Էլիզաբեթ I թագուհու ժամանակաշրջանը ոսկեդա՞ր էր
ԻՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ նա կենդանի լեգենդ էր։ Գրողները, բանաստեղծները, դրամատուրգները և նույնիսկ ժամանակակից կինոարդյունաբերողները պատկերել են նրա փառքը։ Վերջին տարիներին նրա մասին բազմաթիվ գրքեր են գրվել, շատ ցուցահանդեսներ են կազմակերպվել։ Նա ընդգրկվել է ամենանշանավոր բրիտանացիների առաջին տասնյակում։ Այդ կինը Անգլիայի Էլիզաբեթ I թագուհին էր։
Ինչպե՞ս կարողացավ այս միապետը, որ հայտնի էր նաև Վիրջին (կույս) թագուհի և Բարի թագուհի Բես անուններով, գրավել մարդկանց և երկար ժամանակ մնալ բոլորի ուշադրության կենտրոնում։ Իսկապե՞ս նրա իշխանության ժամանակաշրջանը կարելի է համարել ոսկեդար։
Խնդիրներ՝ որպես ժառանգություն
Երբ 1533 թ.–ին ծնվեց Էլիզաբեթ Թյուդորը, նրա հայրը՝ Հենրի VIII թագավորը, խիստ հիասթափվեց։ Էլիզաբեթի մայրը՝ Աննե Բոլեյնը, որը Հենրիի երկրորդ կինն էր, չկարողացավ արու ժառանգ պարգևել թագավորին։ Երբ Էլիզաբեթն ընդամենը 2 տարեկան էր, թագավորն իր կնոջ դեմ մեղադրանքներ ներկայացրեց, որոնք շատերի կարծիքով սուտ էին, և Աննե Բոլեյնը գլխատվեց։
Հենրի VIII թագավորը իր բոլոր կապերը խզել էր Հռոմի պապի հետ և իրեն Անգլիայի եկեղեցու գլուխ էր հռչակել։ 1547–ին նրա մահից հետո թագավորի երրորդ կնոջից ծնված որդու՝ Էդուարդ VI–ի խորհրդականները փորձում էին Անգլիայում բողոքականություն հաստատել։ Սակայն Էդուարդը թագավորեց միայն 6 տարի, իսկ նրա մահից հետո իշխանության գլուխ անցավ Մարի I–ը (Մարի Արյունարբու)՝ Հենրի թագավորի դուստրը, որը ծնվել էր առաջին կնոջից։ Նա փորձեց դաժան միջոցներով Անգլիայում վերահաստատել կաթոլիկությունըa։ Երբ 1558–ին գահ բարձրացավ 25–ամյա Էլիզաբեթը, Անգլիան ոչ միայն կրոնապես պառակտված էր, այլև տնտեսական ծանր վիճակում էր. Ֆրանսիայում այլևս չուներ տիրույթներ, իսկ Իսպանիան լուրջ սպառնալիք էր նրա համար։
Էլիզաբեթ թագուհին իր իշխանության հենց սկզբից շրջապատեց իրեն հմուտ խորհրդականներով, որոնց մի մասը մնաց թագուհու կողքին նրա 44–ամյա գահակալության գրեթե ողջ ընթացքում։ Առաջինը, որ թագուհին անմիջապես լուծեց, կրոնի խնդիրն էր։ Ազգային թանգարաններից մեկում պահպանվող մի գրության մեջ նշվում է, որ թագուհին որոշեց «շարունակել Ռեֆորմացիան և հիմնել անգլիկան եկեղեցին, որը ո՛չ կաթոլիկական էր և ո՛չ բողոքական» (National Maritime Museum)։ Եկեղեցու գլուխ հռչակելու փոխարեն՝ նա իրեն հռչակեց գերագույն կառավարիչ, որպեսզի հնազանդեցնի բոլոր նրանց, ովքեր չէին ընդունում, որ եկեղեցու գլուխը կին է։ Հետո պառլամենտը ընդունեց Միօրինակության ակտը, որում ամրագրված էին անգլիկան եկեղեցու հավատալիքներն ու սովորույթները, թեև դրանց մեծ մասը վերցված էր կաթոլիկությունից։ Անշուշտ, այս «միջանկյալ դիրքը» ո՛չ կաթոլիկների և ո՛չ էլ, առավել ևս, մոլեռանդ բողոքականների՝ պուրիտանների սրտով էր։
