Աստծո փառաբանությունը ֆիլիպինյան լեռներում
Եթե ասեք, որ ֆիլիպինցիները կղզեբնակներ են, չեք սխալվի։ Պետք է նշել, սակայն, որ Ֆիլիպինները նաև սիգապանծ լեռների երկիր է։ Ինչ խոսք, Եհովայի վկաների համար քաղաքներում ու դաշտավայրերում քարոզելը համեմատաբար ավելի հեշտ և արդյունավետ է։ Սակայն լեռնային գոտիների դեպքում պարագան այլ է...
ԵՐԿՐԻ վեհապանծ լեռները կատարյալ հակադրության մեջ են ավազոտ ծովափների, կորալային խութերի, ձկնորսական գյուղերի և կղզու հարթավայրային մասերում գտնվող աղմկոտ քաղաքների հետ։ Բացի այդ, դրանք մեծ խոչընդոտ են հանդիսանում Աստծո ‘Արքայության ավետարանի’ քարոզման համար (Մատթէոս 24։14)։
Ֆիլիպինյան կղզիները գտնվում են երկու տեկտոնական պլատֆորմների միջև։ Երկրակեղևի ճկումը այս շրջանում հանգեցրել է լեռնաշղթաների առաջացմանը համեմատաբար մեծ կղզիներում։ Ֆիլիպինները բաղկացած են ավելի քան 7 100 կղզիներից, որոնք խաղաղօվկիանոսյան գեոսինկլինալային գոտու արևմտյան մասի կղզիների աղեղի մի օղակն են կազմում։ Ուստի այստեղ մեծ թվով հրաբուխներ կան, որոնք նույնպես նպաստում են լեռնային լանդշաֆտի ձևավորմանը։ Նման խորդուբորդ տեղանքի հետևանքով՝ լեռներում ապրող մարդիկ գրեթե մեկուսացած են։ Նրանց հասնելը շատ դժվար է, քանի որ մեքենայի ճանապարհ գրեթե չկա։
Չնայած դրան՝ Ֆիլիպիններում ծառայող Եհովայի վկաները գիտակցում են ‘բոլոր մարդկանց’ հասնելու համար ջանք թափելու անհրաժեշտությունը (Ա Տիմոթէոս 2։4)։ Այդպիսով նրանք ցուցաբերում են այն նույն ոգին, որն արտահայտված է Եսայիա 42։11; 12–ում (Արևմտ. Աստ.). «Վէմին բնակիչները յաղթանակի երգով լեռներուն գլխէն թող ձայն տան։ Տէրոջը փառք տան եւ անոր գովութիւնը կղզիներուն մէջ պատմեն»։
Լեռնային շրջաններում ապրող մարդկանց վկայություն տալու գործը թափ առավ ավելի քան 50 տարի առաջ, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այստեղ ժամանեցին միսիոներները։ Ընդունելով ատվածաշնչյան ճշմարտությունը՝ տեղի բնակիչներից շատերը իրենց հերթին նպաստեցին դրա տարածմանը հեռավոր լեռնային գյուղերում, ինչը լավ արդյունքներ բերեց։ Օրինակ՝ Կենտրոնական Կորդիլիերայում (Լուսոն կղզու հյուսիսում գտնվող լեռներ) կա բարի լուրի ավելի քան 6 000 քարոզիչ. մեծամասնությունը՝ տեղաբնակներ՝ իբալոիներ, իֆուգաոներ և կալինգաներ։
Ու թեև դժվարամատչելի որոշ լեռնային տարածքներ դեռևս «անմշակ» են, սակայն այնտեղ ապրող մարդիկ մոռացության չեն մատնվել։ Ինչպե՞ս են Եհովայի վկաները կարողացել հասնել նման մարդկանց և ինչպիսի՞ արձագանք են գտել։
Ավանդույթներին փոխարինում է անկեղծ հավատը
Հյուսիսային Լուսոն կղզու Աբրա գավառի լեռնային շրջաններում բնակվում են տինգիանները։ Այս անվանումը ըստ երևույթին ծագում է հին մալայերեն «տինգի» բառից, որը նշանակում է «սար»։ Իրոք որ, շատ տեղին անվանում է։ Տեղաբնակները իրենց կոչում են իտնեգ. այդպես են կոչում նաև իրենց լեզուն։ Նրանք հավատում են մի աստծո, որի անունը Կաբունիան է։ Իրենց առօրյան հագեցած է սնոտիապաշտությամբ։ Օրինակ՝ եթե ինչ–որ տեղ գնալու մտադրություն ունեցող մարդը փռշտա, դա վատ նշան է։ Նա պետք է մի երկու ժամ սպասի, մինչև որ վատ ազդեցությունը կորչի։
