ԴԱՍ 10
Ինչո՞վ են օգտակար Եհովայի վկաների հանդիպումները
Երբևէ ներկա եղե՞լ ես Եհովայի վկաների հանդիպումներին՝ ժողովներին։ Եթե ոչ, գուցե առաջին անգամ այցելելիս փոքր-ինչ լարվես։ Հնարավոր է՝ մտածես. «Ի՞նչ է տեղի ունենում այդ հանդիպումների ժամանակ։ Ինչո՞ւ են դրանք կարևոր։ Ես ինչո՞ւ պետք է մասնակցեմ ժողովներին»։ Այս դասից կիմանաս, թե դրանք ինչով են օգտակար և ինչպես կարող են մտերմացնել քեզ Աստծու հետ։
1. Ո՞րն է մեր հանդիպումների գլխավոր նպատակը
Աստծու Խոսքը գրի առնողներից մեկը նշել է, թե որն է իրար հետ հավաքվելու գլխավոր նպատակը. «Մեծ ժողովի մեջ կփառաբանեմ Եհովային» (Սաղմոս 26։12)։ Ահա թե ինչու են Եհովայի վկաները հաճույքով հավաքվում միասին։ Ողջ աշխարհում նրանք ամեն շաբաթ հավաքվում են, որ երգեն, աղոթեն ու փառաբանեն Աստծուն։ Եհովային պաշտելու համար Վկաները նաև տարին մի քանի անգամ ավելի մեծ ժողովներ են կազմակերպում։
2. Ի՞նչ կարող ես սովորել ժողովների ժամանակ
Ժողովների ժամանակ մենք ուսումնասիրում ենք Աստծու Խոսքը՝ «հստակ բացատրում ենք [այն].... լուսաբանելով դրա իմաստը» (կարդա Նեեմիա 8։8)։ Հաճախելով հանդիպումներին՝ դու ավելի շատ բան կսովորես Եհովայի և նրա հրաշալի հատկանիշների մասին։ Որքան համոզվես այն բանում, որ Աստված քեզ շատ է սիրում, այնքան ավելի կմտերմանաս նրա հետ։ Նաև կտեսնես, թե նա ինչպես կարող է օգնել, որ իմաստալից կյանք ունենաս (Եսայիա 48։17, 18)։
3. Ի՞նչ օգուտներ կարող ես քաղել ժողովում ուրիշների հետ շփվելուց
Եհովան հորդորում է, որ «ուշադիր լինենք միմյանց հանդեպ, որ սիրո ու բարի գործերի մղենք իրար, և բաց չթողնենք մեր հավաքույթները» (Եբրայեցիներ 10։24, 25)։ Մեր հանդիպումներին դու կծանոթանաս այնպիսի մարդկանց հետ, ովքեր իսկապես սիրում են իրար և ուզում են ավելին իմանալ Աստծու մասին, նաև Աստվածաշնչից քաջալերական մտքեր կլսես (կարդա Հռոմեացիներ 1։11, 12)։ Կշփվես տարբեր անձանց հետ՝ երիտասարդ, թե տարեց, ամուրի, թե ամուսնացած, և կիմանաս, թե ինչպես հաջողությամբ դիմագրավել կյանքում ծագած խնդիրները։ Սրանք պատճառներից մի քանիսն են, թե Եհովան ինչու է ցանկանում, որ կանոնավոր հավաքվենք միասին։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Տես, թե ինչպես են անցկացվում Եհովայի վկաների հանդիպումները, և թե ինչու արժե ներկա գտնվել դրանց։
4. Եհովայի վկաների հանդիպումները
Առաջին դարում քրիստոնյաները կանոնավոր հավաքվում էին, որ պաշտեն Եհովային (Հռոմեացիներ 16։3-5)։ Կարդացեք Կողոսացիներ 3։16-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը.
Ինչպե՞ս էին առաջին դարի քրիստոնյաները պաշտում Եհովային։
Այսօր Վկաները նույնպես կանոնավոր հավաքվում են իրենց պաշտամունքի վայրերում։ Տեսնելու համար, թե ինչպես են անցկացվում նրանց ժողովները, դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։ Այնուհետև նայեք ժողովի նկարին և քննարկեք հաջորդող հարցերը.
Ի՞նչ նմանություններ ես տեսնում մեր հանդիպումների և Կողոսացիներ 3։16-ում գրվածի միջև։
Ուրիշ ի՞նչը դուր եկավ քեզ նկարում և տեսանյութում։
Կարդացեք 2 Կորնթացիներ 9։7-ը, որից հետո քննարկեք հետևյալ հարցը.