Սակայն կար նաև մեկ ուրիշ խնդիր, որ կապված էր թագուհու անձի հետ։ Ինչպե՞ս էր նա շահելու իր ազգի նվիրվածությունն ու հարգանքը, չէ՞ որ այդ ժողովուրդը դեռ կրում էր այն մեծ վնասները, որ պատճառեցին Մարի I–ի իշխանության դաժան տարիները։ Նա որոշեց իր կին լինելը օգտագործել որպես արժանիք։ Պատմաբան Քրիստոֆեր Հագը բացատրում է. «Որպես դեկավար՝ Էլիզաբեթը I–ը կոչվում էր Վիրջին թագուհի, եկեղեցու համար նա համարվում էր մայր, իր ազնվականների համար՝ մորաքույր, խորհրդատուների համար՝ պահանջկոտ կին, պալատականների համար՝ հրապուրիչ տիկին»։ Թագուհու գաղտնիքն այն էր, որ նա միշտ վստահեցնում էր ժողովրդին իր սիրո մեջ։ Ի վերջո ժողովուրդը հավատաց նրան ու փոխադարձաբար սկսեց սիրել իր թագուհուն։
Պառլամենտը ուզում էր, որ Էլիզաբեթն ամուսնանա և բողոքական գահաժառանգ լույս աշխարհ բերի։ Տարբեր արքայազներ հաջորդաբար թագուհու ձեռքն էին խնդրում։ Սակայն թագուհին նախ ձևացնում էր, թե հետաքրքրված է իրեն արված առաջարկներով, ապա քաղաքական նկատառումներից ելնելով՝ ամիսներ, երբեմն էլ տարիներ ձգձգում էր իր պատասխանը, ու երբ արդեն «հարմար» էր, մերժում էր նրանց։
Քանի որ Էլիզաբեթը կրոնապես չեզոք դիրք էր բռնել, դարձել էր դավադրությունների թիրախ։ Կաթոլիկ Մարի Ստյուարտը՝ թագուհու մոտ ազգականուհին, նրա գահը զավթելու հարմար առիթ էր փնտրում։ Կաթոլիկ Եվրոպան համարում էր, որ նա է Մարի I–ի օրինական ժառանգորդը։ Իրավիճակն ավելի վտանգավոր դարձավ, երբ 1568–ին Մարին ստիպված թողեց Շոտլանդիայի գահը և փախավ Անգլիա։ Թեև տնային կալանքի տակ էր, նա դարձավ կաթոլիկների ուշադրության կենտրոնը, որոնք ցանկանում էին գահընկեց անել բողոքական թագուհուն։ Չնայած դրան՝ Էլիզաբեթը համառորեն մերժում էր մահապատժի ենթարկել իր ազգականուհուն, որը նույնպես թագուհի էր։ 1570–ին Հռոմի պապ Պիոս V–ը մի կոնդակ կազմեց, որի համաձայն՝ Էլիզաբեթը վտարվում է եկեղեցուց, իսկ նրա հպատակներին թողություն է տրվում այն բանի համար, որ հնազանդվել են թագուհուն։ Հռոմի հաջորդ պապը՝ Գրիգոր XIII–ը, ավելի հեռու գնաց. նա ասաց, որ մեղք չի համարվի այն, որ կաթոլիկները ներխուժեն Անգլիա և գահընկեց անեն թագուհուն։ Պառլամենտը խիստ զայրացավ, երբ բացահայտվեց Էլիզաբեթին սպանելու համար Էնտոնի Բաբինգտոնի կազմակերպած դավադրությունը, որի մեջ ներգրավված էր նաև Մարի Ստույարտը։ Ի վերջո, 1587–ին թագուհին ստիպված համաձայնվեց, որ Մարին գլխատվի։ Նրա այդ քայլը անչափ զայրացրեց կաթոլիկ Եվրոպային՝ հատկապես Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II–ին։
