Ինչո՞ւ շատերը չեն հավատում, որ կրոնը կարող է միավորել մարդկանց
«ՍԻՐԻՐ քո ընկերին» (Մատթէոս 22։39)։ Այս սկզբունքը ողջունում են շատ կրոններ։ Բայց եթե այդ կրոններին հաջողվեր սովորեցնել մարդկանց սիրել մերձավորին, դա կնպաստեր նրանց անդամների միաբանությանը։ Արդյոք այդպիսի՞ պատկեր եք տեսնում։ Արդյոք կրոնները միասնությա՞ն աղբյուր են։ Վերջերս՝ Գերմանիայում անցկացված մի հետազոտության ժամանակ, մարդկանց այսպիսի հարց ուղղեցին. «Կրոնները միավորո՞ւմ են, թե՞ ավելի շուտ պառակտում»։ Հարցվածների 22 տոկոսն այն կարծիքին էր, որ կրոնները միավորում են մարդկանց, իսկ 52 տոկոսը գտնում էր, որ դրանք պառակտում են։ Հնարավոր է, որ ձեր երկրում ապրող մարդիկ, ընդհանուր առմամբ, նույն տեսակետն ունենան։
Ինչո՞ւ շատերն այնքան էլ համոզված չեն, որ կրոնը կարող է միավորել մարդկանց։ Պատճառը թերևս այն փաստերն են, որ նրանց հայտնի են պատմությունից։ Մարդկանց միավորելու փոխարեն՝ կրոնը հաճախ պառակտել է նրանց։ Որոշ դեպքերում կրոնն է եղել այն քողը, որի տակ իրականացվել են ամենասարսափելի արյունահեղությունները։ Ահա մի քանի օրինակ ընդամենը վերջին 100 տարվա պատմությունից։
Կրոնի ազդեցության տակ
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բալկաններում ապրող ուղղափառ սերբերն ու կաթոլիկ հորվաթները հոշոտում էին իրար։ Երկու կողմերն էլ պնդում էին, թե հետևում են Հիսուսին, որն իր հետևորդներին ուսուցանել է սիրել մերձավորին։ Մինչդեռ, ինչպես նշում է մի պատմաբան, նրանց այդ հակամարտությունը հանգեցրեց «պատմության մեջ հայտնի ամենասարսափելի ջարդերից մեկին»։ Աշխարհը ցնցվեց՝ լսելով ավելի քան 500 000 տղամարդկանց, կանանց ու երեխաների մահվան լուրը։
1947 թ.–ին Հնդկաստանի բնակչությունը հասնում էր մոտավորապես 400 միլիոնի (մարդկության գրեթե հինգերորդ մասը) և հիմնականում բաղկացած էր հնդուականներից, մահմեդականներից ու սիկհերից։ Հնդկաստանի մասնատումից հետո ծնվեց Պակիստանի իսլամական հանրապետությունը։ Այդ ընթացքում երկու երկրներից գաղթող հարյուր հազարավոր փախստականների այրեցին, ծեծեցին, տանջանքների ենթարկեցին ու գնդակահարեցին կրոնական հողի վրա տեղի ունեցած մի շարք կոտորածների ժամանակ։
Բոլոր այս դեպքերն ասես բավական չէին, 21–րդ դարն իր հետ բերեց ահաբեկչության սպառնալիքը։ Մեր օրերում այն տագնապի մեջ է պահում ողջ աշխարհը, և ահաբեկչական շատ խմբավորումներ պնդում են, որ կապ ունեն կրոնական որևէ ուղղության հետ։ Կրոնը չի դիտվում իբրև միաբանությանը նպաստող գործոն։ Փոխարենը՝ մարդկանց մտքում այն հաճախ առնչվում է բռնության ու պառակտման հետ։ Ուստի զարմանալի չէ, որ գերմանական «Ֆոկուս» հանդեսում աշխարհի հիմնական կրոնները՝ բուդդայականությունը, դաոսականությունը, իսլամը, կոնֆուցիականությունը, հնդուականությունը, հուդայականությունն ու քրիստոնեությունը համեմատվում են պայթուցիկ նյութի հետ։
Ներքին վիճաբանություններ
Մինչ որոշ կրոններ պատերազմում են իրար դեմ, մյուսները ներքին վիճաբանություններ ունեն։ Օրինակ՝ վերջին տարիներին քրիստոնեական աշխարհի եկեղեցիները պառակտվել են ուսմունքային անվերջանալի վեճերի պատճառով։ Թե՛ հոգևոր, թե՛ աշխարհիկ դասի ներկայացուցիչները հետևյալ հարցերն են տալիս. կարելի՞ է վերահսկել ծնելիությունը, արհեստական վիժումը թույլատրելի՞ է, ճիշտ կլինի՞ կանանց քահանա կարգել, եկեղեցին ինչպե՞ս պետք է վերաբերվի համասեռամոլությանը, արդյո՞ք եկեղեցին պետք է աջակցի պատերազմներին։ Այս պառակտումը տեսնելով՝ շատերը մտածում են. «Ինչպե՞ս կարող է կրոնը միավորել մարդկությանը, եթե այն ի վիճակի չէ միավորել նույնիսկ իր անդամներին»։
Պարզ է, որ կրոնը հիմնականում չի կարողացել միասնության աղբյուր դառնալ մարդկանց համար։ Բայց արդյոք բոլո՞ր կրոններն են պառակտված։ Գոյություն ունի՞ այնպիսի կրոն, որը տարբերվում է մնացածներից և կարող է միավորել մարդկանց։
[նկար 3–րդ էջի վրա]
Վիրավոր ոստիկաններ՝ 1947 թ.–ին Հնդկաստանում կրոնական խմբավորումների բախման ժամանակ
[թույլտվությամբ]
Photo by Keystone/Getty Images