1572 թ.–ին եկան իսպանացիները։ Նրանք փորձեցին կաթոլիկություն տարածել՝ չներկայացնելով, իհարկե, ճշմարիտ քրիստոնեությունը։ Նույնիսկ այն բնիկները, ովքեր ընդունեցին կաթոլիկություն, շարունակում էին կառչած մնալ իրենց նախկին հավատալիքներից և հետևել ազգային ավանդույթներին։ Աստվածաշնչի ճշգրիտ գիտությունը առաջին անգամ հասավ այս մարդկանց 1930–ականներին, երբ Եհովայի վկաները այդ լեռներում սկսեցին տարածել Թագավորության լուրը։ Այդ ժամանակվանից ի վեր շատ անկեղծ տինգիաններ սկսեցին փառաբանել Եհովային «լեռներուն գլխէն»։
Օրինակ՝ Լինգբաուանը նախկինում մի հարգված ցեղապետ էր և ապրում էր ճիշտ այնպես, ինչպես թելադրում է տինգիանների մշակույթը։ «Ես տինգիանների ավանդույթների հավատարիմ հետևորդն էի. եթե որևէ մեկին սպանում էին, մենք նրան թաղելուց հետո պար էինք բռնում, ինչպես նաև կոչնազանգ էինք փչում։ Բացի այդ, կենդանիներ էինք զոհաբերում։ Մենք հավատում էինք Կաբունիանին. ես Աստվածաշնչի Աստծուն չէի ճանաչում»։ Եվ դա՝ չնայած այն բանին, որ նա համարվում էր կաթոլիկ։
Երբ այդ շրջան եկան Եհովայի վկաները և հանդիպեցին Լինգբաուանին, խրախուսեցին նրան կարդալ Աստվածաշունչը։ Նա պատմում է. «Աստվածաշնչի շնորհիվ էր, որ համոզվեցի՝ ճշմարիտ Աստվածը Եհովան է»։ Վկաներից մեկը սկսեց Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել նրա հետ։ Լինգբաուանը ճշմարիտ Աստծուն ծառայելու որոշում կայացրեց։ Նա հրաժարվեց իր նախկին ապրելակերպից, ինչպես նաև ցեղապետի պաշտոնից։ Դա զայրացրեց տեղի քահանային և Լինգբաուանի նախկին ընկերներին։ Սակայն վերջինս լի էր Աստվածաշնչում գտած ճշմարտություններին հետևելու վճռականությամբ։ Այժմ նա ժողովում ծառայում է որպես երեց։
Յոթ օր և վեց գիշեր
Թեև Աբրայի որոշ շրջաններ բավական հաճախ են քարոզվում, հեռավոր տարածքներում միայն ժամանակ առ ժամանակ է վկայություն տրվում։ Վերջերս ջանքեր գործադրվեցին այդ տարածքներից մեկն այցելելու. 35 հոգուց բաղկացած Վկաների մի խումբ ճանապարհ ընկավ դեպի Տինեգ շրջանը (Աբրա), որը կցված չէր ոչ մի ժողովի։ Այդ տարածքը 27 տարի չէր քարոզվել։
Քարոզելու նպատակով ձեռնարկված այս արշավը կատարվեց ոտքով և տևեց յոթ օր։ Պատկերացնո՞ւմ եք՝ նրանք անցնում էին կախովի կամուրջներով և խորունկ գետերով, ժամերով քայլում էին խորդուբորդ լեռնային տարածքներով՝ տանելով նաև իրենց պաշարը. և այս ամենը՝ որպեսզի բարի լուրը հասցվի այն մարդկանց, ովքեր հազվադեպ են լսում այն։ Ճանապարհորդության վեց գիշերներից չորսը նրանք անցկացրեցին բաց երկնքի տակ։
Թեև արշավին մասնակցող տոկուն Վկաներն իրենց հետ որոշ քանակությամբ ուտելիք վերցրել էին, նրանք չէին կարող վերցնել այնքան, որ բավականացներ ամբողջ ճանապարհորդության ընթացքում։ Սակայն դա որևէ պրոբլեմ չառաջացրեց, քանի որ մարդիկ մեծ ուրախությամբ սնունդ էին փոխանակում աստվածաշնչյան գրականության հետ։ Վկաները բավականաչափ մթերք, ձուկ և եղնիկի միս ձեռք բերեցին։ Թեև նրանք ստիպված էին դիմանալ որոշ դժվարությունների, սակայն այսպես արտահայտվեցին. «Մենք անչափ մեծ ուրախություն ստացանք, և դա փոխհատուցեց այն զոհաբերությունը, որին գնացել էինք»։