Կաթոլիկ Ֆիլիպի մարտավարությունը
Այդ ժամանակաշրջանում Ֆիլիպ II–ը Եվրոպայում ամենահզոր կառավարիչն էր։ Նա փորձել էր Անգլիայում պահպանել կաթոլիկությունը՝ առաջարկելով Էլիզաբեթին ամուսնանալ իր հետ, երբ վերջինս դարձել էր թագուհի։ Սակայն Էլիզաբեթը մերժել էր նրան։ Տարիներ շարունակ անգլիական զինված նավերը կողոպտում էին իսպանական նավերն ու նավահանգիստները՝ սպառնալով նրա գաղութատիրական գերիշխանությանը։ Դա դեռ բավական չէր, Էլիզաբեթը աջակցում էր Նիդերլանդներին, որը պայքարում էր Իսպանիայից անկախանալու համար։ Ի վերջո, Ֆիլիպի համբերության բաժակը լցվեց, երբ Անգլիայի թագուհին հրամայեց գլխատել Մարիին։ Ունենալով պապի աջակցությունը, որն անընդհատ շտապեցնում էր իրեն՝ Ֆիլիպը ծրագրեց իսպանական «Անպարտելի արմադան» հանել Անգլիայի դեմ։ «Արմադան» 130–ից ավելի ռազմանավերից բաղկացած նավատորմ էր, որը թագավորի ծրագրի համաձայն՝ պետք է նավարկեր դեպի Նիդերլանդներ, այնտեղից հսկա զորաբանակ վերցներ ու հատելով Լա Մանշ նեղուցը՝ հարձակվեր Անգլիայի վրա։ Սակայն նախքան բոլոր ուժերը կհամախմբվեին, անգլիացի լրտեսները իմացան Ֆիլիպի ծրագրերի մասին։ Էլիզաբեթը Ֆրենսիս Դրեյկի գլխավորությամբ 30 նավ ուղարկեց Իսպանիայի Կադիս նավահանգիստ, որտեղ նրանք զգալի վնասներ հասցրին իսպանական նավատորմին։ Այդ պատճառով «Արմադայի» ռազմարշավը հետաձգվեց մեկ տարով։
Երբ հաջորդ տարի՝ 1588–ին, «Արմադան» դուրս եկավ նավահանգստից, անգլիական նավերը պատրաստ էին նրան դիմավորելու։ Չնայած անգլիացիների հարձակումներին՝ իսպանական նավատորմը անցավ Լա Մանշը և խարիսխ գցեց այժմ Ֆրանսիայի տարածքում գտնվող Կալե նավահանգստում։ Այդ գիշեր անգլիացիները նրանց վրա ուղարկեցին 8 հրկիզանավb։ Խուճապահար եղած իսպանացիների նավատորմը ցիրուցան եղավ և մի քանի արյունահեղ ճակատամարտից հետո հարավարևմտյան քամին նրանց նավերը քշեց Անգլիայից հեռու՝ դեպի հյուսիս։ Շոտլանդիայի շուրջը և Իռլանդիայի արևմտյան ափերին պտտվող փոթորիկները խորտակեցին իսպանական նավերի կեսը, իսկ մնացած նավերը մեծ վնասներ կրեցին և հազիվ վերադարձան Իսպանիա։
Սկսում է «ոսկեդարը»
