Արժանապատվություն բոլորի հանդեպ
«Մենք պետք է կառուցենք մի նոր աշխարհ, ավելի լավ աշխարհ, որտեղ մարդու արժանապատվությունը հավիտյան հարգված կլինի» (ԱՄՆ–Ի ՆԱԽԱԳԱՀ ՀԱՐՐԻ ՏՐՈՒՄԵՆ, ՍԱՆ ՖՐԱՆՑԻՍԿՈ, ԿԱԼԻՖՈՐՆԻԱ, ԱՄՆ, ԱՊՐԻԼԻ 25, 1945)։
ԵՐԿՐՈՐԴ համաշխարհային պատերազմին հաջորդող տարիներին շատերի նման՝ նախագահ Տրումենը նույնպես հավատում էր, որ մարդիկ կարող են դասեր սովորել անցյալից և ստեղծել «մի նոր աշխարհ», որտեղ բոլորի արժանապատվությունը հարգված կլինի։ Ցավոք, ժամանակակից պատմությունը բոլորովին այլ բան է փաստում։ Մարդու արժանապատվությունը շարունակում է ոտնահարվել, քանի որ խնդրի արմատը ոչ թե մարդն է, այլ մարդու մեծագույն թշնամին։
Խնդրի արմատը
Աստվածաշունչը բնորոշում է այս թշնամուն որպես Բանսարկու Սատանայի՝ չար ոգեղեն արարածի, որը մարդկության պատմության հենց սկզբից հարցականի տակ դրեց Աստծու իշխելու իրավունքը։ Սկսած այն պահից, երբ Սատանան խոսեց Եվայի հետ Եդեմի պարտեզում՝ նրա նպատակն էր մարդկանց հեռացնել Ստեղծիչին ծառայելուց (Ծննդոց 3։1–5)։ Մի պահ մտածեք այն աղետալի հետևանքների մասին, որոնք ունեցան Ադամն ու Եվան, երբ լսեցին Սատանային։ Արգելված պտղի վերաբերյալ Աստծու օրենքին չհնազանդվելու անմիջական հետևանքը եղավ այն, որ երկուսն էլ «թաք կացին Եհովայ Աստուծոյ երեսիցը»։ Ինչո՞ւ։ Ադամը խոստովանեց. «Վախեց[ա], որովհետեւ ես մերկ էի, եւ թաք կացի» (Ծննդոց 3։8–10)։ Ադամի փոխհարաբերությունները իր երկնային Հոր հետ և նրա տեսակետը իր անձի հանդեպ փոխվեցին։ Նա ամաչեց և անհարմար զգաց, երբ Եհովան խոսեց իր հետ։
Ինչո՞ւ էր Սատանան ցանկանում զրկել Ադամին ինքնահարգանքից։ Որովհետև մարդը ստեղծված է Աստծու պատկերով, և Սատանային դուր է գալիս, երբ նա այնպիսի վարք է դրսևորում, որը աղոտ է արտացոլում Աստծու փառքը (Ծննդոց 1։27; Հռովմայեցիս 3։23)։ Սրանով է բացատրվում այն, թե ինչու է մարդկության պատմությունը լի նվաստացուցիչ գործերով։ Որպես «այս աշխարհքի աստուածը»՝ Սատանան այնպիսի ոգի է խրախուսել, որի պատճառով «մարդ մարդի վերայ իշխում է իր վնասի համար» (Բ Կորնթացիս 4։4; Ժողովող 8։9; Ա Յովհաննէս 5։19)։ Արդյո՞ք սա նշանակում է, որ իսկական արժանապատվությունը հավիտյան ոտնահարված կմնա։
Եհովան արժանապատվորեն է վերաբերվում իր ստեղծագործությանը
Կրկին խորհեք այն մասին, թե Եդեմի պարտեզում ինչ պայմաններում էին ապրում Ադամն ու Եվան մինչև մեղք գործելը։ Նրանք ունեին առատ կերակուր, բավարարվածություն պատճառող աշխատանք և առողջ ու անվերջ կյանքի հեռանկար թե՛ իրենց և թե՛ իրենց սերունդների համար (Ծննդոց 1։28)։ Ամեն բան նրանց կյանքում ընդգծում էր Աստծու սիրառատ և արժանապատիվ վերաբերմունքը մարդկության հանդեպ։