Յոթ օրվա ընթացքում այս ծառայողները վկայություն տվեցին տասը գյուղերում և բաժանեցին 60 գիրք, 186 պարբերագիր, 50 գրքույկ և մեծ քանակությամբ թերթիկներ։ Նրանք նաև մարդկանց 74 խմբի ցույց տվեցին, թե ինչպես է անցնում Աստվածաշնչի ուսումնասիրությունը։ Տինեգ քաղաքում տեղական իշխանությունների և որոշ հայտնի քաղաքացիների խնդրանքով ժողովի հանդիպում անցկացվեց, որին ներկա էր 78 հոգի. մեծամասնությունը՝ ուսուցիչներ ու ոստիկաններ։ Հուսով ենք՝ դեռ շատ տինգիաններ կմիանան նրանց, ովքեր ‘ձայն են տալիս’ և փառաբանում են Եհովային լեռներից։
Մի բան, որ թանկ է ոսկուց
Ֆիլիպինների ծայր հարավում կան մի քանի կղզիներ, որտեղ իսպանացիները ոսկի էին գտել։ Այստեղից սկիզբ առավ Մինդորո անվանումը, որը ծագում է իսպաներեն «մինա դե օրօ» (ոսկու հանք) բառերի միաձուլումից։ Պետք է նշել, սակայն, որ հիմա այդ կղզիներում գտնվել է ոսկուց ավելի թանկ բան՝ մարդիկ, ովքեր ցանկանում են ծառայել ճշմարիտ Աստծուն՝ Եհովային։
Մանգիաններ կոչվող մոտ 125 000 բնիկներ են ապրում Մինդորոյի խորքերում գտնվող հեռավոր անտառներում։ Նրանք պարզ կյանք են վարում, շատ քիչ են շփվում արտաքին աշխարհի հետ և ունեն իրենց լեզուն։ Այստեղ տարածված են ոգեպաշտությունն ու բազմաստվածությունը. մանգիանները հավատում են բնության մեջ ապրող տարբեր ոգիների։
Կարիքից դրդված՝ առանձին մանգիաններ երբեմն իջնում են ծովափնյա շրջաններ՝ աշխատանք որոնելու։ Նման մի բան տեղի ունեցավ Պայլինգի հետ, որը մանգիան ազգության բատանգան ենթախմբից է։ Ապրելով իր ժողովրդի հետ՝ նա մեծացել էր լեռնային անտառներում։ Պայլինգը նաև ժառանգել էր այն հավատալիքներն ու սովորությունները, որ ընդունված են բատանգանների մոտ. հագնվելիս նրանք սովորաբար իրենց ազդրերի վրա պարզապես մի կտոր են կապում, իսկ լավ բերք ստանալու համար բատանգանները, իրենց ավանդույթի համաձայն, հավ են մորթում և այն ջրի վրա պահում, որպեսզի արյունը կաթի մեջը. մինչ արյունը կաթում է, նրանք աղոթում են։
Սակայն Պայլինգը այլևս չի հետևում այդ ավանդույթներին։ Տեսնենք, թե ինչու։ Հարթավայրային շրջանում նա մի աշխատանք գտավ. իր գործընկերները Եհովայի վկաներ էին՝ իրենց ընտանիքներով։ Այդ ընտանիքներից մեկը, օգտվելով ստեղծված հնարավորությունից, փորձեց ծանոթացնել Պայլինգին աստվածաշնչյան ճշմարտության հետ։ Վերջինս դրականորեն արձագանքեց և հետագայում նաև ցույց տվեց, որ իսկապես գնահատում է իր սովորածը՝ մարդկանց ու երկրի նկատմամբ Եհովայի նպատակների մասին։ Վկաներն օգնեցին նրան տարրական դպրոց հաճախելու, ինչպես նաև Աստվածաշունչն ուսումնասիրելու հարցում։ 24 տարեկան հասակում Պայլինգը մկրտվեց որպես Եհովայի վկա, իսկ 30 տարին բոլորեց միջնակարգ դպրոցում, որն արդեն երկու տարի էր, ինչ նրա քարոզչական տարածքն էր դարձել։ Այժմ Պայլինգին անվանում են Ռոլանդո (հարթավայրային շրջանում տարածված անուն)։
Այսօր Ռոլանդոն լավ հագնված, ժպտերես մի անձնավորություն է, որը Մինդորոյի ժողովներից մեկում ծառայում է որպես լիաժամ քարոզիչ և օգնական ծառա։ Վերջերս նա վերադարձավ լեռնային շրջաններ, սակայն ոչ թե իր ժողովրդին ու նրանց ավանդույթներին նորից միանալու, այլ բատանգաններին աստվածաշնչյան կենսատու ճշմարտությունները պատմելու։