Էլիզաբեթի իշխանության սկզբում Անգլիան ծովից այնկողմ չուներ ոչ մի տիրույթ։ Իսկ Իսպանիան մեծ հարստություն էր ձեռք բերում այն տարածքներից, որ գրավել էր Հյուսիսային, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում։ Անգլիան ուզում էր իր բաժինն ունենալ դրանից։ Ուստի արկածախնդիր անգլիացիների նավերը օվկիանոսներ անցան՝ փնտրելով փառք, հարստություն և առևտրական նոր ուղիներ դեպի Չինաստան և Հեռավոր Արևելք։ Ֆրենսիս Դրեյկը առաջին կապիտանն էր, որն իր նավով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարեց՝ թալանելով գանձերով բեռնավորված իսպանական նավերը, երբ նավարկում էր Հարավային և Հյուսիսային Ամերիկայի արևմտյան ափերով։ Իսկ Ուոլտեր Ռոլին «Նոր աշխարհում» (Ամերիկա) Իսպանիայի ունեցած միապետությանը վերջ տալու նպատակով Հյուսիսային Ամերիկայի արևելյան ափին հիմնեց մի գաղութ։ Այդ տարածքը նա անվանեց Վիրջինիա՝ ի պատիվ Անգլիայի Վիրջին թագուհու։ Թեև գաղութներ հիմնելու առաջին փորձերը ձախողվեցին, սակայն դրանք գրգռեցին Անգլիայի «ախորժակը»։ Երբ իսպանական «Անպարտելի արմադան» պարտվեց, անգլիացիները սկսեցին իրենց ավելի վստահ զգալ ծովում, և Էլիզաբեթ թագուհին սկսեց աջակցել առևտրական նոր նախաձեռնություններին, որոնք կապված էին Հարավարևելյան Ասիայի՝ աշխարհի մյուս ծայրի հետ։ Այսպես դրվեց Բրիտանական կայսրության հիմքը, որը հայտնի էր դառնալու ողջ աշխարհումc։
Անգլիայում մեծ շեշտ դրվեց կրթության վրա։ Նոր դպրոցներ բացվեցին, և շատերն ոտք դրեցին քաղաքակիրթ աշխարհ։ Գրականության ծարավը և տպագրության հայտնագործումը մեծ զարկ տվեցին մշակույթի առաջընթացին։ Սկսվեց Վիլյամ Շեքսպիրի և այլ մեծ դրամատուրգների դարաշրջանը։ Նոր բացված թատրոնները լեփ–լեցուն էին հանդիսատեսներով, որոնք հիանում էին գեղեցիկ ներկայացումներով։ Բանաստեղծները գրում էին հիասքանչ սոնետներ, կոմպոզիտորները նոր մեղեդիներ էին հյուսում, իսկ հմուտ նկարիչները կերտում էին թագուհու և պալատականների նրբագեղ մանրանկարները։ Աստվածաշնչի նոր թարգմանությունները կարևորագույն դեր ունեցան մարդկանց կյանքում։ Սակայն ոսկե օրերը երկար չշարունակվեցին։
Ոսկեդարը կորցրեց իր փայլը
Էլիզաբեթի իշխանության վերջին տարիները լի էին խնդիրներով։ Նրա վստահելի խորհրդականներն արդեն մահացել էին։ Թագուհին որոշ արտոնություններ շնորհեց մի քանի ընտրյալ պալատականների։ Այդ քայլը արքունիքում կատաղի մրցակցությունների պատճառ դարձավ, ոմանք նույնիսկ ըմբոստացան նրա դեմ։ Անգլիան կրկին կրոնապես բաժանվեց։ Կաթոլիկները հրաժարվում էին բողոքականների եկեղեցի մտնելուց և այդ պատճառով դաժանորեն հալածվում էին։ Մոտ 200 քահանաներ և կրոնասեր մարդիկ մահապատժի ենթարկվեցին։ Պուրիտանները նույնպես բանտարկվում և սպանվում էին։ Իռլանդիան ըմբոստացավ Անգլիայի իշխանության դեմ, և Իսպանիայի հետ պատերազմը շարունակվեց։ Չորս տարի անընդմեջ վատ բերքի պատճառով երկիրն ընկավ տնտեսական ծանր վիճակի մեջ։ Մարդիկ կորցրին իրենց աշխատանքը ու սկսեցին թափառական կյանքով ապրել։ Նրանք բողոքում էին սննդամթերքի բարձր գների համար։ Էլիզաբեթը կորցրել էր իր փառքը։ Անգլիան այլևս չէր սիրում իր Վիրջին թագուհուն։
