Որոնեցեք Աստծուն ձեր ամբողջ սրտով ու մտքով
Ճշմարիտ քրիստոնեությունը քաջալերում է, որ մեր սիրտն ու միտքը գործի դնենք Աստծուն ընդունելի հավատ կառուցելու մեջ։
ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ հիմնադիրն ինքը՝ Հիսուս Քրիստոսն է պատվիրել, որ մենք Աստծուն սիրենք «ամբողջ սրտով» ու «ամբողջ հոգով», ինչպես նաև «ամբողջ մտքով», կամ բանականությամբ (Մատթէոս 22։37)։ Այո՛, մտային կարողությունները պետք է առանցքային տեղ ունենան մեր երկրպագության մեջ։
Ցանկանալով, որ իր ունկնդիրները խորհեին իր ասածների վրա՝ Հիսուսը հաճախ էր հարցնում. «Ձեզ ինչպէ՞ս է թւում» (Մատթէոս 17։24; 18։12; 21։28; 22։42)։ Իսկ Պետրոս առաքյալը իր հավատակիցներին նամակ գրեց, որպեսզի ‘նրանց մաքուր միտքն արթնացներ’ (Բ Պետրոս 3։1, ԱԹ)։ Առաջին դարի ամենաշատ միսիոներական ճանապարհորդություններ կատարած առաքյալը՝ Պողոսը, քրիստոնյաներին հորդորեց բանականությամբ առաջնորդվել ու ‘քննել, թե ինչ է Աստծո կամքը» (Հռովմայեցիս 12։1, 2)։ Համոզմունքների հանդեպ նման մանրակրկիտ, ուշադիր մոտեցումով միայն կարող են քրիստոնյաներն այնպիսի հավատ կերտել, որը հաճելի կլինի Աստծուն ու կկարողանա օգնել կյանքի դժվարությունների դեմ պայքարում (Եբրայեցիս 11։1, 6)։
Ցանկանալով մարդկանց օգնել այդպիսի հավատ ձեռք բերելու՝ վաղ շրջանի քրիստոնյա ավետարանիչները ‘նրանց հետ խոսում էին Գրքերից’, բացատրում և «ապացուցում» այն, ինչ որ սովորեցնում էին (Գործք 17։1–3)։ Առողջ դատողության վրա հիմնված նման մոտեցումն ազնվասիրտ մարդկանց մեջ մեծ արձագանք էր գտնում։ Օրինակ՝ մակեդոնիական Բերիա քաղաքի որոշ բնակիչներ «ամենայն յօժարութեամբ ընդունեցին [Աստծո] խօսքը. ամբողջ ժամանակ քննում էին գրուածքները՝ իմանալու, թէ [Պողոսի ու նրա ուղեկիցների կողմից բացատրված] բաները այդպէ՞ս են» (Գործք 17։11)։ Այս համարում երկու հիշարժան պահեր կան։ Նախ՝ բերիացիները հոժար էին, կամ փափագում էին լսել Աստծո Խոսքը, և երկրորդ՝ նրանք կուրորեն չէին ընդունում քարոզիչների ասածները, այլ դրանք Գրությունների միջոցով քննում էին։ Քրիստոնյա միսիոներ Ղուկասը դրա համար հարգալից կերպով գովեց բերիացիներին՝ ասելով, որ նրանք «ազնիվ» էին։ Իսկ դուք ազնվորե՞ն եք մոտենում հոգևոր բնույթի հարցերին։
Միտքն ու սիրտը մեկտեղ են գործում
Ինչպես վերևում ասվեց, Աստծո ճշմարիտ երկրպագուները ոչ միայն սրտով, այլև մտքով են հավատում (Մարկոս 12։30)։ Եկեք անդրադառնանք նախորդ հոդվածում բերված՝ ներկարարի օրինակին։ Նա ոչ համապատասխան գույներով ներկեց տունը։ Եթե նա ուշադրությամբ հետևեր տանտիրոջ հրահանգներին, ապա կկարողանար ոչ միայն ամբողջ սրտով գործին տրվել, այլ նաև վստահ կլիներ, որ տան տերը գոհ կմնա կատարված գործից։ Նույնը կարելի է ասել և մեր երկրպագության մասին։
