Քրիստոնեական աջակցություն իրարանցման ժամանակ
ԱՄԵՆԸ սկսվեց շատ անսպասելիորեն, 1994 թ.–ին՝ ապրիլյան սովորական մի օր։ Օդանավի վթարից զոհվեցին Բուրունդիի և Ռուանդայի նախագահները։ Մի քանի ժամում ամբողջ Ռուանդան սարսափելի վայրագությամբ ողողվեց։ Մոտ երեք ամսվա ընթացքում զոհվեցին գրեթե հինգ հարյուր հազար ռուանդացիներ՝ կանայք, տղամարդիկ և երեխաներ։ Որոշ մարդիկ այդ դեպքերը «ցեղասպանություն» կոչեցին։
Ռուանդայի 7,5 միլիոն բնակչության գրեթե կեսը տեղահան արվեց։ Նրանցից 2 400 000 հոգի ապաստան գտավ հարևան երկրներում։ Դա ժամանակակից պատմության ամենածավալուն և ամենաարագ գաղթն էր։ Փախստականների ճամբարները հապճեպորեն կանգնեցվեցին Զաիրում (այժմ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն), Տանզանիայում և Բուրունդիում։ Այդ ճամբարներից մի քանիսը (ամենաընդարձակներն աշխարհում) օթևան տվեցին 200 000 հոգու։
Փախստականների միջև կային նաև Եհովայի վկաներ՝ խաղաղասեր մարդիկ, որոնք կյանքում առաջնորդվում են Աստվածաշնչի սկզբունքներով։ Ուր էլ որ ապրելիս լինեն, նրանք խիստ չեզոքություն են պահպանում՝ կիրառելով Եսայիա 2։4 խոսքերում ամփոփված սկզբունքը. «Կ’ձուլեն իրանց սուրերը խոփեր, եւ իրանց նիզակները՝ յօտոցներ. ազգ ազգի վերայ սուր չի բարձրացնիլ, եւ այլեւս պատերազմի չեն վարժուիլ»։ Եհովայի վկաներն այսօր ճանաչված են որպես կրոնական մի խումբ, որն այդպես էլ ոչ մի մասնակցություն չունեցավ Ռուանդայի ցեղասպանության մեջ։
Հիսուս Քրիստոսն ասաց, որ իր հետևորդները «աշխարհից չեն»։ Սակայն, քանի որ «աշխարհի մէջ են», նրանք չեն կարող շարունակ խույս տալ ժողովուրդների իրարանցումներից (Յովհաննէս 17։11, 14)։ Շուրջ չորս հարյուր Վկաներ Ռուանդայի ցեղասպանության զոհը դարձան։ Մոտ երկու հազար ուրիշ Վկաներ և Թագավորության լուրով հետաքրքրվող անհատներ էլ գաղթականներ դարձան։
Նշանակո՞ւմ է արդյոք, որ աշխարհից չլինելու պատճառով Եհովայի վկաները ոչինչ չարեցին այդ աղետալի ժամանակներում։ Բոլորովին։ Աստծո Խոսքն ասում է. «Եթէ մի եղբայր կամ քոյր մերկ լինեն կամ օրուայ ուտելիքի կարօտ, եւ ձեզնից մէկը նրանց ասի՝ «Գնացէ՛ք խաղաղութեամբ, տաքացէ՛ք եւ յագեցէ՛ք», եւ դուք նրանց չտաք մարմնին անհրաժեշտ բաները, ի՞նչ օգուտ է։ Նոյնպէս եւ հաւատը. եթէ նա գործեր չունի, առանձինն մեռած է» (Յակոբոս 2։15—17)։ Սերը դրացու հանդեպ Վկաներին մղում է օգնելու նաև նրանց, որոնք չեն կիսում իրենց կրոնական համոզմունքները (Մատթէոս 22։37—40)։
Թեև համայն աշխարհի Եհովայի վկաները պատրաստ էին օգնելու աղետալի վիճակում գտնվող Ռուանդայի իրենց հավատակիցներին, օգնության մատակարարման աշխատանքների կոորդինացումը հանձնարարվեց Արևմտյան Եվրոպայի Վկաներին։ 1994 թ.–ի ամռանը Եվրոպայից իրենց աֆրիկացի հավատակիցներին օգնության հասավ կամավոր Վկաների մի խումբ։ Ռուանդացի փախստականների համար կազմակերպված ճամբարներ ու ժամանակավոր հիվանդատներ հիմնվեցին։ Հսկայական քանակությամբ հագուստեղեն, ծածկոցներ, սնունդ ու Աստվածաշնչի գրականություն մատակարարվեց օդային, ծովային և այլ ճանապարհներով։ Ավելի քան յոթ հազար տուժվածներ (այն ժամանակվա ռուանդացի Եհովայի վկաների եռակին) օգտվեցին մատակարարված օգնությունից։ Նույն տարվա դեկտեմբերին հազարավոր փախստականներ, այդ թվում նաև բազում Եհովայի վկաներ, վերադարձան Ռուանդա՝ վերաբնակվելու։