Ինչո՞ւ է Եհովայի վկաների հանդիպումների մուտքն անվճար։
Քեզ ուսուցանողի հետ ծանոթացեք այս շաբաթվա հանդիպումներից մեկի ընթացքում քննարկվելիք նյութին։
Ի՞նչ ես կարծում, հանդիպման հատկապես ո՞ր մասը հետաքրքիր ու գործնական կլինի քեզ համար։
Գիտեի՞ր
jw.org կայքից կարող ես իմանալ, թե տարբեր երկրներում երբ և որտեղ են անցկացվում Եհովայի վկաների հանդիպումները։
Ա) Մեր հանդիպումների ժամանակ լինում են ելույթներ, ցուցադրումներ և տեսանյութեր։ Հանդիպումները սկսվում և ավարտվում են երգով ու աղոթքով
Բ) Ծրագրի որոշ մասերում ունկնդիրները կարող են մեկնաբանություններ տալ
Գ) Մեր դռները բաց են բոլորի առաջ՝ և՛ ընտանիքների, և՛ ամուրիների, և՛ տարեցների, և՛ երեխաների
Դ) Ժողովների մուտքն անվճար է, հանգանակություն չի արվում
5. Հանդիպումներին հաճախելու համար ջանքեր են հարկավոր
Քննեք Հիսուսի ընտանիքի օրինակը։ Ամենամյա տոնակատարություններին մասնակցելու համար նրանք պետք է Նազարեթից լեռնային տարածքով հասնեին Երուսաղեմ՝ ոտքով անցնելով մոտ 100 կմ (60 մղոն)։ Կարդացեք Ղուկաս 2։39-42-ը, որից հետո քննարկեք հետևյալ հարցերը.
Քո կարծիքով՝ Երուսաղեմ հասնելը հե՞շտ էր։
Ի՞նչը կարող է խանգարել քեզ, որ մասնակցես ժողովներին, և ինչպե՞ս կարող ես հաղթահարել այդ խոչընդոտները։
Արժե՞ ջանքեր գործադրել։ Ինչո՞ւ։
Աստվածաշնչում ասվում է, որ Աստծուն պաշտելու նպատակով միասին հավաքվելը շատ կարևոր է։ Կարդացեք Եբրայեցիներ 10։24, 25-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը.
Ինչո՞ւ պետք է կանոնավոր հաճախենք հանդիպումներին։
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Ի՞նչ կարիք կա՝ ժողով գնաս։ Տանը կարդում ես Աստվածաշունչը, հերիք է»։
Աստվածաշնչյան ո՞ր համարը կամ օրինակն է ցույց տալիս, թե Եհովան ինչ է ակնկալում մեզնից։
ԱՄՓՈՓՈՒՄ
Հաճախելով հանդիպումներին՝ դու ավելի շատ բան կիմանաս Եհովայի մասին, կմտերմանաս նրա հետ և ուրիշների հետ կպաշտես նրան։
Վերհիշենք
Եհովան ինչո՞ւ է հորդորում, որ հավաքվենք միասին։
Եհովայի վկաների հանդիպումներին հաճախելով՝ ի՞նչ կսովորես։
Ժողովները է՞լ ինչով օգտակար կլինեն քեզ համար։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Եթե կաշկանդվում ու լարվում ես հանդիպումներին այցելելու մտքից, այս տեսանյութը կօգնի քեզ։ Տես, թե մի մարդ, ով այդպիսի զգացումներ ուներ, ինչպես սկսեց հաճույքով գնալ ժողով։
Տես, թե մի երիտասարդ որքան էր սիրում ներկա գտնվել հանդիպումներին և ինչ արեց, որ դրանք բաց չթողնի։
Ոմանք ինչպե՞ս են արտահայտվում հանդիպումների մասին։
«Ինչո՞ւ արժե հաճախել Եհովայի վկաների ժողովների սրահում անցկացվող հանդիպումներին» (վեբ հոդված)
Տես, թե ինչպես փոխվեց հանցավոր բանդայի անդամներից մեկի կյանքը, երբ նա ներկա եղավ Եհովայի վկաների ժողովներից մեկին։
«Երբեք առանց զենքի ոչ մի տեղ չէի գնում» («Դիտարան», 2014, հուլիսի 1)