Ի՞նչ է Աստվածաշունչն ասում դաջվածք անելու մասին
Աստվածաշնչի պատասխանը
Աստվածաշնչում դաջվածքի մասին հիշատակվում է միայն Ղևտական 19:28 համարում, որտեղ ասվում է. «Ձեզ վրա դաջվածքներ չանեք»։ Աստված այս պատվերը տվել էր իսրայելացիներին, որպեսզի նրանք չընդօրինակեին շրջակա ազգերին, որոնք իրենց վրա դաջում էին իրենց աստվածների անունները կամ սիմվոլները (2 Օրենք 14:2)։ Թեև քրիստոնյաներից չի պահանջվում պահել իսրայելացիներին տրված Մովսիսական օրենքը, սակայն այս օրենքի հիմքում ընկած սկզբունքը արժանի է լուրջ ուշադրության։
Քրիստոնյաները կարո՞ղ են դաջվածք կամ բոդի-արտ անել
Աստվածաշնչի հետևյալ խոսքերը կօգնեն ձեզ խորհրդածելու այս հարցի շուրջ։
«Կանայք իրենց զարդարեն.... համեստությամբ» (1 Տիմոթեոս 2:9) Այս սկզբունքը վերաբերում է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց։ Մենք պետք է հարգենք ուրիշների զգացմունքները և մեզ վրա անտեղի ուշադրություն չհրավիրենք։
Ոմանք դաջվածք անելով ուզում են ընդգծել իրենց անհատականությունն ու անկախությունը, ոմանք էլ՝ ցույց տալ, որ իրենք են իրենց մարմնի տերը։ Սակայն Աստվածաշունչը քրիստոնյաներին հորդորում է. «Ձեր մարմինները ներկայացրեք որպես զոհ՝ կենդանի, սուրբ և Աստծուն ընդունելի, այսինքն՝ սուրբ ծառայություն մատուցեք ձեր բանականությամբ» (Հռոմեացիներ 12:1)։ Գործի դրեք «ձեր բանականությունը» քննելու համար, թե ինչու եք ցանկանում դաջվածք անել։ Եթե պատճառը ձեր քմահաճույքն է կամ դրանով ցանկանում եք ցույց տալ որ ինչ-որ խմբի անդամ եք, հիշեք՝ ի տարբերություն դաջվածքի, ձեր ցանկությունները գուցե փոխվեն։ Ձեր մղումները քննելով՝ կարող եք իմաստուն որոշում կայացնել (Առակներ 4:7)։
«Ժրաջան մարդու ծրագրերը օգուտներ կբերեն, բայց ամեն շտապող կարիքի մեջ կընկնի» (Առակներ 21:5)։ Շատերը դաջվածք անելու որոշումը շատ արագ են ընդունում, մինչդեռ մարդկանց հետ ունեցած փոխհարաբերությունների վրա նրա թողած ազդեցությունը շատ դանդաղ է ընկրկում։ Դաջվածք ջնջելը կարող է շատ թանկ ու ցավոտ լինել։ Ե՛վ ուսումնասիրությունները, և՛ այն հանգամանքը, որ դաջվածք հեռացնելու բիզնեսը ծաղկում է, ցույց են տալիս, որ դաջվածք ունեցողներից շատերը ցանկանում են ջնջել այն։