Պատերազմը Կոնգոյում
1996 թ.–ին պատերազմ ժայթքեց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելյան տարածքում։ Կոնգոն սահմանակից է Ռուանդային և Բուրունդիին։ Այստեղ ևս համատարած բռնություն էր ու սպանություններ էին կատարվում։ Փամփուշտների սուլոցների տակ, այրվող գյուղերի բնակիչներն իրենց կյանքը փրկելու համար փախուստի էին դիմում։ Այդ խառնաշփոթի մեջ էին նաև Եհովայի վկաները, որոնցից հիսունը վերջինիս զոհերը դարձան։ Նրանցից ոմանք ընկան պատահական փամփուշտներից։ Ուրիշները կոտորվեցին որոշակի էթնիկական խմբի պատկանելու պատճառով կամ էլ՝ սխալմամբ թշնամի համարվելով։ Հրդեհի մատնվեց մի գյուղ, որի բնակիչներից հարյուր հիսունը Վկաներ էին։ Մնացած գյուղերում տասնյակ տներ և Թագավորության սրահներ այրվեցին։ Տնից ու կարողությունից զրկված՝ Վկաները փախուստի դիմեցին դեպի այլ տեղանքներ, որտեղ օգնություն գտան հավատակիցների մոտ։
Առհասարակ, պատերազմին հաջորդում է սովը, քանի որ ոչնչացվում է բերքը, թալանվում ուտելիքի պաշարը և փակվում են մատակարարման բոլոր ճանապարհները։ Տեղի է ունենում սննդամթերքի գների կտրուկ բարձրացում։ Կիսանգանիում 1997 թ.–ի մայիսի սկզբներին մեկ կիլոգրամ կարտոֆիլն արժեր մոտ երեք դոլլար, իսկ մարդկանց մեծամասնության համար դրանից օգտվելն իրենց ֆինանսական կարողությունից վեր էր։ Մարդիկ ընդհանուր առմամբ ի վիճակի էին օրվա մեջ միայն մեկ անգամ ճաշել։ Անշուշտ, սովին հաջորդեցին հիվանդությունները։ Թերասնման հետևանքով օրգանիզմն անզոր էր պայքարելու մալարիայի, փորլուծության և ստամոքսաբորբի դեմ։ Այս հիվանդությունները հիմնականում հարվածում էին երեխաներին։
Որոշել կարիքը
Եվրոպայի Եհովայի վկաներն այս անգամ էլ իսկույն արձագանքեցին։ 1997 թ.–ի ապրիլին Վկաների մի խումբ՝ երկու բուժաշխատողների հետ միասին, օգնության հասավ դեղորայքով և դրամական որոշ միջոցներով։ Գոմայում տեղի Վկաներն արդեն օգնության կոմիտե էին կազմակերպել իրավիճակը որոշելու և շտապ օգնություն ցույց տալու համար։ Խումբը հետազոտեց քաղաքն ու շրջակայքը։ Մարդիկ ուղարկվեցին ավելի հեռավոր վայրերից լուրեր բերելու։ Տեղեկություններ ստացվեցին նաև Գոմայից արևմուտք հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կիսանգանիից։ Տեղի եղբայրներն օգնեցին կոորդինացնելու Գոմային տրված օգնությունը, որտեղ մոտ յոթ հարյուր Վկա էր ապրում։
Գոմայի քրիստոնյա երեցներից մեկը պատմում է. «Մինչև սրտներիս խորքը հուզված էինք՝ տեսնելով մեր եղբայրներին, որոնք հեռավոր վայրերից մեզ օգնելու էին եկել։ Մինչև նրանց գալը, մենք էինք միմյանց օգնում։ Շրջաններում ապրող եղբայրները հարկադրված Գոմա էին եկել։ Ոմանք զրկվել էին տներից, թողել իրենց դաշտերը։ Նրանց մեզ մոտ վերցրեցինք և մեր ունեցած հագուստեղենն ու կերակուրը իրար մեջ բաժանեցինք։ Այն, ինչ կարողացանք ինքնուրույն անել, բավական չէր։ Մեզանից ոմանք տառապում էին թերասնումից։
