ԴԱՍ 30
Դու կարող ես նորից տեսնել քո մահացած սիրելիներին
Մահը մեծ ցավ ու վիշտ է պատճառում։ Զարմանալի չէ, որ Աստվածաշունչը այն կոչում է թշնամի (1 Կորնթացիներ 15։26)։ 27-րդ դասից իմացանք, որ Եհովան պարտության է մատնելու այդ թշնամուն։ Իսկ ի՞նչ է լինելու այն մարդկանց, ովքեր արդեն մահացել են։ Այս դասից կիմանանք Եհովայի հիասքանչ խոստումներից ևս մեկի մասին. նա կյանքի է վերադարձնելու միլիարդավոր մարդկանց, որպեսզի նրանք վայելեն կյանքը հավիտյան։ Այո՛, նա հարություն է տալու մարդկանց։ Բայց մի՞թե դա հնարավոր է։ Հարություն առածները երկրի՞ վրա են ապրելու, թե՞ երկնքում։
1. Ի՞նչ նպատակ ունի Եհովան մահացածների առնչությամբ
Եհովան փափագում է կյանքի վերադարձնել մահացած մարդկանց։ Մեծ հավատի տեր մի մարդ, ում անունը Հոբ էր, համոզված էր, որ Աստված չի մոռանա իրեն, երբ ինքը մահանա։ Նա ասաց Աստծուն. «Դու կկանչես, ու ես կպատասխանեմ քեզ [գերեզմանից]» (կարդա Հոբ 14։13-15)։
2. Որտեղի՞ց գիտենք, որ մահացածների հարությունը հնարավոր է
Երբ Հիսուսը երկրի վրա էր, Աստված նրան հարություն տալու զորությամբ օժտեց։ Հիսուսը հարություն տվեց մի 12-ամյա աղջկա և մի այրի կնոջ որդու (Մարկոս 5։41, 42; Ղուկաս 7։12-15)։ Ավելի ուշ մահացավ Հիսուսի ընկերը՝ Ղազարոսը։ Հիսուսը հարություն տվեց նրան, չնայած որ նա արդեն չորս օր է՝ մահացած էր։ Աստծուն աղոթելուց հետո Հիսուսը ուղղակի բարձր ձայնով ասաց՝ «Ղազարո՛ս, դո՛ւրս արի», և «նա դուրս եկավ» (Հովհաննես 11։43, 44)։ Ղազարոսի ընտանիքի և ընկերների ուրախությանը չափ չկար։
3. Ի՞նչ հույս կա մահացածների համար
Աստվածաշունչը խոստանում է, որ «Աստված հարություն է տալու» մարդկանց (Գործեր 24։15)։ Նրանք, ում Հիսուսը անցյալում կյանքի վերադարձրեց, չգնացին երկինք (Հովհաննես 3։13)։ Հիսուսը այդ մարդկանց հարություն տվեց երկրի վրա, ինչի համար նրանք շատ ուրախ էին։ Նմանապես Հիսուսը շուտով հարություն կտա միլիարդավոր մարդկանց, որպեսզի նրանք հավիտյան վայելեն կյանքը երկրային դրախտում։ Նա ասաց, որ «բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են», անգամ նրանք, ովքեր մոռացվել են, Աստծու հիշողության մեջ են ու հարություն են առնելու (Հովհաննես 5։28, 29)։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Քննիր ապացույցներ Աստվածաշնչից՝ համոզվելու համար, որ Հիսուսը ի զորու է կյանքի վերադարձնելու մահացածներին և այդպես էլ կանի։ Իմացիր նաև, թե ինչպես կարող է հարության ուսմունքը մխիթարել և հույս տալ քեզ։
4. Հիսուսը փաստեց, որ կարող է հարություն տալ մահացածներին
Իմացիր ավելին այն մասին, թե Հիսուսն ինչ արեց իր ընկեր Ղազարոսի համար։ Կարդացեք Հովհաննես 11։14, 38-44 համարները և քննարկեք հետևյալ հարցերը.
Որտեղի՞ց գիտենք, որ Ղազարոսն իսկապես մահացել էր (տես 39 համարը)։
Եթե Ղազարոսը երկինք գնացած լիներ, ըստ քեզ՝ Հիսուսը նրան լավություն արած կլինե՞ր՝ հարության տալով։
5. Միլիարդավոր մարդիկ հարություն են առնելու
Կարդացեք Սաղմոս 37։29-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը.
Որտե՞ղ են ապրելու հարություն առած միլիարդավոր մարդիկ։
Եհովայի ծառաներից բացի՝ Հիսուսը հարություն է տալու նաև շատ այլ մարդկանց։ Կարդացեք Գործեր 24։15-ը և քննարկեք այս հարցը.
Ո՞ւմ կուզեիր տեսնել հարություն առած։
Հիսուսի համար հարություն տալը նույնքան հեշտ է, որքան հոր համար՝ որդուն քնից արթնացնելը
6. Հարության մասին խոստումը կարող է մխիթարել և հույս տալ քեզ
Հայրոսի աղջկա մասին աստվածաշնչյան պատմությունը մխիթարել ու քաջալերել է սգացող շատ մարդկանց։ Կարդացեք Ղուկաս 8։40-42, 49-56 համարներում արձանագրված պատմությունը։
Աղջկան հարություն տալուց առաջ Հիսուսը ասաց Հայրոսին. «Մի՛ վախեցիր, միայն հավատա» (տես 50 համարը)։ Ինչպե՞ս կարող է հարության հույսը օգնել քեզ՝
երբ մահանում է սիրելիներիցդ մեկը,
երբ կյանքիդ վտանգ է սպառնում։
Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք այս հարցը.
Հարության հույսը ինչպե՞ս է մխիթարել ու քաջալերել Ֆելիսիթիի ծնողներին։
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Հարության մասին ուսմունքը հեքիաթ է»։
Իսկ դու ի՞նչ ես կարծում։
Աստվածաշնչյան ո՞ր համարով ցույց կտաս, որ հարություն լինելու է։
ԱՄՓՈՓՈՒՄ
Աստվածաշնչում գրված է, որ միլիարդավոր մարդիկ հարություն են առնելու։ Եհովան ուզում է նորից կյանք շնորհել նրանց, ուստի Հիսուսին օժտել է հարություն տալու զորությամբ։
Վերհիշենք
Ի՞նչ ապացույցներ կան, որ Եհովան ու Հիսուսը փափագում են հարություն տալ մարդկանց։
Որտե՞ղ են ապրելու հարություն առած միլիարդավոր մարդիկ՝ երկնքո՞ւմ, թե՞ երկրի վրա։ Բացատրիր։
Ի՞նչն է համոզում քեզ, որ մահացած սիրելիներդ հարություն են առնելու։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Իմացիր, թե ինչ գործնական քայլեր կարող ես ձեռնարկել վիշտդ մեղմելու համար։
«Գործնական խորհուրդներ վիշտը մեղմելու համար» («Արթնացե՛ք», 2018, № 3)
Աստվածաշնչյան սկզբունքները կարո՞ղ են օգնել սգակիր մարդուն։
Երեխաները ինչպե՞ս կարող են հաղթահարել սիրելի մարդու կորստի ցավը։
Կլինե՞ն մարդիկ, որոնք հարություն կառնեն երկնքում։ Ովքե՞ր հարություն չեն առնի։