ԻՆՉՊԵՍ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՁԵՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Օգնություն «պատերազմների ձայներով և պատերազմների լուրերով» լի աշխարհում
ՄԱՅԻՍԻ 27, 2022
Գիտենք, որ այս վերջին օրերում «պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր» ենք լսելու (Մատթեոս 24։6)։ Թեև մեր եղբայրներից ու քույրերից շատերը բախվում են այս դառը իրականությանը, սակայն ճիշտ պահին ստանում են անհրաժեշտ օգնությունը։ 2022 թ. Կառավարիչ մարմնի 3-րդ հաշվետվությունից տեղեկացանք, թե Արևելյան Եվրոպայում ինչ քայլեր են ձեռնարկվել Ուկրաինայում ընթացող պատերազմից տուժածներին օգնելու համար։ Պատերազմական պայմաններում ինչպե՞ս է նման օգնություն տրամադրվում, և ի՞նչ են ասում այն ստացող հավատակիցները։
Ինչի՞ կարիք կար։ Ինչպե՞ս առաքվեց
Երբ 2022 թ. փետրվարի 24-ին Ուկրաինայում պատերազմ սկսվեց, կոորդինատորների կոմիտեն հավանություն տվեց, որ գումար հատկացվի տուժածներին օգնելու գործին։ Ուկրաինայի մասնաճյուղը անմիջապես սկսեց գնել անհրաժեշտ ապրանքները և բաշխել աղետից տուժածներին օգնելու 27 կոմիտեների (ԱՏՕԿ) միջոցով։
Բացի դրանից՝ Եհովայի վկաների գլխավոր վարչության եղբայրները անհապաղ սկսեցին քննարկել, թե էլ ինչ գործնական օգնություն է հնարավոր տրամադրել։ Կառավարիչ մարմնի՝ կոորդինատորների և հրատարակչական կոմիտեները հանձնարարեցին համաշխարհային մատակարարման բաժնին համագործակցել Ուկրաինայի և Լեհաստանի մասնաճյուղերի ներկայացուցիչների հետ, որպեսզի ճշտեն՝ ինչի կարիք կա և գործողությունների պլան մշակեն։ Յուրաքանչյուր մասնաճյուղի մատակարարման, առաքման և իրավաբանական բաժինների եղբայրները, Ուկրաինայի մասնաճյուղի կոմիտեի անդամներից մեկը և համաշխարհային մատակարարման բաժնի եղբայրները ամեն օր տեսակապով հանդիպում էին, որ կոորդինացնեին օգնություն տրամադրելու գործը։
Արկղերի մեջ կային սննդամթերք, հիգիենայի պարագաներ և ձեռքով պատրաստված քաջալերական բացիկներ
«Նախ պետք է պարզեինք, թե ինչի կարիք կա,— պատմում է Ջեյ Սուինին, ով ծառայում է համաշխարհային մատակարարման բաժնում։— Ուզում էինք հավատակիցներին այնպիսի սննդամթերք և հիգիենայի պարագաներ տրամադրել, որոնց նրանք սովոր էին։ Այդուհանդերձ, պարզելը, թե ինչի կարիք կա, խնդրի միայն մեկ կողմն էր։ Պետք է նաև կողմնորոշվեինք, թե պատերազմական պայմաններում ապրանքները ինչպես հնարավորինս արագ և անվտանգ հասցնել Ուկրաինա»։
