Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w01 2/15 էջ 30–31
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2001 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ողջույնի զորությունը
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Օգնություն ժողովից հեռացվածներին
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
2001 Դիտարան
w01 2/15 էջ 30–31

Ընթերցողների հարցերը

Արդյո՞ք Բ Յովհաննէս 10 համարը, որտեղ ասվում է՝ չընդունել տուն կամ չողջունել որոշ մարդկանց, վերաբերում էր միայն նրանց, ովքեր կեղծ վարդապետություններ էին տարածել։

Համատեքստում այս խորհուրդը վերաբերում էր երևան եկած «մոլորեցնողներին», որոնք «[չէին] դաւանում Յիսուս Քրիստոսին մարմնով եկած» (ԱԹ) (Բ Յովհաննէս 7)։ Հովհաննես առաքյալը հրահանգներ էր տալիս, թե այն ժամանակ քրիստոնյաներն ինչպես պետք է վարվեին այն անձնավորության հետ, որը ժխտում էր Հիսուսի գոյությունն ու Փրկիչ լինելը։ Հովհաննեսն ասաց. «Եթէ մէկը գայ ձեզ մօտ եւ այս վարդապետութիւնը չունենայ, նրան տուն մի՛ ընդունէք եւ նրան մի՛ ողջունէք։ Ով այդպիսի մէկին ասի՝ ողջո՜յն, մասնակից կը լինի նրա չար գործերին» (Բ Յովհաննէս 10, 11)։ Սակայն Աստվածաշնչի այլ համարներից երևում է, որ այս հրահանգն ավելի լայն կիրառություն ուներ։

Ինչ–​որ ժամանակ Կորնթոսի քրիստոնյաների մեջ էր գտնվում մեկը, որն անբարոյականություն էր գործել, ուստի Պողոսը նրանց գրեց ‘չխառնակվել, եթե եղբայր կոչված մեկը պոռնիկ լինի, կամ կռապաշտ, կամ ագահ, կամ բամբասող, կամ հարբեցող, կամ հափշտակող, այդպիսի մեկի հետ հաց էլ չուտել’ (Ա Կորնթացիս 5։11)։ Արդյոք դա վերաբերո՞ւմ էր այն նախկին եղբայրներին, որոնք վտարվել էին միայն այս համարում նշված լուրջ մեղքերի պատճառով։

Ո՛չ։ Յայտնութիւն 21։8–ը (ԱԹ) ցույց է տալիս, որ անզեղջ մարդասպանները, ոգեհարցներն ու ստախոսները նույնպես գտնվում են նրանց մեջ, ովքեր արժանի են երկրորդ մահվանը։ Վստահաբար, Ա Կորնթացիս 5։11–ի խորհուրդը հավասարապես վերաբերելու էր նաև այն նախկին քրիստոնյաներին, ովքեր այսպիսի մեղքեր էին գործել։ Նաև, Հովհաննեսը գրեց, որ «մե՛ր միջից ելան նրանք, բայց մեզնից չէին, որովհետեւ, եթէ մեզնից լինէին, ապա մեր մէջ էլ կը մնային։ Բայց մեզնից ելան, որպէսզի յայտնի լինէր, թէ նրանք ամէնքը մեզնից չեն» (Ա Յովհաննէս 2։18, 19)։ Հովհաննեսը չասաց, թե նրանք վտարվել էին լուրջ մեղքերի համար։ Միգուցե նրանցից ոմանք պարզապես հեռացել էին՝ այլևս չցանկանալով լինել ժողովում, քանի որ համաձայն չէին որևէ ուսմունքի հետ։ Մյուսները, հավանաբար, հոգնել ու հուսալքվել էին (Ա Կորնթացիս 15։12; Բ Թեսաղոնիկեցիս 2։1–3; Եբրայեցիս 12։3, 5)։

Իհարկե, եթե եղբայրը մեղք գործելու ճանապարհին էր գտնվում, ապա հասուն քրիստոնյաները պետք է ձգտեին օգնել նրան (Գաղատացիս 6։1; Ա Յովհաննէս 5։16)։ Եթե նա կասկածներ ունենար, նրանք փորձելու էին նրան ‘խլել կրակից’ (Յուդա 23)։ Նույնիսկ եթե նա դարձել էր ոչ ակտիվ քարոզիչ, չէր հաճախում ժողովների կամ մասնակցում ծառայությանը, հոգևորապես ուժեղները ջանալու էին ոտքի կանգնեցնել նրան։ Նա կարող էր ասել նրանց, որ ինքը չի ցանկանում ժողովի հետ լինել, քանի որ իր հավատը թուլացել է ու հոգևոր վիճակը՝ վատացել։ Նրանք չպետք է նրան անընդհատ անհանգստացնեին, այլ, բարյացակամորեն տրամադրվելով, կարող էին ժամանակ առ ժամանակ այցելել։ Նման սիրալիր, համբերատար և գթառատ վերաբերմունքի մեջ արտացոլվելու էր այն, որ Աստված չի ցանկանում, որ որևէ մեկը կորչի (Ղուկաս 15։4–7)։

