Ապահով զգալ այսօր, ապահով լինել հավիտյան
ԻՆՉՈ՞Ւ է սովորաբար դժվարությամբ ձեռք բերվում ապահովվածությունը, և եթե նույնիսկ ձեռք է բերվում, ապա ժամանակավորապես։ Հնարավո՞ր է արդյոք, որ ապահովվածության մեր զգացումը հիմնված լինի երևակայության վրա՝ մի բանի, ինչ կարծում ենք, թե ձեռք կբերենք, և ոչ թե՝ ինչ կարող ենք ձեռք բերել։ Եթե այդպես է, ապա կարելի է ասել, որ ապրում ենք երազանքների աշխարհում։
Երևակայությունը կարող է կտրել մարդուն իրականությունից՝ իր անապահով վիճակով, և տանել գեղեցիկ, ապահով պայմաններով մի աշխարհ՝ մղելով անտեսել այն ամենը, ինչ կարող է խոչընդոտել երազանքներին։ Հաճախ, սակայն, իրական աշխարհի խնդիրները հանկարծակի ներխուժում են երազանքների աշխարհ և անողորմաբար ոչնչացնում ապավհովվածության զգացումը՝ սթափեցնելով երազող անհատին և վերադարձնելով դեպի իրականություն։
Եկեք քննենք մեկն այն ասպարեզներից, որոնցում մարդիկ ապահովվածություն են փնտրում՝ աշխարհագրական դիրքը։ Մեծ քաղաքը կարող է խոստումնալից թվալ՝ հաճելի ժամանց, բարձր աշխատավարձ և առաջնակարգ կացարան ունենալու մասին պատրանքներ առաջացնելով։ Այո՛, կարող է թվալ, թե այնտեղ հնարավոր է գտնել երկար սպասված ապահովվածությունը։ Սակայն, այդ պատկերացումները համապատասխանո՞ւմ են արդյոք իրականությանը։
Աշխարհագրական դիրք. մեծ քաղա՞ք, թե՞ մեծ երազանքներ
Զարգացող երկրներում մեծ քաղաքը դեպի իրեն է ձգում՝ շնորհիվ գովազդների, որոնք կարող են բուռն երևակայություն զարգացնել։ Սակայն նման գովազդների ետևում կանգնած կազմակերպություններին միշտ չէ, որ հետաքրքրում է քո ապահովվածությունը։ Ընդհակառակը՝ նրանց ավելի շուտ հետաքրքրում է իրենց առևտուրը։ Չներկայացնելով այն խնդիրները, որ իրականում գոյություն ունեն՝ նրանք ցույց են տալիս ապահով կյանք պատկերող հաջող տեսարաններ։ Դրա հետևանքով՝ մարդիկ սկսում են ապահովվածությունը կապել մեծ քաղաքի և գովազդված ապրանքի հետ։
Քննենք հետևյալ օրինակը. Արևմտյան Աֆրիկայի քաղաքներից մեկում պետական մարմինների նախաձեռնությամբ կանգնեցվեցին ցուցատախտակներ, որոնցում վառ կերպով ցույց էր տրվում, որ ծխելը ըստ էության նույնն է, ինչ քամու բերանը տալ դժվարությամբ վաստակած փողը։ Դա քաղաքացիներին ծխելու վտանգների մասին նախազգուշացնելու համար տարվող քարոզարշավի ձևերից մեկն էր։ Ի պատասխան դրա՝ ծխախոտի արտադրությամբ ու վաճառքով զբաղվողները ճարպկորեն ձևավորված ցուցատախտակներ կանգնեցրեցին՝ ծխող մարդկանց գրավիչ պատկերներով՝ երջանկության և հաջողության մեջ։ Բացի այդ, ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերություններից մեկը, իր աշխատողներից մի քանիսին բեյսբոլի նորաձև համազգեստներ և կեպիներ հագցնելով, պատվիրել էր փողոցում սիգարետ բաժանել երիտասարդներին՝ նրանցից յուրաքանչյուրին խրախուսելով «փորձել