Էլիզաբեթն աստիճանաբար հանձնվեց։ Թյուդորների վերջին գահաժառանգը մահացավ 1603 թ. մարտի 24–ին։ Անգլիան ցնցվեց՝ լսելով թագուհու մահվան լուրը։ Սակայն մեկ օր էլ չէր անցել, երբ փողոցներում խարույկներ վառելով և խնջույքներ կազմակերպելով՝ մարդիկ նշեցին իրենց նոր միապետի՝ Շոտլանդիայի Ջեյմս VI թագավորի գահակալությունը։ Նա Մարի Ստյուարտի բողոքական որդին էր։ Դառնալով Անգլիայի Ջեյմս I թագավոր՝ նա արեց այն, ինչ չկարողացավ անել Էլիզաբեթ թագուհին։ Նա միավորեց երկու մասի բաժանված թագավորությունը։ Սակայն կարճ ժամանակ անց անգլիացիների վառ հույսերը հօդս ցնդեցին, և նրանք խոր հիասթափություն ապրեցին։ Մարդիկ սկսեցին երանությամբ հիշել իրենց Բարի թագուհի Բեսին։
Իսկապե՞ս ոսկեդար
Հին պատմիչները փառքով են պսակել Էլիզաբեթին։ Թագուհու մահից մի քանի տարի անց Ուիլյամ Քամդեն նրա իշխանության ժամանակաշրջանն անվանեց ոսկեդար, քանի որ մարդիկ, թագուհուց ոգեշնչված, ձգտում էին զարգանալ։ Դարեր շարունակ ոչ ոք կասկածի տակ չդրեց պատմաբանի այս խոսքերը։ Ընդհակառակը՝ թագուհին ավելի մեծ փառքի արժանացավ 19–րդ դարի վերջին, երբ նրան վերագրեցին Բրիտանական կայսրության ծնունդը, որն այդ ժամանակ տիրում էր աշխարհի մեկ քառորդի վրա։
Ժամանակակից որոշ պատմաբաններ, սակայն, չեն համարում, որ այդ ժամանակաշրջանը այդքան նշանակալից է եղել։ Բրիտանիայի պատմության մասին մի գրքում նշվում է. «Էլիզաբեթի ստացած հետմահու փառքը նրա կատարած գործերի արդյունքը չէր։ Պարզ էր, որ նրա պրոպագանդան, ....նրա երկարակեցությունը, շեքսպիրյան դարաշրջանը, որը համընկավ նրա իշխանության ժամանակաշրջանի հետ, և «Արմադայի» դեմ տարած անսպասելի հաղթանակը մեզ մղում են փառաբանելու թագուհուն և անտեսելու այն փաստը, որ նա իրականում թույլ տվեց, որ Անգլիան դառնա անկառավարելի» (The Oxford Illustrated History of Britain)։ Պատմաբան Քրիստոֆեր Հագը բացատրում է, թե ինչու են որոշ պատմաբաններ այդպես արտահայտվել թագուհու մասին։ Նա ասում է. «1603–ին բոլորը Էլիզաբեթին համարում էին հիմար ծեր կին, քանի որ սպասում էին, թե երբ է իշխանության գլուխ անցնելու Մարի Ստյուարտի որդին։ Սակայն արդեն 1630–ին, երբ Ստյուարտներից սերած թագավորները չէին արդարացրել անգլիացիների սպասելիքները, նրանք սկսեցին մտածել, որ Էլիզաբեթը շատ ավելի հմուտ կառավարիչ էր»։