Հովհաննեսի խոսքերը մատնանշում էին ոչ թե նման անհատներին, այլ նրանց, ովքեր հոգևոր թուլությունից և պասիվությունից էլ այն կողմ էին անցել. նրանք, փաստորեն, մերժել էին Աստծո ժողովը։ Ինչ–​որ մեկը, հավանաբար, բացեիբաց դուրս էր եկել Աստծո ժողովրդի դեմ՝ հայտարարելով, որ ինքն այլևս չի ցանկանում ժողովի մեջ մնալ։ Նա նույնիսկ պաշտոնական կերպով, օրինակ, նամակով կարող էր հրաժարվել իր հավատքից։ Իհարկե, ժողովը կընդուներ ինքն իրեն ընկերակցությունից զրկելու նրա որոշումը։ Սակայն ինչպե՞ս պետք է վերաբերվեին նրան հետագայում։

Հովհաննեսն ասում է. «Ամէն ոք, ով առաջ է անցնում եւ չի մնում Քրիստոսի վարդապետութեան մէջ, չի ճանաչում Աստծուն [«Աստուած չ’ունի», ԱԹ]։ Ով մնում է վարդապետութեան մէջ, նա ընդունում է ե՛ւ Որդուն, ե՛ւ Հօրը։ Եթէ մէկը գայ ձեզ մօտ եւ այս վարդապետութիւնը չունենայ, նրան տուն մի՛ ընդունէք եւ նրան մի՛ ողջունէք» (Բ Յովհաննէս 9, 10)։ Այս խոսքերը որոշակիորեն վերաբերում էին այն անհատին, որը հավատուրաց էր դարձել՝ հարելով կեղծ կրոնին կամ էլ կեղծ վարդապետություններ տարածելով (Բ Տիմոթէոս 2։17–19)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել նրանց մասին, ովքեր, Հովհաննեսի խոսքերով ասած, «մեր միջից ելան»։ Թեև առաջին դարի քրիստոնյաները պիտի իմանային, որ չպետք է շփվել վտարված անձնավորության կամ ակտիվ գործունեություն ծավալող հավատուրացի հետ, արդյո՞ք հարկավոր էր նույն վերաբերմունքը դրսևորել այն մարդու նկատմամբ, որը չէր վտարվել, բայց գիտակցաբար հրաժարվում էր քրիստոնեական ուղուց։

«Օգնություն՝ Աստվածաշնչի հասկացողության համար» (անգլ.) գրքում բացատրվում է, որ «հավատուրացություն» բառը ծագում է հունարեն մի բառից, որը բառացիորեն նշանակում է «հեռու կանգնել մի բանից», սակայն ունի «լքել, թողնել կամ ապստամբել» իմաստը։a Այդ գրքում նաև ասվում է. «Հավատուրացության տարբեր պատճառների շարքում առաքյալները դասել են՝ հավատի կորուստը (Եբր. 3։12), համբերության կորուստը փորձությունների ժամանակ (Եբր. 10։32–39, ԱԹ), բարոյական արդար չափանիշներից հրաժարվելը (Բ Պետ. 2։15–22), կեղծ ուսուցիչների խաբեպատիր և մոլորեցնող ոգեշնչված խոսքերի ականջ դնելը (....Ա Տիմոթէոս 4։1, ՆԱ; 2, 3) ....Այդպիսի մարդիկ գիտակցաբար թողնում են քրիստոնեական ժողովը, ուստիև դառնում են «նեռի» մի մասը» (Ա Յովհաննէս 2։18, 19)։

Այս նկարագրությանը կհամապատասխաներ նրան, ով գիտակցաբար և պաշտոնապես հեռացել էր ժողովից։ Մտածված կերպով Աստծո ժողովից և քրիստոնեական ուղուց հրաժարվելով՝ նա ինքն իրեն դարձնելու էր հավատուրաց։ Հավատարիմ քրիստոնյան չէր ցանկանա ընկերակցել հավատուրացի հետ։ Նույնիսկ եթե նրանք մի ժամանակ ընկերներ էին եղել, և եթե նրանցից մեկը թողնում է ժողովը, այսինքն՝ ուրանում է, այդ դեպքում եղբայրական մտերմության համար այլևս հիմք չկար։ Հովհաննեսը ցույց տվեց, որ անձամբ ինքը չէր ընդունելու իր տանը այնպիսի մեկին, որն ‘Աստված չուներ» և ‘մեզնից չէր’։

Հոգևոր իմաստով՝ Աստծո ժողովից հրաժարված անձնավորությունը դառնում է ավելի պարսավելի, քան աշխարհում գտնվողները։ Ինչո՞ւ։ Պողոսը ցույց տվեց, որ հռոմեական աշխարհում քրիստոնյաները ստիպված էին ամեն օր շփվել պոռնիկների, հափշտակողների և կռապաշտներին հետ։ Բայց այդ քրիստոնյաները, ըստ Պողոսի, չպետք է ‘խառնակվեին եղբայր կոչված մեկի’ հետ, որը կրկին ոչ աստվածահաճո ուղիներով էր ընթանում (Ա Կորնթացիս 5։9–11)։ Նույն կերպով Պետրոսն ասաց, որ նա, ով «աշխարհի պղծութիւններից փախչելուց յետոյ» ետ է դառնում նախկին կյանքին, նման է խոզի, որը կրկին մտնում է ցեխի մեջ (Բ Պետրոս 2։ 20, 21, [22, ԱԹ])։ Ուստի, Հովհաննեսը նմանատիպ խորհուրդ էր տալիս այդ քրիստոնյաներին ‘տուն չընդունել’ մեկին, որը գիտակցաբար ‘ելել էր նրանց միջից’ (Բ Յովհաննէս 10)։