Եվրոպայից ժամանած եղբայրները որոշ չափով գումար բերեցին, որով կարող էինք սնունդ գնել. սննդամթերքը սակավ էր և բավականին թանկ։ Սնունդը ճիշտ ժամանակին հասավ. շատերը տներում մի կտոր հաց անգամ չունեին։ Սնունդը բաժանեցինք թե՛ Վկաներին, թե՛ ուրիշներին։ Եթե օգնությունը մի փոքր ուշանար, ավելի շատերը՝ հատկապես երեխաները, կմահանային։ Եհովան փրկեց իր ժողովրդին։ Մարդիկ, որոնք Եհովայի վկաներ չէին, ապշած էին մնացել։ Շատերը սկսեցին խոսել մեր միասնության և սիրո մասին։ Ոմանք խոստովանեցին, որ մեր կրոնն իրոք ճշմարիտն է»։
Սնունդը հնարավոր էր տեղում ձեռք բերել, դեղորայքը մատակարարվում էր, սակայն որոշ բաների կարիք էլ էր զգացվում։ Հագուստեղենի, տաք ծածկոցների, ինչպես նաև լրացուցիչ սննդի ու դեղորայքի անհրաժեշտությունը կար։ Օժանդակություն էր հարկավոր նաև քանդված տները վերակառուցելու համար։
Տալիս են առատաձեռնությամբ
Եվրոպայում եղբայրները կրկին պատրաստ էին օգնելու։ Եհովայի վկաների Լուվիեում (Ֆրանսիա) գտնվող մասնաճյուղը դիմեց Փարիզի մի որոշ տարածքի, Ռոնի դաշտավայրի և Նորմանդիայի ժողովներին։ Այստեղ ի հայտ եկավ Աստվածաշնչի մեկ ուրիշ սկզբունք ևս. «Ով որ մի բան սերմանում է խնայելով, խնայողութեամբ էլ կը հնձի. եւ ով առատաձեռնօրէն է սերմանում, առատութեամբ էլ կը հնձի։ Իւրաքանչիւրը թող տայ, ինչպէս յօժար է սրտով եւ ոչ թէ հարկադրաբար եւ տրտմութեամբ. որովհետեւ Աստուած սիրում է զուարթառատ տուրքը» (Բ Կորնթացիս 9։6, 7)։
Հազարավոր անհատներ հաճույքով օգտվեցին տալու այդ հնարավորությունից։ Արկղերով և պայուսակներով հագուստեղենը, կոշկեղենն ու այլ մանրուքները լցվեցին Թագավորության սրահներում, ապա տեղափոխվեցին Եհովայի վկաների Ֆրանսիայի մասնաճյուղ։ Չորս հարյուր կամավոր պատրաստ էին մասնակցելու «Օգնություն Զաիրին» ծրագրի հերթական քայլին։ Նվիրաբերված ապրանքներն այստեղ տեսակավորվում, ծալվում, փաթեթավորվում և տեղավորվում էին արկղերում, որոնք երեսուն–երեսուն դասավորվում էին յուրաքանչյուր ընդկալի վրա։ Երեխաները մտածեցին Աֆրիկայի իրենց երիտասարդ եղբայրների ու քույրերի մասին և նրանց համար խաղալիքների մի ամբողջ հավաքածու ուղարկեցին՝ տեսակ–տեսակ խաղալիք ավտոմեքենաներ, հոլեր, տիկնիկներ, արջուկներ... Այս ամենը փաթեթավորվեց մնացած անհրաժեշտ իրերի հետ։ Կոնգո ուղարկվեց տասներկու մետրանոց ինը կոնտեյներ։
Որքա՞ն էր Բելգիայի, Ֆրանսիայի և Շվեյցարիայի հազարավոր Վկաներից Կենտրոնական Աֆրիկային ուղարկված օգնությունը. 1997 թ.–ի հունիսի տվյալներով ընդհանուր քանակը կազմում էր 500 կգ դեղորայք, 10 տ սպիտակուցային բարձր բաղադրությամբ թխվածքներ, 20 տ այլ սննդամթերք, 90 տ հագուստեղեն, 18 500 զույգ կոշիկ և 1 000 հատ տաք ծածկոց։ Աստվածաշնչի գրականության մասին ևս հոգ տարվեց։ Փախստականներից յուրաքանչյուրը մեծապես գնահատեց այս օգնությունը, որն անչափ մխիթարեց նրանց և իրապես օգնություն հանդիսացավ իրենց դժվարությունները հաղթահարելու հարցում։ Օգնության ընդհանուր արժեքը կազմեց 1 000 000 ամերիկյան դոլլար։ Այս նվիրատվությունները Եհովային ծառայողների միջև գոյություն ունեցող եղբայրական կապի ու սիրո վառ ապացույցն էին։
