ԴԱՍ 29
Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո
Երբևէ կորցրե՞լ ես մտերիմ մարդու։ Այդ դժվար պահին գուցե մտածել ես. «Ի՞նչ է լինում մահից հետո։ Նորից կտեսնե՞մ իմ մտերիմին»։ Այս և հաջորդ դասերում կքննենք այս հարցերի վերաբերյալ Աստվածաշնչի մխիթարական պատասխանները։
1. Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո
Հիսուսը մահը համեմատեց խոր քնի հետ։ Խորը քնած մարդը անտեղյակ է իր շուրջը տեղի ունեցող դեպքերից։ Նմանապես մահացած մարդը չգիտի, թե ինչ է կատարվում իր շուրջը։ Նա ո՛չ ցավ է զգում, ո՛չ էլ տառապում է։ Ինչպես Աստվածաշունչն է ասում, «մահացածները ոչ մի բան չգիտեն» (կարդա Ժողովող 9։5)։
2. Ինչո՞վ է օգտակար մահվան մասին ճշմարտությունն իմանալը
Շատ մարդիկ վախենում են մահից և անգամ՝ մահացածներից։ Բայց այն, ինչ գրված է Աստվածաշնչում, կարող է մխիթարել քեզ։ Հիսուսն ասել է. «Ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհաննես 8։32)։ Չնայած որոշ կրոնների պնդումներին՝ Աստվածաշունչը չի սովորեցնում, թե մարդն ունի անմահ հոգի, որը մահից հետո շարունակում է իր գոյությունը։ Այսպիսով՝ ոչ ոք չի տանջվում մահից հետո։ Բացի այդ՝ քանի որ մահացածները ոչ մի բանից տեղյակ չեն, նրանք չեն կարող վնասել մեզ։ Հետևաբար կարիք չկա ինչ-որ բան անել մահացածներին հանդարտեցնելու համար, պաշտել նրանց կամ աղոթել նրանց համար։
Ոմանք ասում են, թե կարող են հաղորդակցվել մահացածների հետ։ Բայց դա անհնար է։ Ինչպես քիչ առաջ կարդացինք, «մահացածները ոչ մի բան չգիտեն»։ Նրանք, ովքեր կարծում են, թե հաղորդակցվում են իրենց մահացած սիրելիների հետ, շատ հնարավոր է՝ իրականում շփվում են դևերի հետ, որոնք խոսում են մահացած մարդու ձայնով։ Այսպիսով՝ մահացածների մասին ճշմարտությունն իմանալը պաշտպանում է մեզ դևերից։ Եհովան գիտի, որ դևերի հետ շփվելը շատ վտանգավոր է, ուստի մեզ զգուշացնում է, որ չփորձենք հաղորդակցվել մահացածների հետ (կարդա 2 Օրենք 18։10-12)։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Տես, թե Աստվածաշունչն ինչ է սովորեցնում մահվան մասին, և ամրացրու վստահությունդ այն բանի հանդեպ, որ սիրառատ Աստված չի պատժում մահացածներին։
3. Իմացիր մահացածների վիճակի մասին ճշմարտությունը
Ամբողջ աշխարհում մարդիկ մահացածների վիճակի վերաբերյալ տարբեր հավատալիքներ ունեն։ Ինչ խոսք, այդ հավատալիքներից բոլորը չէ, որ ճիշտ են։
Մահացածների վիճակի մասին ի՞նչ հավատալիքներ կան ձեր տարածքում։
Մահացածների վիճակի վերաբերյալ Աստվածաշնչի տեսակետն իմանալու համար դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։
Կարդացեք Ժողովող 3։20-ը և քննարկեք հետևյալ հարցերը.
Ըստ այս համարի՝ ի՞նչ է տեղի ունենում մահից հետո։
Արդյո՞ք մարդու մահից հետո նրա մեջ գտնվող ինչ-որ բան շարունակում է ապրել։
Աստվածաշնչում գրված է Հիսուսի ընկերներից մեկի՝ Ղազարոսի մահվան մասին։ Կարդացեք Հովհաննես 11։11-14-ը և տեսեք, թե Հիսուսն ինչ ասաց Ղազարոսի վիճակի մասին, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.