այն»։ Երիտասարդներից շատերը եկել էին գյուղերից ու ծանոթ չլինելով գովազդման այդ խորամանկ մեթոդներին՝ մոլորության մեջ էին ընկել և ընդունել նրանց առաջարկը՝ հետագայում դառնալով մոլի ծխողներ։ Այդ երիտասարդները մեծ քաղաք էին եկել ֆինանսական ապահովություն ձեռք բերելու կամ իրենց ընտանիքներին օգնելու համար։ Փոխարենը՝ նրանք քամու բերանն էին տալիս այն փողերը, որ կարող էին ծախսել ավելի լավ նպատակներով։
Սակայն միշտ չէ, որ առևտրականներն են տարածում այն լուրը, թե մեծ քաղաքում երջանիկ կյանքով ապրելու լայն հնարավորություններ կան։ Դա կարող է արվել նաև այն մարդկանց կողմից, ովքեր մեծ քաղաք տեղափոխվելով՝ այժմ վախենում են վերադառնալ իրենց հայրենի գյուղը։ Չցանկանալով ձախորդ մարդու հեղինակություն ձեռք բերել՝ նրանք պարծենում են քաղաքում իրենց ունեցած հաջողություններով և հարստությամբ։ Բայց եթե փորձենք մոտիկից ուսումնասիրել նրանց սոցիալական վիճակը, կտեսնենք, որ այդ մարդիկ այժմ ավելի լավ պայմաններում չեն, քան գյուղում ապրած ժամանակ. մյուս քաղաքաբնակների նման՝ նրանք հազիվ ծայրը ծայրին են հասցնում։
Ապահովվածություն փնտրող անհատները անազնվության զոհ են դառնում հատկապես մեծ քաղաքներում։ Ինչո՞ւ։ Հիմնականում այն պատճառով, որ մտերիմ ընկերներ գտնելու ժամանակ չունենալով, ինչպես նաև իրենց ընտանիքների անդամներից հեռու լինելով՝ նրանք չեն ունենում խորհրդատուներ, որոնք կօգնեին խուսափել քաղաքային կյանքի նյութապաշտական ապրելակերպի ծուղակներից։
Ժոզյեն չընկավ ծխախոտամոլության թակարդը։ Բացի այդ, նա եկավ այն եզրակացության, որ իր ուժերից վեր է գլուխ հանել քաղաքի ներկայացրած պահանջներից։ Միակ բանը, որ քաղաքը իսկապես առաջարկել էր նրան, մեծ և չիրականացած երազանքներն էին։ Ժոզյեն հասկացավ, որ քաղաքում չի գտել իսկական ապահովվածություն. ուղղակի, նա քաղաքի մարդ չէր։ Դատարկության, թերարժեքության և անկարողության զգացումներով համակված՝ նա ի վերջո կոտրեց իր հպարտությունը և վերադարձավ գյուղ։
Թեև վախենում էր, որ ծաղրանքի առարկա կդառնա, այնուամենայնիվ իր ընտանիքի անդամներն ու իսկական ընկերները գրկաբաց ընդունեցին նրան։ Շնորհիվ ընտանիքում, ծանոթ գյուղացիների շրջանում, ինչպես նաև քրիստոնեական ժողովում իր հանդեպ ցուցաբերված ջերմության և սիրո՝ կարճ ժամանակ անց Ժոզյեն իրեն շատ ավելի ապահով զգաց, քան մեծ քաղաքում, որտեղ շատերի երազանքներն են վերածվում մղձավանջի։ Ի զարմանս իրեն՝ հոր հետ դաշտերում քրտինք թափելով նա ավելի շատ գումար վաստակեց, քան այն, որ կարող էր ունենալ մեծ քաղաքում բոլոր ծախսերը հոգալուց հետո, իսկ իր ընտանիքը ավելի մեծ եկամուտ ստացավ։
Փող. ո՞րն է խնդիրը