Արդյո՞ք մարդկային արժանապատվության հանդեպ Եհովայի տեսակետը փոխվեց, երբ Ադամն ու Եվան մեղք գործեցին։ Ո՛չ։ Եհովան հաշվի առավ ամոթի այն զգացումը, որն այժմ նրանք զգում էին՝ լինելով լիովին մերկ։ Աստված սիրառատ կերպով «կաշուց հանդերձներ շինեց», որոնք փոխարինեցին թզենու տերևներին, որ նրանք էին կարել իրենց ազդրերը ծածկելու համար (Ծննդոց 3։7, 21)։ Եհովան չթողեց Ադամին ու Եվային ամոթի զգացումով, այլ արժանապատվորեն վերաբերվեց նրանց։
Հետագայում Եհովան կարեկցանք ցույց տվեց Իսրայել ազգի մեջ ապրող որբերի, այրիների և օտարազգիների հանդեպ. մարդիկ, որոնք շատ ավելի հաճախ են շահագործվում հասարակության կողմից (Սաղմոս 72։13)։ Օրինակ՝ իսրայելացիներին պատվեր էր տրվել չհավաքել իրենց բերքի մնացորդը հացահատիկի, ձիթենիների և խաղողի բերքահավաքից հետո։ Աստված պատվիրել էր, որ այդ մնացորդը թողնվեր «օտարականի, որբի եւ որբեւայրիի համար» (Բ Օրինաց 24։19–21)։ Եթե այս օրենքները կիրառվեին, նույնիսկ ամենաաղքատ մարդիկ կարիք չէին ունենա մուրալու և կունենային արժանավայել աշխատանք։
Հիսուսը արժանապատվորեն էր վերաբերվում մարդկանց
Երկրի վրա եղած ժամանակ Աստծու Որդին՝ Հիսուս Քրիստոսը, հետաքրքրված էր ուրիշների արժանապատվությամբ։ Օրինակ՝ երբ նա Գալիլեայում էր, մոտեցավ բորոտությամբ տառապող մի մարդու, որն արդեն ծանր վիճակում էր։ Ըստ Մովսիսական օրենքի՝ ուրիշներին չվարակելու համար բորոտը պետք է բղավեր. «Անմաքուր, անմաքուր» (Ղեւտացոց 13։45)։ Սակայն այս մարդը Հիսուսին մոտենալիս նախազգուշացում չտվեց։ Փոխարենը՝ նա ընկավ իր երեսի վրա և աղաչեց Հիսուսին. «Տէր, եթէ կամենաս, կարող ես ինձ սրբել» (Ղուկաս 5։12)։ Ինչպե՞ս պատասխանեց Հիսուսը։ Նա ո՛չ կշտամբեց այդ մարդուն Օրենքը խախտելու համար, ո՛չ էլ արհամարհեց նրան կամ խուսափեց նրանից։ Ընդհակառակը՝ Հիսուսը արժանապատվորեն վերաբերվեց նրան և, հպվելով, ասաց. «Կամենում եմ, սրբուիր» (Ղուկաս 5։13)։
Շատ դեպքերում Հիսուսը մարդկանց բուժելու իր ունակությունը դրսևորում էր ոչ թե նրանց դիպչելով, այլ հեռավորությունից բուժելով նրանց։ Սակայն այս դեպքում նա նախընտրեց դիպչել այդ մարդուն (Մատթէոս 15։21–28; Մարկոս 10։51, 52; Ղուկաս 7։1–10)։ Քանի որ նա «բորոտութիւնով լիք[ն էր]», ուստի կարելի է պատկերացնել, թե որքան երկար ժամանակ է, որ նրան ոչ ոք չէր դիպչել։ Որքա՜ն մխիթարական պետք է որ եղած լիներ այդ մարդու համար մեկ անգամ ևս զգալ ինչ–որ մեկի հպումը։ Նա պարզապես ուզում էր բուժվել բորոտությունից։ Բայց Հիսուսի բուժելու ձևը, անկասկած, օգնեց նրան վերականգնել նաև մեկ այլ բան՝ արժանապատվության զգացումը։ Իսկ արժե՞ հավատալ, որ արժանապատվության հանդեպ նման մոտեցում կարող է գոյություն ունենալ ներկայիս հասարակության մեջ։ Եթե այո, ապա ինչպե՞ս այն պահպանել։
