Խաղաղապահ գործունեությամբ խաղաղ աշխարհ կկառուցվի՞
Աշխարհում ամենուր մոլեգնում են պատերազմներն ու հակամարտությունները։ Ուստի Միավորված ազգերի կազմակերպությունը և այլ միավորումներ ձեռնարկում են խաղաղապահական գործընթացներ,a որոնք ներառում են վիճահարույց տարածքներում խաղաղապահների ներկայության ապահովում։ Այդպիսով նրանք հույս ունեն կայունություն հաստատել թեժ գոտիներում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նշել է. «ՄԱԿ-ի խաղաղապահները խաղաղ աշխարհ կառուցելու մեր առաքելության բաբախող սիրտն են»։
Անցած տարիների ընթացքում խաղաղապահ գործունեությունը որոշակի դրական արդյունքներ բերել է։ Օրինակ՝ հաջողվել է պաշտպանել խաղաղ բնակիչներին, օգնել փախստականներին վերադառնալ հայրենիք, մարդասիրական օգնություն առաքել և վերակառուցել վնասված ենթակառուցվածքները։ Բայց խաղաղապահ առաքելության ճանապարհին մի շարք լուրջ խնդիրներ կան, որոնք չեն թողնում հասնել ցանկալի արդյունքի։ Երբևէ դրանց վերջնական լուծում կտրվի՞, որպեսզի կառուցվի իսկապես խաղաղ աշխարհ։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը այս մասին։
Խաղաղապահ գործունեությանը խոչընդոտող խնդիրներ և Աստվածաշնչի հայտնած լուծումները
Խնդիր. թերի համագործակցություն։ Այդքան էլ հեշտ չէ համագործակցության մղել զինվորական և հասարակական մեծ թվով կազմակերպությունների, որոնք հիմնականում տարբեր երկրներից են։ Երբեմն այդ կազմակերպությունները դժվարանում են արդյունավետ համագործակցել փոխըմբռնման պակասի և շահերի բախման պատճառով։
Աստվածաշնչի հայտնած լուծումը։ «Երկնքի Աստվածը մի թագավորություն է հաստատելու, որը.... վերջ է դնելու այդ բոլոր թագավորություններին [մարդկային կառավարություններին]. միայն ինքն է մնալու հավիտյան» (Դանիել 2։44)։
Մոտ ապագայում Աստված վերջ կդնի բոլոր պատերազմներին և ողջ աշխարհում խաղաղություն կհաստատի (Սաղմոս 46։8, 9)։ Աստված կվերացնի երկրի բոլոր կառավարությունները, և դրանց փոխարեն կիշխի միայն մեկ կատարյալ կառավարություն՝ նրա թագավորությունը։ Երբ այդ թագավորությունը երկնքից ղեկավարի մեր մոլորակը, հակամարտությունները կդադարեն, և խաղաղապահ կազմակերպությունների կարիք այլևս չի լինի։
Խնդիր. սահմանափակ ռեսուրսներ և հնարավորություններ։ Խաղաղապահ գործունեություն իրականացնելու համար երբեմն չեն լինում բավարար թվով մարդիկ, ֆինանսական աջակցություն և այլ ռեսուրսներ, ինչը դժվարացնում է գործը։ Բացի այդ՝ խաղաղապահ առաքելություն իրականացնող անձնակազմը երբեմն ստիպված է լինում գործել այնպիսի հանգամանքներում, որոնք գնալով ավելի բարդ ու վտանգավոր են դառնում։
Աստվածաշնչի հայտնած լուծումը։ «Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը.... [Հիսուսին] նստեցրեց իր աջ կողմը՝ երկնային ոլորտում՝ տալով այնպիսի դիրք, որով նա անհամեմատ բարձր է թե՛ ներկայիս, թե՛ գալիք բոլոր կառավարություններից, իշխանություններից, զորություն ունեցողներից» (Եփեսացիներ 1։17, 20, 21)։
Ամենակարող Աստվածը՝ Եհովան,b անսահմանափակ ռեսուրսներ է տրամադրել Հիսուսին, որին նշանակել է իր թագավորության Թագավոր (Դանիել 7։13, 14c)։ Աստված նրան տվել է այնպիսի ահռելի զորություն, գիտելիքներ, իմաստություն ու խորաթափանցություն, որպիսիք ոչ մի մարդկային կառավարություն կամ կազմակերպություն երբևէ չի ունեցել (Եսայիա 11։2)։ Հիսուսի տրամադրության տակ է նաև հզոր հրեշտակների մի մեծ բանակ (Հայտնություն 19։14)։ Նրա համար գերբարդ իրավիճակ և անլուծելի խնդիր չկա։