Իսկ փողը կօգնի՞, որ քեզ ապահովված զգաս։ Ահա թե ինչ է ասում Լիզան, որ Կանադայից է. «Երբ երիտասարդ էի, կարծում էի, թե փողը կարող է մարդուն հոգսերից ազատել»։ Սիրահարվելով մի հարուստ մարդու՝ Լիզան կարճ ժամանակ անց ամուսնացավ նրա հետ։ Արդյո՞ք դրանից հետո նա իրեն ապահով զգաց։ Լիզան պատմում է. «Երբ ամուսնացա, մենք գեղեցիկ տուն ունեինք և երկու մեքենա, իսկ մեր ֆինանսական հնարավորությունները թույլ էին տալիս օգտվել գրեթե ամեն տեսակի նյութական բարիքներից ու զվարճություններից, ինչպես նաև՝ ճանապարհորդել։ Զարմանալի է, բայց ես, միևնույն է, շարունակում էի անհանգստանալ մեր ֆինանսական վիճակի մասին»։ Նա բացատրում է, թե ինչու. «Մենք կորցնելու շատ բան ունեինք։ Թվում է՝ որքան շատ ունես, այնքան քեզ ավելի անապահով ես զգում։ Փողը չազատեց ինձ հոգսից և անհանգստությունից»։
Եթե քո կարծիքով այնքան փող չունես, որ ապահով զգաս, հարցրու ինքդ քեզ. «Ո՞րն է խնդիրը. իսկապես փող չունենա՞լը, թե՞ այն իմաստությամբ չտնօրինելը»։ Իր անցյալի մասին խորհրդածելով՝ Լիզան ասում է. «Այժմ հասկանում եմ, որ երբ երեխա էի, մեր ընտանիքում ծագող խնդիրների պատճառը փողը սխալ ձևով տնօրինելն էր։ Մենք պարտքով գնումներ էինք կատարում, և որպես հետևանք՝ պարտքերից աչք չէինք կարողանում բանալ։ Իսկ դա անհանգստություն էր պատճառում»։
Այսօր, սակայն, Լիզան ու իր ամուսինը շատ ավելի ապահով են զգում իրենց, թեև առաջվա պես հարուստ չեն։ Աստվածաշնչից սովորելով ճշմարտությունը՝ նրանք դադարեցին առաջնորդվել նյութապաշտական ձգտումներով և սկսեցին հետևել աստվածային իմաստությանը, որի մասին գրված է. «Բայց ինձ լսողը ապահով կ’բնակուի, եւ հանդարտ կ’լինի չարիքի վախիցը» (Առակաց 1։33)։ Նրանք ցանկացան, որ իրենց կյանքը ավելի մեծ իմաստ ունենա, քան այն, որ կարող է տալ բանկային հաշիվը։ Այժմ մի հեռավոր երկրում ծառայելով որպես միսիոներներ՝ Լիզան ու իր ամուսինը ինչպես հարուստներին, այնպես էլ աղքատներին պատմում են այն իսկական ապահովվածության մասին, որ Եհովա Աստված շուտով բերելու է երկրի վրա։ Այս գործունեությունը նրանց բավարարվածության ու ներքին հանգստության զգացում է պատճառում, և դա հետևանք է ոչ թե ֆինանսական ձեռքբերումների, այլ ավելի գերազանց նպատակի և ավելի բարձր արժեքների։
Հիշիր հետևյալ կարևոր ճշմարտությունը. Աստծով հարստանալը շատ ավելի մեծ արժեք ունի, քան նյութական հարստությունը։ Ամբողջ Աստվածաշնչում շեշտվում է այն միտքը, որ հարկավոր է ձգտել ոչ թե նյութական հարստության, այլ Եհովայի մոտ լավ անուն ձեռք բերելուն։ Իսկ դրան կարող ենք հասնել, եթե հավատ ցուցաբերելով՝ ձգտենք միշտ կատարել Աստծո կամքը։ Հիսուս Քրիստոսը հորդորել է մեզ ‘Աստծով հարստանալ’ և ‘երկնքում գանձեր’ հավաքել (Ղուկաս 12։21, 33)։
Հասարակական դիրքը. ինչի՞ն ես ձգտում
