և սկսեց իր իմացածը պատմել ուրիշներին։ Ուսումնասիրողների փոքր խումբը 1950-ականների սկզբում աճեց ու դարձավ ժողով՝ Բոմբեյի առաջին կաննադախոս ժողովը։
Հայրս ու մայրս մեզ՝ երեխաներիս, սովորեցնում էին Աստվածաշունչը խորը ուսումնասիրել և լինել լավ ուսուցիչներ։ Ամեն օր նրանք մեզ հետ աղոթում էին և Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնում (2 Օրենք 6։6, 7; 2 Տիմոթեոս 3։14–16)։ Մի օր Աստվածաշունչ էի կարդում, և ինձ թվաց՝ աչքերիցս թեփ ընկավ (Գործեր 9։18). ես հասկացա, թե ինչու է Եհովան նմանեցվում հովվի. նա առաջնորդում, կերակրում և պաշտպանում է իր երկրպագուներին (Սաղմոս 23։1–6; 83։18)։
Եհովան բռնել է ձեռքիցս
1956թ. Բոմբեյի հիշարժան համաժողովից կարճ ժամանակ անց մկրտվեցի։ Վեց ամիս հետո, հետևելով ավագ եղբորս՝ Պրաբհակարի օրինակին, դարձա լիաժամ ավետարանիչ։ Շատ էի ուզում Աստվածաշնչի ճշմարտությունները պատմել մարդկանց, բայց դժվարանում էի. հենց որ ուզում էի մեկի հետ խոսել, բերանս չորանում էր, բառերը դուրս էին թռչում գլխիցս, կմկմում էի, ձայնս դառնում էր դողդոջուն։ «Այս գործը ես կարող եմ անել միայն Եհովայի օգնությամբ»,— հեկեկալով ասում էի ինքս ինձ։
Եհովան ուղարկեց այդ օգնությունը՝ կանադացի միսիոներներ Հոմեր և Ռութ Մակքեյներին։ Նրանք Եհովայի վկաների միսիոներական դպրոցը ավարտել էին 1947թ.-ին (Նյու Յորք, ԱՄՆ)։ Հոմերն ու Ռութը փոխաբերական իմաստով բռնել էին իմ ձեռքից, մինչ ես իմ առաջին անհաստատ քայլերն էի անում ծառայության մեջ։ Ռութը ինձ սովորեցնում էր, թե ինչպես զրույց սկսեմ տանտերերի հետ։ Նա գիտեր, թե ինչպես հանդարտություն ներշնչեր ինձ։ Բռնելով իմ դողդողացող ձեռքերը՝ Ռութն ասում էր. «Մի անհանգստացիր, սիրելի՛ս։ Եկ հիմա մոտենանք մյուս տանը»։ Նրա հավաստիացումները սիրտ էին տալիս ինձ։
Մի օր ասացին, որ Էլիզաբեթ Չակրանարայան անունով մի քույր լինելու է իմ ծառայակիցը։ Նա ինձնից մեծ էր և շատ փորձառու էր Աստվածաշունչ ուսուցանելու գործում։ Սկզբում մտածում էի. «Ինչպե՞ս եմ ապրելու այս քրոջ հետ։ Նա ինձնից շա՜տ մեծ է»։ Բայց նա եղավ հենց այն ծառայակիցը, որի կարիքն ունեի։
«Իրականում մենք երբեք միայնակ չենք»
Մեր առաջին նշանակումը պատմական Աուրանգաբադ քաղաքն էր, որն ընկած է Բոմբեյից մոտ 400 կիլոմետր արևելք։ Շատ ժամանակ չպահանջվեց հասկանալու համար, որ մենք միակ Վկաներն ենք այս մեկ միլիոնանոց քաղաքում։ Քիչ է, որ ուրիշ Վկաներ չկային, պետք է նաև սովորեի տեղի՝ մարաթի լեզուն։
Ժամանակ առ ժամանակ սիրտս ճնշվում էր միայնությունից և որբ երեխայի պես հեկեկում էի։ Բայց Էլիզաբեթը մայրական ջերմությամբ հանգստացնում էր ինձ։ «Երբեմն գուցե միայնակ զգանք մեզ,— ասում էր նա,— բայց իրականում մենք երբեք միայնակ չենք։ Չնայած հեռու ես քո ընտանիքից և ընկերներից, Եհովան միշտ քո կողքին է։ Նրան դարձրու քո ընկերը, և միայնության զգացումը կանհետանա»։ Մինչև օրս նրա այս խորհուրդը թանկ է ինձ համար։
Երբ փողը քիչ էր լինում, ոտքով էինք գնում։ Օրական քայլում էինք մինչև 20 կիլոմետր։ Քայլում էինք փոշու և ցեխի միջով, տոթ և ցուրտ եղանակին։ Ամռանը ջերմաստիճանը հաճախ հասնում էր մինչև 40°C-ի։ Մուսոնային անձրևների շրջանում գետնի որոշ հատվածներ ամիսներով չէին չորանում։ Բայց եղանակային պայմանները ամենադժվար բանը չէին։