Կանոն, որ արժանապատվության զգացում է առաջացնում
Հիսուսը մի պատվեր տվեց, որը համարվում է ամենահայտնի կանոնը մարդկային փոխհարաբերությունների վերաբերյալ. «Ամեն ինչ որ կամենում էք՝ թէ ձեզ անեն մարդիկ, այնպէս էլ դուք արէք նորանց» (Մատթէոս 7։12)։ Այս կանոնը, որը հաճախ կոչվում է Ոսկե կանոն, մղում է անհատին հարգել դիմացինին՝ ակնկալելով, որ նույն վերաբերմունքը կդրսևորվի նաև իր հանդեպ։
Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ այս կանոնը ի ծնե դրված չէ մարդու մեջ. հաճախ մարդիկ հակառակ ձևով են վարվում։ «Ես հաճույք էի ստանում ուրիշներին նվաստացնելուց,— ասում է Հարոլդը։— Ընդամենը մի քանի բառով կարողանում էի մարդկանց անհարմար վիճակի մեջ գցել, շփոթեցնել, նույնիսկ ստիպել նրանց արտասվել»։ Սակայն ինչ–որ բան Հարոլդին մղեց փոխել իր վարվելակերպը ուրիշների հանդեպ։ «Մի քանի Եհովայի վկաներ սկսեցին այցելել ինձ։ Ես ամաչում եմ, երբ հիշում եմ, թե ինչեր եմ ասել և ինչպես եմ վարվել այդ Վկաների հետ։ Այնուհանդերձ, նրանք երբեք չէին հանձնվում, և կամաց–կամաց աստվածաշնչյան ճշմարտությունը հասավ իմ սրտին ու մղեց ինձ փոփոխություններ կատարել»։ Այսօր Հարոլդը քրիստոնեական ժողովում ծառայում է որպես երեց։
Հարոլդի օրինակը փաստում է, որ «Աստուծոյ խօսքը կենդանի է եւ զօրաւոր եւ ամեն երկսայրի սուրից աւելի կտրուկ է, եւ թափանցում է մինչեւ շունչի եւ ոգու եւ յօդուածների եւ ծուծի բաժանուիլը. եւ քննող է սրտի մտքերը եւ խորհուրդները» (Եբրայեցիս 4։12)։ Աստծու Խոսքը զորություն ունի հասնելու անհատի սրտին և փոխելու նրա մտածելակերպն ու վարվելակերպը։ Ուրիշների հետ արժանապատվորեն վարվելու բանալին սրտաբուխ ցանկությունն է օգնելու և ոչ թե վիրավորելու, պատվելու և ոչ թե նվաստացնելու (Գործք 20։35; Հռովմայեցիս 12։10)։
Բարձր արժանապատվությունը վերականգնված