Եթե հակված ես մտածելու, թե դեպի ապահովվածություն տանող ճանապարհը հասարակության մեջ բարձր դիրքի հասնելն է, ապա հարցրու ինքդ քեզ. «Հասարակության մեջ բարձր դիրք զբաղեցնող մարդկանցից ո՞վ է իսկական ապահովության հասել։ Ի՞նչ դիրքի պիտի հասնեմ ես՝ ապահովություն ձեռք բերելու համար»։ Հաջող կարիերան կարող է թվացյալ ապահովվածության բերել՝ առաջնորդելով հուսախաբության կամ, որ ավելի վատ է, ցավալի անկման։
Փորձը ցույց է տալիս, որ շատ ավելի ապահովված կլինենք՝ լավ անուն ունենալով Աստծո մոտ և ոչ թե մարդկանց։ Միայն Եհովան կարող է մարդկանց հավիտենական կյանք պարգևել. մեր անունը կգրվի ոչ թե պատմական գրքերում, այլ ‘կյանքի գրքում’ (Ելից 32։32; Յայտնություն 3։5)։
Եթե փորձես վարդագույն ակնոցով չնայել քո ներկա իրավիճակին, ինչպե՞ս կգնահատես այն. ի՞նչ սպասելիքներ ունես ապագայից։ Չկա մի մարդ, որ ունենա ամեն ինչ։ Մի իմաստուն քրիստոնյա արտահայտվել է այս կերպ. «Ես ստիպված եմ եղել սովորել, որ կյանքում երբեք չի լինում «սա ԵՎ սա», այլ՝ «սա ԿԱՄ սա»»։ Մի պահ կանգ առ և կարդա «Պատմել են Բենինում» շրջանակը։
Իսկ այժմ փորձիր պատասխանել հետևյալ հարցերին. «Ո՞րն է իմ կյանքի գլխավոր նպատակը։ Ո՞րն է դրան հասնելու ամենակարճ ճանապարհը։ Գուցե երկար և զարտուղի ճանապարհով եմ գնում, և գուցե այն, ինչին ես իրականում ձգտում եմ ու իսկապես կարող եմ հասնել, հասանելի լինի ավելի կարճ ճանապարհով»։
Խոսելով այն մասին, որ հոգևոր բաները ավելի արժեքավոր են, քան նյութական բարիքները՝ Հիսուսը խորհուրդ տվեց աչքը «պարզ» պահել (Մատթէոս 6։22)։ Նա հստակորեն ցույց տվեց, որ կյանքում ամենագլխավորը Աստծո անվան ու նրա Թագավորության շուրջ կենտրոնացած հոգևոր արժեքներն ու նպատակներն են (Մատթէոս 6։9, 10)։ Իսկ մնացած բաները այդքան կարևոր չեն, այսինքն՝ դրանց վրա ավելի քիչ ուշադրություն պետք է դարձնենք։
Շատ լուսանկարչական ապարատներ այսօր կարող են ավտոմատ կերպով ֆոկուսացվել թե՛ հեռվում և թե՛ մոտակայքում գտնվող առարկաների վրա։ Արդյոք դրանց նման լինելու հակվածություն չունե՞ս։ Կամ արդյոք ուշադրությունդ չե՞ս կենտրոնացնում գրեթե ամեն ինչի վրա՝ և՛ կարևոր բաների, և՛ ցանկալի, և՛ որոշ չափով հասանելի թվացող։ Եթե անգամ ինչ–որ չափով այդպես է, ապա ուշադրությունդ գրավող տարբեր նպատակները հեշտությամբ կարող են շեղել քեզ այն նպատակից, որ կարևոր է քրիստոնյայի համար՝ Թագավորությունից։ Հիսուսը հորդոր տվեց մեզ. «Նախ խնդրեցէ՛ք Աստծու արքայութիւնը եւ նրա արդարութիւնը, եւ այդ բոլորը Աստուած ձեզ աւելիով կը տայ» (Մատթէոս 6։33)։
Ապահով՝ այսօր և հավիտյան
Իհարկե, կարող ենք լավ բաներ ցանկանալ ինչպես մեր, այնպես էլ նրանց համար, ում սիրում ենք։ Սակայն քանի որ անկատար ենք, ապրում ենք անկատար աշխարհում, իսկ մեր կյանքի տևողությունը կարճ է, ստիպված ենք սահմանափակել այն ձգտումները, որոնց իսկապես հույս ունենք հասնելու։ Աստվածաշնչի գրողներից մեկը հազարավոր տարիներ առաջ ասել է. «Դարձեալ տեսայ արեգակի տակին որ ընթացքը վազողներինը չէ. եւ ոչ էլ պատերազմը՝ քաջերինը, եւ ոչ էլ հացը՝ իմաստուններինը, եւ ոչ էլ հարստութիւնը՝ հասկացողներինը, եւ ոչ էլ շնորհքը՝ գիտուններինը. որովհետեւ ժամանակ եւ դիպուած է պատահում ամենքին» (Ժողովող 9։11)։