Մինչև 2022 թ. մարտի 9-ը եղբայրները արդեն պարզել էին, թե ինչ ապրանքների կարիք կա։ Պլանավորվում էր ուղարկել սննդամթերք՝ պահածոյացված միս, ձուկ, ձավարեղեն, բրինձ, լոբի, ինչպես նաև հիգիենայի առաջին անհրաժեշտության պարագաներ՝ օճառ, զուգարանի թուղթ և այլն։ Այս ապրանքների մեկամսյա պաշարը մեկ անձի հաշվարկով կազմելու էր մոտ 65 ԱՄՆ դոլար։ Հաշվի առնելով, որ հավանաբար հազարավոր հավատակիցներ նման օգնության կարիք կունենան՝ կոորդինատորների կոմիտեն հավանություն տվեց զգալի գումար տրամադրել այդ ծախսերի համար։ Սակայն ինչպե՞ս էր այս օգնությունը տեղ հասցվելու՝ առանց եղբայրների կյանքը անտեղի ռիսկի ենթարկելու։
Մարտի 13-ին Լեհաստանից երկու կամավոր եղբայրներ փորձնական առաքում իրականացրին Լեհաստանի մասնաճյուղից Ուկրաինայի Լվով քաղաքի մոտակայքում գտնվող պահեստ։ Մեկնումից օրեր առաջ Լեհաստանի և Ուկրաինայի մասնաճյուղերի անձնակազմերը օգնեցին կամավորներին պատրաստվել այս ճամփորդությանը։ Լեհաստանի մասնաճյուղի եղբայրները պատրաստեցին այն փաստաթղթերը, որ անհրաժեշտ էին հումանիտար օգնություն տրամադրելու նպատակով սահմանը հատելու համար, և հոգ տարան, որ մեքենաների վրա լինեն հումանիտար օգնությունը մատնանշող գրություններ։ Բացի այդ՝ Ուկրաինայի եղբայրներից պարզեցին, թե սահմանը հատելուց հետո որն է դեպի պահեստ տանող ամենակարճ ճանապարհը։ Լավ նախապատրաստվելու և Եհովայի օգնության շնորհիվ երկու եղբայրները ապրանքը բարեհաջող հասցրին պահեստ, և այն 24 ժամվա ընթացքում բաշխվեց ԱՏՕԿ-ների միջև, իսկ իրենք անվնաս վերադարձան Լեհաստան։
Չնայած առաջին փորձնական առաքումը հաջողվեց, բայց այն 1 տոննայից էլ քիչ ապրանք էր պարունակում։ Դեռ 200 տոննա օգնություն հասցնելու կարիք կար։ Ինչպե՞ս էին եղբայրները հնարավորինս արագ փոխադրելու և բաշխելու այս մեծաքանակ բեռը։
«Քո ժողովուրդը հոժար կամքով կտրամադրի իրեն»
jw.org կայքից տեղեկանալով Ուկրաինայում գտնվող հավատակիցների իրավիճակի մասին՝ աշխարհի տարբեր ծայրերից հազարավորներ ցանկացան օգնության ձեռք մեկնել։ Նրանք, ովքեր հեռու էին ապրում, դրամական նվիրատվություններ կատարեցին Եհովայի վկաների համաշխարհային գործի համար՝ վստահ լինելով, որ միջոցները լավագույնս կօգտագործվեն։ Իսկ սահմանամերձ երկրներում ապրողները աջակցեցին տուժածներին՝ տրամադրելով իրենց ժամանակը, ուժերը և միջոցները։ Ահա մի քանի օրինակ։
Լեհաստանում կամավորները հավաքեցին հումանիտար օգնության տասնյակ հազարավոր ծանրոցներ, իսկ փոքրիկները բացիկներ պատրաստեցին։ «Բազմիցս կարդացել էի Սաղմոս 110։3-ը, որտեղ գրված է, որ Եհովայի «ժողովուրդը հոժար կամքով կտրամադրի իրեն»,— ասում է Բարտոշ Կոսչելնյակը, ով Լեհաստանի մասնաճյուղի մատակարարման բաժնից է։— Բայց երբ անձամբ տեսա, թե հարյուրավոր կամավորներ ինչպես պատրաստակամորեն գործի անցան, համոզվեցի, թե որքան ճշմարիտ են այս խոսքերը»։