Օգնության բաշխումը Կոնգոյում
Երբ ապրանքները հասան Կոնգո, տեղական օգնության կոմիտեների հետ աշխատելու համար Ֆրանսիայից ժամանեցին երկու եղբայր և մեկ քույր։ Կոնգոյի Վկաների երախտագիտության մասին պատմում է Ժոզելինը. «Շնորհակալական բազմաթիվ բացիկներ ստացանք։ Աղքատ մի քույր մալախիտե զարդ նվիրեց ինձ։ Ուրիշներն իրենց լուսանկարներից էին մեզ նվիրում։ Բաժանման պահին քույրերը գրկում, համբուրում էին ինձ ու արտասվում։ Ինքս նույնպես հուզված էի։ Շատերը փառք էին տալիս Եհովային, ասում՝ Եհովան հոգում է մեր մասին։ Նրանք գիտակցում էին, որ իրենց ստացածի երախտիքն Աստծունն է։ Սննդամթերքը բաժանելու ժամանակ քույրերն ու եղբայրները Թագավորության երգերով փառաբանում էին Եհովային։ Այդ ամենն անչափ հուզիչ էր»։
Բժիշկ Լոեկը ևս այդ խմբի անդամն էր։ Թագավորության սրահում բոլոր խմբվածները համբերատարությամբ սպասում էին օգնությունը ստանալու իրենց հերթին։ Ինչ–որ բան անելու ցանկությունից մղված՝ տեղացի մի քույր քառասուն հատ կարկանդակ բերեց ու բաժանեց սպասողներին։ Հավաքվածներից յուրաքանչյուրին կես կարկանդակ բաժին հասավ, որովհետև քառասունի փոխարեն ութսուն հոգի էին։
Օգնություն նրանց, ովքեր Վկաներ չեն
Հումանիտար օգնությունը միայն Եհովայի վկաների համար չէր։ Ինչպես 1994 թ.–ին, այս անգամ էլ շատ ուրիշներն օգտվեցին դրանից։ Սա զուգընթաց էր Գաղատացիս 6։10 խոսքերի հետ, որտեղ ասվում է. «Ահա թէ ինչու, քանի դեռ ժամանակ կայ, բարին գործենք բոլորի հանդէպ, մանաւանդ հաւատի մէջ մեր հարազատների հանդէպ»։
Դեղորայք և հագուստ բաժանվեց մի քանի միջնակարգ դպրոցներում և Գոմայի մոտ գտնվող մանկատանը, որտեղ բնակվում էին ութսունհինգ երեխա։ Իրավիճակին ծանոթանալու նպատակով մանկատուն կատարած առաջին այցելության ժամանակ օգնության խումբը խոստացավ ապահովել 50 արկղ սպիտակուցային հարուստ բաղադրությամբ թխվածքով, նաև հագուստեղենով, 100 հատ տաք վերմակով, դեղորայքով և խաղալիքներով։ Բակում հավաքված երեխաները մի քանի երգ կատարեցին այցելուների համար։ Վերջում մանկատան սաները դիմեցին խնդրանքով՝ կարելի՞ է ֆուտբոլ խաղալու համար մի գնդակ ունենալ։
Մի քանի շաբաթ անց օգնության խումբը կատարեց իր խոստումը՝ տեղ հասցնելով օգնությունը։ Տպավորված վերջիններիս մեծահոգությունից և Աստվածաշնչի գրականության մեջ իր կարդացած տեղեկություններից՝ մանկատան տնօրենը նշեց, որ մտադիր է Եհովայի վկաների ուղին բռնելու։ Իսկ երեխաները... ստացա՞ն իրենց «մի» գնդակը։ «Ոչ,— պատասխանեց Ֆրանսիայի օգնության խմբի կոորդինատորը,— մենք նրանց երկու գնդակ նվիրեցինք»։
Փախստականների ճամբարները
Օգնությունը չսահմանափակվեց միայն Կոնգոյով։ Պատերազմական գոտիներից հազարավոր փախստականներ ապաստան էին գտել հարևան երկրում, որտեղ հապճեպորեն երեք ճամբար էր կանգնեցվել։ Վկաները շտապեցին այնտեղ ևս՝ տեսնելու, թե ինչ է հնարավոր անել։ Այս հաշվետվությունը կազմելու ժամանակ ճամբարներում օթևանում էին 211 000 փախստական՝ մեծամասնությունը Կոնգոյից։ Շուրջ ութ հարյուրը Վկաներ էին՝ իրենց երեխաների հետ, և Թագավորության ավետիսով հետաքրքրվող անհատներ։ Ճամբարում գոյություն ունեցող առաջին խնդիրը սննդի պակասն էր։ Ճամբարներից մեկում մնացել էր ընդամենը երեք օրվա սննդի պաշար, որը երեք տարվա ժամկետ ունեցող բակլա էր։