Ավելի դժվար խոչընդոտ էին մարդկանց հայացքները։ Օրինակ՝ կանայք չպետք է հասարակական վայրերում խոսեին այն տղամարդկանց հետ, ում հետ հարազատական կապ չունեն, և, ընդհանրապես, կանայք հազվադեպ էին ուսուցանում տղամարդկանց։ Մեզ ծաղրում էին ու վատ վերաբերվում։ Վեց ամիս շարունակ մեր շաբաթական հանդիպումներին միայն երկու հոգի էին մասնակցում՝ ես ու Էլիզաբեթը։ Սակայն ժամանակի ընթացքում ոմանք հետաքրքրվեցին Աստվածաշնչով և միացան մեզ։ Կարճ ժամանակ անց կազմավորվեց մի փոքրիկ խումբ։ Մի քանիսը նույնիսկ սկսեցին մասնակցել ծառայությանը։
«Բարելավիր հմտություններդ»
Երկուսուկես տարի անց մենք նորից նշանակվեցինք Բոմբեյ։ Ինձ խնդրեցին օգնել հորս, որը մեր աստվածաշնչյան գրականության միակ թարգմանիչն էր կաննադա լեզվով, իսկ Էլիզաբեթը շարունակեց քարոզչական գործը։ Հայրս շատ ուրախացավ ինձ տեսնելու իր կողքին, քանի որ, բացի թարգմանությունից, բազմաթիվ պատասխանատվություններ ուներ ժողովում։
1966թ.-ին ծնողներս որոշեցին վերադառնալ Ուդուպի՝ իմ ծննդավայր։ Բոմբեյից հեռանալուց առաջ հայրս ասաց. «Աղջի՛կս, բարելավիր հմտություններդ։ Թարգմանիր պարզ ու հստակ։ Մի եղիր չափազանց ինքնավստահ, եղիր խոնարհ։ Ապավինիր Եհովային»։ Սա նրա վերջին խորհուրդն էր, որովհետև Ուդուպի վերադառնալուց կարճ ժամանակ անց նա մահացավ։ Մինչև օրս ես ջանում եմ հետևել հորս խորհրդին իմ թարգմանչական գործում։
«Չե՞ս ուզում տնավորվել»
Ավանդաբար Հնդկաստանում ծնողները, երբ երեխաները դեռ փոքր են, արդեն մտածում են նրանց ամուսնացնելու մասին և խրախուսում են երեխաներ ունենալ։ Ինձ հաճախ են հարցրել. «Չե՞ս ուզում տնավորվել։ Երբ ծերանաս, ո՞վ է հոգ տանելու քո մասին։ Քեզ միայնակ չե՞ս զգում»։
Անընդհատ այսպիսի հարցեր լսելով՝ երբեմն զգացապես սպառվում եմ։ Մարդկանց ներկայությամբ իմ զգացումները թաքցնում եմ, բայց հենց որ առանձնանում եմ, անմիջապես սկսում եմ սրտանց ու ջերմեռանդորեն աղոթել։ Ինձ մխիթարում է այն միտքը, որ Եհովան ինքը չի կարծում, թե ես ինչ-որ բանի պակաս ունեմ զուտ այն պատճառով, որ ամուսնացած չեմ։ Որպեսզի շարունակեմ անշեղորեն ծառայել Աստծուն, խորհրդածում եմ Հեփթայեի աղջկա, ինչպես նաև Հիսուսի օրինակի շուրջ. նրանք երկուսն էլ ամուրի մնացին և լիովին կենտրոնացած էին Աստծու կամքը կատարելու վրա (Հովհաննես 4։34)։
Նվեր՝ Եհովայից
Էլիզաբեթի հետ իմ ընկերությունը շարունակվեց գրեթե 50 տարի։ Նա մահացավ 2005թ.-ին 98 տարեկան հասակում։ Վերջին տարիներին ընկերուհիս այլևս ի վիճակի չէր կարդալու Աստվածաշունչը, քանի որ տեսողությունը լրիվ թուլացել էր։ Ուստի օրվա մեծ մասը անց էր կացնում Աստծու հետ երկար, մտերմիկ զրուցելով։ Երբեմն ինձ թվում էր, որ նա իր սենյակում ինչ-որ մեկի հետ աստվածաշնչյան համար է քննարկում, բայց արի ու տես, որ խոսում էր Եհովայի հետ։ Աստված միանգամայն իրական էր Էլիզաբեթի համար. նա ապրում էր այնպես, կարծես Եհովան բառացիորեն իր տանն է։ Ես հասկացա, որ հենց սա է օգնում Աստծու ծառային Հեփթայեի աղջկա պես ամուր մնալու (Ժողովող 4։9, 10)։
Մեծ օրհնություններ եմ ստացել՝ Հեփթայեի աղջկա պես ծառայելով Աստծուն։ Ամուրի մնալով և հետևելով Աստվածաշնչի խորհուրդներին՝ ես կարողացել եմ «առանց շեղումների անդադար Տիրոջը ծառայել» ու ապրել հարուստ, գոհացուցիչ կյանքով (1 Կորնթացիներ 7։35)։
[նկար 28-րդ էջի վրա]
Հայրս հանդես է գալիս հանրային ելույթով Բոմբեյում, 1950-ականներ
[նկար 28-րդ էջի վրա]
Էլիզաբեթի հետ նրա մահից կարճ ժամանակ առաջ
[նկար 29-րդ էջի վրա]
Աստվածաշնչային ելույթ ենք ազդարարում, 1960թ.
[նկար 29-րդ էջի վրա]
Համագործակիցներիս հետ թարգմանչական գրասենյակում