Մի Եհովայի վկա, ով միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություն ունի, բեռնատարներ և վառելիք տրամադրեց։ Նա ասում է. «Սա եղբայրներիս ու Եհովայի հանդեպ իմ սերը ցույց տալու լավ առիթ է։ Այնքան ուրախ եմ, որ կարող եմ օգտակար լինել»։ Ընդհանուր առմամբ ավելի քան 7 700 լիտր (2 034 գալոն) վառելիք նվիրաբերվեց, իսկ եղբայրները փոխադրումները իրականացնելու նպատակով անձնվիրաբար կտրեցին-անցան ընդհանուր առմամբ 48 000 կիլոմետր (30 000 մղոն) ճանապարհ։
Մեր ջանասեր եղբայրների և քույրերի շնորհիվ մարտի 28-ին՝ առաջին փորձնական առաքումից 15 օր անց, Ուկրաինա էր փոխադրվել 100 տոննա սննդամթերք, հիգիենայի պարագաներ և դեղորայք։ Քանի որ հավատակիցները և ուրիշները առատաձեռնորեն հումանիտար օգնություն նվիրաբերեցին, հնարավոր եղավ զգալիորեն խնայել ծանրոցների համար տրամադրված դրամական միջոցները։ Մինչ օրս Եհովայի վկաները Ուկրաինա են ուղարկել ավելի քան 190 տոննա հումանիտար օգնություն։ Իսկ ի՞նչ են ասում այն ստացող հավատակիցները։
«Դրանց մեջ նաև ձեր սերն էր»
Երբ ծանրոցները հասցվեցին Լվով, Ուկրաինայում գործող ԱՏՕԿ-ները բաժանեցին դրանք կարիքի մեջ եղող մեր հավատակիցներին։ Ծանրոցները առաքվեցին տարբեր քաղաքներ, ընդ որում դրանց մի մասը Լվովից 1 300 կիլոմետր (800 մղոն) հեռու էր։ Չնայած առաքումը կազմակերպված էր ընթանում, այն, միևնույն է, ժամանակատար էր։a
Ուկրաինայի մասնաճյուղի կոմիտեի անդամ Մարկուս Ռայնհարդտը նշում է. «Այս պատերազմի ընթացքում հավատակիցներից շատերը անձամբ զգացին Եհովայի սերը և համոզվեցին, որ անչափ կենսական է հետևել կազմակերպության առաջնորդությանը նույնիսկ նախքան վրա կհասնի աղետը։ Օրինակ՝ բոլորին հորդոր էր տրվում սննդի և ջրի մի քանի շաբաթվա պաշար ունենալ տանը։ Կիևից Անտոն անունով մի երեց այս առաջնորդության վերաբերյալ հետևյալն է ասել. «Եհովայի կազմակերպությունը նախապատրաստել էր մեզ այս դժվար իրավիճակին, ինչի համար շատ շնորհակալ ենք։ Սննդի և ջրի պաշար, ինչպես նաև ռադիո ունենալը փրկեց մեր կյանքը»։ Այնքան շնորհակալ ենք հավատակիցներին իրենց դրսևորած հնազանդ ոգու համար։ Դրա շնորհիվ նրանք ունեին ամենաանհրաժեշտ բաները, մինչ կհասներ օգնությունը»։
Իսկ ի՞նչ զգացումներ ունեցան օգնություն ստացող հավատակիցները։ Խարկովից Միկոլան և Զինաիդան այսպես են արտահայտվել. «Շատ զգացված ենք ձեր հոգատարությունից։ Շնորհակալ ենք սննդամթերքի և դեղորայքի համար։ Մենք հստակ տեսանք Եհովայի ձեռքը»։ Վալենտինան, որ նույնպես Խարկովից է, ասել է. «Երբ սկսվեց պատերազմը, մթերային խանութների դիմաց երկար հերթեր էին։ Երբեմն հնարավոր չէր գնել անհրաժեշտ բաները։ Բայց Եհովան գիտեր մեր կարիքների մասին։ Նա առաջնորդեց եղբայրներին, որ հումանիտար օգնությունը հասցնեն մեր տներ, և ծանրոցներում հենց այն էր, ինչի կարիքն ունեինք։ Նման ծանր հանգամանքներում, երբ իրավիճակը անհույս է թվում, յուրահատուկ ձևով ես զգում Եհովայի և նրա կազմակերպության հոգատարությունը.... Այնքան հաճելի է ճիշտ ժամանակին անհրաժեշտ օգնություն ստանալ նրանից»։