«Ճշմարիտ երկրպագուները,— ասաց Հիսուսը,— կ’երկրպագեն Հօրը հոգով եւ ճշմարտութեամբ» (Յովհաննէս 4։23)։ Այդ պատճառով էլ Պողոս առաքյալը գրեց. «Դրա համար մենք.... չենք դադարում ձեզ համար աղօթելուց եւ Աստծուն աղաչանքներ մատուցելուց, որպէսզի լցուէք նրա կամքի գիտութեամբ՝ ունենալով կատարեալ իմաստութիւն եւ հոգեւոր իմացութիւն՝ ապրելու համար Տիրոջն արժանի եւ ամէն ինչում նրան հաճելի ձեւով» (Կողոսացիս 1։9, 10)։ Աստծո կամքի վերաբերյալ ճշգրիտ գիտություն ստանալով՝ անկեղծ մարդիկ կկարողանան ամենայն համոզվածությամբ իրենց սիրտն ու հոգին դնել Աստծո երկրպագության մեջ, քանի որ ‘երկրպագում են նրան, ում գիտեն’ (Յովհաննէս 4։22)։
Այս պատճառներով՝ Եհովայի վկաները չեն մկրտում մանուկներին, ինչպես նաև նորերս հետաքրքրված անհատներին, որոնք դեռևս Գրությունները մանրազնին չեն ուսումնասիրել։ Հիսուսն իր հետևորդներին հանձնարարել էր. «Աշակերտ դարձրէ՛ք բոլոր ազգերին.... Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի» (Մատթէոս 28։19, 20)։ Աստծո կամքի վերաբերյալ ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերելուց հետո միայն անհատը, որ անկեղծորեն Աստվածաշունչ է ուսումնասիրում, կկարողանա հիմնավոր որոշում կայացնել երկրպագության առնչությամբ։ Իսկ դուք ձգտո՞ւմ եք նման գիտություն ձեռք բերել։
Հարկավոր է հասկանալ, թե ինչ է Տերունական աղոթքը
Որպեսզի տեսնենք տարբերությունը Աստվածաշնչի վերաբերյալ ճշգրիտ գիտելիքներ ունենալու և այդ գրքի ասածներին մակերեսորեն վերաբերվելու միջև, եկեք քննենք, թե ինչ է իրենից ներկայացնում այն աղոթքը, որը հայտնի է «Հայր մեր» կամ «Տերունական աղոթք» անուններով։ Այդ աղոթքը գրված է Մատթէոս 6։9–13-ում։
Միլիոնավոր մարդիկ, ամեն անգամ եկեղեցի գալով, Հիսուսի սովորեցրած տիպար աղոթքն են ասում, այսինքն՝ «Հայր մերը»–ը։ Բայց նրանցից քանիսի՞ն է բացատրվել դրա նշանակությունը, առանձնապես՝ առաջին հատվածի, որտեղ հիշվում է Աստծո անվան ու Թագավորության մասին։ Այս երկու պահերն այնքան կարևոր են, որ Հիսուսն այս աղոթքում ամենից առաջ դրանց անդրադարձավ։
Աղոթքն այսպես է սկսվում. «Հա՛յր մեր, որ երկնքում ես. սո՛ւրբ թող լինի քո անունը»։ Նկատեցեք՝ Հիսուսն ասաց, որ հարկավոր է աղոթել Աստծո անվան սուրբ լինելու, կամ սրբացման համար։ Այս միտքը շատերի մեջ առնվազն երկու հարց է առաջացնում. առաջին՝ ի՞նչ է Աստծո անունը, և երկրորդ՝ ինչո՞ւ է անհրաժեշտ, որ այն սրբացվի։
