Պայքար աղքատության դեմ. հնարավո՞ր է հաղթանակ ակնկալել
Միավորված ազգերի կազմակերպության Նյու Յորք քաղաքում գտնվող հաստատությունն այցելած զբոսաշրջիկները սոցիալ–տնտեսական խորհուրդների պալատում, առաստաղի փոխարեն տեսնում են բազմապիսի խողովակներ ու օդանցքներ։ Ուղեկցորդուհին դրանց մասին տալիս է հետևյալ մեկնաբանությունը. «Այս «անավարտ ծածկը» մի խորհրդանշան է, որը հիշեցնում է՝ Միավորված Ազգերի սոցիալ–տնտեսական հարցերին առնչվող աշխատանքները վերջ չունեն. աշխարհի ժողովուրդների կենսապայմանները բարելավելու ուղղությամբ միշտ էլ կգտնվի որևէ գործ»։
Թեև Խորհուրդը իր վրա կրում է արժեքավոր պատասխանատվություն՝ ամենուր բարձրացնել մարդկանց կենսամակարդակը, սակայն դա մի այնպիսի խնդիր է, որի վերջնական լուծումը դժվար է պատկերացնել։ Հետաքրքրական է, որ Հիսուս Քրիստոսը մ.թ. առաջին դարում, երկրի վրա իր ծառայությունը կատարելիս, այսպես ասաց. «Տիրոջ Հոգին իմ վրայ է, դրա համար իսկ օծեց ինձ, ինձ ուղարկեց աղքատներին աւետարանելու» (Ղուկաս 4։18)։ Իսկ ո՞րն էր նրա հայտնած ավետիսը. դա լուր էր այն Թագավորության մասին, որ պիտի հաստատի Եհովա Աստված՝ աղքատների ապավենը, և որտեղ որպես թագավոր հանդես է գալու Հիսուս Քրիստոսը։ Իսկ ի՞նչ նպատակ էր հետապնդելու այդ Թագավորությունը։ Եսայիան մարգարեացավ. «Զօրաց Տէրը բոլոր ազգերի համար... խնջոյք է անելու պարարտ բաներով հին գինիներով, ծուծով լիքը պարարտ բաներով, հին եւ մաքրուած գինիներով։ Նա պիտի կլանէ մահին յաւիտեան, եւ Եհովայ Տէրը պիտի ջնջէ արտասուքը ամեն երեսից» (Եսայիա 25։4–6, 8)։
Կուզեի՞ք իմանալ ավելին՝ թե Աստծո Թագավորությունն ինչպես է «բարելավելու աշխարհի ժողովուրդների կենսապայմանները», որպեսզի չքավորությունն իսպառ վերանա։ Ստորև զետեղված են տեղեկություններ, թե ինչպես կարող եք օգտվել Աստվածաշնչի որակյալ ուսուցման հնարավորությունից և ավելին իմանալ այն մասին, ինչ ասվում է Աստվածաշունչ գրքում նման թեմաներով։