Մարիուպոլից գաղթած Եվհենը և Իրինան պատմել են. «Մեր ընտանիքը շատ շնորհակալ է ձեր հոգատարության և աջակցության համար։ Ճիշտ ժամանակին ստացանք այն, ինչի կարիքն ունեինք։ Սկզբում մտածում էինք, որ արկղերում միայն մթերք կլինի, բայց պարզվեց, որ դրանց մեջ նաև ձեր սերն էր»։
Անկասկած, Եհովան իր ոգու միջոցով առաջնորդեց «պատերազմների ձայների և պատերազմների լուրերի» ներքո օգնություն տրամադրելու այս գործը։ Նաև մեծ դեր խաղացին համաշխարհային գործի համար արված ձեր նվիրատվությունները, որոնցից շատերը փոխանցել եք donate.jw.org կայքի միջոցով։ Անչափ շնորհակալ ենք ձեր առատաձեռնության համար։
Օգնություն՝ հնարավորինս արագ և անվտանգ
Փետրվարի 24, 2022 թ.։ Կոորդինատորների կոմիտեն հավանություն է տալիս, որ գումար հատկացվի Ուկրաինայի մասնաճյուղին՝ տուժածներին օգնելու համար։
Փետրվարի 24–մարտի 8, 2022 թ.։ Ուկրաինայի մասնաճյուղը գնում է առաջին անհրաժեշտության ապրանքները և բաշխում ԱՏՕԿ-ների միջոցով։ Մասնաճյուղը նաև պատրաստվում է Լեհաստանից ապրանք ստանալուն։
Մարտի 9, 2022 թ.։ Կոորդինատորների կոմիտեն հավանություն է տալիս, որ հումանիտար օգնություն առաքվի Ուկրաինա։
Մարտի 10-12, 2022 թ.։ Կազմակերպվում է փորձնական առաքում Լեհաստանից Լվով (Ուկրաինա)։
Մարտի 13, 2022 թ.։ Իրականացվում է հումանիտար օգնության փորձնական առաքումը Լեհաստանից Լվով (Ուկրաինա)։
Մարտի 14-16, 2022 թ.։ Պոզնանի (Լեհաստան) համաժողովների սրահում նախագծման/շինարարության տեղի բաժնի կամավորները սննդամթերքը և հիգիենայի պարագաները տեղավորում են արկղերում։
Մարտի 17, 2022 թ.։ Փորձնական առաքումից չորս օր անց եղբայրները 13 տոննա հումանիտար օգնություն են սկսում առաքել Ուկրաինայի սահման։
Մարտի 21-27, 2022 թ.։ Հումանիտար օգնության մյուս մասը տեղավորվում է արկղերում և ուղարկվում Ուկրաինա, ապա 24 ժամվա ընթացքում հասցվում այն շրջաններ, որտեղ կարիք կա։
Մարտի 28, 2022 թ.։ Առաքման հավանությունը ստանալուց 20 օր անց Ուկրաինա է տեղափոխվել 100 տոննա սննդամթերք, հիգիենայի պարագաներ և դեղորայք։
Մինչ օրս Եհովայի վկաները ավելի քան 190 տոննա օգնություն են ուղարկել Ուկրաինա։
a Ավելին իմանալու համար կարդացեք «Քաջ եղբայրները օգնություն են հասցնում և փրկում Ուկրաինայի իրենց հավատակիցներին» հոդվածը։