Առաջին հարցի պատասխանը կարելի է գտնել Աստվածաշնչի բնագրերում, որտեղ Աստծո անունը հանդիպում է ավելի քան 7 000 անգամ։ Այդ տեղերից մեկը Սաղմոս 83։18–ն է. «Եւ իմանան, որ դու կաս, քո անունը Եհովայ է. դու մինակ Բարձրեալ ես բոլոր երկրի վերայ»։ Աստծո «Եհովա» անվան առնչությամբ Ելից 3։15–ում ասվում է. «Այս է իմ անունը յաւիտեան, եւ այս է իմ յիշատակը ազգից ազգ»։a Բայց ինչո՞ւ է անհրաժեշտ սրբացնել Աստծո անունը, այն դեպքում երբ Աստված անաղարտության ու սրբության մարմնացում է։ Պատճառն այն է, որ Աստծո անունն արդեն իսկ այն ժամանակներից, երբ սկիզբ առավ մարդկությունը, վարկաբեկվել ու արատավորվել էր։
Եդեմում Աստված Ադամին ու Եվային ասաց, որ նրանք կմեռնեն, եթե ուտեն արգելված պտուղը (Ծննդոց 2։17)։ Անամոթաբար դուրս գալով Աստծո դեմ՝ Սատանան ասաց Եվային. «Բնաւ չէք մեռնիլ»։ Այսինքն՝ Սատանան Աստծուն մեղադրեց ստախոսության մեջ։ Սակայն նա դրանով չբավարարվեց. նա է՛լ ավելի արատավորեց Աստծո անունը՝ ասելով Եվային, թե Աստված անարդարացիորեն նրանից որոշ կարևոր գիտելիքներ գաղտնի է պահում։ «[Որովհետև] Աստուած գիտէ թէ այն օրը որ [բարու և չարի գիտության ծառից] ուտէք, ձեր աչքերը կ’բացուին, եւ Աստուծոյ պէս կ’լինիք՝ բարին եւ չարը գիտացող»։ Ինչպիսի՜ զրպարտություն (Ծննդոց 3։4, 5)։
Ուտելով արգելված պտուղը՝ Ադամն ու Եվան Սատանայի կողմը բռնեցին։ Այդ օրվանից մարդկության մեծ մասը, մերժելով Աստծո արդար չափանիշները, կամա թե ակամա նրանց է միացել (Ա Յովհաննէս 5։19)։ Մարդիկ մինչև այժմ էլ չարախոսում են Աստծուն՝ մեղադրելով նրան իրենց տառապանքների համար՝ նույնիսկ եթե դրանք կրում են իրենց իսկ սխալ քայլերի պատճառով։ «Մարդիս յիմարութիւնը աւերում է նորա ճանապարհը, եւ նորա սիրտը տրտնջում է Տիրոջ դէմ»,— ասվում է Առակաց 19։3–ում։ Կռահո՞ւմ եք, թե ինչու Հիսուսը, որ ամբողջ սրտով սիրում էր իր Հորը, աղոթեց նրա անվան սրբացման համար։
«Քո թագաւորութի՛ւնը թող գայ»
Աղոթելով, որ Աստծո անունը սուրբ լինի՝ Հիսուսն ասաց. «Քո թագաւորութի՛ւնը թող գայ. քո կա՛մքը թող լինի երկրի վրայ, ինչպէս որ երկնքում է՛» (Մատթէոս 6։10)։ Այս համարի առնչությամբ միգուցե հարց առաջանա. «Ի՞նչ է Աստծո Թագավորությունը, և ինչպե՞ս է նրա գալը կապված երկրի վրա Աստծո կամքի կատարման հետ»։
Աստվածաշնչում «թագավորություն» բառը հիմնականում նշանակում է «թագավորի իշխանություն»։ Հետևաբար՝ Աստծո Թագավորությունը նրա կողմից ղեկավարվող իշխանություն, կամ կառավարություն է, և թագավորին էլ Աստված է նշանակում։ Իսկ թագավորը ոչ այլ ոք է, եթե ոչ հարություն առած Հիսուս Քրիստոսը՝ ‘Թագավորը թագավորների և Տերը տերերի’ (Յայտնութիւն 19։16; Դանիէլ 7։13, 14)։ Աստծո Մեսիական թագավորությունը գտնվում է Հիսուս Քրիստոսի ձեռքում, և այդ մասին Դանիել մարգարեն գրեց. «Այն թագաւորների [այժմ իշխող մարդկային կառավարությունների] օրերումը երկնքի Աստուածը մէկ թագաւորութիւն է վեր կացնելու, որ յաւիտեանս չի աւերուիլ, եւ նորա տէրութիւնը ուրիշ ազգի չի տրուիլ. նա պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր թագաւորութիւնները. իսկ նա ինքը կ’մնայ յաւիտեանս» (Դանիէլ 2։44)։