Հիսուսը, Աստծու տված ռեսուրսներն ու կարողությունները օգտագործելով, ոչ միայն կվերացնի հակամարտությունները, այլև իրական խաղաղություն, ապահովություն և անդորր կբերի Աստծու թագավորության բոլոր հպատակներին (Եսայիա 32։17, 18)։
Խնդիր. իրավական սահմանափակումներ։ Խաղաղապահ առաքելություն իրականացնողների գործը երբեմն դժվարացնում են հանձնարարականները, որոնք այնքան էլ հստակ չեն կամ սահմանափակում են նրանց իրավասություններն ու գործողությունները։ Դա խանգարում է, որ նրանք լավագույնս պաշտպանեն մարդկանց կամ լիարժեք իրականացնեն իրենց նպատակը։
Աստվածաշնչի հայտնած լուծումը։ «Երկնքում և երկրի վրա ողջ իշխանությունը [Հիսուսին] է տրվել» (Մատթեոս 28։18)։
Աստված Հիսուսին հստակ հանձնարարական է տվել՝ խաղաղություն հաստատել ողջ երկրի վրա, և դա իրագործելու համար լիարժեք իշխանություն է տվել նրան (Հովհաննես 5։22)։ Հիսուսը երբեք անարդարացի չի գործի, և իշխանությունը երբեք նրան չի փչացնի (Եսայիա 11։3-5)։ Աստվածաշունչը նրան իրավամբ կոչում է «Խաղաղության Իշխան», որի թագավորության հիմքը «արդարությունը և արդարադատությունն» է (Եսայիա 9։6, 7)։
Աստծու թագավորություն. միակ խաղաղաստեղծ իշխանությունը
Մարդկային իշխանությունների խաղաղապահ ուժերը լավագույն դեպքում կարող են միայն որոշ չափով կայունություն հաստատել ու թերևս ինչ-որ տարածքում զինված բախում դադարեցնել։ Բայց նրանք չենք կարող արմատախիլ անել բռնության բուն պատճառը՝ մարդկանց սրտում վառվող ատելությունը։
«Նախ պետք է լինի խաղաղություն, որ այն պահպանենք. սա է բուն խնդիրը» (Դենիս Ջետ, ԱՄՆ նախկին դեսպան)։
Աստծու թագավորությունը այն միակ իշխանությունն է, որն իսկապես կարող է խաղաղություն ստեղծել, քանի որ մարդկանց օգնում է իրենց սրտից արմատախիլ անել ատելությունը։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, նա թե՛ իր խոսքով, թե՛ իր վարքով սովորեցնում էր խաղաղություն հաստատել և սեր դրսևորել մարդկանց հանդեպ։ Ահա մի քանի օրինակներ։
Հիսուսը նաև ասել է, որ Աստծու թագավորության հպատակները ճանաչվելու են մարդկանց հանդեպ սիրով։ Աստվածաշունչը պարզ ցույց է տալիս, որ նրանք, ովքեր ատում են մյուս մարդկանց, չեն կարող ապրել Աստծու թագավորության իշխանության ներքո։
Եհովա Աստված՝ մարդկության Արարիչը, գիտի համաշխարհային խաղաղություն հաստատելու լավագույն և միակ ձևը։ Նա իր թագավորության միջոցով կիրագործի այն, ինչ մարդիկ իրենց ուժերով, իրենց խաղաղապահ գործունեությամբ անկարող են եղել իրագործել։
a ՄԱԿ-ը և այլ կազմակերպություններ ուրիշ արտահայտություններ էլ են օգտագործում, ինչպես, օրինակ, «խաղաղաստեղծ գործընթաց», «խաղաղության կառուցում», «խաղաղանպաստ գործունեություն», «խաղաղարար գործունեություն»։
b Աստվածաշնչում գրված է, որ Աստծու անունը Եհովա է (Սաղմոս 83։18)։ Տես «Ո՞վ է Եհովան» հոդվածը։
c Դանիել 7։13, 14 համարներում օգտագործված «մարդու որդի» արտահայտությունը վերաբերում է Հիսուս Քրիստոսին (Մատթեոս 25։31; 26։63, 64)։