Մոտեցեք Աստծուն
«Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ է ....Եհովան»
ԵԹԵ փորձեիր մեկ բառով նկարագրել Եհովա Աստծու էությունը, ի՞նչ բառ կընտրեիր։ Մ.թ.ա. 8-րդ դարում Եսայիա մարգարեն տեսավ մի տեսիլք։ Նա լսեց, թե ոգեղեն էակները ինչպես են փառաբանում Եհովային՝ օգտագործելով մի բառ, որն արտահայտում է Նրա բուն էությունը։ Այն, ինչ տեսավ ու լսեց Եսայիան, անշուշտ, մեր սիրտը ակնածանքով է լցնում Աստծու հանդեպ և մղում է մոտենալու նրան։ Քննենք Եսայիա 6։1–3 համարները։ Փորձիր պատկերացնել քեզ այս տեսիլքում։
Ի՞նչ է տեսնում Եսայիան։ «Ես տեսա Եհովային՝ նստած իր բարձր ու վեհ գահին»,— գրում է նա (համար 1)։ Սակայն իրականում Եսայիան չի տեսնում Գերիշխան Տեր Եհովային. ֆիզիկական աչքը չի կարող ներթափանցել ոգեղեն ոլորտ։ Աստվածաշունչը հստակ ասում է. «Ոչ մի մարդ երբևէ չի տեսել Աստծուն» (Հովհաննես 1։18)։ Այն, ինչ տեսնում է Եսայիան, տեսիլք էa։ Տեսիլքը այնքան վառ է ու տպավորիչ, որ մարգարեին թվում է, թե սեփական աչքով տեսնում է Եհովային։
Հետո Եսայիան տեսնում է այն, ինչ ուրիշ ոչ մի մարդ թերևս չի տեսել տեսիլքում։ Նա գրում է. «Նրա [Եհովայի] վերևում սերովբեներ էին կանգնած։ Յուրաքանչյուրը վեց թև ուներ. երկուսով ծածկում էր իր երեսը, երկուսով ծածկում էր ոտքերը և երկուսով թռչում էր» (համար 2)։ Սերովբեները շատ բարձր կարգի ոգեղեն էակներ են։ Աստվածաշնչի գրողներից միայն Եսայիան է հիշատակում նրանց մասին։ Սերովբեները «կանգնած» են այն իմաստով, որ միշտ պատրաստ են գնալու և կատարելու Աստծու կամքը։ Ծածկելով երեսն ու ոտքերը՝ նրանք իրենց հարգանքն ու ակնածանքն են ցույց տալիս Նրա՛ հանդեպ, ում ներկայությամբ պատիվ ունեն ծառայելու։
Եսայիային ակնածալից վախ է ներշնչում ոչ միայն տեսածը, այլև լսածը։ Սերովբեները, կազմելով երկնային երգչախումբ, բարձրաձայն երգում են։ Եսայիան գրում է. «Նրանք բացականչում էին և ասում իրար. «Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ է Զորքերի Տեր Եհովան» (համար 3)։ «Սուրբ» թարգմանված եբրայերեն բառը ունի մաքրության և անարատության իմաստ։ Այս բառը կարող է նշանակել նաև «լիակատար զատվածություն այն ամենից, ինչը մեղավոր է»։ Սերովբեների երգչախումբը, հավանաբար, փոխերգ է կատարում։ Նրանք երեք անգամ օգտագործում են «սուրբ» բառը՝ շեշտելով, որ Եհովան բացարձակապես սուրբ է (Հայտնություն 4։8)։ Սրբությունը նրա հատկանշական գծերից է։ Եհովան լիովին անարատ է, մաքուր ու անբասիր։
Այն, որ Եհովան սուրբ է, պետք է մղի մեզ մոտենալու իրեն։ Ինչո՞ւ։ Ի տարբերություն մարդկային ղեկավարների, ովքեր կարող են դառնալ անբարեխիղճ, շահամոլ և դաժան՝ Եհովան լիովին զերծ է մեղքից։ Նրա սրբությունը, այսպիսով, երաշխիք է, որ նա միշտ կլինի իդեալական Հայր, արդար Ղեկավար և անաչառ Դատավոր։ Մենք բոլոր հիմքերն ունենք վստահ լինելու, որ Աստված, որը ողջ էությամբ սուրբ է, երբեք չի հիասթափեցնի մեզ։
Աստվածաշնչի ընթերցանության ծրագիր դեկտեմբեր ամսվա համար
[ծանոթագրություն]
a «Գրությունների ըմբռնում» հանրագիտարանում (անգլ.) ասվում է. «Ըստ ամենայնի, տեսիլքը, որ տրվում էր արթուն մարդուն, տպավորվում էր նրա ուղեղում, և հետագայում նա կարող էր իր տեսածը վերհիշել, պատմել կամ սեփական բառերով գրել» (Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից)։
[մեջբերում 26-րդ էջի վրա]
Այն, որ Եհովան սուրբ է, պետք է մղի մեզ մոտենալու իրեն։