Այո՛, Աստծո Թագավորությունը, լիակատար իշխանություն ունենալով երկիր մոլորակի վրա, այն կազատի բոլոր ամբարիշտներից ու «յաւիտեանս» կկառավարի։ Ահա այսպես է, որ Եհովայի ձեռքում Թագավորությունը միջոց է, որով նա սրբացնում է իր անունը՝ մաքրելով այն Սատանայի ու ամբարիշտ մարդկանց հերյուրանքներից (Եզեկիէլ 36։23)։
Ինչպես ամեն մի կառավարություն, Աստծո Թագավորությունն էլ հպատակներ ունի։ Ովքե՞ր են նրանք։ Աստվածաշունչը պատասխանում է. «Խոնարհները երկիրը կ’ժառանգեն եւ կ’ուրախանան խաղաղութեան առատութիւնովը» (Սաղմոս 37։11)։ Հիսուսն ինքն էլ ասաց. «Երանի՜ հեզերին, որովհետեւ նրանք երկիրը պիտի ժառանգեն»։ Այս մարդիկ, անշուշտ, ճշգրիտ գիտելիքներ ունեն Աստծո մասին, քանի որ դրանք անհրաժեշտ պայման են ապրելու համար (Մատթէոս 5։5; Յովհաննէս 17։3)։
Կարո՞ղ եք երևակայել. ողջ մոլորակը լցված է խոնարհ, հեզ մարդկանցով, որոնք անկեղծորեն սիրում են ինչպես Աստծուն, այնպես էլ միմյանց (Ա Յովհաննէս 4։7, 8)։ Ահա հենց սրա մասին էր աղոթում Հիսուսը, երբ ասաց. «Քո թագաւորութի՛ւնը թող գայ. քո կա՛մքը թող լինի երկրի վրայ, ինչպէս որ երկնքում է՛»։ Ըմբռնո՞ւմ եք արդյոք, թե Հիսուսն ինչու իր հետևորդներին սովորեցրեց այդպես աղոթել։ Իսկ որ շատ ավելի կարևոր է՝ նկատո՞ւմ եք, թե այս աղոթքի իրականացումն ի՛նչ կարող է անձամբ ձեզ համար նշանակել։
Մեր օրերում միլիոնավոր մարդիկ տրամաբանում են Գրությունների հիման վրա
Հիսուսը կանխագուշակեց հոգևոր բնույթի մի կրթական գործունեության մասին, որի շնորհիվ Աստծո գալիք Թագավորությունը հռչակվելու էր ամբողջ աշխարհում։ Նա ասաց. «Արքայութեան այս Աւետարանը [կամ բարի լուրը] պիտի քարոզուի ամբողջ աշխարհում՝ ի վկայութիւն բոլոր հեթանոսների. եւ ապա պիտի գայ [ներկա աշխարհի] վախճանը» (Մատթէոս 24։14)։
Մոտ վեց միլիոն Եհովայի վկաներ ամբողջ աշխարհում այդ բարի լուրը ավետում են իրենց մերձավորներին։ Նրանք առաջարկում են ձեզ՝ ավելին իմանալ Աստծո և նրա Թագավորության մասին ու առողջ դատողության հիման վրա ‘քննել գրվածքները’։ Այդպես վարվելով՝ դուք կամրապնդեք ձեր հավատը ու կցնծաք դրախտային երկրում ապրելու հույսով։ Այն ժամանակ «երկիրը լիքն է լինելու Տիրոջ գիտութիւնովը, ինչպէս որ ջուրերը ծածկում են ծովը» (Եսայիա 11։6–9)։
[ծանոթագրություն]
a Որոշ աստվածաշնչագետներ «Եհովա»–ի փոխարեն նախընտրում են «Յահվե» ձևը։ Բայց, անկախ դրանից, Աստվածաշնչի ժամանակակից թարգմանությունների մեծ մասում Աստծո անունը, ինչ ձևով էլ որ հանդիպելիս լիներ, հանվել է ու փոխարինվել ընդհանուր տիտղոսներով՝ «Տեր» կամ «Աստված»։ Աստծո անվան շուրջ եղած բանավեճերի մասին հաճեցեք կարդալ «Աստծո անունը հավիտյան կմնա» գրքույկում (ռուս.)՝ հրատարակված Եհովայի վկաների կողմից։