Երբեմն այնքան ենք տարվում առօրյա ձանձրալի հոգսերով, որ մոռանում ենք մտածել ավելի կարևոր բաների մասին՝ թե ով ենք մենք և իրականում ինչի կարիք ունենք մեզ իսկապես ապահով զգալու համար։ Եկեք քննենք հետևյալ իմաստուն խոսքերը. «Արծաթ սիրողը արծաթից չի կշտանալ, եւ ոչ էլ հարստութիւն սիրողը՝ եկամուտից. սա էլ է ունայն։ Քաղցր է գործաւորի քունը թէ քիչ ուտէ նա, թէկուզ շատ, բայց հարուստի կուշտութիւնը [«առատութիւնը», Արևմտ. Աստ., տող. ծան.] նորան թող չի տալ որ հանգիստ քնէ» (Ժողովող 5։10, 12)։ Իրոք, որտե՞ղ կարող ես ապահովվածություն գտնել։
Եթե Ժոզյեի նման՝ դու ևս տարված ես անիրական երազանքներով, կարո՞ղ ես փոխել մտադրություններդ։ Նրանք, ովքեր իսկապես սիրում են քեզ, օգնություն ցույց կտան ճիշտ այնպես, ինչպես Ժոզյեի ընտանիքի անդամներն ու քրիստոնյա ընկերները։ Համեստ միջավայրում, քեզ սիրող մարդկանց շրջապատում դու ավելի ապահովված կլինես, քան քաղաքում, որտեղ շատ են այն մարդիկ, ովքեր կցանկանային օգտագործել քեզ իրենց շահադիտական նպատակներով։
Եթե արդեն հարուստ ես, ինչպես մի ժամանակ՝ Լիզան ու նրա ամուսինը, կարո՞ղ ես արդյոք կյանքդ այնպես դասավորել, որ ավելի շատ ժամանակ և ուժ տրամադրես մարդկանց օգնելու գործին՝ թե՛ հարուստներին և թե՛ աղքատներին պատմելով Թագավորության մասին, որն իսկական ապահովվածություն կբերի։
Եթե փորձում ես հասարակության մեջ բարձր դիրքի հասնել, կարող ես անկեղծորեն քննել քո մղումները։ Ինչ խոսք, ավելի հաճելի է ապրել հարմարավետ պայմաններում։ Սակայն նման նպատակներ հետապնդելով՝ կարո՞ղ ես արդյոք շարունակել փնտրել Թագավորությունը՝ այն իսկական միջոցը, որը հարատև ապահովվածություն կբերի։ Հիշիր Հիսուսի խոսքերը. «Երանելի՜ է մանաւանդ տալը, քան առնելը» (Գործք 20։35)։ Եթե քրիստոնեական գործունեության տարբեր ոլորտներում քո մասնակցությունն ունենաս, կպարգևատրվես իսկական ապահովվածությամբ։
Նրանք, ովքեր ամբողջովին վստահում են Եհովային և իր Թագավորությանը, հիմա արդեն իրենց ապահով են զգում և սպասում են այն օրվան, երբ ամբողջովին ապահովված կլինեն։ Սաղմոսերգուն ասել է. «Ես Տիրոջը դրի իմ առաջին ամեն ժամանակ. որովհետեւ նա իմ աջ կողմն է. ես չեմ սասանիլ։ Սորա համար իմ սիրտն ուրախ է, եւ իմ փառքը ցնծում է. եւ մարմինս էլ յուսով կ’բնակուի» (Սաղմոս 16։8, 9)։
[շրջանակ/նկար 6–րդ էջի վրա]
Պատմել են Բենինում
Այս պատմությունը բազում տարբերակներով պատմվել է շատ ու շատ անգամ։ Վերջերս Բենինում (Արևմտյան Աֆրիկա) ապրող մի տարեց գյուղացի մի քանի երիտասարդների պատմեց հետևյալ տարբերակը.