Հիսուսն ինչի՞ հետ համեմատեց մահը։
Այս համեմատությունից ի՞նչ ենք սովորում մահացածների վիճակի մասին։
Քո կարծիքով՝ մահվան վերաբերյալ Աստվածաշնչում գրվածը խելամի՞տ է։
4. Մահվան մասին ճշմարտությունն իմանալը օգտակար է
Մահվան մասին ճշմարտությունն իմանալը մեզ ազատում է մահացածների հանդեպ վախից։ Կարդացեք Ժողովող 9։10-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը.
Մահացածները կարո՞ղ են վնասել մեզ։
Մահացածների մասին ճշմարտությունը պաշտպանում է մեզ կրոնական ստերից։ Աստվածաշնչից իմանում ենք, որ կարիք չկա մահացածի հոգին խաղաղեցնելու համար ինչ-որ բան անել կամ պաշտել նրան։ Կարդացեք Եսայիա 8։19-ը և Հայտնություն 4։11-ը ու քննարկեք հետևյալ հարցը.
Քո կարծիքով՝ ի՞նչ է զգում Եհովան, երբ տեսնում է, որ մարդիկ պաշտում են մահացածներին կամ օգնություն են խնդրում նրանցից։
Մահվան մասին ճշմարտությունը ազատում է մեզ Եհովային տհաճ սովորույթներից
5. Մահվան մասին ճշմարտությունն իմանալը մխիթարում է մեզ
Շատերին սովորեցրել են, որ մահից հետո մարդիկ տանջվում են անցյալում իրենց գործած սխալների համար։ Սակայն մխիթարական է իմանալ, որ ոչ ոք մահից հետո չի տանջվում, նույնիսկ նրանք, ովքեր շատ վատ արարքներ են գործել։ Կարդացեք Հռոմեացիներ 6։7-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը.
Եթե մահը ազատում է մեզ մեղքից, մի՞թե տրամաբանական է մտածել, որ մարդը մահից հետո տառապում է անցյալում գործած սխալների համար։
Որքան լավ ճանաչենք Եհովային, այնքան ավելի կհամոզվենք, որ նա երբեք թույլ չէր տա, որ մահացածները տանջվեին։ Կարդացեք 2 Օրենք 32։4-ը և 1 Հովհաննես 4։8-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.
Արդյո՞ք այսպիսի հատկանիշներ ունեցող Աստված հավանություն կտար մահացածներին տանջելուն։
Քեզ համար մխիթարակա՞ն է իմանալ մահվան մասին ճշմարտությունը։ Ինչո՞ւ։
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Վախենում եմ, երբ մտածում եմ, թե ինչ կլինի ինձ հետ մահից հետո»։
Աստվածաշնչյան ո՞ր համարները կարող են մխիթարական լինել այդ մարդկանց համար։
ԱՄՓՈՓՈՒՄ
Մահով ավարտվում է մարդու կյանքը։ Մահացածները չեն տանջվում և չեն կարող վնասել ոչ ոքի։
Վերհիշենք
Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո։
Մահվան մասին ճշմարտությունը ինչպե՞ս է օգնում մեզ։
Մահվան մասին ճշմարտությունը ինչպե՞ս է մխիթարում մեզ։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Իմացիր, թե Աստվածաշնչում ինչ է իրականում նշանակում «հոգի» բառը։
Արդյո՞ք Աստված չարերին տանջում է դժոխքի կրակներում։
Պե՞տք է վախենալ մահացածներից։
«Հոգիներ. կարո՞ղ են օգնել կամ վնասել ձեզ։ Գոյություն ունե՞ն իրականում» (գրքույկ)
Տես, թե մի մարդ ինչպես մխիթարվեց, երբ իմացավ, թե ինչ է տեղի ունենում մահից հետո։
«Աստվածաշնչում գտա ինձ հուզող հարցերի պատասխանները» («Դիտարան», 2015, փետրվարի 1)