[շրջանակ/նկար 8–րդ էջի վրա]
ԸՆԴՕՐԻՆԱԿԵՔ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑՉԻՆ
Հիսուսը ուսուցանելիս հաճախ էր կենտրոնանում աստվածաշնչյան կոնկրետ թեմաների վրա։ Օրինակ՝ հարություն առնելուց հետո նա Աստծո նպատակների մեջ իր ունեցած դերը բացատրեց երկու աշակերտների, որոնք շփոթության էին մատնվել իր մահվան պատճառով։ Ղուկաս 24։27–ում կարդում ենք. «Սկսած Մովսէսից ու բոլոր մարգարէներից՝ մեկնում էր նրանց այն բոլորը, ինչ գրուած է իր մասին բոլոր Գրքերում»։
Ուշադրություն դարձրեք, որ Հիսուսը կոնկրետ թեմայով էր խոսում՝ «իր մասին», այսինքն՝ Մեսիայի, և այդ ընթացքում մեջբերում էր ‘բոլոր Գրքերից’։ Փաստորեն, նա, այդ թեմայով աստվածաշնչային համարները խճանկարի կտորների պես համադրելով, հնարավորություն տվեց իր աշակերտներին՝ պարզորոշ տեսնելու հոգևոր ճշմարտության ‘օրինակը’ (Բ Տիմոթէոս 1։13)։ Արդյունքն այն եղավ, որ այդ ամենը ոչ միայն լուսավորեց նրանց, այլ նաև հասավ մինչև նրանց սրտի խորքը։ Աստվածաշնչում ասվում է. «Նրանք ասացին միմեանց. «Մեր սրտերն էլ միթէ չէի՞ն ճմլւում մեր մէջ, մինչ նա ճանապարհին խօսում էր մեզ հետ. եւ ինչպէ՜ս էր մեզ բացատրում Գրքերը»» (Ղուկաս 24։32)։
Եհովայի վկաները ձգտում են Հիսուսի մեթոդներով առաջնորդվել իրենց ծառայության ժամանակ։ Նրանք Աստվածաշնչի ուսումնասիրության համար որպես հիմնական գործիքներ օգտագործում են «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից» գրքույկը և «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը։ Այս ձեռնարկներում կարելի է գտնել այնպիսի աստվածաշնչային թեմաներ, ինչպիսիք են՝ «Ո՞վ է Աստված», «Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս տառապանքը», «Ինչպե՞ս կարելի է ճշմարիտ կրոնը գտնել», «Այժմ վերջին օրերն են» և «Ինչպե՛ս ստեղծել Աստծուն փառք բերող ընտանիք»։ Ամեն մի գլուխ բազմաթիվ սուրբգրային համարներ է պարունակում։
Եթե ցանկանում եք, որ ձեզ հետ այս և այլ թեմաներով Աստվածաշնչի անվճար տնային ուսումնասիրություն անցկացվի, ապա հաճեցեք կապ հաստատել ձեր շրջանում ապրող Եհովայի վկաների հետ կամ գրել այս պարբերագրի 2–րդ էջում բերված հասցեներից մեկով։
[նկար]
Ձեր աշակերտի սրտին հասեք՝ կենտրոնանալով աստվածաշնչային կոնկրետ թեմաների վրա
[նկարներ 7–րդ էջի վրա]
Ըմբռնո՞ւմ եք Տերունական աղոթքի իմաստը
«Հա՛յր մեր, որ երկնքում ես. սո՛ւրբ թող լինի քո անունը»
«Քո [Մեսիական] թագաւորութի՛ւնը թող գայ»
«Քո կա՛մքը թող լինի երկրի վրայ, ինչպէս որ երկնքում է՛»