«Մի ձկնորս իր պիրոգայով տուն վերադառնալիս հանդիպում է բիզնեսի բնագավառում մի օտարերկրացի էքսպերտի, որը ծառայում էր այդ զարգացող երկրում։ Էքսպերտը հարցնում է ձկնորսին, թե ինչու է նա այդքան շուտ վերադառնում տուն։ Վերջինս պատասխանում է, որ կարող էր ավելի երկար մնալ ծովում, սակայն արդեն բավականաչափ ձուկ է որսացել իր ընտանիքի կարիքները հոգալու համար։ Այդ ժամանակ էքսպերտը հարցնում է.
— Իսկ ընդհանրապես ինչպե՞ս ես տնօրինում ժամանակդ։
— Մի քիչ ձուկ եմ որսում, խաղում եմ երեխաներիս հետ, ճաշից հետո, երբ շոգ է, բոլորս հանգստանում ենք, երեկոյան միասին ընթրում։ Իսկ ավելի ուշ ընկերներով հավաքվում ենք երաժշտություն լսելու...
Նրան ընդհատելով՝ էքսպերտն ասում է.
— Ես համալսարանական կրթություն ունեմ և զբաղվել եմ նման հարցերի ուսումնասիրությամբ։ Ես ցանկանում եմ քեզ օգնել։ Դու պիտի ավելի շատ ժամանակ տրամադրես ձկնորսությանը։ Այդ դեպքում ավելի շատ գումար կվաստակես և կկարողանաս գնել այս պիրոգայից ավելի մեծ նավ։ Իսկ ավելի մեծ նավով դու է՛լ ավելի շատ փող կվաստակես և կարճ ժամանակ անց կկարողանաս տրալերների մի ամբողջ նավատորմ ձեռք բերել։
— Հետո՞,— հարցնում է ձկնորսը։
— Հետո, միջնորդներին ձուկ վաճառելու փոխարեն, դու կկարողանաս անմիջապես գործարանի հետ գործարքի մեջ մտնել, գուցե նույնիսկ՝ բացել քո սեփական ձկնավերամշակման գործարանը։ Դու կկարողանաս քո գյուղից տեղափոխվել Կոտոնու, Փարիզ կամ Նյու Յորք և բոլոր գործերդ վարել այնտեղից։ Նույնիսկ կկարողանաս արժեթղթի շուկա մտնել և միլիոններ վաստակել։
— Որքա՞ն ժամանակ կպահանջվի այդ ամենի համար,— հարցնում է ձկնորսը։
— Երևի թե 15–20 տարի,— պատասխանում է էքսպերտը։
— Իսկ հետո՞,— շարունակում է ձկնորսը։
— Հետո կգա այն ժամանակը, երբ կյանքդ կդառնա հետաքրքիր,— բացատրում է էքսպերտը։— Դու կկարողանաս հանգստի անցնել. քաղաքի աղմուկ–աղաղակից կկարողանաս մեկնել մի հեռավոր գյուղ...
— Իսկ հետո՞,—նորից հարցնում է ձկնորսը։
— Հետո ժամանակ կունենաս մի քիչ ձկնորսությամբ զբաղվելու, երեխաներիդ հետ խաղալու, ճաշից հետո, երբ շոգ է, հանգստանալու, ընտանիքիդ հետ ընթրելու և երաժշտություն լսելու համար ընկերներիդ հետ հավաքվելու»։
[նկարներ 7–րդ էջի վրա]
Ծառայողական սանդուղքով վեր բարձրանալը ապահովվածություն կբերի՞
[նկարներ 8–րդ էջի վրա]
Քրիստոնյա հավատակիցներիդ իսկապես հետաքրքրում է քո ապահովությունը