Այնուհանդերձ, Վկաների մեջ աշխույժ ոգի էր տիրում։ Չնայած Աստվածաշնչի գրականության չնչին քանակությանը, նրանք կանոնավորաբար բացօթյա հանդիպումներ էին անցկացնում և հոգևորապես ամրանում. զբաղված էին նաև ճամբարներում Թագավորության ավետիսը քարոզելով (Մատթէոս 24։14; Եբրայեցիս 10։24, 25)։
Վկաների հետազոտական խմբի մեջ կար նաև բուժաշխատող։ Թեև իշխանությունները թույլատրել էին յուրաքանչյուր ճամբարում միայն մի քանի օր մնալ, սակայն նրանք բժշկական կոնսուլտացիաներ էին անցկացնում, նաև դեղորայք և որոշ քանակությամբ դրամ թողեցին քրիստոնեական երեցների մոտ։ Եղբայրներն, այսպիսով, կարող էին դիմանալ։ Նրանք, նաև, հույս ունեին, որ ճամբարներում ապրող իրենց հավատակիցները շուտով հնարավորություն կունենան հայրենիք վերադառնալու։
Ի՞նչ կարելի է ասել ապագայի մասին։ Հիսուս Քրիստոսը մարգարեացել էր, որ մեր օրերը մեծ իրարանցումների ժամանակաշրջան է լինելու՝ առկա պատերազմներով և սննդամթերքի պակասով (Մատթէոս 24։7)։ Եհովայի վկաները գիտեն, որ միայն Աստծո Թագավորությունն է վերջ դնելու գոյություն ունեցող տառապանքին։ Միայն նրա իշխանության ներքո մեր Երկիր մոլորակը կվերածվի խաղաղության դրախտի՝ հնազանդ մարդկության համար առատ ու հարատև ուրախությամբ լի (Սաղմոս 72։1, 3, 16)։ Իսկ մինչ այդ ժամանակի գալը Վկաները կքարոզեն երկնային Թագավորության բարի լուրը և կշարունակեն նեղության պահին օգնության հասնել հավատակիցներին, ինչպես նաև ուրիշներին։
[մեջբերում 4–րդ էջի վրա]
1994 թ–ից միայն Եվրոպայի Եհովայի վկաները 190 տ–ից ավելի սննդամթերք, հագուստ, դեղորայք և օգնության այլ պաշարներ են տրամադրել Աֆրիկայի Մեծ Լճերի տարածքին
[շրջանակ 6–րդ էջի վրա]
Գործի են դնում քրիստոնեական սերը
«Օգնություն Զաիրին» ծրագրին մասնակցող Ֆրանսիայի կամավորներից էր Ռութ Դանեն։ Դեռևս մանուկ հասակում իր քրիստոնեական հավատի համար բանտարկվել էր նացիստական համակենտրոնացման ճամբարներից մեկում։ Ահա թե ինչ է նա պատմում. «Պարզապես ուրախ էինք, որ կարողացանք Աֆրիկայի մեր քույր ու եղբարներին որևէ բանով օգտակար լինել։ Սակայն կար մի բան, որն ինձ կրկնապատիկ ուրախություն պատճառեց։ Երբ 1945 թ.–ին տուն վերադարձանք Գերմանիայից, բացարձակապես ոչինչ չունեինք։ Նույնիսկ մեր կրած հագուստը ուրիշներից էինք վերցրել։ Սակայն շատ շուտով նյութական օգնություն ստացանք Ամերիկայի մեր եղբայրներից և քույրերից։ Այնպես որ օգնություն ցույց տալու այս փորձը հնարավորություն տվեց ինձ հատուցելու այն բարության դիմաց, որը տարիներ առաջ ցուցաբերվել էր մեր հանդեպ։ Իսկապես առանձնաշնորհում է եղբայրական այս մեծ ընտանիքի անդամ լինելը, որտեղ գործի է դրվում քրիստոնեական սերը» (Յովհաննէս 13։34, 35)։
[նկար 7–րդ էջի վրա]
Բոլորի համար շուտով երկրային առատ դրախտ կլինի