Հենց այդ նույն ցանկությունն է, որ մղում է Եհովայի վկաներին պատմել մարդկանց Աստվածաշնչի հրաշալի հույսի մասին (Գործք 5։42)։ Ուրիշ ավելի լավ կերպ չկա հարգանք և արժանապատվություն դրսևորելու դիմացինի հանդեպ, քան նրան «բարիք աւետ[ելը]» (Եսայիա 52։7)։ Այստեղ գործածված «բարիք» բառը ընդգրկում է «նոր մարդը», կամ՝ նոր անձնավորությունը հագնելը, որը պետք է սպանի ուրիշներին նվաստացնելու իր «չար ցանկութիւնը» (Կողոսացիս 3։5–10)։ Այն նաև նշանակում է, որ Եհովայի նպատակը, որն է՝ վերացնել այն իրավիճակն ու վերաբերմունքը, որը մարդուն զրկում է արժանապատվությունից, ինչպես նաև ոչնչացնել այդ խնդիրը առաջ բերողին՝ Բանսարկու Սատանային, շուտով կիրականանա (Դանիէլ 2։44; Մատթէոս 6։9, 10; Յայտնութիւն 20։1, 2, 10)։ Միայն այդ ժամանակ, երբ երկիրը «լիքն է լինելու Տիրոջ գիտութիւնովը», ի վերջո բոլորի արժանապատվությունը կվերականգնվի (Եսայիա 11։9)։
Մենք հրավիրում ենք ձեզ ավելին իմանալ այս հրաշալի հույսի մասին։ Եհովայի վկաների օգնությամբ դուք կհասկանաք, որ Աստվածաշնչի սկզբունքները կիրառելը օգնում է արժանապատվորեն վերաբերվել ուրիշներին։ Դուք նաև կիմանաք, թե ինչպես է Աստծու Թագավորությունը շուտով «մի նոր աշխարհ, ավելի լավ աշխարհ» բերելու, որտեղ «մարդու արժանապատվությունը հավիտյան հարգված կլինի», և այն երբեք չի ոտնահարվի։
[շրջանակ/նկար 6-րդ էջի վրա]
Անարատության շնորհիվ նրանք պահպանեցին իրենց արժանապատվության զգացումը
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ավելի քան 2 000 Եհովայի վկաներ իրենց կրոնական համոզմունքների պատճառով ուղարկվեցին նացիստական համակենտրոնացման ճամբարներ։ Նախկին բանտարկյալ Գեմմա լա Գարդիա Գլյուքը, խոսելով այն մասին, թե ինչպես են նրանք պահել իրենց անարատությունը, իր՝ «Իմ պատմությունը» գրքում գրում է. «Մի պահ գեստապոն հայտարարեց, որ ցանկացած Աստվածաշունչ ուսումնասիրող, եթե հրաժարվեր իր կրոնական համոզմունքներից և ստորագրություն տար դա հաստատելու համար, ազատ կարձակվեր և այլևս չէր հետապնդվի»։ Նրանց մասին, ովքեր հրաժարվեցին ստորագրել այդ փաստաթուղթը, Գլյուքը գրում է. «Նրանք նախընտրեցին շարունակել տառապել՝ համբերատարությամբ սպասելով ազատագրման օրվան»։ Ինչո՞ւ նրանք այդպիսի դիրք բռնեցին։ 80–ամյա Մագդալենան, որի մասին նշվեց նախորդ հոդվածում, բացատրում է. «Եհովային հավատարիմ մնալը ավելի կարևոր էր, քան ցանկացած գնով կենդանի մնալը։ Մեր արժանապատվությունը պահել նշանակում էր պահել մեր անարատությունը»։a
[ծանոթագրություն]
a Կուսերովների ընտանիքի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ձեռք բերելու համար տե՛ս 1985 թ. սեպտեմբերի 1–ի «Դիտարանը» (էջ 10–15, անգլ.)։
[նկար 5-րդ էջի վրա]
Հիսուսը արժանապատվությամբ էր վերաբերվում նրանց, ում բուժում էր
[նկար 7-րդ էջի վրա]
Եհովայի վկաները արժանապատվորեն են վերաբերվում ուրիշներին՝ «բարիք աւետ[ելով]»