Անկասկած, տղամարդիկ Էլիզաբեթին համարում էին բացառիկ կին։ Նա խելացի էր, վճռական, կարողանում էր լավ կապեր պահպանել հասարակության հետ իր պալատականների և խորհրդականների շնորհիվ, որոնք հմտորեն պատրաստում էին նրա խոսքերը, հոգ էին տանում նրա արտաքին տեսքի, հագուստի մասին և պատկերում էին թագուհու դիմանկարները, որոնք շքեղ արքայական կերպար էին ստեղծում և ծաղկեցնում էին լեգենդար ոսկեդարը։
[ծանոթագրություններ]
a Տե՛ս «Կրոնական անհանդուրժողականության խոստովանություն» հոդվածը «Արթնացե՛ք»–ի 2000 թ. ապրիլի 8–ի համարում, էջ 12–14 (անգլ. ռուս.)։
b Հրկիզանավը բեռնավորված էր լինում պայթուցիկներով և այլ հրկիզվող նյութերով։ Այդ նավերը բաց էին թողնում հակառակորդի նավերի ուղղությամբ։ Այն հրդեհ էր գցում նավերի մեջ և մեծ վնասներ էր պատճառում։
c Տե՛ս «Ջոն Դին և Բրիտանական կայսրությունը շրջանակը։
[մեջբերում 14-րդ էջի վրա]
«Էլիզաբեթի ստացած հետմահու փառքը նրա կատարած գործերի արդյունքը չէր»
[շրջանակ/նկար 14-րդ էջի վրա]
ՋՈՆ ԴԻՆ ԵՎ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆԸ
Էլիզաբեթ թագուհին համարում էր նրան իր փիլիսոփան։ Ջոն Դին (1527– 1608/9) հարգված մաթեմատիկոս էր, աշխարհագրագետ և աստղագետ, նաև խորապես հետաքրքրված էր աստղագուշակությամբ և կախարդությամբ։ Նա խորհուրդ տվեց թագուհուն, թե որ օրը նպաստավոր կլինի գահակալման արարողության համար։ Ջոն Դին իր կախարդություններն անում էր հենց պալատում։ «Բրիտանական կայսրություն» արտահայտությունը տարածելով՝ նա խրախուսում էր թագուհուն, որ իրեն համարի ապագա կայսրության կայսրուհի, որն իշխելու էր օվկիանոսների և նոր երկրների վրա։ Այդ նպատակով Ջոն Դին սովորեցնում էր ճանապարհորդներին, թե ինչպես պետք է նավարկել հյուսիս–արևելք և հյուսիս–արևմուտք՝ արևելյան երկրներ հասնելու նոր ուղիներ գտնելու համար։ Նա նաև թիկունք էր կանգնում Հյուսիսային Ամերիկա մայրցամաքը գաղութացնելու ծրագրերին։
[թուլտվությամբ]
© The Bridgeman Art Library International
[նկարներ 12-րդ և 13–րդ էջերի վրա]
Ա. Իսպանական «Արմադայի» վրա ուղարկված անգլիական հրկիզանավերը Բ. Ֆրենսիս Դրեյկ Գ. Էլիզաբեթ թագուհին Դ. Գլոբուս թատրոնը Ե. Վիլյամ Շեքսպիր
[թույլտվությամբ]
A: From the book The History of Protestantism (Vol. III); B: ORONOZ; C: From the book Heroes of the Reformation; D: From the book The Comprehensive History of England (Vol. II); E: Encyclopædia Britannica/11th Edition (1911)
[նկար 14-րդ էջի վրա. թուլտվությամբ]
Photograph taken by courtesy of the British Museum