Արժանապատվություն. իրավունք, որը հաճախ ոտնահարվում է
«Ճամբարում յուրաքանչյուր մանրուք ավելի ու ավելի էր քեզ նվաստացնում և զրկում արժանապատվության զգացումից» (ՄԱԳԴԱԼԵՆԱ ԿՈՒՍԵՐՈՎ ՌՈՒԹԵՐ. ՎԵՐԱՊՐԵԼ Է ՆԱՑԻՍՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՃԱՄԲԱՐԻՑ)։
ՈՐՔԱՆ էլ որ սարսափելի էին Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նացիստական համակենտրոնացման ճամբարներում տեղի ունեցող չարագործությունները, դրանք ոչ առաջինն էին, ոչ վերջինը, որ ոտնահարեցին մարդկային արժանապատվությունը։ Քննելով թե՛ անցյալը և թե՛ ներկան՝ գալիս ենք մի եզրակացության. «նվաստացումն ու արժանապատվության զգացումից զրկելը» գոյություն ունեն երկար ժամանակ, և շատերն են տառապել դրանից։
Մարդկային արժանապատվության ոտնահարումը, սակայն, չի սահմանափակվում բարբարոսական գործողություններով, որոնք բիծ են բերել մարդկության պատմության վրա։ Այդ ոտնահարումը հաճախ իր դեմքը ցույց է տալիս թաքնված ձևով։ Օրինակ՝ մտածիր այն երեխայի մասին, որին ծաղրում են իր արտաքին թերությունների համար։ Կամ փախստականի մասին, որը ծաղրանքի է ենթարկվում իր «տարօրինակ» սովորությունների համար։ Նաև մտածիր այն անհատի մասին, որը իր մաշկի գույնի կամ ազգային պատկանելության պատճառով արժանանում է խտրականության։ Ծաղրողներին գուցե թվա, թե դրանք ընդամենը կատակներ են, սակայն այն ցավն ու նվաստացումը, որ զգում են վերոհիշյալ մարդիկ, ամենևին էլ ծիծաղելի չէ (Առակաց 26։18, 19)։
Ի՞նչ է մարդկային արժանապատվությունը
Մի բառարանում «արժանապատվություն» բառի վերաբերյալ հետևյալ սահմանումն է տրվում. «պատվի ճանաչում, պատվարժանություն, պատիվ, արժանիք»։ Ուստի մարդկային արժանապատվությունը ներառում է և՛ այն, թե ինչպես ենք մենք ինքներս մեզ դիտում, և՛ այն, թե ինչպես են ուրիշները վարվում մեզ հետ։ Թեև տարբեր գործոններ են ազդում ուրիշների հանդեպ մեր ունեցած զգացմունքների վրա, սակայն այն, թե ինչպես են ուրիշները դիտում մեզ կամ վարվում մեզ հետ, առօրյա կյանքում մեծ դեր է խաղում մեր արժանապատվության զգացումի վրա։
Յուրաքանչյուր հասարակության մաս են կազմում աղքատ, անպաշտպան և խոցելի մարդիկ։ Բայց դա չի զրկում անհատին արժանապատվությունից։ Ուրիշների վերաբերմունքն ու արձագանքն է, որ ոտնահարում է անհատի արժանապատվությունը։ Դառը իրականությունն այն է, որ հիմնականում ոտնահարվում և անտեսվում են այդպիսի դժբախտ պայմաններում գտնվող մարդկանց իրավունքներն ու արժանապատվությունը։ Որքան հաճախ ենք լսում տարեց, աղքատ կամ մտային և ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անհատների հասցեին ուղղված այսպիսի խոսքեր՝ «անարժան», «անպետք» և «զզվելի»։
Ինչո՞ւ են մարդիկ նվաստացնում իրար։ Արժանապատվություն ունենալու մարդու իրավունքը երբևէ կհարգվի՞։ Հաջորդ հոդվածում կգտնեք Աստծու Խոսքի՝ Աստվածաշնչի վրա հիմնված գոհացուցիչ պատասխաններ։