Անհամբեր՝ Թագավորության սրահ ունենալու հարցում
Սեբուանոյի Բուկիդնոն նահանգը (ի դեպ, այդ անվանումը նշանակում է «լեռների մարդիկ») գտնվում է Մինդանաո կղզու հարավային մասերում։ Սա լեռների, կիրճերի, գետահովիտների և սարահարթերի մի պտղաբեր երկիր է, որն անանասի, եգիպտացորենի, սուրճի, բրնձի և բանանի առատ բերք է տալիս։ Այստեղ ապրում են տալաանդիգ և հիգաոնոն լեռնային ցեղերը, որոնց նույնպես Եհովայի մասին պատմելու անհրաժեշտություն կա։ Վերջերս նման հնարավորություն ստեղծվեց Տալակագ քաղաքի մոտ՝ մի շատ հետաքրքիր ձևով։
Ի տարբերություն ցուրտ եղանակի՝ ջերմ ընդունելության արժանացան այդ լեռնային շրջաններն այցելած Վկաները։ Տեղի բնակիչների խոսքերով՝ նրանք հավատում են Ամենակարող Աստծուն՝ Հորը, որի անունը, սակայն, չգիտեին։ Քանի որ նրանք իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են անտառում, առաջին անգամ էր, որ Եհովայի վկաների էին հանդիպում։ Վկաները պատմեցին նրանց Աստծո անվան, ինչպես նաև Թագավորության հետ կապված նրա հրաշալի նպատակի մասին։ Տեղաբնակներն անչափ ուրախ էին և ցանկություն հայտնեցին, որ հետագայում Վկաները նորից այցելեն իրենց գյուղը։
Մի քանի այցելություններից հետո տեղացիները տարածք հատկացրին Եհովայի վկաների «տան» համար։ Վկաները մեծ ուրախությամբ ընդունեցին այդ առաջարկը։ Տարածքը գտնվում էր այդ տեղանքի ամենաբարձր բլրի գագաթին, որտեղից տեսարան էր բացվում ճանապարհի վրա։ Շենքի կառուցման համար օգտագործեցին փայտ, բամբուկ և արմավենու տերևներ։ Շինարարությունը տևեց երեք ամիս և տասը օր։ Շենքի դիմաց՝ աչքի ընկնող մի տեղում, փակցվեց «Եհովայի վկաների Թագավորության սրահ» ցուցանակը։ Հապա մտածեք. Թագավորության սրահ էր կառուցվել մի տարածքում, որտեղ դեռ նույնիսկ ժողով չկար։
Այստեղ տեղափոխված մի երեց (որը նաև լիաժամ ծառայող էր) ու մի օգնական ծառա, ինչպես նաև մոտակայքում ապրող Վկաները այդ ժամանակից ի վեր սկսեցին ջանք թափել ժողով կազմավորելու ուղղությամբ։ Դա իրականություն դարձավ 1998 թ. օգոստոսին։ Այժմ այնտեղ մի փոքրիկ ժողով է գործում, որը լեռներում ապրող մարդկանց օգնում է սովորել աստվածաշնչյան ճշմարտությունները. վերոհիշյալ Թագավորության սրահը գտնվում է այդ ժողովի տրամադրության տակ։
Իրոք որ, Եհովան մեծապես օգտագործում է Ֆիլիպիններում ապրող իր պատրաստակամ ծառաներին Թագավորության լուրը նույնիսկ այդ դժվարամատչելի լեռնային շրջաններում տարածելու գործում։ Դա հիշեցնում է Եսայիա 52։7–ը, որտեղ ասվում է. «Ի՜նչ գեղեցիկ են սարերի վերայ աւետարանչի ոտքերը, որ խաղաղութիւն է քարոզում»։
[քարտեզներ 11–րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
ԱԲՐԱ
ՄԻՆԴՈՐՈ
ԲՈՒԿԻԴՆՈՆ
[թույլտվությամբ]
Globe: Mountain High Maps® Copyright © 1997 Digital Wisdom, Inc.
[նկարներ 10–րդ էջի վրա]
Լեռներում քարոզել՝ նշանակում է ժամերով քայլել խորդուբորդ տեղանքով
[նկար 10–րդ էջի վրա]
Լեռնային գետում կատարվող մկրտություն