Հովհաննեսն ավելացրեց. «Ով այդպիսի մէկին ասի՝ ողջո՜յն, մասնակից կը լինի նրա չար գործերին» (Բ Յովհաննէս 11)։ Այստեղ Հովհաննեսն ընտրել է հունարեն խաիրո բառը, որը նշանակում է «ողջույն», 13–րդ համարում գտնվող ասփազոմաի բառի փոխարեն։

Խաիրո–ն նշանակում էր ուրախանալ (Ղուկաս 10։20; Փիլիպպեցիս 3։1; 4։4)։ Այդ բառն օգտագործվում էր նաև բանավոր կամ գրավոր ողջույնի համար (Մատթէոս 28։9; Գործք 15։23; 23։26)։ Ասփազոմաի–ն նշանակում էր «գրկել, այսինքն՝ ողջունել, ուրախությամբ ընդունել» (Ղուկաս 11։43; Գործք 20։1, 37; 21։7, 19)։ Երկու բառերն էլ կարող էին «ողջույն» նշանակել, բայց ասփազոմաի–ն, հավանաբար, ավելին էր նշանակում, քան քաղաքավարի «բարևը» կամ «բարի օրը»։ Հիսուսն ասաց 70 աշակերտներին ասփասեսթե չանել որևէ մեկին։ Դրանով նա ուզում էր ասել, որ նրանք անհետաձգելի գործ էին կատարում, որը թույլ չէր տալիս ժամանակ հատկացնել արևելյան ձևով ողջունելուն՝ համբուրելով բարևել, գրկախառնվել և երկար զրուցել (Ղուկաս 10։4)։ Պետրոսն ու Պողոսը հորդորում էին. «Ողջունեցէ՛ք [ասփասեսթե] միմեանց սուրբ համբոյրով» (կամ ըստ ԱԹ–ի՝ «սէրի համբոյրով») (Ա Պետրոս 5։14; Բ Կորնթացիս 13։12, 13; Ա Թեսաղոնիկեցիս 5։26)։

Ուստի, Հովհաննեսը, հավանաբար, մտածված կերպով օգտագործել է հենց խաիրո բառը Բ Յովհաննէս 10, 11–ում գրված ասփազոմաի–ի փոխարեն (13–րդ համարում)։ Եթե այդպես է, ապա Հովհաննեսը չէր հորդորում պարզապես խուսափել ջերմորեն ողջունելուց (գրկախառնվելով, համբուրելով և զրուցելով) այն անհատի հետ, որը կեղծ վարդապետություններ էր տարածում կամ լքել էր ժողովը (հավատուրաց էր դարձել)։ Ո՛չ, նա ասում էր, որ նրանք չպետք է նույնիսկ ողջունեին այդպիսի անհատին խաիրո–ով՝ հասարակ «բարի օր»–ով։b

Այս խորհրդի լրջությունն ակնհայտ է Հովհաննեսի հետևյալ խոսքերից. «Ով այդպիսի մէկին ասի՝ ողջո՜յն, մասնակից կը լինի նրա չար գործերին»։ Ոչ մի ճշմարիտ քրիստոնյա չէր ցանկանա, որ Աստված իրեն համարեր վտարվածի կամ նրա ժողովը մերժածի չար գործերին մասնակից։ Որքան ավելի լավ է հաղորդակից լինել սիրով լի քրիստոնեական եղբայրությանը, ինչպես որ Հովհաննեսն էլ գրեց. «Ինչ որ տեսանք եւ լսեցինք, պատմում ենք ձեզ, որպէսզի դուք էլ հաղորդակից լինէք Նրան մեզ հետ, ինչպէս որ մենք հաղորդութիւն ունենք Հօր հետ եւ նրա Որդու՝ Յիսուս Քրիստոսի հետ» (Ա Յովհաննէս 1։3)։

[ծանոթագրություններ]

a «Webster’s New Collegiate Dictionary»–ում «հավատուրացություն» բառի տակ ասվում է. «1. դավանած կրոնից հրաժարվել, 2. թողնել նախկին հավատարմությունը»։

b Բ Յովհաննէս 11–ում օգտագործված խաիրո բառի հետ կապված՝ Ռ. Լենսկին մեկնաբանում է. «Դա հանդիպման կամ հրաժեշտի սովորական ողջույն էր.... Իմաստը հետևյալն է. նույնիսկ մի՛ բարևիր հավատափոխին. դա անելով իսկ արդեն դառնում ես նրա կատարած չար գործերին մասնակից։ Հովհաննեսը.... ուրիշ ողջույն նկատի ուներ»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը